Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունում՝ մինչեւ 2026 թվականի սեպտեմբերի 30-ը:

Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է կամավոր ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։

 

Կամավոր ատեստավորման հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցված լինել եւ ունենալ հաշիվ my.emis.am հարթակում: Եթե դիմողը դեռեւս չունի հաշիվ, ապա գրանցվելու համար կարող է օգտվել  ուղեցույցից,  որից հետո  անհրաժեշտ է մուտք գործել my.emis.am համակարգ այն մուտքային տվյալներով, որով անձը գրանցվել է։

 

Դպրոցներում արդեն իսկ աշխատող ուսուցիչներն ունեն իրենց հաշիվները կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (my.emis.am)։

 

Ուսուցիչների օգտանունը նույնն է, ինչ իրենց կողմից օգտագործվող էլեկտրոնային մատյանի օգտանունը, այսինքն՝ նույն էլեկտրոնային հասցեն, որն ուսուցիչը օգտագործում է էլեկտրոնային մատյան մուտք գործելիս։ Եթե ուսուցիչը մոռացել է օգտանունը կամ գաղտնաբառը, կարող է դիմել դպրոցի տեղեկատվական համակարգերի կառավարման մասնագետին (օպերատորին)։

 

Կամավոր ատեստավորման հայտ կարող են ներկայացնել՝

 

·  դպրոցում դասավանդող ուսուցիչները,

 

·  մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ուսուցիչները,

 

· «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ չաշխատող, ինչպես նաեւ տվյալ առարկայի հարակից մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձինք,

 

· նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները,

 

·  «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցրած բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժները, որոնք համապատասխան փաստաթղթերի հետ պետք է ներբեռնեն կրթությունը հավաստող փաստաթուղթ, հանրակրթական ուսումնական հաստատությունում մինչեւ 2023 թ․ ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի  պատճենները,

 

· «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով սահմանված անձինք (տվյալ առարկայի հարակից մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցողները)՝ ներկայացնելով նաեւ բուհի տեղեկանքը՝ կրեդիտների մասին։

 

Հայտերի լրացման մանրամասները՝  կից ուղեցույցներում.

 

https://support.emis.am/article/945

 

https://support.emis.am/article/956 

 

Կամավոր ատեստավորումը, ըստ առարկաների, իրականացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով՝ 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար:

 

5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» եւ «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Մայրենի լեզու (քրդերեն)» եւ «Մայրենի լեզու եւ գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից, «Հայաստանի պատմություն» եւ «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Պատմություն» առարկայից, «Աշխարհագրություն» եւ «Հայաստանի աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Աշխարհագրություն» առարկայից, «Ինֆորմատիկա» եւ «Թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Ինֆորմատիկա» եւ (տարրական դասարանից սկսած) «Թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն» առարկաներից, իսկ «Հանրահաշիվ» եւ «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում:           

 

1-4-րդ դասարաններում դասավանդող դասվարները թեստավորվում են մեկ միասնական թեստով, որում ներառված են հարցեր «Մայրենի», «Մաթեմատիկա» եւ «Ես եւ շրջակա աշխարհը» առարկաներից: 

 

5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայաստանի պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը եւ աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» եւ «Երկրաչափություն», «Բնագիտություն» («Բնություն»), «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» («Հայաստանի աշխարհագրություն»), «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն»,  «Ինֆորմատիկա» (տարրական դասարանից սկսած՝ «Թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն»), «Հասարակագիտություն», «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Շախմատ» առարկաների ուսուցիչների, դասվարների ատեստավորումն իրականացվում է էլեկտրոնային թեստավորման  եղանակով։ «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների եւ խմբակավարների ատեստավորումն իրականացվում է թղթային եղանակով:

 

«Բնագիտություն» («Բնություն»), «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը եւ աշխարհը» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:

 

Ե՛վ հայերենով, եւ՛ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում դասավանդելու դեպքում դասվարի թեստը կազմվում է միայն հայերենով: 

 

Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում դասավանդող դասվարի համար թեստը կարող է կազմվել ռուսերենով: Ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որեւէ մեկով՝ իր ընտրությամբ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *