Երեւանում բացվել է պոլսահայ տպագրիչներին նվիրված աշխատաժողովը

Written by

in

2026թ. օգոստոսի 7-ին, Մատենադարանում մեկնարկել է «Կոստանդնուպոլսի հայ տպագրիչները» երկօրյա աշխատաժողովը: Այն նպատակ ունի պատմական նոր տեսանկյունից ներկայացնելու 18-րդ դարի վերջից սկսած օսմանյան տպագրական մշակույթի զարգացման գործում հայ տպագրիչների, տառաստեղծների եւ արհեստավորների ունեցած առանցքային ներդրումը։ 

 

Աշխատարանի գործընկերներն են «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամը եւ ISType հարթակը։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Միավորելով տեխնոլոգիական եւ արխիվային մոտեցումները՝ մեր բանախոսներն ընդգծում են տպագրական ու վիզուալ կանոնների գործում Ստամբուլի հայ տպագրիչների թողած մնայուն ժառանգությունը ոչ միայն Օսմանյան կայսրությունում, այլեւ դրա սահմաններից դուրս՝ Հարավային Ասիայից մինչեւ Եվրոպա»,- նշել է աշխատաժողովի կազմակերպիչ, արվեստի պատմաբան Էրին Փինյոնը։

Էրին Փինյոնը Էրին Փինյոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշխատաժողովը հյուրընկալել է միջազգային հետազոտողների աշխարհի տարբեր համալսարաններից ու գիտական կենտրոններից: Աշխատաժողովի առաջին մասի զեկույցները ուշադրություն են հրավիրել 19-րդ դարում Օսմանյան կայսրությունում հայ տպագրիչներ Պողոս Արապյանի, Հովհաննես Մյուհենտիսյանի եւ այլ հայ տառաստեղծների գործունեությանը՝ ընդգծելով, որ նրանց նորարարությունները տառափորագրության, մետաղական տառերի արտադրության եւ տպագրական տեխնոլոգիաների ոլորտներում մեծապես կանխորոշել են արաբերենի, հայերենի, պարսկերենի, թուրքերենի եւ հարավասիական լեզուների վիզուալ ինքնությունը եւ կարեւոր հիմքեր ստեղծել ժամանակակից մեխանիկական շարվածքի համար։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշխատաժողովի երկրորդ մասում բանախոսները ներկայացրել են Ստամբուլում լույս տեսած 19-րդ դարի հայկական պատկերազարդ հրատարակություններ՝ ուսումնասիրելով շարժական գրաշարի, փորագրության ու վիմագրության փոխազդեցությունները, ինչպես նաեւ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով պոլսահայ մանրանկարիչ եւ պատկերազարդող Ստեփան Ակայանի անտեսված ստեղծագործական ժառանգության վերականգնմանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Օգոստոսի 8-ին հատուկ ցուցադրության ընթացքում ներկայացվելու են Ստամբուլի 19-րդ դարի տպարանների հազվագյուտ բազմալեզու հրատարակություններ՝ մեկտեղելով նյութեր Մատենադարանի արխիվից, Երեւանի գրադարաններից եւ մասնավոր հավաքածուներից։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սա Պողոս Արապյանի եւ Հովհաննես Մյուհենտիսյանի աշխատանքների մինչ օրս տեղի ունեցած ամենալայն ցուցադրությունն է։ Ներկայացվելու են հայերեն, արաբերեն, պարսկերեն եւ թուրքերեն գրքեր, որոնք նախկինում երբեք միասին չեն ցուցադրվել»,- նշել է Էրին Փինյոնը։ 

 

Գայանե Ենոքյան

 

Լուսանկարները՝ հեղինակի

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *