«1984»-ը, թոքախտը եւ իրական երջանկությունը

Written by

in

Վերջերս գրել էինք, որ հոկտեմբերի 17-ին Սունդուկյանի անվան թատրոնում տեղի կունենա «1984» մյուզիքլի պրեմիերան՝ Ջորջ Օրուելի համանուն վեպի հիման վրա։

Ես էլ հիշեցի, որ կես տարի առաջ Meduza-ում մի նյութ էի կարդացել, որը պատմում էր շոտլանդական Ջուռա կղզու մասին (այդ անունով բարձրորակ վիսկի կա): Այդ կղզում է Ձորջ Օրուէլը գրել իր հանրահայտ հակաուտոպիան՝ «1984»-ը: Գրողը տառապում էր թոքախտով եւ բժիշկները նրան խորհուրդ էին տվել ապրել բնության գրկում:

Օրուէլի կինը մահացել էր 1945 թվականին՝ վիրահատության ժամանակ: Երբ գրողը 1946-ին տեղափոխվեց Ջուրա, նրա հետ կղզի եկան քույրը՝ Ավրիլը եւ երկու տարեկան որդին՝ Ռիչարդը:    

Օրուէլը «1984»-ն ավարտել էր 1948 թվականի դեկտեմբերին, իսկ գիրքը լույս էր տեսել 1949-ի ամռանը: Շուտով Օրուէլին տեղափոխել էին Լոնդոնի հիվանդանոցներից մեկը, որտեղ նա մահացավ 1950 թվականի հունվարի 21-ին:

Հոդվածում ոչինչ չէր ասվում գրողի որդու հետագա ճակատագրի մասին, ուստի սկսեցի «փորփրել» եւ գտա The Guardian-ում հրապարակված ծավալուն ու շատ հետաքրքիր հոդվածը: Սայմոն Հաթենսթոնի նյութն այնքան լավն է, որ կարելի է ներառել լրագրության դասագրքերում:  

Զրույցի պահին Ռիչարդը 80 տարեկան էր: Նրա կյանքը ամենասկզբից է դժվարին եղել: Օրուէլները նրան որդեգրել էին 3 ամսականում: Որդեգրող մայրը մահացել էր 9 ամիս անց, եւ Օրուէլի ընկերները եւ ազգականները կարծում էին, որ նա կհրաժարվի որդեգրումից: Բայց դա տեղի չունեցավ:

Ջորջը եւ Էյլինը տարիներ շարունակ փորձում էին զավակ ունենալ, բայց չէր ստացվում: «Ամենից շատ նա ցանկանում էր երեխաներ ունենալ: Կնոջ մահվանից հետո ես էի նրա ընտանիքը», – պատմել է Ռիչարդը Սայմոն Հաթենսթոնին:

«Հայրս նվիրված էր ինձ, – ասում է նա, – Ամբողջությամբ նվիրված»։ Ռիչարդն էլ անսահման նվիրված է հորը եւ իրեն համարում է նրա սուրբ կրակի պահապանը։

Ջուրան դրախտ էր հոր եւ որդու համար։ «Ապրում էի ֆերմայում, լավ հագուստ ու կոշիկներ ունեի, սննդի պակաս չկար: Կարող էի թափառել՝ որտեղ ցանկանայի, ինչը հնարավոր չէր Լոնդոնում։ Պարզապես հիանալի վայր էր ապրելու համար»։ 

Կղզում այլ երեխաներ չկային, բայց Ռիչարդը դրանից չէր նեղվում։ Մինչ հայրը գրում էր, նա ուսումնասիրում էր շրջակայքը։ Հայրն ու որդին հանդիպում էին նախաճաշի եւ երեկոյան թեյի ժամանակ, որը պատրաստում էր Ավրիլ հորաքույրը։ Ամառային երեկոները հոր հետ ծովափ էին գնում՝ խեցգետնախեծեր եւ օմարներ որսալու։

Արդյո՞ք Ռիչարդը գիտակցում էր, թե որքան հիվանդ էր հայրը։ Նա շարժում է գլուխը. «Ոչ, ես հարցնում էի. որտե՞ղ է ցավում, հայրիկ»։ Կյանքի վերջին շրջանում թոքախտը հյուծել էր Օրուելին։ Տարիներ անց էր միայն որդին իմացել, որ հայրը սարսափելի վախենում էր վարակել իրեն, սակայն ավելի շատ սարսափում էր նրանից, որ իրենց մտերմությունը կտուժի:

«Այդ ամենը գրված է իր նամակներում։ Նա վախենում էր, որ չեմ կապվի իր հետ, որովհետեւ չէր կարող գրկել կամ համբուրել ինձ՝ վարակը փոխանցելու վտանգի պատճառով»։

12 տարեկանում Ռիչարդը կարդաց հոր գործերը՝ սկզբում «Անասնաֆերմա»-ն, ապա՝ «1984»-ը։ Ի՞նչ տպավորություն ստացավ։ «Ինձ դուր եկավ «Անասնաֆերմա»-ն։ Շատ լավ գիրք էր: «1984»-ը շատ ավելի բարդ էր հասկանալու համար»:

Երեք ամսականում որդեգրվելը, 5 տարեկանում առանց ծնողների մնալը՝ Ռիչարդի կյանքը իսկապես հեշտ չի եղել: Բայց երբ կարդում ես, թե ինչ ջերմությամբ է նա պատմում 75 տարի առաջ կղզում հոր հետ անցկացված ժամանակի մասին, հասկանում ես, որ իրապես երջանիկ մանկություն է ունեցել:  

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *