Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հայտարարել է, որ «ամերիկյան կողմը պարբերաբար տեղեկացնում է մեզ TRIPP նախագծի ընթացքի մասին»:
Ինչպես հաղորդում է Trend-ը, ելույթ ունենալով ճեպազրույցում ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի հետ հանդիպումից հետո, Ջեյհուն Բայրամովը նշել է.
«Սպասվում է, որ 2026 թվականին կկեկնարկեն TRIPP նախագծի շրջանակում Հայաստանի տարածքով անցնող Զանգեզուրի միջանցքի 42-կիլոմետրանոց հատվածի բուն շինարարական աշխատանքները։ Նախագիծն իրականացվում է ԱՄՆ-ի եւ Հայաստանի կողմից, սակայն, քանի որ դրա մուտքի եւ ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի տարածքում, ամերիկյան կողմը պարբերաբար տեղեկացնում է մեզ նախագծի ընթացքի մասին», – ասել է Բայրամովը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանն արագացված տեմպերով կատարում է ստանձնած պարտավորությունները:
«Ադրբեջանի տարածքում նոր երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների նախագծերի իրականացումը բարձր մակարդակի վրա է: Մենք ակնկալում ենք, որ 2027 թվականի սկզբին երկու նախագծերն էլ կհասնեն Հայաստանի սահմանին», – նշել է նա:
Բայրամովը հավելել է, որ ներդրումներ են կատարվել խորհրդային տարիներին գործած Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ 180-կիլոմետրանոց երկաթուղային գծի շահագործումը վերականգնելու համար, եւ աշխատանքներն արդեն սկսվել են: Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթգծի նախագիծը նույնպես գտնվում է իրականացման փուլում:
Բայրամովի խոսքով՝ այս նախագծերի կյանքի կոչման արդյունքում ոչ միայն կապ կապահովվի Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ, այլեւ կձեւավորվի Միջին միջանցքի նոր երթուղի:
«Սա կարող է զգալի ներդրում ապահովել առեւտրի ընդլայնման, տնտեսական աճի եւ Ադրբեջանի, Հայաստանի ու հարեւան այլ երկրների համար տարածաշրջանային համագործակցության ամրապնդման գործում», – ասել է նախարարը:
Leave a Reply