Լեմկինի ինստիտուտն աջակցում է Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարել է, որ ողջունում եւ աջակցում է Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը՝ ձեւավորել կանանց միջազգային հումանիտար պատվիրակություն Բաքվում գտնվող հայ պատանդների հետ հանդիպելու համար:

«Նրա ամուսինը՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինաբար պահվում Բաքվում՝ Արցախի նախկին այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ հայ ռազմագերիների հետ միասին, որոնցից ոմանք կալանքի տակ են գտնվում 2020 թվականից ի վեր՝ չնայած համաձայնագրին, որը պահանջում էր բոլոր ռազմագերիների փոխանակում»,- ասված է Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ:

 

«Ագրեսիայի եւ ցեղասպանության միջոցով Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելուց հետո Ադրբեջանը պատանդ է վերցրել տասնյակ հայերի, որոնց մեծ մասը Արցախի Հանրապետության կառավարության պաշտոնյաներ էին: Այս պատանդներին առաջադրվել են ահաբեկչության եւ այլ ծանր հանցագործությունների կեղծ մեղադրանքներ: Այդ ժամանակվանից ի վեր նրանց պահում են սարսափելի պայմաններում, ենթարկում խոշտանգումների եւ ստիպում անցնել ցուցադրական դատավարությունների միջով»,- նշվում է հայտարարության մեջ:

 

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հատուկ ատելություն է տածում հայերի նկատմամբ, ինչն ինստիտուցիոնալացրել է ինչպես պետական իշխանության կառույցներում, այնպես էլ կրթական համակարգում: Դա ավելի է խորացնում Բաքվում պահվող հայ պատանդների խոցելիությունը: Հենց այս համատեքստում է տիկին Զոնաբենդը նախաձեռնել հումանիտար առաքելություն դեպի Բաքու՝ հույս ունենալով հանդիպել իր ամուսնուն եւ մյուս կալանավորներին: Տիկին Զոնաբենդը եւ նրա ամուսինն իրենց կյանքը նվիրել են միջազգային տարբեր հումանիտար նախագծերի, որոնցից ամենահայտնիներից է «Ավրորա» նախաձեռնությունը: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը նրանց լիակատար հումանիտար աջակցություն ցուցաբերի:

 

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի եւ ԵՄ անդամ երկրների կառավարություններին աջակցել այս հումանիտար առաքելությանը՝ օգտագործելով իրենց դիվանագիտական ներկայությունը Ադրբեջանում՝ ապահովելու տիկին Զոնաբենդի եւ Բաքու այցելել պատրաստվող մյուս կանանց անվտանգությունը»,- հայտարարել է Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *