Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ Ադրբեջանը սպասում է Հայաստանում նոր սահմանադրության ընդունմանը:
Ինչպես հաղորդում է Անադոլու գործակալությունը, Հաջիեւը թուրք լրագրողների պատվիրակության հետ հանդիպմանն ընդգծել է, որ «այս հարցում Թուրքիայի հետ շարունակական եւ կառուցողական շփումներ են պահպանվում, եւ խաղաղության գործընթացներն զարգանում են զուգահեռաբար»:
Նրա խոսքով՝ Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում «ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի նկատմամբ», եւ Բաքուն սպասում է այս իրավիճակի փոփոխությանը:
Հիքմեթ Հաջիեւն ընդգծել է, որ եթե ընդունվի նոր սահմանադրություն, եւ Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ պահանջներից, նրանք պատրաստ են խաղաղության համաձայնագիր ստորագրել:
Նշելով, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ թուրքական ԶԼՄ-ները եւ թուրք ժողովուրդը եղել են Ադրբեջանի կողքին, նա հայտարարել է, որ «այդ աջակցությունը միշտ զգացվել է եւ հպարտության զգացում է առաջացրել»։
Leave a Reply