Ազգային ժողովն օգոստոսի 10-ին շարունակել է ԱԺ նախագահի տեղակալների ընտրության հարցի քննարկումը։
Ընդդիմադիր ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Արամ Վարդևանյանի թեկնածությունը։
Պատգամավորները շարունակել են ելույթներ ունենալ հարցի շրջանակում։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ Ներքաղաքական որոշ հարցերի անդրադառնալուց հետո Աննա Գրիգորյանն ընդգծել է Արամ Վարդևանյանի մարդկային և մասնագիտական բարձր որակները։ Նա տեղեկացրել է՝ «Հայաստան» դաշինքը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության դիրորոշումը ներկայացրել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Նա նույնպես անդրադարձել է թեկնածուի մասնագիտական բարձր որակին և աշխատանքային գործունեությանը, խոսել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության նպատակներից։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։ «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի որոշում»,- ասել է խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ խմբակցությունը բավարար թվով ձայներ կտա թեկնածուին։
Եզրափակիչ ելույթում Արամ Վարդևանյանն անդրադարձել է գործընկերների ելույթներին, շնորհակալություն հայտնել «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը՝ իր թեկնածությունն առաջադրելու, իսկ «Հայաստան» խմբակցությանը՝ աջակցության համար։ Նա նաև ներկայացրել է իր աշխատանքային ուղին։
Գաղտնի քվեարկության կարգը ներկայացրել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը:
Leave a Reply