Սարամագուի «Կուրությունը», մարդն ու փլուզվող հասարակարգը

Written by

in

Ի՞նչ կլինի, եթե մի օր մարդիկ դադարեն տեսնել։ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժոզե Սարամագուի «Կուրություն» վեպը (1995) անհայտ քաղաքում բռնկված «սպիտակ կուրության» մասին է։  
Այն լույս է ընծայել  «Անտարես» հրատարակչությունը։ Պորտուգալերենից թարգմանել է Կառա Չոբանյանը, որի հետ էլ զրուցել ենք։
– Սարամագուի «Կուրությունը» կյանքի այլաբանական պատկերն է։ Կույրերի երկրում բարոյական անկումը հասնելու էր ամենացածր կետին։ Ու դրա պատճառը չտեսնե՞լն էր,  բնականից շեղո՞ւմը, թե՞ փլուզվող աշխարհակարգը։
– Կան ստեղծագործություններ, որոնք ընթերցողները, գրականագետները, քննադատները միանշանակ են ընկալում: Հնարավոր է, որ մի խմբի կարծիքը շեղվի ընդհանուրի ընկալումից, բայց այդ խումբը երբեք մեծաքանակ չի լինում: Բայց կան այնպիսի գործեր, որոնք ամեն մեկը յուրովի է ընկալում: Ըստ իս՝ Սարամագուի «Կուրությունն» այդ գործերից է: 
Երեք պատճառ եք նշել, ուրեմն երեքն էլ հնարավոր եք համարել, երեք տարբեր ձևերով կարող եք ընկալել վեպը: Իմ ընկալմամբ՝ Սարամագուն ցույց է տվել, թե որքան խոցելի է մարդ արարածը, նրա ստեղծած համակարգը, քաղաքական ու հասարակական կարգը, առօրյա կենսակերպը աղետների, համաճարակների դեպքում: Հարցը կուրությունը չէ: Նույն հաջողությամբ կարող էր խլությունը լինել կամ հոտառության կորուստը, որոնք դարձյալ փլուզելու էին այդ համակարգը: Գուցե ավելի դանդաղ, քան կուրությունը, բայց միևնույն է, փլուզելու էին: Մենք աչքներիս առաջ դրա վառ օրինակն ունենք. ոչ վաղ անցյալում քովիդի համավարակը, երբ մի քանի օրում կյանքը հանկարծ կանգ առավ, շեղվեց այն բնականոն ընթացքից, որին սովոր էինք և չգիտենք, թե ուր կհասնեինք, եթե մի քանի ամսից համավարակը չնահանջեր: 
Ինչ վերաբերում է բարոյական անկմանը, ես չեմ կարծում, որ համատարած բարոյական անկում է տիրում: Միշտ էլ ծայրահեղ իրավիճակներում, լինի պատերազմ, համաճարակ, թե բնական աղետ, ամեն ինչ սրվում է՝ բարոյական անկումը խորանում է, սակայն որոշ մարդկանց մեջ էլ մինչև այդ չերևացող կամ թաքնված դրական հատկանիշներ են ի հայտ գալիս, եղածները՝ ավելի վառ արտահայտվում: Մուգ ակնոցով աղջիկը, օրինակ: Երբեք երեխա չունեցած, մարմնական վայելքներով ապրող, թեթևաբարո երիտասարդ աղջիկն ի՜նչ հոգատարությամբ, համբերատարությամբ, գորովանքով, պատասխանատվությամբ, նույնիսկ անձնուրացությամբ է խնամում շլաչք փոքրիկին, սուղ ուտելիքը կտրում  բերանից, որ իրեն միանգամայն օտար երեխան հանկարծ քաղցած չմնա: Կամ ինչ սիրով ու պատասխանատվությամբ է վերաբերվում ծնողներին: Կամ, օրինակ, անքնությամբ տառապող կինը, երբ չարագործների մոտ գնալիս բժշկի կինը հաշվից դուրս է թողնում նրան, համերաշխության ինչ բարձր զգացում է դրսևորում՝ կամավոր գնալով այն նվաստացմանը, ինչին ենթարկվելու են մյուսները, այն դեպքում, երբ ոչ ոք չէր մեղադրի նրան բժշկի կնոջ ընձեռած հնարավորությունից օգտվելու համար:
– Բժշկի կինը խուսափում է անկումից, առաջնորդի դեր է ստանձնում, որովհետև միա՞կն է, որը շարունակում է տեսնել։ Գուցե գրողը  կիրառում է «մի՞թե կարող է կույրը կույրին առաջնորդել» բանաձևո՞ւմը։
– Այո, բժշկի կինը խուսափում է անկումից և առաջնորդի դեր է ստանձնում, քանի որ միակն է, որ տեսնում է, բայց իմ կարծիքով ստանձնելու էր այդ դերը, եթե նույնիսկ կուրանար: Կամ եթե ոչ նա, ապա անպայման բարձր բարոյական արժեքներ ունեցող մեկը: Չէր կարող տեսողությունը պահպանած չարագործ մեկը առաջնորդի դեր ստանձնել, այդպիսի մեկը միայն բռնապետության պես մի համակարգ կարող էր ստեղծել՝ է՛լ ավելի մեծ տառապանքներ պատճառելով մյուսներին, որը, սակայն, ինչպես ցանկացած բռնապետություն, կփլուզվեր ի վերջո: 
Դեռևս հրատարակման փուլում գտնվող թարգմանություններիցս մեկում մի նախադասություն կա, որը տեղին է նաև այս դեպքում՝ «Վերջին պահին միշտ եղել է զինվորների մի դասակ, որը փրկել է քաղաքակրթությունը»: Ես հավատում եմ, որ ծայրահեղ իրավիճակներում միշտ գտնվում են անձինք կամ անձանց խումբ, որոնք առաջնորդի դեր են ստանձնում և փրկում մյուսներին: Քաղաքակրթությունը փրկող դասակն այս վեպում բժշկի կինն է:
-Ոչ ավանդական կետադրությունը՝ նկարագրությունների ու երկխոսությունների  միահյուսումը, ընդգծում է պատումի խորհրդավորությունը։ Իբրև թարգմանիչ՝ ինչպե՞ս էիք վերաբերվում սրան։ Առհասարակ Սարամագուի լեզվի, ոճի, թարգմանության ընթացքի մասին ի՞նչ կասեք։
– Ծանոթ եմ իսպանացի և պորտուգալացի ընթերցողների կարծիքներին ու տպավորություններին գրքի վերաբերյալ և գիտեմ,  որ ոմանց տարօրինակ է թվացել կետադրությունը, նույնիսկ բարդացրել ընթերցանությունը: Ինքս դժվարություն չեմ ունեցել, մանավանդ որ այլ գրքերից արդեն ծանոթ էի Սարամագուի ոճին: 
Սովորաբար ես արագ եմ ընտելանում հեղինակների ոճին և ոչ ավանդական կետադրությանը, եթե այդպիսին կա, հատկապես Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» վեպի քսան-երեսունէջանոց նախադասություններից և Դելիբեսի «Անմեղ սրբեր»-ից հետո, որտեղ ամեն գլուխը մի նախադասություն է: Միակ դժվարությունը թերևս բնագրային լեզուն՝ պորտուգալերենն էր, որին նույնքան ազատ չեմ տիրապետում, ինչքան իսպաներենին, և ճշգրիտ թարգմանելու համար սովորականից ավելի հաճախ էի ստիպված լինում բառարան նայել, ինչը ժամանակի առումով երկարաձգում էր աշխատանքը: 
-Եկեղեցում սրբապատկերների աչքերը փակելն ի՞նչ է խորհրդանշում․ այն, որ մարդը պետք է ապավինի սեփական ուժերի՞ն, թե՞ գիտակցում, որ նույնիսկ աստվածներն են երես թեքում, երբ մարդն այդքան ցածր է ընկնում։ 
– Նորից եկանք վեպի յուրովի ընկալումներին: Ձեր հարցի մեջ էլի պատասխաններ են հնչում, այսինքն՝ դարձյալ երկու ընկալում: Ամենևին չբացառելով Ձերը, ես էլ ավելացնեմ իմը: Իմ կարծիքով մեկը՝ հավանաբար հենց քահանան էր կապել սրբերի աչքերը, ինչպես պնդում է կույրերից մեկը, պարզապես ամոթից այն նվաստացուցիչ վիճակի, անկման և ապականության համար, որում հայտնվել են: 
Չէ՞ որ եկեղեցին այն վայրն է, ուր մարդիկ մտնում են ոչ միայն խնդրելու, այլև հոգով մաքրվելու, խաղաղվելու համար: Ի՞նչ կարող էին խնդրել հիմա Աստծուց ու սրբերից մարմնապես և հոգեպես ապականված կույրերը, և քահանան գերադասել էր, որ Աստված և սրբերը չտեսնեին իրենց անկումը:
Արմինե Սարգսյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *