Category: MediaMax.am

  • Դպրոցների շրջանավարտների կեսը որոշել է բարձրագույն կրթություն չստանալ

    Երեւան: Մեդիամաքս: 2026 թ. սեպտեմբերին բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ Հայաստանի պետական եւ ոչ պետական բուհերում ուսումնառությունը կսկսեն 10958 առաջին կուրսեցիներ:

    2026 թվականին հանրակրթական համակարգն ունեցել էր 22 205 շրջանավարտ: Բուհ է ընդունվել շրջանավարտների ընդհանուր թվի 49,35%-ը։

     

    Մրցույթի հիմնական եւ լրացուցիչ փուլերում բուհ ընդունված դիմորդները զբաղեցրել են 2026-2027 տարվա համար հատկացված ընդհանուր 12 720 տեղերի 86,15%-ը։

     

    Ընդունվածների 96.3%-ը կսովորի պետական, իսկ 3.7%-ը՝ ոչ պետական բուհերում։

     

    Ըստ նախնական տվյալների, ընդունելության հիմնական եւ լրացուցիչ փուլում ամենամեծ թվով ընդունված դիմորդներ ունեն Երեւանի պետական համալսարանը, Հայաստան պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: 

  • Մի՞թե ժողովուրդը կշարունակի մնալ թմբիրի մեջ, եթե Փաշինյանը բանտարկի Գարեգին Երկրորդին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատում է բոլոր կարմիր գծերը՝ անցնելով իր լիազորությունների սահմանները։

    Անցած ութ տարիների ընթացքում Փաշինյանը խախտել է հարյուրավոր օրենքներ և Սահմանադրության բազմաթիվ դրույթներ։ Մինչդեռ, մեծ թվով հայեր հայտնվել են ճաղերի հետևում ոչ թե իրավախախտումների, այլ պարզապես նրա հետ անհամաձայնության պատճառով. մի հիմնարար իրավունք, որը ժողովրդավարական երկրում պետք է երաշխավորված լինի յուրաքանչյուր քաղաքացու համար։

    Փաշինյանը հստակեցրել է, որ օրենքներն իր վրա չեն տարածվում։ Նա ինքնագոհ պարծեցել է, թե կարող է խախտել ցանկացած օրենք, և ոչ մի դատավոր չի կարող կանգնեցնել իրեն։

    2018-ին իշխանությունը զավթելուց ի վեր՝ Փաշինյանը դաժանաբար հարձակվեց  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հոգևոր առաջնորդների վրա: Չնայած ոչ քրիստոնեավայել վարքին՝ նա հաճախ մեջբերումներ է անում Սուրբ Գրքից՝ իր միամիտ հետևորդներին մոլորության մեջ գցելու նպատակով։ Ըստ Աստվածաշնչի (Մատթեոս 4:5-7, Ղուկաս 4:9-12, Սաղմոս 91:11-12) սատանան նույնպես, Սուրբ Գիրքը վկայակոչելով, հորդորում էր Հիսուսին ցած նետվել տաճարի աշտարակից՝ վստահեցնելով, թե հրեշտակները կփրկեն նրան: Հիսուսն արձագանքել է՝ մեջբերելով Երկրորդ Օրինաց 6:16-ը. «Քո Տեր Աստծուն մի՛ փորձիր»:

    Թեև Կաթողիկոսի՝ երեխա ունենալու մասին անհիմն ասեկոսեները վաղուց էին շրջանառվում, Փաշինյանը, իշխանության գալուց հետո յոթ տարի սպասելով, այդ բամբասանքը շահարկեց միայն այն ժամանակ, երբ դա պահանջեցին իր նեղ քաղաքական շահերը։ Ավելի քան մեկ տարի է, ինչ նա չարաշահում է իր պաշտոնեական դիրքը՝ փորձելով գահընկեց անել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

    Փաշինյանը հանդես է եկել հրապարակային կոչերով, հնչեցրել անձնական սպառնալիքներ և նույնիսկ անպարկեշտ բառապաշար է կիրառել իր ֆեյսբուքյան էջում՝ Կաթողիկոսին հրաժարական պարտադրելու նպատակով։ Այս բոլոր փորձերի տապալումից հետո նա դիմեց  անգամ 10 բարձրաստիճան հոգևորականների շանտաժի՝ նրանց իր կողմը գրավելու և  Կաթողիկոսի դեմ հանելու համար։ Եկեղեցին «բարեփոխելու» քողի տակ նա ձևավորել է «քաղաքացիական կոմիտե»՝ Կաթողիկոսին գահընկեց անելու նպատակով։ Ուղղակի անհեթեթություն է, որ երկիրը կառավարելու հարցում չափազանց անկարող մեկը փորձում է միջամտել Եկեղեցու ներքին գործերին և որոշել, թե ով է լինելու հաջորդ Կաթողիկոսը։ Դա իրեն բոլորովին չի վերաբերում։

    Բնականաբար, այս ամենը Հայաստանի Սահմանադրության կոպիտ խախտում է, որտեղ ամրագրված է պետության և եկեղեցու անջատումը: Սակայն, հաստատելով ավտորիտար միանձնյա իշխանություն, Փաշինյանը համառորեն փորձում է պարտադրել իր կամքը: Հունվարի սկզբին, երբ Գարեգին Բ Կաթողիկոսը և վեց եպիսկոպոսներից կազմված հանձնախումբը պաշտոնանկ արեցին Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, Փաշինյանը հորդորեց նրան մերժել եկեղեցու ներքին որոշումը և դիմել դատարան։ Այնուհետև եկեղեցու նվիրապետությունը հունվարի 27-ին նրան կարգալույծ հռչակեց։

    Դատարանն ապօրինաբար հրահանգեց Կաթողիկոսին Սարոյանին պաշտոնանկ չանել և արգելեց Գարեգին Բ-ին լքել երկիրը՝ զրկելով նրան և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսներին Ավստրիայում անցկացվող  եպիսկոպոսաց կարևորագույն ժողովին մասնակցելու հնարավորությունից։ Չնայած դրան, ժողովը տեղի ունեցավ, և աշխարհասփյուռ 25 եպիսկոպոսներն իրենց զորակցությունը հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ դատապարտելով Փաշինյանի իշխանության կողմից Եկեղեցու դատական հետապնդումը։

    Կաթողիկոսի և մյուս վեց եպիսկոպոսների դատավարության նախնական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին, ժամը 16:00-ին՝ Վաղարշապատի (Էջմիածին) դատարանում: Սա աննախադեպ երևույթ է, երբ անկախ Հայաստանի Հանրապետությունում քրեական հետապնդում է իրականացվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ: Դարավոր տիրապետության ընթացքում ո՛չ Օսմանյան կայսրությունը, ո՛չ էլ Ցարական Ռուսաստանը երբեք որևէ Կաթողիկոսի դատի չեն տվել։ Միակ բացառությունը Խորեն Ա Կաթողիկոսի սպանությունն էր, որին 1938 թվականի ապրիլի 6-ին խեղդամահ արեցին խորհրդային գաղտնի ծառայությունների գործակալները։

    Ամենայն Հայոց Կաթողիկոսին դատարան տանելը բացահայտ ապօրինություն է և Փաշինյանի իշխանության կողմից լիազորությունների կոպտագույն չարաշահում: Ավելի քան 1700 տարի հայերն աշխարհով մեկ պարծենում են, որ Հայաստանը առաջին պետությունն է, որը քրիստոնեություն է ընդունել: Սակայն սեփական իշխանությունն այժմ եկեղեցու նվիրապետությանը վերաբերվում է որպես հանցագործների։

    Միակ լավ լուրը Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հայտարարությունն է առ այն, որ նա հրաժարական չի տա՝ նույնիսկ ձերբակալվելու և բանտարկվելու դեպքում։ Նա կշարունակի ծառայել որպես օրինական Կաթողիկոս անգամ անազատության մեջ։

    Վերջին ութ տարիների ընթացքում Փաշինյանի կառավարությունն իրականացրել է մի շարք աննախադեպ հակաեկեղեցական քայլեր.

    – 2018 թվականին այն չեղարկեց հոգևորականների դիվանագիտական անձնագրերը։

    – Հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրից հանեց «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան։

    – 2024 թվականին դադարեցրեց քրեակատարողական հիմնարկներում հոգևոր սպասավորների ծառայությունը:

    – Դադարեցրեց հոգևորականների ծառայությունը Զինված ուժերում:

    – Նախատեսում է բռնագրավել եկեղեցու բոլոր շենքերն ու ունեցվածքը։

    – Անվտանգության ուժերը խուզարկություն են իրականացրել Սուրբ Էջմիածնի տարածքում՝ արքեպիսկոպոսին ձերբակալելու համար։

    – Կեղծ մեղադրանքներով ձերբակալել և կալանավորել է մի քանի բարձրաստիճան հոգևորականների։

    – Խախտելով Ազգային ժողովի կանոնակարգը՝ իշխանությունները թույլ չտվեցին Կաթողիկոսին օրհնության խոսք ասել 2026 թվականի օգոստոսի 2-ի նստաշրջանի բացմանը։

    – Եկեղեցուց հարյուր հազարավոր դոլարների հարկեր և տուգանքներ է գանձել հավատացյալների կողմից մոմերի ձեռքբերման համար, չնայած այն հանգամանքին, որ Եկեղեցին ոչ առևտրային կազմակերպություն է, իսկ մոմեր գնողներն իրականում նվիրատվություն են անում։

    Դատավոր Հակոբ Մանուկյանը պարտավոր է օգոստոսի 7-ին կարճել Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների դեմ հարուցված մեղադրանքները, որպեսզի չդառնա Փաշինյանի ապօրինությունների հանցակիցը։ Հակառակ դեպքում, դատավոր Մանուկյանը կդառնա միջազգային ծաղրի առարկա, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջնականապես արձանագրի, որ նրա դատավճիռը խախտել է Հայաստանի Սահմանադրությունը։

    Մինչդեռ, թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի հայերը պետք է սթափվեն երկարատև թմբիրից և բարձրացնեն իրենց բողոքի ձայնը։ Եթե նրանք շարունակեն լռել անգամ Կաթողիկոսի ձերբակալությունից և բանտարկությունից հետո, ապա արժանի չեն ունենալու ո՛չ Եկեղեցի, ո՛չ էլ Հայրենիք։

    Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
     
    Հարութ Սասունյանը «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչն է եւ խմբագիրը:

    Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

  • Իրանի նախագահը հերքել է լուրերն իր հրաժարականի մասին

    Երեւան: Մեդիամաքս: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր հրաժարականի մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:

    Նա այդ մասին ասել է տեսաուղերձում, որից մի հատվածը հրապարակել է պետական լրատվական IRNA գործակալությունը։

     

    «Եթե ես հրաժարական տամ, ապա այդ մասին կհայտարարեմ հրապարակավ։ Բայց ես հրաժարական չեմ տալու, ես պայքարելու եմ»,- հայտարարել է Փեզեշքիանը։

     

    Նա հերքել է նաեւ Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի եւ Զինված ուժերի հետ տարաձայնությունների մասին տեղեկությունները՝ հայտարարելով, որ ռազմական ղեկավարության հետ աշխատում է լիակատար համակարգմամբ։

     

    Փեզեշքիանը նշել է, որ որոշ շրջանակներ փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր Իրանի Գերագույն առաջնորդի եւ նախագահի միջեւ տարաձայնություններ կան, ընդգծելով, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

  • ԵՄ-ն Հայաստանին չի առաջարկել միգրանտների պահման կենտրոն ստեղծել

    Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական միությունը Հայաստանին չի առաջարկել անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծել:

    Այդ մասին Արմենպրեսին ասել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ մեկնաբանելով մամուլում տեղ գտած հրապարակումները:

     

    «Մեզ նման առաջարկ չի արվել, մեզ հետ նման հարց չի քննարկվել»,- ասել է ԱԳՆ խոսնակը:

     

    Հրապարակումներում նշվում էր, որ օգոստոսի 4-ին կայանալիք ԵՄ խորհրդի նիստում Իտալիան առաջարկելու է քննարկել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, անօրինական միգրանտների պահման կենտրոններ ստեղծելու հարցը։

  • Հին Խնձորեսկը ավելի հասանելի է դարձել այցելուների համար

    Երեւան: Մեդիամաքս: Ավարտվել են Սյունիքի մարզի Հին Խնձորեսկ պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվող «Հողի արձագանքներ» ծրագրի աշխատանքները։

    Ծրագիրը մեկնարկել էր 2025 թվականին «Փրկենք հայկական հուշարձանները» (Save Armenian Monuments) կազմակերպության նախաձեռնությամբ՝ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի եւ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ։

    Լուսանկարը` Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ

    «Այս ծրագիրը կարեւոր քայլ էր Սյունիքի ամենանշանակալի պատմամշակութային վայրերից մեկի պահպանման, վերարժեւորման եւ հանրահռչակման ճանապարհին։ 

    Լուսանկարը` Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ

    Վստահ ենք, որ իրականացված աշխատանքները կնպաստեն ոչ միայն պատմամշակութային ժառանգության պահպանությանը, այլեւ համայնքում կայուն զբոսաշրջության զարգացմանը»,– նշել է «Հողի արձագանքներ» ծրագրի համակարգող Գայանե Բուդաղյանը։

    Լուսանկարը` Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ

    Ծրագրի շրջանակում, մասնավորապես, քարե եւ փայտե աստիճաններ են կառուցվել Հին եւ Նոր Խնձորեսկը կապող դժվարանցանելի հատվածներում, գծանշվել եւ կահավորվել են քայլարշավային արահետները (ընդհանուր երկարությունը՝ 5,4 կմ)։

     

     

    «Համոզված ենք, որ Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանումը պետք է ուղեկցվի դրա հասանելիության ընդլայնմամբ։ Մշակութային եւ քայլարշավային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները համահունչ են մեր երկարաժամկետ հանձնառությանը՝ նպաստելու մարզերի զարգացմանը, կայուն զբոսաշրջությանը եւ Հայաստանի մարզերի հարուստ պատմությունն ու բնությունը մարդկանց համար առավել հասանելի դարձնելուն», – ասել է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։

    Լուսանկարը` Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ

    Արահետի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են «Արահետներ հանուն փոփոխության» (Trails for Change) հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։

    Լուսանկարը` Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ

    «Հայաստանի զբոսաշրջային քարտեզը համալրվեց եւս մեկ բարեկարգ եւ անվտանգ քայլարշավային արահետով, որը հնարավորություն է տալիս բացահայտելու Հին Խնձորեսկի հարուստ պատմամշակութային ժառանգությունը։ Վստահ ենք, որ այն կնպաստի ինչպես զբոսաշրջիկների թվի աճին, այնպես էլ մարզի տնտեսական ակտիվության խթանմանը», – նշել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Հուսիկ Սարգսյանը։

     

    Աշխատանքների ավարտին բարեկարգված տարածքները հանձնվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությանը։ 

  • Վիկտոր Միզիանոն Երեւանում հանդես կգա հանրային դասախոսությամբ

    Երեւան: Մեդիամաքս: Կուրատոր եւ արվեստաբան Վիկտոր Միզիանոն հանդես կգա հանրային դասախոսությամբ Երեւանում՝ «Մշակույթի լուսաբանում. միջազգային փորձ» կրթական սեմինարների շարքի շրջանակներում:

    Սեմինարների շարքի կազմակերպիչներն են ԱՐԷ մշակութային հիմնադրամն ու Ժամանակակից արվեստի ինստիտուտը՝ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական համայնքների բաժանմունքի աջակցությամբ։

     

    Դասախոսությունը տեղի կունենա Ժամանակակից արվեստի ինստիտուտում  (Ավետ Ավետիսյան, 47) օգոստոսի 14-ին, ժամը՝ 19:00։ Աշխատանքային լեզուն՝ ռուսերենն է։ Մուտքն ազատ է:

     

    «Վիկտոր Միզիանոն կներկայացնի ժամանակակից մշակույթում կուրատորի դերի փոխակերպումը։ Նա կդիտարկի կուրատորությունը որպես մտավոր պրակտիկա, որը ստեղծում է կապեր արվեստի գործերի, գաղափարների, տարածքների, պատմության եւ հանդիսատեսի միջեւ։

     

    Դասախոսությունը նախատեսված է արվեստագետների, գրողների, լրագրողների, հետազոտողների, մշակույթի կառավարման մասնագետների, ուսանողների եւ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ժամանակակից մշակույթով։ 

     

    Վիկտոր Միզիանոն հետխորհրդային տարածքի ամենաազդեցիկ կուրատորներից, արվեստի քննադատներից եւ մշակույթի տեսաբաններից մեկն է։

     

    Ավելի քան չորս տասնամյակ նա կարևոր դեր է խաղացել ժամանակակից արվեստի դիսկուրսի ձեւավորման գործում՝ հատկապես իր կուրատորական գործունեության, միջազգային ցուցահանդեսների կազմակերպման եւ Խորհրդային Միության փլուզումից հետո տեղի ունեցած մշակութային փոխակերպումների ուսումնասիրության շնորհիվ։

     

    Նա եղել է Մոսկվայի Պուշկինի անվան գեղարվեստի ազգային թանգարանի ժամանակակից արվեստի համադրող (1980–90) եւ Մոսկվայի Ժամանակակից արվեստի կենտրոնի (CAC) տնօրեն (1992–97): 

     

    1993 թվականին նա «Մոսկվայի արվեստի ամսագրի» հիմնադիրներից էր եւ դրա գլխավոր խմբագիրն է։ 

  • Ռուբինյանի առաջին հեռախոսազրույցը եղել է ուկրաինացի պաշտոնակցի հետ

    Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը հեռախոսազրույցում կարեւորել են երկու երկրի խորհրդարանական կապերի ակտիվացումը:

    «Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Ազգային ժողովի եւ Ուկրաինայի Գերագույն ռադայի միջեւ համագործակցության օրակարգին՝ կարեւորելով փոխգործակցության նոր հնարավորությունների օգտագործումը»,- ասվում է ԱԺ հաղորդագրությունում:
    Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ս.թ. օգոստոսի 3-ին։

  • Ադրբեջանը ակնկալում է, որ TRIPP-ի իրագործումը կմեկնարկի այս տարի

    Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հայտարարել է, որ «ամերիկյան կողմը պարբերաբար տեղեկացնում է մեզ TRIPP նախագծի ընթացքի մասին»:

    Ինչպես հաղորդում է Trend-ը, ելույթ ունենալով ճեպազրույցում ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի հետ հանդիպումից հետո, Ջեյհուն Բայրամովը նշել է.

     

    «Սպասվում է, որ 2026 թվականին կկեկնարկեն TRIPP նախագծի շրջանակում Հայաստանի տարածքով անցնող Զանգեզուրի միջանցքի 42-կիլոմետրանոց հատվածի բուն շինարարական աշխատանքները։ Նախագիծն իրականացվում է ԱՄՆ-ի եւ Հայաստանի կողմից, սակայն, քանի որ դրա մուտքի եւ ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի տարածքում, ամերիկյան կողմը պարբերաբար տեղեկացնում է մեզ նախագծի ընթացքի մասին», – ասել է Բայրամովը:

     

    Նա ընդգծել է, որ Ադրբեջանն արագացված տեմպերով կատարում է ստանձնած պարտավորությունները:

     

    «Ադրբեջանի տարածքում նոր երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների նախագծերի իրականացումը բարձր մակարդակի վրա է: Մենք ակնկալում ենք, որ 2027 թվականի սկզբին երկու նախագծերն էլ կհասնեն Հայաստանի սահմանին», – նշել է նա:

     

    Բայրամովը հավելել է, որ ներդրումներ են կատարվել խորհրդային տարիներին գործած Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ 180-կիլոմետրանոց երկաթուղային գծի շահագործումը վերականգնելու համար, եւ աշխատանքներն արդեն սկսվել են: Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթգծի նախագիծը նույնպես գտնվում է իրականացման փուլում:

     

    Բայրամովի խոսքով՝ այս նախագծերի կյանքի կոչման արդյունքում ոչ միայն կապ կապահովվի Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ, այլեւ կձեւավորվի Միջին միջանցքի նոր երթուղի:

     

    «Սա կարող է զգալի ներդրում ապահովել առեւտրի ընդլայնման, տնտեսական աճի եւ Ադրբեջանի, Հայաստանի ու հարեւան այլ երկրների համար տարածաշրջանային համագործակցության ամրապնդման գործում», – ասել է նախարարը: 

  • Ադրբեջանը սպասում է Հայաստանում նոր սահմանադրության ընդունմանը

    Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ Ադրբեջանը սպասում է Հայաստանում նոր սահմանադրության ընդունմանը:

    Ինչպես հաղորդում է Անադոլու գործակալությունը, Հաջիեւը թուրք լրագրողների պատվիրակության հետ հանդիպմանն ընդգծել է, որ «այս հարցում Թուրքիայի հետ շարունակական եւ կառուցողական շփումներ են պահպանվում, եւ խաղաղության գործընթացներն զարգանում են զուգահեռաբար»:

     

    Նրա խոսքով՝ Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում «ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի նկատմամբ», եւ Բաքուն սպասում է այս իրավիճակի փոփոխությանը:

     

    Հիքմեթ Հաջիեւն ընդգծել է, որ եթե ընդունվի նոր սահմանադրություն, եւ Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ պահանջներից, նրանք պատրաստ են խաղաղության համաձայնագիր ստորագրել:

     

    Նշելով, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ թուրքական ԶԼՄ-ները եւ թուրք ժողովուրդը եղել են Ադրբեջանի կողքին, նա հայտարարել է, որ «այդ աջակցությունը միշտ զգացվել է եւ հպարտության զգացում է առաջացրել»։ 

  • Լեմկինի ինստիտուտն աջակցում է Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը

    Երեւան: Մեդիամաքս: Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարել է, որ ողջունում եւ աջակցում է Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը՝ ձեւավորել կանանց միջազգային հումանիտար պատվիրակություն Բաքվում գտնվող հայ պատանդների հետ հանդիպելու համար:

    «Նրա ամուսինը՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինաբար պահվում Բաքվում՝ Արցախի նախկին այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ հայ ռազմագերիների հետ միասին, որոնցից ոմանք կալանքի տակ են գտնվում 2020 թվականից ի վեր՝ չնայած համաձայնագրին, որը պահանջում էր բոլոր ռազմագերիների փոխանակում»,- ասված է Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ:

     

    «Ագրեսիայի եւ ցեղասպանության միջոցով Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելուց հետո Ադրբեջանը պատանդ է վերցրել տասնյակ հայերի, որոնց մեծ մասը Արցախի Հանրապետության կառավարության պաշտոնյաներ էին: Այս պատանդներին առաջադրվել են ահաբեկչության եւ այլ ծանր հանցագործությունների կեղծ մեղադրանքներ: Այդ ժամանակվանից ի վեր նրանց պահում են սարսափելի պայմաններում, ենթարկում խոշտանգումների եւ ստիպում անցնել ցուցադրական դատավարությունների միջով»,- նշվում է հայտարարության մեջ:

     

    «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հատուկ ատելություն է տածում հայերի նկատմամբ, ինչն ինստիտուցիոնալացրել է ինչպես պետական իշխանության կառույցներում, այնպես էլ կրթական համակարգում: Դա ավելի է խորացնում Բաքվում պահվող հայ պատանդների խոցելիությունը: Հենց այս համատեքստում է տիկին Զոնաբենդը նախաձեռնել հումանիտար առաքելություն դեպի Բաքու՝ հույս ունենալով հանդիպել իր ամուսնուն եւ մյուս կալանավորներին: Տիկին Զոնաբենդը եւ նրա ամուսինն իրենց կյանքը նվիրել են միջազգային տարբեր հումանիտար նախագծերի, որոնցից ամենահայտնիներից է «Ավրորա» նախաձեռնությունը: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը նրանց լիակատար հումանիտար աջակցություն ցուցաբերի:

     

    Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի եւ ԵՄ անդամ երկրների կառավարություններին աջակցել այս հումանիտար առաքելությանը՝ օգտագործելով իրենց դիվանագիտական ներկայությունը Ադրբեջանում՝ ապահովելու տիկին Զոնաբենդի եւ Բաքու այցելել պատրաստվող մյուս կանանց անվտանգությունը»,- հայտարարել է Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը: