Category: MediaMax.am

  • Ալիեւը շնորհակալություն է հայտնել Փեզեշքիանին «բարի խոսքերի» համար

    Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին:

    Ադրբեջանական ԶԼՄ-ները մեջբերում են սոցիալական ցանցերում Ալիեւի հրապարակումը, որում ասվում է.

     

    «Պարոն նախագահ Մասուդ Փեզեշքիան, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ Ադրբեջանի մասին ասված բարի եւ անկեղծ խոսքերի համար:

     

    Ադրբեջանցի եւ իրանցի ժողովուրդները ծանր օրերին միշտ միմյանց կողքին են եղել:

     

    Մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին կրկին ապացուցվեց, որ Ադրբեջանը եղբայրական իրանցի ժողովրդի կողքին էր»:

     

    Ավելի վաղ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ «Ադրբեջանը զգալիորեն օգնել է Իրանին պատերազմի ընթացքում»:

     

    «Պատերազմի ընթացքում նրանք զգալիորեն օգնում էին մեզ տարբեր ուղղություններով՝ լինեին դրանք մատակարարումներ Ռուսաստանից, թե իրենց սեփականը: Նրանք մեզ աջակցություն էին ցուցաբերում ամեն ինչում, ինչն անհրաժեշտ էր», – հայտարարել է Փեզեշքիանը: 

  • Վերոնիկա Զոնաբենդը «առարկայական հանդիպման» հույս ունի

    Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն ասել է, որ կիսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների մասին:

    Վերոնիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

     

    «Հայաստանի Հանրապետության վարչապետը oգոստոսի 8-ի իր ուղերձում հայտարարեց, որ «մեզ բոլորիս շատ հուզում եւ անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը»։ Ես լիովին կիսում եմ այս գնահատականը և ուրախ էի կարդալ այդ խոսքերը։

     

    Դրական եմ գնահատում նաև լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները, ըստ որոնց՝ ինձ հետ հանդիպման կազմակերպման համար պատասխանատու գերատեսչություն է նշանակվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

     

    Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում հստակեցնել, որ այսօրվա դրությամբ դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել, և պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալներ ինձ չեն փոխանցվել։

     

    Ակնկալում եմ ստանալ պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները և հույս ունեմ առարկայական հանդիպման՝ քննարկելու Բաքու կանանց մարդասիրական այցի կազմակերպման հետագա քայլերը, ինչպես նաև Ադրբեջանում կալանքի տակ պահվող Հայաստանի քաղաքացիներին առնչվող այլ հարցեր»։

     

    Օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդես էր եկել ուղերձով՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի առաջին տարեդարձի առիթով, որում, մասնավորապես, ասված էր. 

     

    « Վաշինգտոնում երեք ղեկավարների ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից նախաստորագրված «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը» սպասում է իր ստորագրմանն ու վավերացմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը դեռ պետք է տեղի ունենա, մեզ բոլորիս շատ հուզում եւ անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը»։ 

  • «Ադրբեջանը զգալիորեն օգնել է Իրանին պատերազմի ընթացքում»

    Երեւան: Մեդիամաքս: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ «Ադրբեջանը զգալիորեն օգնել է Իրանին պատերազմի ընթացքում»:

    Ինչպես հաղորդում է Trend-ը, ելույթ ունենալով Թեհրանում մամուլի ասուլիսում՝ Փեզեշքիանն ասել է, որ բանակցություններից հետո վերականգնվել են տրանսպորտային երթուղիները, ինչպես նաեւ իրանական բանկի եւ դեսպանատան աշխատանքը:

     

    «Պատերազմի ընթացքում նրանք զգալիորեն օգնում էին մեզ տարբեր ուղղություններով՝ լինեին դրանք մատակարարումներ Ռուսաստանից, թե իրենց սեփականը: 

     

    Նրանք մեզ աջակցություն էին ցուցաբերում ամեն ինչում, ինչն անհրաժեշտ էր», – հայտարարել է Փեզեշքիանը: 

  • Վագներին ու Կոմիտասին «միավորող» ապագան ու ազգայինը

    Ի՞նչ կապ կա գերմանացի հանրահռչակ կոմպոզիտոր Ռիխարդ Վագների եւ հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս Վարդապետի միջեւ, ի՞նչ պատմական նախադրյալներ ու միտումներ կային 19-20-րդ դարերում եւ ի՞նչ արձագանքներ դրանք ունեցան հիշյալ կոմպոզիտորների ստեղծագործության ծիրում․ այս հարցերի շուրջ էր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած «Ապագա մտածողը․ Վագներ-Կոմիտաս» բանախոսությունը, որը վարում էր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտակրթական բաժնի աշխատակից Սահակ Գալոյանը։

     

    Երկու հսկաների զուգահեռը սկսվում է բանախոսության վերնագրից։ Սահակ Գալոյանի խոսքով՝ Ռիխարդ Վագների «Ապագայի արվեստի գործը» (գերմ.՝ Das Kunstwerk der Zukunft, 1849 թ.) հոդվածը կարդալիս կարելի է մտաբերել Կոմիտասի «Ապագայ մտածողը» ճեպանկարը։ Այն հանդիպում է Կոմիտասի՝ դաշնակահարուհի Մարգարիտ Բաբայանին ուղղված 1906 թվականի նամակի վերջում:

    Կոմիտասի «Ապագայ մտածողը» ճեպանկարը Կոմիտասի «Ապագայ մտածողը» ճեպանկարը

    Լուսանկարը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

    «Բանախոսության վերնագրում առկա գիծը անունների մեջտեղում՝ Վագներ-Կոմիտաս, եւս կարեւոր սիմվոլ է. այն նշանակում է, որ կարող էր լինել նաեւ Կոմիտաս-Վագներ եւ անընդհատ այդպես հետ ու առաջ»,- նշում է Սահակ Գալոյանը։ 

     

    Բանախոսության տրամաբանական գիծը հասկանալու համար նա առաջարկում է սկսել Կոմիտասի «Մի թռուցիկ ակնարկ հայ ժողովրդական երաժշտութեան վերայ» հոդվածից հետեւյալ մեջբերումով. 

     

    «Իսկապէս ապագայ երաժշտութեան ուսումնասիրութեան հիմքը պէտք է դառնայ ժողովրդական երաժշտութիւնը (իւրաքանչիւր ազգային երաժշտութեան համար իր ժողովրդական երգը)։ Ոչ թէ գեղարուեստականը, որովհետեւ գեղարուեստականը, որովհետեւ գեղարուեստականը նախամտածուած, ծրագրուած, ծրագրուած, սրբագրած արտայայտութիւն է, իսկ ժողովրդականը բնական, րոպէական. այնպէս որ, ժողովրդականը, որովհետեւ բնական է, պարզ է, ուրեմն եւ ժողովրդական երգերի կազմութիւնը պէտք է լաւ ուսումնասիրել եւ դորայ վերայ հիմնել գեղարուեստականը. եթէ մենք կամենանք գեղարուեստականի վերայ հիմնել նոր գեղարուեստականը, այնքան բնութիւնից կը հեռանանք, իսկ եթէ ժողովրդականի վրայ հիմնենք այնքան բնութիւնից ստացածն արդիւնաւորած զարգացրած եւ գեղարուեստական հիմքերի վերայ դրած կը լինենք»։

    Սահակ Գալոյանը Սահակ Գալոյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Սահակ Գալոյանն ընդգծում է, որ Կոմիտասի այս տողերում արդեն իսկ բացվում է պրիմորդիալության գաղափարը (լատ․՝ primordialis), այսինքն՝ նախածագ մի բանի, որը սրբագրված չէ, այլ մաքուր է, զուտ։ Վագները ապագայի ստեղծագործության ակունքները եւս տեսնում էր ժողովրդականում, եզրակացնում, որ ապագայի արվեստագետը ժողովուրդն է: 

     

    1904 թվականին «Տարազ» ամսագրում հրատարակված Ռիխարդ Վագների մասին հոդվածում Կոմիտաս Վարդապետը գրել էր. «Վագները Գերմանիային ազգային երաժշտություն տվեց, իսկ օտարներին՝ դաս»: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Կոմիտաս Վարդապետը Վագների ստեղծագործությանն անդրադառնում էր ոչ միայն հրապարակային հոդվածներում, այլեւ անձնական նամակներում: 1909 թվականին Ռուբէն Ղորղանեանին ուղղված նամակում Կոմիտասը գրում էր. 

     

    «Լեզուն երաժշտութեան զարկերակն է. Հայ լեզուն՝ երաժշտութիւնը ունի իր յատուկ օրէնքները: – Գերման Մոցարթն ու Վեբէր, Գերման Բեթհովենն ու Վագնէր եւ այլն, զատ-զատ թարգմաններ են հանդիսանում իրանց մայրենի լեզուի: – Որեւէ երաժշտի ստեղծագործած երաժշտական ծովի սահմաններն անգամ անկայուն են. քանի մօտենում ենք սահմանին, նույնքան հեռանում ու ընդարձակւում է նա: – Բեթհովեն, Վագնէր դեռ չենք ըմբռնել, թափանցել: – Երաժշտագէտը չպիտի յարմարուի հասարակութեան ցանկութեանը. չպիտի զոհի գեղեցիկը կեանքի պայմանների ձախողակի վիճակին: – Մեր մէջ բազմաձայն երգեցողութիւնը կաղում է շնորհիւ մեր տարրական երաժշտութեան տգիտութեանը, մեր բազմաձայնի լսողութեան զարգացած չլինելը…»: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Կոմիտաս Վարդապետի այս նամակը ընթերցելիս Սահակ Գալոյանը նշում է, որ համանման մտքեր հանդիպում են նաեւ Վագների հոդվածներում եւ ընդգծում. «Ես չեմ ասում, որ Կոմիտասը կրկնում է Վագների մտքերը, ո ՛չ, սրանք Կոմիտասի ըմբռնումներն են»: 

     

    Սահակ Գալոյանի խոսքով՝ Վագների ստեղծագործական ժառանգությունը, նրա բարձրաձայնած խնդիրներն անհնար է դիտարկել առանց ազգայինի, ազգի գաղափարի ու ամենակարեւորը առասպելի ու առասպելաբանության։ Այս իմաստով հետաքրքական է հիշել Կոստան Զարյանի՝ Տիգրան Մանսուրյանին պատմած հետեւյալ դրվագը Կոմիտասի մասին. 

     

    «Պոլսում ես ու Վարուժանը Կոմիտասի հետ բանավեճ ունեցանք. ես ու Վարուժանը այն համոզմունքն ունեինք, որ ապագայի հայ երաժշտական արվեստը հիմնվելու է հայկական մշակույթի վրա, իսկ Կոմիտասը համոզված էր, որ մեր երաժշտությունը զարգանալու է բանահյուսության հիմքի վրա»:

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Սահակ Գալոյանը մի հետաքրքիր զուգահեռ էլ է առանձնացնում Կոմիտասի եւ Վագների ստեղծագործական մոտեցումներում: Երբ Վագները գրում է գերմանական էպոսի եւ իսլանդական սագաների վրա հիմնված «Նիբելունգի մատանին» չորս էպիկական օպերաներից բաղկացած շարքը, դրա սյուժեում որոշակի փոփոխություններ է անում անուններում, հերոսների որոշ գործառույթներում: Կոմիտասի՝ Իշխանուհի Մարիամ Թումանյանին ուղղված նամակում կարդում ենք, որ վերջինիս կողմից Հովհաննես Թումանյանի «Անուշ»-ի հիմքով օպերա գրելու առաջարկին ուրախությամբ պատասխանելով՝ Կոմիտասը որոշակի առաջարկներ էր թվարկում՝ ինչ արժե, որ բանաստեղծը փոխի: 

     

    «Վագները կարեւորում էր ստեղծագործության հիմքում ունենալ էպոսը, որպեսզի լինի այդ մաքրությունը, հնարավորինս քիչ լինի խմբագրական միջամտությունը: Նա ասում էր, որ երբ մենք հիմա Հոմերոս ենք կարդում, դա հենց Հոմերոսը չէ, այլ մեկի խմբագրած Հոմերոսն է: Նա մի զուտ բան էր ուզում, Հեգելի մոտ դա եւս կա: Մանուկ Ամբեղյանի հիշողություններից էլ տեղեկանում ենք, որ Կոմիտասը երազում էր օպերա գրել եւ դրա համար նյութ էր դիտարկում «Սասնա Ծռեր» էպոսը»,- նշում է բանախոսը: 

     

    «Ապագայի արվեստի գործը» հոդվածում Վագներն առաջին անգամ ներկայացրել է իր համապարփակ արվեստի գործի գաղափարը, որով նա ձգտում էր սինթեզել բանաստեղծական, տեսողական, երաժշտական եւ դրամատիկական արվեստները: Վագների այս հայեցակարգը ներկայացնելիս բանախոսը կարդում է պարարվեստի մասին երկու հատված՝ սկզբում Վագներից, հետո Կոմիտասից: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Երաժշտական եւ բանաստեղծական արվեստները նախ հասկանալի են դառնում պարի՝ միմետիկ արվեստի մեջ ամբողջական, արվեստն ընկալող մարդու համար, այսինքն՝ նրա համար, ով ոչ միայն լսում է, այլեւ տեսնում»:

     

    Ռ. Վագներ, «Ապագայի արվեստի գործը»

     

    «Պարն ամենահիմնական նշանակությունն ունեցող երեւույթ մըն է. ամեն գեղարվեստ պարի մեջ կպարտակվի։ Իբրեւ շարժում՝ պարը շատ կարեւոր դեր ունի ապագա դպրոցական կյանքի գեղարվեստական շարժումի մեջ, վասնզի պետք է գիտենալ, թե ամեն գեղարվեստ, ինչպես երաժշտություն, քանդակագործություն, ճարտարապետություն եւ այլն, շարժում է: Ամեն կյանքի մեջ պար կա։ Արդեն ամբողջ տիեզերքի կյանքը պար չէ՞»։ 

     

    Կոմիտաս, «Պարն ու մանուկը»

     

    Բանախոսության ընթացքում մի շարք ոլորտներում զուգահեռներ դիտարկելուց հետո Սահակ Գալոյանն անդրադառնում է նաեւ բնության հետ կապի խորն ընկալումներին՝ նշելով, որ 16-17-րդ դարերում գերմանացի մտածողները սկսել էին քննել աշխարհագրական տեղանքի եւ այդտեղ ձեւավորված բնակչության փոխկապակցվածությունն ու այդ փոխկապակցվածության ծնունդ դարձող արվեստը: Վագներն իր «Կլիմա եւ արվեստ» (գերմ.՝ Kunst und Klima, 1850 թ.) հոդվածում եւս անդրադառնում է այս թեմային: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Հատկանշական են նաեւ Հեգելի մտորումները հողի եւ դրան սերտորեն կապված ժողովուրդների բնավորության մասին: 

     

    «Հեգելնը նշում էր, որ թեեւ հունական մեղմ երկինքն, անշուշտ, մեծապես նպաստել է հոմերոսյան պոեմների հմայքին, սակայն այն միայնակ ոչ մի Հոմերոս չէր կարող ծնել, եւ իրականում այն չի էլ շարունակում ծնել նրանց. «Թուրքական կառավարության օրոք ոչ մի պոետ չի ծնվել»՝ ասում էր նա, նկատի ունենալով հունական հողի թուրքական օկուպացիան»,- նշում է Սահակ Գալոյանը: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Բանախոսն իր ելույթն ավարտում է հայրենի բնության հետ կապի մասին Կոմիտասի մեջբերումով.

     

    «Ի՞նչ է ազգային երաժշտությունը, ի՞նչն է նյութ տալիս ազգային ժողովրդական երգերին: Արդյո՞ք նրա հպարտ լեռները, խոր ձորերը, դաշտերը, բազմազան կլիման, պատմական հազար ու մի դեպքերն ու անցքերը, ժողովրդի ներքին ու արտաքին կյանքը. այո’ այս բոլորը, բոլորը նյութ են կազմում ազգային երաժշտության, մի խոսքով՝ այն ամենը, ինչ ազդում է այդ ազգի զգայարանքների եւ մտքի վրա»: 

     

    Գրի է առել Գայանե Ենոքյանը

     

    Լուսանկարները՝ հեղինակի

  • Փաշինյանն ու Ալիեւը մտքեր են փոխանակել TRIPP-ի իրականացման վերաբերյալ

    Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։

    Կառավարությունից հայտնում են, որ «հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առիթով»։

     

    «Կողմերը հատկապես նշել են նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԱՄՆ 

    կառավարության կարեւոր դերը խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում։

     

    Կողմերը նշել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը։

     

    Զրույցի ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացումը՝ որպես խաղաղության օգուտների շոշափելի դրսեւորում։ Այս համատեքստում, կողմերը նշել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաեւ տարանցիկ բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան եւ Հայաստանից դեպի այլ ուղղություններ։

     

    Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել TRIPP երթուղու իրականացման վերաբերյալ՝ համաձայն Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների։

     

    Կողմերն ընդգծել են խաղաղության գործընթացի առաջմղման եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության, կայունության, կապակցվածության եւ տնտեսական համագործակցության ապահովման ջանքերը շարունակելու կարեւորությունը», – ասվում է հաղորդագրության մեջ:

  • Հեռավար աշխատանքից հեռու՛ մնացեք – Mediamax.am

    Մայքլ Սթրեյնը American Enterprise Institute-ի տնտեսական քաղաքականության գծով տնօրենն է:

     

    Մի խորհուրդ ունեմ վերջին ամիսներին բակալավրի դիպլոմ ստացած եւ կարիերան դեռ նոր սկսող երիտասարդներին. գնացե՛ք աշխատանքի, ընդ որում՝ բառիս բուն իմաստով։ Եթե ձեզ առաջարկվող աշխատանքը հիբրիդային գրաֆիկ է ենթադրում, մի՛ օգտվեք այդ հնարավորությունից։ Եղե՛ք աշխատավայրում շաբաթական հինգ (իսկ ավելի լավ է՝ վեց) օր։ Իսկ եթե աշխատանքն ամբողջությամբ հեռավար է, սկսե՛ք նորը փնտրել։

     

    Նույն խորհուրդը տալիս էի նաեւ 2021 թվականին, երբ միլիոնավոր «սպիտակ օձիքավորներ» որոշեցին, թե հեռավար աշխատանքը միակ լավ բանն է, որ արժե պահպանել COVID-19-ի լոքդաուններից հետո։ Այն ժամանակ մենք քիչ տվյալներ ունեինք այն մասին, թե ինչպես է հեռավար աշխատանքն ազդում աշխատաշուկայի վրա։ Այժմ այդ տվյալները հասանելի են։

     

    Նոր հետազոտության մեջ տնտեսագետներ Նատալյա Էմանուելը, Էմմա Հարինգթոնը եւ Ամանդա Փալեն հաշվարկել են, որ 2025 թվականին բուհերի մինչեւ 29 տարեկան շրջանավարտների շրջանում գործազրկության մակարդակը 1,3 տոկոսային կետով ավելի բարձր էր, քան 2019-ին (այսինքն՝ նախքան համավարակը եւ հեռավար աշխատողների թվի քառապատիկ աճը)։ Ավելի տարեց շրջանավարտների շրջանում աճը կազմել է ընդամենը 0,4 տոկոսային կետ։

     

    Այս տարբերությունը բացատրելու համար հեղինակները համեմատել են գործազրկության մակարդակն այն աշխատողների շրջանում, որոնց աշխատանքը հեշտ է կատարել հեռավար տարբերակով (օրինակ՝ ծրագրավորողներ), եւ նրանց, ում աշխատանքը հեռավար կատարելը դժվար է (օրինակ՝ ինժեներ-մեխանիկներ)։ 

     

    Պարզվել է, որ հենց հեռավար աշխատանքն է բացատրում մինչեւ 29 տարեկան շրջանավարտների եւ ավելի փորձառու մասնագետների գործազրկության մակարդակի միջեւ եղած ճեղքվածքի գրեթե երկու երրորդը։ Ընդ որում, արդյունքները պահպանվում են նույնիսկ այն ճշգրտմամբ, թե այս կամ այն մասնագիտությունն որքանով է ենթակա ավտոմատացման՝ գեներատիվ արհեստական բանականության (ԱԲ) միջոցով։

     

    Այս եզրակացությունները համահունչ են մեկ այլ հետազոտության արդյունքներին։ Տնտեսագետներ Փիթեր Ջոն Լամբերտը եւ Յանիկ Շինդլերը ուսումնասիրել են չորս անգլախոս երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը, եւ պարզել, որ համավարակից հետո հեռավար աշխատանքի աճը թե՛ հավաքագրումը, թե՛ թափուր տեղերը շեղել է դեպի ավելի փորձառու աշխատակիցները՝ ի վնաս նրանց, ովքեր միայն երկու տարվա փորձ ունեն։ Ավելին, նրանք ցույց են տվել, որ ԱԲ գործիքների հայտնվելն ու տարածումը ոչ մի կերպ չեն ազդել կրտսեր մասնագետների նկատմամբ պահանջարկի այս անկման վրա։

    Լուսանկարը` REUTERS

    Հուսով եմ՝ այս տվյալները կմոտիվացնեն բարձրագույն կրթությամբ երիտասարդ մասնագետներին։ Ֆիզիկապես աշխատանքի գնալը նրանց շահերից է բխում։ Գործատուներն ավելի ու ավելի հաճախ են հրաժարվում փորձ չունեցող աշխատակիցներին հեռավար հաստիքների ընդունել, քանի որ նման ձեւաչափերը ավելի մեծ վերահսկողություն եւ ջանքեր են պահանջում, որպեսզի մարդը յուրացնի նոր գիտելիքներն ու հմտությունները։ Այս խնդիրները լուծելը շատ ավելի բարդ է (եւ թանկ), երբ նոր աշխատակիցը նստած է տանը՝ բազմոցին, եւ գործընկերների հետ շփվում է Zoom-ի միջոցով։

     

    Գրասենյակում աշխատելու դեպքում, ընդհակառակը, երեկվա շրջանավարտներն ավելի արագ են զարգացնում էմոցիոնալ ինտելեկտը, որը կրիտիկական նշանակություն ունի բազմաթիվ մասնագիտություններում հաջողության հասնելու համար։ Մարմնի լեզուն, դեմքի արտահայտությունն ու հնչերանգները կարդալը հմտություններ են, որոնք հնարավոր չէ յուրացնել Zoom-ով։ Թիմային ոգին ու համախմբվածությունն ամենալավը ձեւավորվում են մշտական անձնական փոխգործակցության միջոցով։ Իսկ սկսնակ մասնագետների համար, ովքեր նոր են կառուցում իրենց պրոֆեսիոնալ կապերն ու աճի նոր հնարավորություններ փնտրում, սուրճի մեքենայի մոտ կամ կայանատեղիում պատահական զրույցները երբեմն կարող են անգնահատելի լինել։

     

    Այդուհանդերձ, շատերը կարիերայի սկզբում զրկում են իրենց այս առավելություններից։ Ոմանք՝ անձնական կյանքի համար ավելի շատ ժամանակ ազատելու նպատակով, ոմանք էլ՝ գործատուի համար սեփական արժեքի մասին չափազանցված պատկերացումների պատճառով։ Սակայն խնդիրը հաճախ շատ ավելի պարզ է. գործատուները հիբրիդային գրաֆիկն առաջարկում են որպես բոնուս եւ երիտասարդ աշխատակիցները համաձայնում են։ Պետք չէ տրվել այդ գայթակղությանը։ Այն, որ հեռավար աշխատանքը հասանելի է, դեռ չի նշանակում, որ դրանից պետք է օգտվել։

     

    Ավելի մեծ փորձ ունեցող աշխատակիցների պարագայում ճիշտ որոշումը, հավանաբար, 2019 թվականի ձեւաչափին ամբողջական վերադարձը չէ։ Իմ կարծիքով, նման աշխատակիցների համար հիբրիդային գրաֆիկի կորուստները մեծապես փոխհատուցվում են արդեն իսկ ձեւավորված աշխատանքային հարաբերություններով, որոնք կառուցվել են կոլեկտիվում տարիների անձնական շփման շնորհիվ։

     

    Ավելի փորձառու աշխատակիցները հաճախ իրական անձնական պարտավորություններ ունեն՝ խնամք երեխաների կամ տարեց ծնողների հանդեպ եւ ստիպված են համատեղել այն աշխատանքի հետ։ Հենց այդ պատճառով էլ նրանք բարձր են գնահատում հեռավար աշխատանքը:

     

    Գործատուների տեսանկյունից՝ հիբրիդային ձեւաչափն ավելի քիչ է վնասում արտադրողականությանը, քան լիովին հեռավարը, իսկ որոշ դեպքերում կարող է նույնիսկ բարձրացնել այն։ Հեռավար աշխատանքը զգալիորեն օգնել է նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց. նրանց զբաղվածության մակարդակն այսօր շատ ավելի բարձր է, քան նախքան համավարակը։ 

    Լուսանկարը` REUTERS

    Հաշվի առնելով բոլոր ռիսկերն ու թերությունները՝ ուղերձս երիտասարդ աշխատողներին շատ պարզ է. ֆիզիկապես տեղում եղե՛ք։ Աշխատե՛ք ջանասիրաբար։ Թակե՛ք դռները։ Գրասենյակ եկե՛ք ղեկավարից շուտ եւ մի՛ հեռացեք, քանի դեռ նա չի գնացել։

     

    Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

     

    Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

     

    Copyright: Project Syndicate, 2026.

    www.project-syndicate.org 

  • Գարեգին Երկրորդ. «Աննկուն պիտի լինենք եւ պաշտպանենք մեր իրավունքները»

    Երեւան: Մեդիամաքս: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորն ասել է, որ «մենք լի ենք հավատով եւ վճռականությամբ պաշտպանելու մեր արդար իրավունքները՝ երաշխավորված ինչպես մեր պետության սահմանադրությամբ, այնպես եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով»։

    Այդ մասին նա ասել է օգոստոսի 7-ին՝ Մայր Տաճարում տեղի ունեցած երեկոյան ժամերգության ժամանակ: Այն կայացել էր Գարեգին Երկրորդի եւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործով դատական առաջին նիստից ժամեր անց։

    Լուսանկարը` Մայր Աթոռ

    «Հայոց Եկեղեցին յուրաքանչյուր հայի հոգեւոր օրրանն ու սրբությունն է։ Մեր Սուրբ Եկեղեցին մեր ժողովրդի հավատքի անսասան ամրոցն է, առաջնորդողը դեպի Աստված ու փրկություն եւ աննահանջ պահապանը հայոց ինքնության ու ազգային-հոգեւոր ժառանգության։ 

     

    Մեր օրերում իշխանությունների եւ իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում Եկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու եւ Եկեղեցին իրենց կամքին հպատակեցնելու, ինչպես եւ քաղաքական ժամանակավոր նպատակահարմարությունների առջեւ ազգային ինքնության ընկալումը, նվիրական ու սրբազան խորհրդանիշներն ու հիշատակները ձեւափոխելու։ Արդարեւ, Եկեղեցու ինքնավարությունը ազգի բարօրության, պետության հզորացման կարեւոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում։

    Լուսանկարը` Մայր Աթոռ

    Ցավով ենք անդրադառնում, որ մեր Սուրբ Եկեղեցին ու հոգեւորականները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների։ Ապօրինի եւ շինծու քրեական գործերով կալանք ու ազատության սահմանափակումներ են կիրառվել մի շարք եկեղեցականների, ազգային բարերարի եւ ազգանվեր ու եկեղեցասեր այլ անձանց նկատմամբ։ Քիչ առաջ վերադարձանք անհիմն եւ հանիրավի մեղադրանքներով նաեւ Մեր եւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ երկու արքեպիսկոպոսի ու չորս եպիսկոպոսի դեմ հարուցված դատավարության առաջին նիստից, որը չկայացավ դատավորի կողմից ինքաբացարկ հայտնելու պատճառով։

     

    Մենք լի ենք հավատով եւ վճռականությամբ պաշտպանելու մեր արդար իրավունքները՝ երաշխավորված ինչպես մեր պետության սահմանադրությամբ, այնպես եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով։

    Լուսանկարը` Մայր Աթոռ

    Այս գիտակցությամբ եւ պատասխանատվությամբ, առ ազգն ու հայրենին սիրով Մենք շարունակելու ենք Մեր տերունապատվեր առաքելությունը՝ հակառակ բոլոր դժվարությունների եւ արգելքների:

     

    Աննկուն պիտի լինենք եւ միասնաբար համառ ու տեւական ջանքեր ներդնենք, որ դադարեն անիրավությունները մեր երկրում, խտրականությունն ու անհանդուրժողականությունը, տարածում չգտնեն չարակամության ու ատելության խոսույթները։ Մենք պիտի համառ ու տեւական ջանքեր ներդնենք, որպեսզի հայրենական ու ազգային մեր անդաստանը նորոգվի եղբայրասիրությամբ ու համերաշխությամբ, եւ մեր կյանքում գերակայեն ճշմարտությունը, օրինականությունն ու արդարությունը, հարգվեն Եկեղեցու դարավոր կարգերն ու ավանդույթները, որ չվիրավորվեն հավատացյալների բարեպաշտական զգացումները», – ասել է Վեհափառ Հայրապետը:

  • Փաշինյան. «2025թ. օգոստոսի 8-ից հետո անծայրածիր հեռանկարներ են բացվել»

    Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել ուղերձով՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի առաջին տարեդարձի առիթով:

    Ուղերձում ասված է. 

     

    «Մեկ տարի առաջ այս օրը` 2025 թվականի օգոստոսի 8-ին, նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում` Սպիտակ տանը, հրավիրված եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատվեց։ 

     

    Հիմա արդեն օգոստոսի 8-ի հանդիպումն անվանում ենք Խաղաղության գագաթնաժողով, իսկ այնտեղ իմ եւ Ադրբեջանի նախագահի ընդունած համատեղ հռչակագիրը, որ որպես վկա ստորագրեց նաեւ ԱՄՆ նախագահը, Խաղաղության հռչակագիր։ Այս անվանումները լիարժեք արտահայտում են այն արդյունքը, որ բերեց 2025 թվականի օգոստոսի 8-ը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը տեսանելի եւ զգալի է բոլորին։ 

     

    2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի քաղաքացիները ոչ միայն վստահության քվե տվեցին խաղաղությանը, այլեւ տեր կանգնեցին խաղաղությանը։ Սա, իհարկե, չի նշանակում, թե խաղաղության օրակարգի իրացման ճանապարհին վերջնական հանգրվանի ենք հասել։ 

     

    2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երեք ղեկավարների ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից նախաստորագրված «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը» սպասում է իր ստորագրմանն ու վավերացմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը դեռ պետք է տեղի ունենա, մեզ բոլորիս շատ հուզում եւ անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը։ 

     

    Բայց ակնհայտ է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, եւ Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի եւ դրանից հետոյի։ 2025 թվականի օգոստոսի 8-ից առաջ մեր պետությունը փակուղու մեջ էր, իսկ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո մեր առաջ բացվել են անծայրածիր հեռանկարներ, որոնցից օգտվել-չօգտվելը կախված է մեր հավաքական կամքից, մեր իմացությունից ու աշխարհն ու մեր պատմությունը սովորելու մեր ընդունակությունից։ 

     

    Հենց սրանում է Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի մեծագույն քաղաքական եւ սոցիալ-հոգեբանական արդյունքը. մեր պատմության ղեկը կրկին հայտնվել է մեր ձեռքում։ Սա չի նշանակում, թե ճանապարհը կատարյալ է եւ առանց վտանգների, սա նշանակում է, որ մեր որոշումներն են մեր հետագա ճակատագիրը կանխորոշող առաջնային գործոնը, ու սա պատմական շրջադարձ է։ 

     

    Նախորդող շրջանը եւ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները գալիս են համոզելու՝  մենք կարող ենք, մենք ի վիճակի ենք՝ որպես պետություն եւ ժողովուրդ, տե՛ր կանգնել մեր ճակատագրին, եւ սրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ ու յուրաքանչյուրիդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ։ 

     

    Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի կարեւորագույն արդյունքներից է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության» (TRIPP) նախագիծը, որը ոչ միայն Հայաստանի ապաշրջափակմանը վերջ է դնելու շատ մոտ ապագայում, ոչ միայն դառնալու է Հայաստանի ու տարածաշրջանի տնտեսության առանցքը, այլեւ օգնելու է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար սկսեն ընկալել ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես ճանապարհ, որպես դրացի։ Առաջիկայում մենք կսկսենք TRIPP նախագծի գործնական իրականացումն ու սա դառնալու է տարածաշրջանային ու միջազգային մեծ իրադարձություն։ 

     

    Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության էջը փակված է, խաղաղությունը հաստատված է, եւ այն ահա ձեր աչքի առջեւ է, ձեր կյանքն է ու առօրյան։ Որեւէ խաղաղություն հաստատելը հեշտ չէ, հեշտ չի եղել նաեւ մեր խաղաղության հաստատումը։ Բայց ցանկացած խաղաղությունը փլուզելն ու ի չիք դարձնելը չափազանց հեշտ է, եւ դա կարելի է անել շատ արագ, ու հարց է` այդ պարագայում կհաջողվի արդյոք 35 տարի անց նորից հաստատել խաղաղություն։ 

     

    Այսօր շատերը՝ ոմանք նպատակադրված, ոմանք էլ ակամա, գործում են խաղաղությունը փլուզելու տրամաբանությամբ, եւ այս գործունեությունը երբեմն քողարկվում է բարեհունչ կամ «հայրենասիրական» ծխածածկույթի ներքո։ Ուզում եմ ասել առանց սեթեւեթանքի՝ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» եւ «Ադրբեջանից  հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջանի եւ արեւմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը։ 

     

    Սա հարց է, որը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա՝ հանուն մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի։ Սա է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք եւ հետապնդենք, եւ պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որեւէ խոսույթ։

     

    Ես նախագահ Թրամփին շնորհակալություն եմ հայտնում այս խաղաղության հաստատման գործում իր ներդրած անուրանալի ջանքի համար։

     

    Հայաստանի ժողովրդին շնորհավորում եմ օգոստոսի 8-ի առիթով։

     

    Ադրբեջանի ժողովրդին շնորհավորում եմ օգոստոսի 8-ի առիթով։ 

     

    Վերջապես ունենք մի օր, որ խաղաղեցնում եւ ոչ թե բորբոքում է մեզ։

     

    Եւ թող խաղաղությամբ ննջեն հակամարտության բոլոր զոհերը։ Այլեւս երբեք։ 

     

    Կեցցե՛ խաղաղությունը»։ 

  • Արյե Լայթսթոուն. «TRIPP-ի շրջանակում գաղտնի գործարքներ չկան»

    CivilNet-ին տված բացառիկ հարցազրույցում Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունն անդրադարձել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած գագաթնաժողովում ստորագրված համաձայնագրերի առաջին տարելիցին։ 

     

    Լայթսթոունը ներկայացրել է նաեւ ԱՄՆ տեսլականը TRIPP-ի վերաբերյալ՝ որպես տարածաշրջանային հարթակի, որը Հարավային Կովկասը կապելու է Միջին միջանցքի հետ։ 

     

    Մեդիամաքսը ներկայացնում է որոշ հատվածներ Լայթսթոունի խոսքից:

     

    «Անհավանական է» 

     

    Եթե փորձեինք կանխատեսել, թե ինչ տեղի կունենա մինչեւ այսօր՝ TRIPP գագաթնաժողովի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ համաձայնագրերի նախաստորագրման առաջին տարեդարձին, դժվար թե սպասեինք, որ 

    կլինենք հենց այս հանգրվանում։ 

     

    Այս մեկ տարվա ընթացքում ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտումներ չեն եղել, այլեւ երկրները սովորել են աշխատել միասին՝ աստիճանաբար, դանդաղ, բայց արդյունավետ։ Անհավանական է։ Դա կատարվածի մի մասն է։ 

     

     

    Մյուս մասն այն է, որ ԱՄՆ-ն օգտագործեց պահը՝ վերագործարկելու կամ նոր լիցք հաղորդելու Ադրբեջանի եւ Հայաստանի հետ մեր հարաբերություններին։ Եվ եթե դիտարկենք, թե ինչի ենք հասել Հայաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության ոլորտում վերջին 11.5 ամիսների ընթացքում, ապա, հավանաբար, ձեռք ենք բերել ավելին, քան նախորդ 5 տարիներին միասին վերցված։

     

    «Քաղաքական խիզախություն»

     

    Նախագահ Ալիեւն ու վարչապետ Փաշինյանը կայացրել են կարեւոր որոշումներ, որոնք խիզախություն էին պահանջում։ Նրանք ընտրել են քաղաքականությունն ու խաղաղությունը՝ քաղաքական շահարկումների փոխարեն։

     

    Ձեզ մոտ վերջերս ընտրություններ եղան։ Հայ ժողովուրդը քվեարկեց այն արդյունքի օգտին, որին նրան բերել է վարչապետ Փաշինյանը։

     

    «Անբեկանելի ուղի»

     

    Մենք մտադիր ենք ապահովել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ այլեւս պատերազմ չլինի։ Մենք մտադիր ենք երկու երկրներն առաջնորդել դեպի խաղաղության եւ բարգավաճման անբեկանելի ուղի։ Անկախ նրանից՝ դա երկու ամիս, թե երկու տարի կպահանջի, այն անբեկանելի է։

    Լուսանկարը` ՀՀ կառավարություն

    Նախագահ Թրամփը TRIPP-ին տվել է իր անունը՝ Trump Route for International Peace and Prosperity (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման)։

     

    Նախագահ Թրամփն իր անունը չի տալիս որեւէ նախագծի, եթե վստահ չէ դրա հաջողության եւ իր թողած ժառանգության հարցում։ Այս խաղաղ նախաձեռնության հաջողության եւ ժառանգության հարցում նա վստահ է։

     

    «Ոչ մի գաղտնի գործարքներ չկան»

     

    Ստվերային գործարքներ չկան: Գաղտնի գործարքներ չկան: Սա հանրային փաստաթուղթ է, որը հասանելի է յուրաքանչյուրին:

     

    Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության հետ համագործակցում են TRIPP-ի շրջանակում: Ես չեմ կարող ԱՄՆ ներկայացնող նախագծի գործընկեր լինել՝ առանց վարձատու ունենալու: Վարձատուն Հայաստանի Հանրապետությունն է:

     

    Ես անշարժ գույք ունեմ աշխարհի բազմաթիվ անկյուններում: Երբեմն ես վարձատու եմ, երբեմն՝ վարձակալ: Վարձատուն ինքնիշխանություն ունի այդ հողի նկատմամբ: Դա չի նշանակում, թե վարձակալը իրավունքներ չունի: Ուստի բոլորին կոչ կանեի զգույշ լինել շտապողական ենթադրություններ անելիս:

     

    Նաեւ խորհուրդ կտամ ուշադիր վերընթերցել փաստաթղթերը: Մենք ամբողջությամբ կենտրոնացած ենք նրա վրա, որ Հայաստանն իրական ինքնիշխանություն ունենա:

     

    «Դուք բարդ միջավայրում եք գտնվում»

     

    Դուք բարդ միջավայրում եք գտնվում։ 

     

    Դուք դժվարին ընտրություններ անցկացրեցիք, որոնք ավարտվեցին վարչապետ Փաշինյանի ու նրա կուսակցության համոզիչ ու պատմական հաղթանակով: Դա տեղի ունեցավ, քանի որ ժողովուրդը սատարեց նրա կայացրած որոշումներին։

    Լուսանկարը` ՀՀ կառավարություն

    Նրա կայացրած որոշումներից մեկն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ առավել սերտ հարաբերություններ կառուցելն է: Այս որոշումը նա կայացրել է մի շարք հաշվարկների արդյունքում,եւ մենք դա գրկաբաց ողջունել ենք:

     

    ԱՄՆ-ն փնտրում է ռազմավարական բարեկամներ եւ դաշնակիցներ, որոնք ունակ են իրենց աշխարհագրական դիրքը ընկալել ոչ թե որպես թերություն, այլ որպես առավելություններ ստեղծելու ելակետ: Միջին միջանցքը կդառնա դրա կարեւոր մասը: Ձեր տեխնոլոգիական ոլորտը նույնպես կարեւոր մաս կդառնա:

  • «1984»-ը, թոքախտը եւ իրական երջանկությունը

    Վերջերս գրել էինք, որ հոկտեմբերի 17-ին Սունդուկյանի անվան թատրոնում տեղի կունենա «1984» մյուզիքլի պրեմիերան՝ Ջորջ Օրուելի համանուն վեպի հիման վրա։

    Ես էլ հիշեցի, որ կես տարի առաջ Meduza-ում մի նյութ էի կարդացել, որը պատմում էր շոտլանդական Ջուռա կղզու մասին (այդ անունով բարձրորակ վիսկի կա): Այդ կղզում է Ձորջ Օրուէլը գրել իր հանրահայտ հակաուտոպիան՝ «1984»-ը: Գրողը տառապում էր թոքախտով եւ բժիշկները նրան խորհուրդ էին տվել ապրել բնության գրկում:

    Օրուէլի կինը մահացել էր 1945 թվականին՝ վիրահատության ժամանակ: Երբ գրողը 1946-ին տեղափոխվեց Ջուրա, նրա հետ կղզի եկան քույրը՝ Ավրիլը եւ երկու տարեկան որդին՝ Ռիչարդը:    

    Օրուէլը «1984»-ն ավարտել էր 1948 թվականի դեկտեմբերին, իսկ գիրքը լույս էր տեսել 1949-ի ամռանը: Շուտով Օրուէլին տեղափոխել էին Լոնդոնի հիվանդանոցներից մեկը, որտեղ նա մահացավ 1950 թվականի հունվարի 21-ին:

    Հոդվածում ոչինչ չէր ասվում գրողի որդու հետագա ճակատագրի մասին, ուստի սկսեցի «փորփրել» եւ գտա The Guardian-ում հրապարակված ծավալուն ու շատ հետաքրքիր հոդվածը: Սայմոն Հաթենսթոնի նյութն այնքան լավն է, որ կարելի է ներառել լրագրության դասագրքերում:  

    Զրույցի պահին Ռիչարդը 80 տարեկան էր: Նրա կյանքը ամենասկզբից է դժվարին եղել: Օրուէլները նրան որդեգրել էին 3 ամսականում: Որդեգրող մայրը մահացել էր 9 ամիս անց, եւ Օրուէլի ընկերները եւ ազգականները կարծում էին, որ նա կհրաժարվի որդեգրումից: Բայց դա տեղի չունեցավ:

    Ջորջը եւ Էյլինը տարիներ շարունակ փորձում էին զավակ ունենալ, բայց չէր ստացվում: «Ամենից շատ նա ցանկանում էր երեխաներ ունենալ: Կնոջ մահվանից հետո ես էի նրա ընտանիքը», – պատմել է Ռիչարդը Սայմոն Հաթենսթոնին:

    «Հայրս նվիրված էր ինձ, – ասում է նա, – Ամբողջությամբ նվիրված»։ Ռիչարդն էլ անսահման նվիրված է հորը եւ իրեն համարում է նրա սուրբ կրակի պահապանը։

    Ջուրան դրախտ էր հոր եւ որդու համար։ «Ապրում էի ֆերմայում, լավ հագուստ ու կոշիկներ ունեի, սննդի պակաս չկար: Կարող էի թափառել՝ որտեղ ցանկանայի, ինչը հնարավոր չէր Լոնդոնում։ Պարզապես հիանալի վայր էր ապրելու համար»։ 

    Կղզում այլ երեխաներ չկային, բայց Ռիչարդը դրանից չէր նեղվում։ Մինչ հայրը գրում էր, նա ուսումնասիրում էր շրջակայքը։ Հայրն ու որդին հանդիպում էին նախաճաշի եւ երեկոյան թեյի ժամանակ, որը պատրաստում էր Ավրիլ հորաքույրը։ Ամառային երեկոները հոր հետ ծովափ էին գնում՝ խեցգետնախեծեր եւ օմարներ որսալու։

    Արդյո՞ք Ռիչարդը գիտակցում էր, թե որքան հիվանդ էր հայրը։ Նա շարժում է գլուխը. «Ոչ, ես հարցնում էի. որտե՞ղ է ցավում, հայրիկ»։ Կյանքի վերջին շրջանում թոքախտը հյուծել էր Օրուելին։ Տարիներ անց էր միայն որդին իմացել, որ հայրը սարսափելի վախենում էր վարակել իրեն, սակայն ավելի շատ սարսափում էր նրանից, որ իրենց մտերմությունը կտուժի:

    «Այդ ամենը գրված է իր նամակներում։ Նա վախենում էր, որ չեմ կապվի իր հետ, որովհետեւ չէր կարող գրկել կամ համբուրել ինձ՝ վարակը փոխանցելու վտանգի պատճառով»։

    12 տարեկանում Ռիչարդը կարդաց հոր գործերը՝ սկզբում «Անասնաֆերմա»-ն, ապա՝ «1984»-ը։ Ի՞նչ տպավորություն ստացավ։ «Ինձ դուր եկավ «Անասնաֆերմա»-ն։ Շատ լավ գիրք էր: «1984»-ը շատ ավելի բարդ էր հասկանալու համար»:

    Երեք ամսականում որդեգրվելը, 5 տարեկանում առանց ծնողների մնալը՝ Ռիչարդի կյանքը իսկապես հեշտ չի եղել: Բայց երբ կարդում ես, թե ինչ ջերմությամբ է նա պատմում 75 տարի առաջ կղզում հոր հետ անցկացված ժամանակի մասին, հասկանում ես, որ իրապես երջանիկ մանկություն է ունեցել:  

    Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է