Արմեն Մարտիրոսյան. Փրկելը՝ նվազագույն պահանջ, գերնպատակը՝ երջանիկ մանկություն

Written by

in

2021 թվականից պաշտոնապես գործում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը։ Հինգ տարվա ընթացքում այն աջակցել է ավելի քան 4200 երեխայի, մանկական բուժհաստատություններին նվիրել վերջին սերնդի բուժսարքավորումներ, նպաստել մեծաթիվ բժիշկների  մասնագիտական վերապատրաստմանը, իսկ այսօր արդեն իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են ոչ միայն անհատական դեպքերին, այլեւ՝ մանկական առողջապահության համակարգային փոփոխությանը։

 

Այս ճանապարհի հիմքում մեկ գաղափար է՝ ոչ մի երեխա չպետք է զրկվի որակյալ բուժում ստանալու հնարավորությունից եւ երջանիկ մանկությունից միայն այն պատճառով, որ ընտանիքը չունի բավարար ֆինանսական միջոցներ։

 

Արմեն Մարտիրոսյանի համար հիմնադրամի ստեղծման պատմությունը շատ անձնական է եւ սկսվել է ավելի քան 16 տարի առաջ։ Այս ճանապարհին եղել են մեծ հաջողություններ ու հիասթափություններ, կյանքի հաղթանակներ ու ցավալի կորուստներ, ինչն արդյունքում բերել է գիտակցված ընտրության՝ կառուցել երեխաների առողջությանն աջակցող ինստիտուցիոնալ համակարգ։ 

Արմեն Մարտիրոսյանը Արմեն Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեդիամաքսի հետ զրույցում նա, հիմնադրամի աշխատանքում ներգրավված մյուս մասնագետներն ու դրա շահառուները պատմել են տարիների աշխատանքի մասին, որի գերնպատակը մեկն է՝ ոչ միայն փրկել երեխայի կյանքը, այլեւ՝ դարձնել այն երջանիկ։ 

 

«Բարեգործությունը պետք է լինի գիտակցված ընտրություն»

 

Արմեն Մարտիրոսյան, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն

 

Ամեն ինչ սկսվեց 2010 թվականին։ Վանաձորում էի, երբ նկատեցի, որ ընկերներս դրամահավաք են կազմակերպում քաղցկեղ ունեցող մի փոքրիկի համար։ Ցավոք, նրան փրկել չհաջողվեց։ Այն ժամանակ Ֆեյսբուքում գրանցված հայերը շատ քիչ էին, ու բառացիորեն բոլորը սգում էին այդ երեխայի մահը։

 

Այս պատմությունն իմ ճանապարհի սկիզբն էր, առաջին քայլը, իսկ բուն պատճառները՝ շատ ավելի խորքային։ Երկար տարիներ փորձել եմ հասկանալ՝ ինչու եմ զբաղվում բարեգործությամբ, ինչու եմ ընտրել հենց երեխաների առողջության ոլորտը։ Սկզբում ամեն ինչ շատ անգիտակցական էր, կար օգնելու ցանկություն՝ առանց հասկանալու դրա շարժառիթները։ Հիմա հետ նայելով՝ վստահ չեմ, որ ուրիշների ճակատագրով այդ աստիճան ապրող, սեփական կյանքը մի կողմ դրած մարդու ներաշխարհի հետ ամեն ինչ կարգին էր։ Կարծում եմ՝ ինքս էլ ունեի աջակցության կարիք։

 

Այսօր համոզված եմ՝ բարեգործությունն իսկապես հասուն է միայն այն ժամանակ, երբ հստակ գիտակցում ես՝ ինչու ես դրանով զբաղվում ։ Հակառակ դեպքում, այն ինչ-որ պահից կարող է վերածվել սեփական ապրումները քողարկելու, հուզական պահանջները բավարարելու աղբյուրի։ Ցանկացած հաջողություն ներսումդ առաջացնում է բավարարվածության ուժեղ զգացում։ Գիտակցված մղումդ, իհարկե, երեխայի կյանքը փրկելն է, անգիտակցականը՝ այդ զգացողությունը կրկին վերապրելու ցանկությունը։

Արմեն Մարտիրոսյանը Արմեն Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սա հասկանալու համար ինձնից ավելի քան տասը տարի պահանջվեց։ Մինչ այդ համոզված էի, որ պարզապես սոցիալական բարձր պատասխանատվություն ունեցող մարդ եմ, քանի որ անարդարության դեմ պայքարել եմ դեռ մանկուց։ Հոգեբանի հետ տարիների աշխատանքից հետո միայն սկսեցի ավելի լավ հասկանալ ինքս ինձ եւ իմ սահմանները։ Կարող եմ ասել՝ սա կյանքում ինձ հետ տեղի ունեցած կարեւորագույն պահերից էր։ Կարծում եմ՝ բարեգործությամբ զբաղվող մարդիկ պարտավոր են աշխատել հոգեբանի հետ՝ հասկանալու՝ ուր են գնում եւ ինչու են ընտրել այս ճանապարհը։ Սա պետք է լինի գիտակցված ընտրություն։ 

 

Այս երկարատեւ ու երբեմն ինտուիտիվ փնտրտուքներն ի վերջո տվեցին իրենց արդյունքը. մենք կարողացանք մանկական առողջության պահպանման ոլորտում ստեղծել անխափան գործող ինստիտուտ, որն այժմ տարածաշրջանի խոշորագույն հիմնադրամներից մեկն է:

 

Կամավորությունից՝ ինստիտուտ

 

Արմեն Մարտիրոսյան 

 

Երկար տարիներ նույն գործն անելու ընթացքում գալիս է  պահ, երբ հասկանում ես՝ առանձին երեխաներին աջակցելը բավարար չէ։ Դու օգնում ես մեկին, հետո երկրորդին, երրորդին, բայց խնդիրը համակարգային լուծում չի ստանում։

 

Ամեն ինչ թողնելը, նախորդ աշխատանքից հրաժարվելն ու այս ոլորտին լիովին նվիրվելը հեշտ որոշում չէր։ Հատկապես, երբ գաղափար անգամ չունեի՝ որտեղից գտնել առաջին դրամական միջոցները, որպեսզի հիմնադրամն առհասարակ սկսի գործել։ Դրան զուգահեռ, ունեի նաեւ անձնական պատասխանատվություն ընտանիքիս հանդեպ։  Հայաստանում հիմնադրամ ղեկավարելու, նման կառույցում աշխատելու մասին կարծրատիպերը շատ էին, մարդիկ զարմանում էին՝ «երեխաների առողջությանն աջակցող հիմնադրամում աշխատող մարդը պետք է աշխատավարձ ստանա՞»։ Իսկ ինձ համար սկզբունքային էր ապացուցել՝ լավ մասնագետը պետք է ստանա մրցունակ աշխատավարձ, հնարավորություն ունենա սովորել, զարգանալ, աշխատել հոգեբանի հետ։ Միայն այսպես է հնարավոր ոլորտ բերել լավագույն մասնագետներին, որոնց կարիքը շատ ունենք։ 

Յանա Շախրամանյանը զրուցում է Արմեն Մարտիրոսյանի հետ Յանա Շախրամանյանը զրուցում է Արմեն Մարտիրոսյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ հետ եմ նայում, տեսնում եմ կամավոր Արմենին, որը կարող էր օգնել մեկ երեխայի, իսկ հետո մի քանի ամիս պարզապես չիմանար այլ երեխաների մասին, որոնք ունեն օգնության կարիք, կամ սպառված լիներ էմոցիոնալ ու չգտներ օգնելու ուժ։ Իսկ հիմնադրամի դեպքում գործում է օպերատիվ ու պրոֆեսիոնալ թիմ, որը համակարգում է յուրաքանչյուր դիմումի ընթացքը՝ ապահովելով դրա բժշկական գնահատումն ու անհրաժեշտ բուժման կազմակերպումը Հայաստանում եւ արտերկրում: Որոշ դեպքերում այս գործընթացը տեւում է հաշված ժամեր եւ հնարավորություն է տալիս փրկել կոնկրետ երեխայի կյանք:  Հենց սա է համակարգի եւ անհատի աշխատանքի տարբերությունը։ 

 

Եթե խոսենք թվերով՝ կամավորության տասնմեկ տարվա ընթացքում ես եւ ընկերներս աջակցել ենք մոտ 400 երեխայի։ Հիմնադրամի հինգ տարվա գործունեության ընթացքում հասցրել ենք օգնել ավելի քան 4200-ի։ Մեր տրամադրած բուժսարքավորումներով կանխարգելիչ նպատակներով հետազոտվել է ավելի քան 16 000 երեխա, եւ այս թիվն ամեն օր աճում է։ Հիմա Առողջապահության նախարարության եւ Արաբկիր բժշկական համալիրի հետ աշխատում ենք Երեխաների բրոնխիալ ասթմայի ախտորոշման, վարման եւ բուժման արդյունքների բարելավման ծրագրի ուղղությամբ, որն ազդելու է տասնյակ հազարավոր երեխաների կյանքի որակի վրա։

 

«Կյանք փրկելը նվազագույն պահանջն է, գերնպատակը՝ առողջ եւ երջանիկ մանկությունը»

 

Արմեն Մարտիրոսյան

 

Որպես երկու երեխայի հայր՝ իմ մեծագույն նպատակն է հնարավորություններս եւ փորձառությունս ծառայեցնել ոչ միայն սեփական, այլեւ՝ մեր երկրի ցանկացած երեխայի, որը դրա կարիքն ունի։ Նպատակը պարզապես բուժում ապահովելը չէ, այլ այն միջազգային ընդունված լավագույն չափանիշներով հասանելի դարձնելը:

 

Արդեն հինգ տարի հիմնադրամն աջակցում է ոչ միայն կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաներին, այլեւ՝ իրականացնում է  ծրագրեր, որոնք ուղղված են նրանց կյանքի որակի բարելավմանը՝ շնչառական հիվանդություններից մինչեւ աուտոիմուն խնդիրներ։ Ասթմայի կանխարգելման ապակենտրոնացված մոդելը մեր ամենամեծ հպարտություններից է: 

 

Հիմնադրամի առաջին իսկ օրերից աջակցում էինք ասթմա ունեցող մոտ 1600 երեխայի՝ տրամադրելով դեղորայք եւ սարքավորումներ, որոնք պետությունը դեռեւս չէր կարող ապահովել։ Միաժամանակ բժիշկներն ասում էին, որ նման երեխաների իրական թիվը շատ ավելի մեծ է։ Մեր գործընկեր բժիշկ Աստղիկ Բաղդասարյանի առաջարկով սկսեցինք Հայաստանում մանկական ասթմայի կարիքների գնահատման լայնածավալ հետազոտություն։ Իրականացվեց շուրջ կես միլիոն դոլար արժողությամբ ծրագիր, որի հաջորդ փուլում նախատեսված հետազոտությունների ֆինանսավորումը ստանձնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հաջորդ քայլը նրանց վաղ հայտնաբերումն ու առողջապահական համակարգում ներառելն է։ Զուգահեռաբար ստեղծել ենք նաեւ ժառանգական քաղցկեղի նախատրամադրվածության կլինիկա «Յոլյան» արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնում, որտեղ իրականացվում են ժառանգականության հետ կապված ուսումնասիրություններ ու գիտական աշխատանքներ: 

Արմեն Մարտիրոսյանը Արմեն Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեզ համար կյանք փրկելը նվազագույն պահանջն է։ Այո՛, Հայաստանում ոչ մի երեխա չպետք է մահանա միայն այն պատճառով, որ ընտանիքը գումար չունի։ Բայց գերնպատակն այդ երեխայի առողջ, ներդաշնակ ու երջանիկ մանկությունն է։ Եթե երեխան սիրում է պարել, ֆուտբոլ խաղալ կամ երազում է բժիշկ դառնալ եւ հիվանդության պատճառով զրկված է այդ հնարավորությունից, պետք է գտնենք ճանապարհ ոչ միայն նրա կյանքը փրկելու, այլեւ՝ այդ երազանքը նրան վերադարձնելու ուղղությամբ  (ժպտում է – հեղ.): Սա է պատճառը, որ հիմնադրամի հայտարարություններում եւ արշավներում երբեք չեք տեսնի  երեխային խոցելի վիճակում ներկայացնող ծանր լուսանկարներ: Դրանցում երեխաներն են՝ պայծառ ու լուսավոր, ինչպես կան։ Մենք ցանկանում ենք ցույց տալ նրանց նպատակներն ու երազանքները, ապագան, որը կունենան, երբ բուժվեն։ 

 

«Հիմնադրամը կամուրջ է երեխաների, ընտանիքների եւ նրանց աջակցել ցանկացող մարդկանց միջեւ»

 

Իվետա Ղազարյան, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի գործառնությունների ղեկավար

 

Հիմնադրամին միացել եմ ավելի քան մեկ տարի առաջ, քանի որ միշտ հետաքրքրվել եմ առողջապահության ոլորտով եւ մեծացել եմ բժիշկների ընտանիքում: Հիմա աշխատանքիցս մեծ բավականություն եմ ստանում՝ գիտակցելով, որ կարեւոր առաքելության մաս եմ կազմում (ժպտում է – հեղ.):

Իվետա Ղազարյանը Իվետա Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս տարիների ընթացքում Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը կարողացել է ձեռք բերել մարդկանց վստահությունը եւ դառնալ կամուրջ աջակցության կարիք ունեցող երեխաների, ընտանիքների եւ նրանց աջակցել ցանկացող մարդկանց միջեւ՝ նպաստելով առողջական ծանր խնդիրներով երեխաների անհրաժեշտ բուժման հասանելիությանը։

 

Այսօր համագործակցում ենք Երեւանի բոլոր մանկական բուժհաստատությունների հետ։ Դրանցում կա կոնտակտային անձ, որի միջոցով անհրաժեշտության դեպքում հայտ է ներկայացվում հիմնադրամ։ Աշխատանքը հստակ համակարգված է, եւ հայտերը հիմնականում ստանում ենք բուժհաստատություններից՝ սահմանված ընթացակարգով։ 

 

Հիմնադրամն ունի նաեւ բժշկական խորհուրդ, որն անհատապես բարդ դեպքերի պարագայում ներկայացնում է մասնագիտական եզրակացություն։ Անհրաժեշտության դեպքում՝ բժիշկների ցուցումների հիման վրա, կազմակերպում ենք երեխաների բուժումը նաեւ Հայաստանի սահմաններից դուրս` աշխարհի լավագույն կլինիկաներում։

 

«Երբ փոքր էի, մտածում էի՝ հնարավոր է փրկել ողջ աշխարհը»

 

Իվետա Ղազարյան 

 

Մինչեւ հիմնադրամի ստեղծումն Արմենը երկար տարիներ անհատապես էր օգնում երեխաներին։ Այսօր էլ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը շատերի մոտ ասոցացվում է նրա հետ եւ այն հաճախ անվանում են «Արմոսի հիմնադրամ» (ժպտում է – հեղ.): Տարիների նվիրված աշխատանքով հասարակության վստահությունը ձեռք բերելն իսկապես շատ կարեւոր էր: 

 

Նշեցի, որ մեծ բավականություն եմ ստանում աշխատանքիցս, բայց, իհարկե, լինում են նաեւ ծանր պահեր: Այս ոլորտում աշխատելիս շատ կարեւոր է հոգ տանել սեփական հոգեկան առողջության մասին։ Ինքս էլ երեք երեխայի մայր եմ, եւ մասնագետի հետ աշխատանքի շնորհիվ կարողանում եմ դեպքերը չտեղափոխել սեփական ընտանիք: Հիմնադրամի թիմը փոքր է, բայց ներսում շատ ջերմ հարաբերություններ են. սա շատ է օգնում:  Ծանր դեպքերում, երբ ներքին ռեսուրսներն այլեւս չեն բավարարում, միշտ կարող ենք ապավինել եւ աջակցել իրար: Կարծում եմ՝ փոխօգնությունն այս աշխատանքում մեծ նշանակություն ունի։

Իվետա Ղազարյանը Իվետա Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիշում եմ՝ փոքր տարիքում համոզված էի, որ հնարավոր է փրկել ողջ աշխարհը։ Երբ մեծացա, իրավիճակին սկսեցի ավելի իրատեսորեն նայել: Կան խնդիրներ, որոնք անխուսափելի են, եւ ոչ ոք ապահովագրված չէ կյանքի անսպասելի փորձություններից։ Պարզապես պետք է ապրել եւ անել առավելագույնը քո հնարավորությունների սահմաններում։ Մարդը սոցիալական էակ է: Չենք կարող ապրել առանց դիմացինի ապրումակցման եւ աջակցության։ Մենք բոլորս իրար կարիքն ունենք։ Այս առումով հիմնադրամը ոչ միայն աջակցում է բուժման կազմակերպմանը, այլեւ՝ օգնում ընտանիքներին չկորցնել հույսը, կանգնում դժվար իրավիճակում հայտնված ծնողների կողքին։ Անչափ կարեւոր է, որ մարդն իր խնդրի հետ միայնակ չմնա: 

 

«Եթե աշխարհում որեւէ երեխայի հասանելի է բուժումը, ինչո՞ւ այն հասանելի չլինի Հայաստանում»

 

Աստղիկ Բաղդասարյան, «Արաբկիր» ԲՀ Շնչառական բժշկության եւ ալերգոլոգիական-իմունոլոգիական ծառայության ղեկավար, հիմնադրամի բժշկական խորհրդի անդամ

 

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին միացել եմ հիմնադրման առաջին օրվանից: Միայն մեր բուժհաստատությունից այս ընթացքում աջակցություն են ստացել հազարավոր երեխաներ։ Այսօր արդեն չեմ պատկերացնում՝ ինչպես էինք աշխատում մինչեւ այս հիմնադրամի ստեղծումը: Կան երեխաներ, որոնց բուժումը չափազանց թանկ է, եւ դժվար է պատկերացնել, որ որեւէ ընտանիք ինքնուրույն կկարողանա հոգալ այդ ծախսերը: 

 

Միշտ կատակում եմ, որ մինչեւ հիմնադրամի գոյությունը ես չէի քնում, երբ երեխայի մոտ ախտորոշում էի խնդիր, որի բուժումը ենթադրում էր բարդ միջամտություններ կամ թանկարժեք դեղորայք։ Հիմա ասում եմ՝ «թող չքնի հիմնադրամը» (ժպտում է – հեղ.)

 

Միեւնույն ժամանակ, համագործակցության կարեւորագույն արժեքը ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլ՝ ձեւաչափը, կառուցված համակարգը, որը կենտրոնացած է ինստիտուցիոնալ մոտեցման, ոչ թե անձերի վրա: Եթե վաղը չլինենք ես կամ Արմենը, հիմնադրամը միեւնույն է կշարունակի աջակցել երեխաներին: 

 

Այս համակարգային մոտեցման շնորհիվ արդեն հաջողվել է լուծել առաջնային իմունոդեֆիցիտ ունեցող երեխաների բուժման հարցը։ Այսօր, եթե երեխան ունի այդ ախտորոշումը, անկախ նրանից, թե Հայաստանի որ բժշկական կենտրոնում է բուժվում, Առողջապահության նախարարության կողմից ստանում է անհրաժեշտ դեղորայքը։ Նույնը ցանկանում ենք անել նաեւ ասթմա ունեցող երեխաների դեպքում։

Աստղիկ Բաղդասարյանը Աստղիկ Բաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Առհասարակ, այս ուղղությամբ մեծածավալ աշխատանք ենք իրականացնում՝ հատկապես հիվանդության վաղ հայտնաբերման եւ կանխարգելման ուղղությամբ։ Եթե երեխային ժամանակին նշանակվի ճիշտ բուժում, շատ դեպքերում հնարավոր է կանխել հիվանդության զարգացումն ու հետագա սրացումները։ Բայց սա անելու համար նախ պետք է հասկանալ խնդրի իրական ծավալը։ Ճիշտ աշխատանքի հիմքում միշտ հստակ տվյալներն են։

 

Այս նպատակով իրականացրել ենք մեծ հետազոտություն, որի արդյունքների վերլուծության եւ ամփոփման ուղղությամբ այժմ աշխատում եմ։ Նախնական տվյալներով՝ 0-18 տարեկան երեխաների շրջանում ասթմայի տարածվածությունը Հայաստանում կազմում է 5-7 տոկոս։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 100 երեխայից մոտ հինգն ունի ասթմա, հետեւաբար նաեւ՝ աջակցության կարիք: 

 

Լինելով բժիշկ՝ միշտ մտածել եմ՝ եթե աշխարհում որեւէ երեխայի հասանելի է այս կամ այն բուժումը կամ դեղորայքը, ինչո՞ւ այն չպետք է  հասանելի լինի նաեւ Հայաստանի երեխաներին։ Ո՞վ է որոշել, որ գումար չկա:

 

Եթե աշխարհում գումար կա պատերազմների համար, ինչո՞ւ չպետք է լինի կյանք փրկող դեղամիջոցների համար։ 

 

«Եթե իրենք չլինեին, նույնիսկ չգիտեմ՝ ինչ էինք անելու»

 

Կարինե Պետրոսյան, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի շահառու Միլա Հովհաննեսյանի մայրիկ 

 

Միլաս 13 տարեկան է։ Առաջին անգամ նրա առողջական խնդիրներն ի հայտ եկան, երբ 10 տարեկան էր: Մի օր որոշեցինք բակում բադմինտոն խաղալ: Հենց այդ ընթացքում Միլան իրեն վատ զգաց եւ կորցրեց գիտակցությունը: Բնականաբար, սկսեցինք հետազոտություններ, որոնց ընթացքում երեխայի մարմնի վրա նաեւ կապտուկներ հայտնվեցին: 

 

Արդյունքում Միլայի մոտ ախտորոշվեց թրոմբոցիտոպենիա։ Սա նշանակում է, որ ցանկացած թեթեւ վնասվածքի կամ պատռվածքի դեպքում նա ունի լուրջ արյունահոսության վտանգ։ Մինչ այս Միլայի հետ հաճախ էինք արշավների գնում: Նկատում էի, որ շատ արագ է հոգնում, բայց չէի հասկանում՝ ինչու։ Հետո պարզվեց՝ պատճառը հիվանդությունն էր։ 

 

Մեր առաջին արձագանքը շոկն էր, չգիտեինք՝ ինչ անել, բայց մեզ անմիջապես ուղղորդեցին Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, որտեղ կատարեցին անհրաժեշտ հետազոտությունները եւ նշանակեցին բուժում։ Դեղորայքը շատ թանկ էր: Առաջին դեղաչափը Միլան ստացավ հարազատների հայտարարած դրամահավաքի շնորհիվ, որին ավելացրեցինք նաեւ մեր միջոցները: 

 

Հետո արդեն հիվանդանոցում հանդիպեցինք Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի ներկայացուցչին։ Գրեցինք դիմում եւ համաձայնեցինք, որ հիմնադրամի կողմից  դրամահավաք իրականացվի ոչ միայն Միլայի, այլեւ՝ նույն խնդիրն ունեցող մյուս երեխաների համար։

Միլա Հովհաննեսյանը Միլա Հովհաննեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սկզբում հավաքված միջոցներն ուղղվեցին աղջկաս անհրաժեշտ դեղամիջոցի ձեռքբերմանը։ Այն օգնում է, որ նրա մարմնին կապտուկներ չառաջանան եւ կարգավորում է արյան մեջ թրոմբոցիտների քանակը: Բացի այդ, պետք է ուշադիր լինենք նաեւ կենսակերպի հարցում։ Նրան չի կարելի վնասվածքներ ստանալ, ակտիվ սպորտով զբաղվել։ 

 

Թվում է՝ կյանքը քիչ-քիչ կարգավորվում է (ժպտում է – հեղ.): Սրան զուգահեռ հաճախ եմ հիշում հիվանդության ախտորոշման շրջանը, որը հոգեպես ծանր էր: Ինձ միայնակ էի զգում, չգիտեի՝ որտեղից սկսել, չնայած՝ թե՛ հարազատ մարդիկ, թե՛ բուժանձնակազմն անընդհատ կրկնում էին, որ ամեն ինչ լավ կլինի։ Այդ աջակցությունն իսկապես շատ կարեւոր էր։ 

 

Նույն զգացողությունը ստացա նաեւ հիմնադրամից։ Նրանց ներկայացուցիչները ոչ միայն առաջարկեցին աջակցություն, այլեւ եկան ու կանգնեցին իմ կողքին ամենադժվար պահին: Չգիտեմ՝ ինչ էի անելու, եթե նրանք չլինեին: 

 

Հիմա Միլան փորձում է ապրել սովորական դեռահասի կյանքով: Սկզբում շատ էի վախենում, երբ խնդրում էր ընկերուհիների հետ դուրս գալ զբոսնելու։ Հիմա տեսնում եմ՝ որքան գիտակից է դարձել։ Նա շատ լավ գիտի՝ ինչպես պահի իրեն, երբ ընդունի դեղը, ինչից խուսափի։ 

 

Այս ամառ շատ է նկարում՝ բնություն, դիմանկարներ: Մեկ նկար էլ արդեն պատրաստել է իր բժշկի համար: 

 

Միայն արշավներն է շատ կարոտում։ Ցավոք, նրան երկար քայլել կամ արեւի տակ մնալ չի կարելի: Առհասարակ, Միլաս շատ է սիրում բնությունն ու հաճախ ասում՝ «մամ, շա՜տ եմ ուզում, որ մեր տունն անտառում լինի՝ ծառերով շրջապատված»: 

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts