Ես էլ հիշեցի, որ կես տարի առաջ Meduza-ում մի նյութ էի կարդացել, որը պատմում էր շոտլանդական Ջուռա կղզու մասին (այդ անունով բարձրորակ վիսկի կա): Այդ կղզում է Ձորջ Օրուէլը գրել իր հանրահայտ հակաուտոպիան՝ «1984»-ը: Գրողը տառապում էր թոքախտով եւ բժիշկները նրան խորհուրդ էին տվել ապրել բնության գրկում:
Օրուէլի կինը մահացել էր 1945 թվականին՝ վիրահատության ժամանակ: Երբ գրողը 1946-ին տեղափոխվեց Ջուրա, նրա հետ կղզի եկան քույրը՝ Ավրիլը եւ երկու տարեկան որդին՝ Ռիչարդը:
Օրուէլը «1984»-ն ավարտել էր 1948 թվականի դեկտեմբերին, իսկ գիրքը լույս էր տեսել 1949-ի ամռանը: Շուտով Օրուէլին տեղափոխել էին Լոնդոնի հիվանդանոցներից մեկը, որտեղ նա մահացավ 1950 թվականի հունվարի 21-ին:
Հոդվածում ոչինչ չէր ասվում գրողի որդու հետագա ճակատագրի մասին, ուստի սկսեցի «փորփրել» եւ գտա The Guardian-ում հրապարակված ծավալուն ու շատ հետաքրքիր հոդվածը: Սայմոն Հաթենսթոնի նյութն այնքան լավն է, որ կարելի է ներառել լրագրության դասագրքերում:
Զրույցի պահին Ռիչարդը 80 տարեկան էր: Նրա կյանքը ամենասկզբից է դժվարին եղել: Օրուէլները նրան որդեգրել էին 3 ամսականում: Որդեգրող մայրը մահացել էր 9 ամիս անց, եւ Օրուէլի ընկերները եւ ազգականները կարծում էին, որ նա կհրաժարվի որդեգրումից: Բայց դա տեղի չունեցավ:
Ջորջը եւ Էյլինը տարիներ շարունակ փորձում էին զավակ ունենալ, բայց չէր ստացվում: «Ամենից շատ նա ցանկանում էր երեխաներ ունենալ: Կնոջ մահվանից հետո ես էի նրա ընտանիքը», – պատմել է Ռիչարդը Սայմոն Հաթենսթոնին:
«Հայրս նվիրված էր ինձ, – ասում է նա, – Ամբողջությամբ նվիրված»։ Ռիչարդն էլ անսահման նվիրված է հորը եւ իրեն համարում է նրա սուրբ կրակի պահապանը։
Ջուրան դրախտ էր հոր եւ որդու համար։ «Ապրում էի ֆերմայում, լավ հագուստ ու կոշիկներ ունեի, սննդի պակաս չկար: Կարող էի թափառել՝ որտեղ ցանկանայի, ինչը հնարավոր չէր Լոնդոնում։ Պարզապես հիանալի վայր էր ապրելու համար»։
Կղզում այլ երեխաներ չկային, բայց Ռիչարդը դրանից չէր նեղվում։ Մինչ հայրը գրում էր, նա ուսումնասիրում էր շրջակայքը։ Հայրն ու որդին հանդիպում էին նախաճաշի եւ երեկոյան թեյի ժամանակ, որը պատրաստում էր Ավրիլ հորաքույրը։ Ամառային երեկոները հոր հետ ծովափ էին գնում՝ խեցգետնախեծեր եւ օմարներ որսալու։
Արդյո՞ք Ռիչարդը գիտակցում էր, թե որքան հիվանդ էր հայրը։ Նա շարժում է գլուխը. «Ոչ, ես հարցնում էի. որտե՞ղ է ցավում, հայրիկ»։ Կյանքի վերջին շրջանում թոքախտը հյուծել էր Օրուելին։ Տարիներ անց էր միայն որդին իմացել, որ հայրը սարսափելի վախենում էր վարակել իրեն, սակայն ավելի շատ սարսափում էր նրանից, որ իրենց մտերմությունը կտուժի:
«Այդ ամենը գրված է իր նամակներում։ Նա վախենում էր, որ չեմ կապվի իր հետ, որովհետեւ չէր կարող գրկել կամ համբուրել ինձ՝ վարակը փոխանցելու վտանգի պատճառով»։
12 տարեկանում Ռիչարդը կարդաց հոր գործերը՝ սկզբում «Անասնաֆերմա»-ն, ապա՝ «1984»-ը։ Ի՞նչ տպավորություն ստացավ։ «Ինձ դուր եկավ «Անասնաֆերմա»-ն։ Շատ լավ գիրք էր: «1984»-ը շատ ավելի բարդ էր հասկանալու համար»:
Երեք ամսականում որդեգրվելը, 5 տարեկանում առանց ծնողների մնալը՝ Ռիչարդի կյանքը իսկապես հեշտ չի եղել: Բայց երբ կարդում ես, թե ինչ ջերմությամբ է նա պատմում 75 տարի առաջ կղզում հոր հետ անցկացված ժամանակի մասին, հասկանում ես, որ իրապես երջանիկ մանկություն է ունեցել:
Երեւան: Մեդիամաքս: Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի եւ վեց եպիսկոպոսի քրեական գործով դատավոր Հակոբ Մանուկյանն այսօր ինքաբացարկ է հայտնել եւ հրաժարվել գործը քննելուց:
Այս մասին դռնփակ անցկացված դատական նիստից հետո դատարանի բակում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը: Նիստը ավարտվել է սկսվելուց մոտ 20 րոպե անց:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ եպիսկոպոսները կմասնակցեն դատական նիստին
«Դատավորը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց մաս կազմել ամոթալի պրոցեսին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արա Զոհրաբյանը:
2026թ. օգոստոսի 7-ին, Մատենադարանում մեկնարկել է «Կոստանդնուպոլսի հայ տպագրիչները» երկօրյա աշխատաժողովը: Այն նպատակ ունի պատմական նոր տեսանկյունից ներկայացնելու 18-րդ դարի վերջից սկսած օսմանյան տպագրական մշակույթի զարգացման գործում հայ տպագրիչների, տառաստեղծների եւ արհեստավորների ունեցած առանցքային ներդրումը։
Աշխատարանի գործընկերներն են «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամը եւ ISType հարթակը։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Միավորելով տեխնոլոգիական եւ արխիվային մոտեցումները՝ մեր բանախոսներն ընդգծում են տպագրական ու վիզուալ կանոնների գործում Ստամբուլի հայ տպագրիչների թողած մնայուն ժառանգությունը ոչ միայն Օսմանյան կայսրությունում, այլեւ դրա սահմաններից դուրս՝ Հարավային Ասիայից մինչեւ Եվրոպա»,- նշել է աշխատաժողովի կազմակերպիչ, արվեստի պատմաբան Էրին Փինյոնը։
Էրին Փինյոնը
Լուսանկարը` Մեդիամաքս
Աշխատաժողովը հյուրընկալել է միջազգային հետազոտողների աշխարհի տարբեր համալսարաններից ու գիտական կենտրոններից: Աշխատաժողովի առաջին մասի զեկույցները ուշադրություն են հրավիրել 19-րդ դարում Օսմանյան կայսրությունում հայ տպագրիչներ Պողոս Արապյանի, Հովհաննես Մյուհենտիսյանի եւ այլ հայ տառաստեղծների գործունեությանը՝ ընդգծելով, որ նրանց նորարարությունները տառափորագրության, մետաղական տառերի արտադրության եւ տպագրական տեխնոլոգիաների ոլորտներում մեծապես կանխորոշել են արաբերենի, հայերենի, պարսկերենի, թուրքերենի եւ հարավասիական լեզուների վիզուալ ինքնությունը եւ կարեւոր հիմքեր ստեղծել ժամանակակից մեխանիկական շարվածքի համար։
Լուսանկարը` Մեդիամաքս
Աշխատաժողովի երկրորդ մասում բանախոսները ներկայացրել են Ստամբուլում լույս տեսած 19-րդ դարի հայկական պատկերազարդ հրատարակություններ՝ ուսումնասիրելով շարժական գրաշարի, փորագրության ու վիմագրության փոխազդեցությունները, ինչպես նաեւ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով պոլսահայ մանրանկարիչ եւ պատկերազարդող Ստեփան Ակայանի անտեսված ստեղծագործական ժառանգության վերականգնմանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Օգոստոսի 8-ին հատուկ ցուցադրության ընթացքում ներկայացվելու են Ստամբուլի 19-րդ դարի տպարանների հազվագյուտ բազմալեզու հրատարակություններ՝ մեկտեղելով նյութեր Մատենադարանի արխիվից, Երեւանի գրադարաններից եւ մասնավոր հավաքածուներից։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Սա Պողոս Արապյանի եւ Հովհաննես Մյուհենտիսյանի աշխատանքների մինչ օրս տեղի ունեցած ամենալայն ցուցադրությունն է։ Ներկայացվելու են հայերեն, արաբերեն, պարսկերեն եւ թուրքերեն գրքեր, որոնք նախկինում երբեք միասին չեն ցուցադրվել»,- նշել է Էրին Փինյոնը։
Ներկայացնում ենք 2026 թվականի օգոստոսի 3-ից 7-ը աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների լուսանկարների ընտրանին։ Կինը ավտոբուս է բարձրանում Կալկաթայում հորդառատ անձրեւից հետո։ «Միլանի» եւ Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին՝ Սանտ-Ամբրոջո բազիլիկում կայացած հրաժեշտի արարողությանը։ Հրշեջները աշխատում են Կիեւի մարզում ռուսական հրթիռի հարվածի վայրում։ Անտառային հրդեհ Հունաստանի Ագիա Պարասկեւի գյուղի մոտ։ Սուզորդը ցատկում է 22 մետր բարձրությամբ կամրջից Կոսովոյի Ջակովա քաղաքի մոտ անցկացվող ավանդական մրցույթի ժամանակ։ Հիրոշիմայի ատոմային ռմբակոծության 81-րդ տարելիցի օրը մարդիկ թղթե լապտերներ են բաց թողնում Մոտոյասու գետը: Արեւը մայր է մտնում Գազայում։ Լիբանանի հարավում պայթյունի հետեւանքով զոհված իսրայելցի պահեստազորային Հարել Բիրենշտոկի դուստրը ներկա է հոր թաղմանը: Չինաստանում մարդիկ հետեւում են Smart Dragon-3 հրթիռի մեկնարկին: Սուզորդը մարզվում է Փարիզում ընթացող Եվրոպայի ջրային մարզաձեւերի առաջնության շրջանակում։ 14-ամյա Լարա Գրբացը լողացնում է իր «Պերլազ» անունով ձիուն Խորվաթիայի Բրաչ կղզում։
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ մենք «հասկանում ենք Եվրասիական տնտեսական միությանը եւ Եվրոպական միությանը միաժամանակյա անդամակցության անհնարինությունը»։
Ելույթ ունենալով Այսօր Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.
«Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունման բուն փաստը չի նշանակում, թե Հայաստանն այսօր հնարավորություն ունի դառնալու ԵՄ անդամ։
Երբ հեռանկարում Հայաստանը որակապես պատրաստ լինի ԵՄ-ին անդամակցությանը, դա նույնպես չի նշանակում, թե մեր երկիրն ավտոմատ կերպով կդառնա ԵՄ անդամ։ Դրա համար անհրաժեշտ կլինի ԵՄ անդամ երկրների համաձայնությունը եւ Հայաստանի քաղաքացիների հավանությունը։
Մյուս կողմից, ակնհայտ է, որ անհնար է այս հարցը հանձնել Հայաստանի քաղաքացիների դատին՝ առանց նախնական ինստիտուցիոնալ նախապատրաստական աշխատանքի։ Եվ անգամ դրանից հետո անհրաժեշտ կլինի պաշտոնական հայտով դիմել ԵՄ-ին՝ անդամակցության համար, իսկ դրանից հետո՝ ստանալ թեկնածու երկրի կարգավիճակ»։
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հայաստանի եւ Եվրամիության ընթացիկ հարաբերություններում չկան իրավական, տնտեսական կամ քաղաքական պարտավորություններ, որոնք կհակասեն Եվրասիական տնտեսական միությունում մեր պարտավորվածություններին»:
«ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ ընտրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելն անհնար է:
Առանց թվարկված փուլերի առնվազն մեծ մասն անցնելու՝ հանրաքվեի անցկացումը կլինի անբովանդակ եւ կնշանակի, որ մենք ակնկալում ենք քաղաքացիներից մի հարցի պատասխան, որն այս պահին գոյություն չունի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը հայտարարել է նաեւ.
«Մի շարք ուղղություններով ԵԱՏՄ սահմանված ռազմավարական նպատակները լիարժեքորեն չեն իրագործվել։ Սա նշանակում է, որ այսօր մենք պետք է կենտրոնանանք ոչ միայն նոր նախաձեռնությունների քննարկման, այլեւ արդեն ընդունված որոշումների գործնական իրականացման, համաձայնեցման ընթացակարգերի արագացման եւ ԵԱՏՄ ինստիտուտների աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա»։
Մայիսի սկզբին այցելել էի Երեւան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, երբ դրա շրջանակում հայտարարվեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը եւ դեսպան Սերդար Քըլըչը ստորագրել են Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ արձանագրությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի ընթացքում արված գրառման մեջ այն բնութագրեց որպես Թուրքիայի փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազի հետ ունեցած «արդյունավետ փոխանակման» ողջունելի արդյունք:
Իր հերթին Յըլմազն ասաց, որ կամրջի վերականգնումը կնպաստի տարածաշրջանում «խաղաղության եւ անվտանգության համար ամուր միջավայրի» ստեղծմանը:
Այդ նորությունն իմ նոթատետրում ընդամենը մի պարբերություն էր եւ խորհրդակցությունների սենյակում փաստաթուղթ ստորագրող երկու պաշտոնյաների լուսանկար: Երեք ամիս անց՝ հուլիսի վերջին, ես վերջապես կանգնած էի այդ վայրում՝ Անիի մոտ, Ախուրյանի կիրճի եզրին, եւ ուղիղ նայում էի այն կամրջին, որի վերականգնումը նախատեսվում է այդ արձանագրությամբ:
Կարսը, Անիի կամուրջը, Փամուկի «Ձյունն» ու հայ-թուրքական «ձնհալը»
Կամրջի երկու աշտարակները մինչ օրս կանգնած են միմյանց դեմ՝ գետի հակառակ ափերին, մեկը Թուրքիայի, մյուսը՝ Հայաստանի տարածքում, եւ նրանց միջեւ միայն գետն է ու բաց երկինքը։ Տարօրինակ զգացողություն է տեսնել, թե ինչպես է դիվանագիտական մի վերացական գաղափար վերածվում իրական քարակերտ կառույցի, որի վրա կարող ես ուղղել տեսախցիկդ:
Ի՞նչ կպահանջվի կամուրջը վերականգնելու համար
Հետազոտող Վեդաթ Աքքայոզին, որը տարիներ շարունակ զբաղվել է Անիի փաստագրմամբ, հարցրեցի. հնարավո՞ր է կամուրջը վերականգնել՝ հավատարիմ մնալով իր սկզբնական տեսքին, թե այս փուլում «բնօրինակ ճարտարապետության» վերականգնումը մեծապես հիմնված է ենթադրությունների վրա։
Նրա պատասխանն ավելի վստահ էր, քան սպասում էի: Նա պատմեց, որ դեռեւս կամրջի փլուզումից շատ առաջ ֆրանսիացի գիտնականները պատրաստել էին կամրջի եւ դրա որմնանկարների մանրամասն գծանկարներ ու փորագրանկարներ, իսկ այդ արխիվը բավականաչափ ճշգրիտ է վերականգնումն իրականացնելու համար։
Այդ նյութերի եւ իր սեփական հետազոտությունների հիման վրա Աքքայոզը նկարագրեց մի կառույց, որը շատ ավելի բարդ էր, քան պարզապես գետանցը։ Դա երկհարկանի կամուրջ էր կամարակապ հենակառույցով, որի վրա հարթակ կար։ Կամրջի երկու ծայրերում տեղակայված էին մաքսատներ, իսկ Կույսերի վանքի կողքով վեր բարձրացող ծածկված անցուղին հնարավորություն էր տալիս, որ ձիերն ու սայլերը տարվա բոլոր եղանակներին անարգել երթեւեկեն։
Այդ կամրջով անցնում էին Չինաստանից, Հնդկաստանից, Իրանից եւ Հայաստանից ժամանող ուղտերի քարավանները՝ միանալով առեւտրային ճանապարհներին, որոնք ձգվում էին դեպի Տրապիզոն եւ այնտեղից՝ միջազգային շուկաներ։ Կամրջով անցումը պաշտոնապես կարգավորվեց եւ ապահովվեց Բագրատունիների օրոք՝ մոտ 1204 թվականին, ինչը Աքքայոզը համարում է կամրջի զարգացման գագաթնակետը։ Դրանից հետո Անին այլեւս չվերականգնեց իր նախկին փառքը՝ նույնիսկ նույն դարում՝ Պոնտոսի հույների իշխանության օրոք տեղի ունեցած կարճատեւ, երկրորդ ծաղկման շրջանում։
Կամուրջը կառուցվել է 10-րդ դարում, եւ դարեր շարունակ կանգուն է մնացել մինչեւ ռուսական իշխանությունները 1877–1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո, ամրապնդելով տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությունը, քանդեցին այն։
Աքքայոզի համար այս պահը նաեւ անձնական նշանակություն ունի։ Նա պատմեց, որ կամրջի վերականգնման գաղափարն առաջին անգամ առաջ է քաշել դեռեւս 2008 թվականին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում, ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի ընթացքում, որի շրջանակում թուրք լրագրողների փոքր պատվիրակություն էր այցելել Երեւան։ «Ինչքա՜ն բախտավոր կլինեմ, եթե դա հիմա իրականություն դառնա», – ասաց նա՝ հավելելով, որ կցանկանար մասնակցել աշխատանքներին։
Լուսանկարը` Bryan Keith
Սակայն, ըստ նրա, սա այլեւս միայն մշակութային ժառանգության պահպանման հարց չէ։ Ախուրյան գետը տարիներ շարունակ քայքայում է կամրջի հիմքերը, եւ եթե վերականգնման աշխատանքները արագ չմեկնարկեն, առաջիկա մի քանի տարիների ընթացքում կառույցը կարող է ավելի շատ փլուզվել։
Անիի նոր բացահայտումները
Մի կողմ թողնենք վերականգնման մասին քննարկումները։ Անիում մինչ օրս նոր բացահայտումներ են արվում: Վերջին պեղումների ընթացքում Կաֆկաս համալսարանի գիտական ղեկավարությամբ եւ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության կողմից համակարգվող հնագիտական խմբերը Անիի հին շուկայի տարածքում հայտնաբերել են սելջուկյան դարաշրջանի պահեստ՝ 5 խոշոր կավե սափորներով։ Դրանցից յուրաքանչյուրն ավելի քան մեկ մետր բարձրություն ունի, մոտ 50 սանտիմետր տրամագծով բերան, եւ զարդարված է այդ ժամանակաշրջանին բնորոշ ապլիկացիոն նախշերով։
Լուսանկարը` Albrecht Schumann
Պեղումների ղեկավար Մուհամմեթ Արսլանը նշել է, որ սափորները, ամենայն հավանականությամբ, օգտագործվել են լոբազգիներ եւ այլ չոր մթերքներ պահելու համար։ Նրա խոսքով՝ պեղումների այս փուլի ընթացքում 100 հնագետներից, արվեստաբաններից, ճարտարապետներից եւ վերականգնողներից կազմված թիմը միաժամանակ աշխատում է հնավայրի վեց տարբեր հատվածներում, այդ թվում՝ սելջուկյան ժամանակաշրջանի բնակավայրում, գերեզմանատանը եւ Բեզիրհանեում (կտավատի յուղի արտադրման պատմական արտադրամաս)։ Պեղումները կտեւեն մինչեւ դեկտեմբերի 31-ը, եւ Արսլանը ակնկալում է, որ նոր գտածոներ կհայտնաբերվեն։
Կարո՞ղ է Թուրքիան փրկել Ռուսաստանի կողմից ոչնչացման դատապարտված հայկական ծաղիկները
Կամուրջը խորհրդանշական պատմություն է, սակայն ավելի ուղիղ տնտեսական դրսեւորումը, որքան էլ տարօրինակ հնչի, կարող է կապված լինել ծաղիկների հետ։
Ռուսաստանը, որը գնում էր Հայաստանի վարդերի բերքի շուրջ 90%-ը (2025 թվականին՝ մոտ 100 միլիոն ցողուն), հունիսին կտրուկ արգելեց հայկական ծաղիկների ներմուծումը՝ պատճառաբանելով դա բուսասանիտարական մտահոգություններով։ Financial Times պարբերականի փոխանցմամբ՝ հայ պաշտոնյաներն ու վերլուծաբանները այս քայլը որակեցին որպես քաղաքական ճնշում՝ կապված երկրի խորհրդարանական ընտրությունների հետ։
Դրան հաջորդեցին հայկական հանքային ջրի, գինու, կոնյակի, մրգերի եւ ձկնեղենի ներմուծման արգելքները։ Արդյունքում Երեւանի ջերմոցային տնտեսությունների սեփականատերերը մնացին մեծածավալ չիրացված արտադրանքով, իսկ Բրյուսելը հանդես եկավ արտակարգ աջակցության միջոցառումներով՝ խոստանալով հատկացնել ավելի քան 50 միլիոն եվրո եւ գնել այն հազարավոր ցողունները, որոնք պետք է արտահանվեին Ռուսաստան։
Այդ ժամանակվանից ի վեր Եվրահանձնաժողովը մշակում է ավելի երկարաժամկետ առեւտրային միջոցառումներ՝ հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մաքսատուրքերը նվազեցնելու համար։ Միեւնույն ժամանակ, ԵՄ պաշտոնյաները զգուշացնում են, որ աջակցությունը կլինի մասնակի՝ քանի որ Ռուսաստանը շարունակում է գերիշխող դիրք զբաղեցնել Հայաստանի հետ առեւտրում։
Ահա այստեղ էլ շատ անսպասելիորեն ասպարեզ է մտնում Կարսը։ Երբ հարցազրույցի ժամանակ Կարսի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Քադիր Բոզանին հարցրի ծաղիկների առեւտրի մասին, նա հաստատեց, որ հունիսի 2-ին Կարսում անցկացված Թուրքիա-Հայաստան գործարար համաժողովին մասնակցել էր Թուրքիայի խոշորագույն ծաղիկ արտահանող ընկերությունը, որի ներկայացուցիչները հանդիպել էին հայ արտադրողների հետ եւ իրենց հետ ծաղիկների նմուշներ վերցրել։
Բոզանի խոսքով՝ բանակցությունները շարունակվում են։ Կարսում նույնպես կան փոքր ծաղիկ արտադրողներ, եւ նա կարծում է, որ եթե հնարավոր լինի լուծել լոգիստիկ խնդիրները, տարածաշրջանը կկարողանա ընդունել այն վարդերի զգալի մասը, որոնք պետք է արտահանվեին Ռուսաստան։
Սակայն այդ «եթե»-ն այստեղ շատ կարեւոր է։ Բոզանը զգուշավոր էր իր դիտարկումների մեջ՝ նշելով, որ ծաղիկների պահպանման ժամկետը կտրելու եւ առաքելու միջեւ շատ կարճ է, եւ մաքսային անցակետում նույնիսկ մեկ օրվա ուշացումը բավական է, որպեսզի ապրանքը փչանա։
Նա ընդգծեց, որ առանց պահեստավորման եւ փոխադրման հստակ ընթացակարգերի առեւտրի շտապ մեկնարկը ավելի շատ վնաս կտա, քան օգուտ։ Բոզանի խոսքով՝ նա պարբերաբար կապի մեջ է Թուրքիայի ԱԳՆ Կովկասի գծով փոխտնօրեն Այսե Ուզերի եւ հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Այնպիսի հիմնարար հարցեր, ինչպիսիք են երթուղիները, որոնցով պետք է երթեւեկեն հայկական բեռնատարները, եւ սակագները, դեռեւս մշակման փուլում են եւ վերջնական լուծում չեն ստացել։
Սա նույն օրինաչափության փոքր, անհրապույր դրսեւորումն է, որը տեսնում ենք նաեւ Անիի կամրջի դեպքում, սակայն ավելի մեծ ծավալով. Ռուսաստանի ճնշումը ստեղծում է նոր հնարավորություն, Թուրքիան՝ որպես հարեւան, կարող է մասամբ լրացնել առաջացած բացը, իսկ այդ հնարավորության եւ սահմանը հատող իրական բեռնափոխադրումների միջեւ կան բազմաթիվ, առօրյա տեխնիկական հարցեր։
Երկու պայման եւ նախազգուշացում
Քննարկման ժամանակ ոչ բոլորն էին լավատեսորեն տրամադրված։ Մեր հարցազրույցի ընթացքում տեղացի թուրք լրագրողը, որը բազմիցս աշխատանքային այցերով եղել է Հայաստանում, բարձրացրեց լոգիստիկայից ավելի զգայուն մի հարց։
Նա նկարագրեց այն լուռ անհանգստությունը, որն առաջանում է անձնագրում «սխալ» կնիքով սահմանը հատելիս. Հայաստանի մուտքի կնիքը կարող է բարդացնել հետագա ճանապարհորդությունը Ադրբեջան, եւ հակառակը։ Երկու երկրների սահմանապահներն էլ կարող են կասկածանքով վերաբերվել մյուս երկիր այցելությանը։
Նա նաեւ անդրադարձավ սահմանի վրա դեռ պահպանվող ռուսական ներկայությանը՝ նշելով, որ Թուրքիա-Հայաստան սահմանը տարիներ շարունակ հսկվել է ռուս սահմանապահների կողմից։
Լուսանկարը` Velin Belev
Այնուհետեւ նա պատմեց ավելի անձնական մի դեպք։ Հայաստան նախորդ այցի ժամանակ, երբ ճանապարհորդում էր թուրքական համարանիշներով մեքենայով, Գյումրիում բնակվող ընկերոջ հայրը նախապես զանգահարել էր եւ խորհուրդ տվել մեքենան թողնել սահմանին՝ ասելով, որ իր որդուն կուղարկի, որպեսզի նա իրենց Հայաստան տեղափոխի իր մեքենայով։
Ինչպես պատմեց տեղացի լրագրողը, պատճառը պարզ էր. Ղարաբաղյան պատերազմում զոհված հայ զինվորների հարազատները դեռեւս ապրում էին մոտակայքում, եւ թուրքական համարանիշներով մեքենայի կողքին թուրքերեն խոսք լսելը կարող էր այնպիսի արձագանք առաջացնել, որին ոչ ոք չէր ցանկանա առերեսվել։ «Ես հանգիստ չէի լինի», – ասել էր ընկերոջ հայրը։
Բոզանը չխուսափեց այդ թեմայից։ Նա ընդունեց, որ անցյալում եղել են ցավալի իրադարձություններ, եւ սովորական մարդկանց վերաբերմունքը միմյանց նկատմամբ մեկ օրում չի փոխվելու։ Դրա համար ժամանակ է պետք, եւ այդ գործընթացում իրենց ներդրումը պետք է ունենան ոչ միայն երկու երկրների կառավարությունները, այլեւ հասարակությունները։
Աստվածամոր տաճարից մինչեւ «Նվաճման մզկիթ»․Անին, մենք ու «նրանք»
Սակայն, ինչպես մեր զրույցի ընթացքում հաճախ էր անում, Բոզանը վերադարձավ կոնկրետ, կարճաժամկետ հարցերին։ Հարցին, թե ինչպիսին կարող է լինել Հայաստան կատարվող պատասխան այցը, նա հաստատեց, որ 2026թ. սեպտեմբերին Կարսի գործարարները կժամանեն Երեւան, որտեղ անցկացվելու է Կարսում հունիսին կազմակերպված համաժողովի ձեւաչափով ֆորում։ Նա նաեւ նշեց, որ այդ այցի համար նա երկու պայման է առաջ քաշել, որոնք, իր խոսքով, արդեն փոխանցել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը։
Առաջինը՝ մասնակիցների թվի որեւէ սահմանափակում չպետք է լինի. Կարսից բոլոր ցանկացողները պետք է հնարավորություն ունենա մասնակցել համաժողովին։
Երկրորդ, ավելի սկզբունքային պայմանն այն է, որ պատվիրակությունը սահմանը պետք է հատի Կարսի մերձակայքում գտնվող Դողուկապի-Ախուրիկ սահմանային անցակետով, այլ ոչ թե Իգդիրում գտնվող Ալիջան-Մարգարա անցակետով, որով մինչ այժմ իրականացվել է դիվանագիտական երթեւեկության մեծ մասը։
Սա միտումնավոր խորհրդանշական ընտրություն է. Բոզանը ցանկանում է, որ ուշադրությունը, իսկ հետագայում նաեւ երթեւեկությունը, կենտրոնանան այն անցակետի վրա, որն ամենամոտն է Կարսին եւ Անիին։
Նայելով ներքեւ՝ դեպի կիրճը
Կիրճի եզրին կանգնած՝ տեսնում ես, որ Անիի կամրջի երկու աշտարակները դեռեւս միմյանցից ավելի հեռու են, քան եղել է դրանց միջեւ ձգվող կամրջի հարթակը։ Կհաջողվի՞ արդյոք փակել այդ բացը այն ժամկետներում, որոնց մասին այստեղ խոսում են, դեռեւս բաց հարց է։ Աքչայոզի՝ կամրջի քայքայվող հիմքերի մասին նախազգուշացումները շարունակում են անպատասխան մնալ, իսկ կամրջին ամենամոտ սահմանային անցակետերը փակ են մնում՝ սպասելով քաղաքական որոշմանը։
Սակայն այն պահից, երբ մայիսին Երեւանում այդ արձանագրության ստորագրման ականատեսը դարձա, ինչ-որ բան փոխվել է։
Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան:
Վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը հայտնել է, որ Չոլպոն-Ատայում նա կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Սպասվում է, որ կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խորացման արդիական հարցեր։
Հանդիպման օրակարգի հարցերից են մաքսային ոլորտում համագործակցությունը, պարենային անվտանգությունը, երկաթուղային տրանսպորտի թվայնացումը, ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորումը։
Մեդիամաքսը նշում է, որ հուլիսի 29-ին անդրադառնալով հայկական ապրանքների Ռուսաստան արտահանման խնդիրներին, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «դա ոչ թե Հայաստանի, այլ ԵԱՏՄ-ի խնդիրն է»։
«Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է եւ չի աշխատում։ Եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Ամեն դեպքում Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագիր չունի»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Երեւան: Մեդիամաքս: Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում (Մաշտոցի պողոտա 7) բացվել է «Ընկերներ» ցուցահանդեսը ՝ նվիրված հայ ժամանակակից արվեստի նշանավոր ներկայացուցիչ Արման Գրիգորյանի հիշատակին։
Ցուցահանդեսը կազմված է թանգարանի եւ Թաթուլ Առակյանի համատեղ հավաքածուներից։
Թանգարանից հայտնում են, որ «ցուցահանդեսի համադրական գաղափարը հիմնված է Արման Գրիգորյանի ստեղծագործական սկզբունքներից մեկի վրա. իր համադրած ցուցահանդեսներում նա մշտապես իր ստեղծագործությունները ներկայացնում էր ընկերների աշխատանքների կողքին՝ ձեւավորելով մի տարածք, որտեղ արվեստը եւ մարդկային հարաբերությունները դառնում էին մեկ ամբողջություն»։
Ցուցահանդեսը կգործի մինչեւ 2026 թվականի օգոստոսի 25-ը։
Երեւան: Մեդիամաքս: «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվի, պնդում են պաշտոնյաները:
Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերության Լուրերին ասել է, որ օդանավակայանի նոր տերմինալը կինտեգրվի հուշարձան հանդիսացող հին մասնաշենքին, որը «որոշակի վերափոխման կենթարկվի»:
«Աշտարակը պահպանվելու է, կողքի շենքն է որոշակիորեն փոխվելու, բայց բուն հուշարձանի կարգավիճակը կպահպանվի»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ «Մաստեր պլանը» առաջիկայում կդրվի հանրային քննարկման եւ բոլոր դիտողությունները հաշվի կառնվեն:
«Հայնախագիծ» ինստիտուտի արվեստանոցի ղեկավար Մհեր Չերքեզյանի խոսքով՝ փոփոխությունը չպետք է ազդի կառույցի ճարտարապետական տեսքի վրա:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օդանավակայանն ընդլայնման հնարավորություն ունի եւ կարող է բավարարել ժամանակակից պահանջներին՝ առանց հին շենքը քանդելու»,- ասել է նա:
Ներկայացվել է «Զվարթնոցի» ընդլայնման նոր տարբերակը
2026 թվականի հունվարին վերանայվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոն պայմանագիրը, որը երկարաձգվել է մինչեւ 2067 թվականը։
Փոփոխություններով նախատեսվում է մինչեւ 2033 թվականը շուրջ 425 միլիոն դոլարի ներդրում՝ «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների ենթակառուցվածքների ընդլայնման եւ արդիականացման նպատակով։ Ծրագիրը ներառում է նոր ուղեւորային տերմինալի կառուցում, գործող ենթակառուցվածքների ընդլայնում, բեռնափոխադրումների հնարավորությունների զարգացում եւ օդանավակայանի սպասարկման որակի բարելավում։
Հուշարձանների պահպանության, «հոտի» եւ «գայլի» մասին
Օգոստոսի 5-ին »Մոդեռն» շարժման փաստագրման ու պահպանության միջազգային կոմիտե Docomomo-ի Հայստանյան մասնաճյուղը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասված էր.
«Դատապարտում ենք հայկական մոդեռնիզմի հուշարձանների նկատմամբ պետական մարմինների և դրանց ղեկավարների որդեգրած վերաբերմունքն ու մոտեցումները։ Ժառանգությունը, մասնավորապես մոդեռնիստական հուշարձանները, որպես մեր պետության արդի դեմքը ներկայացնող ժառանգության մաս, պետք է զերծ մնա րոպեական, կարճաժամկետ արդյունք ակնկալող տնտեսական և քաղաքական գործընթացներից։ Այն հայ ժողովրդի հավաքական ժառանգության անքակտելի մասն է՝ անկախ կառուցման թվականից։
«Շիրակ» օդանավակայան՝ վիրավոր «թռչունը»
Այս հայտարարությամբ կոչ ենք անում կառավարությանն ու նրա մարմիններին հրաժարվել Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքն ամբողջությամբ կամ մասնակիորեն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանելու որոշումից։ Միևնույն ժամանակ առաջարկում ենք Զվարթնոց օդանավակայանի կառավարումը ստանձնած ընկերությանը վերանայել օդանավակայանի ուղևորատար մասնաշենքի ընդլայնումը՝ պահպանելով համաշխարհային նշանակության բարձրարժեք մոդեռնիստական կառույցն ամբողջությամբ»։