Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն ասել է, որ կիսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների մասին:
Վերոնիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Հայաստանի Հանրապետության վարչապետը oգոստոսի 8-ի իր ուղերձում հայտարարեց, որ «մեզ բոլորիս շատ հուզում եւ անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը»։ Ես լիովին կիսում եմ այս գնահատականը և ուրախ էի կարդալ այդ խոսքերը։
Դրական եմ գնահատում նաև լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները, ըստ որոնց՝ ինձ հետ հանդիպման կազմակերպման համար պատասխանատու գերատեսչություն է նշանակվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում հստակեցնել, որ այսօրվա դրությամբ դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել, և պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալներ ինձ չեն փոխանցվել։
Ակնկալում եմ ստանալ պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները և հույս ունեմ առարկայական հանդիպման՝ քննարկելու Բաքու կանանց մարդասիրական այցի կազմակերպման հետագա քայլերը, ինչպես նաև Ադրբեջանում կալանքի տակ պահվող Հայաստանի քաղաքացիներին առնչվող այլ հարցեր»։
Օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդես էր եկել ուղերձով՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի առաջին տարեդարձի առիթով, որում, մասնավորապես, ասված էր.
« Վաշինգտոնում երեք ղեկավարների ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից նախաստորագրված «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը» սպասում է իր ստորագրմանն ու վավերացմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը դեռ պետք է տեղի ունենա, մեզ բոլորիս շատ հուզում եւ անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը»։
Leave a Reply