Շաքի գյուղ ներթափանցած ադրբեջանցին ձերբակալության ժամանակ դիմադրություն չի ցուցաբերել, ինչը, ըստ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, վկայում է, որ…
Շաքի գյուղ ներթափանցած ադրբեջանցին ձերբակալության ժամանակ դիմադրություն չի ցուցաբերել, ինչը, ըստ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, վկայում է, որ…
Հերթական ծեծի ու նվաստացման միջադեպն է գրանցվել Սյունիքի զորամասերից մեկում , որտեղ ամիսներ առաջ զինծառայողի ինքնասպանության աղմկոտ միջադեպ է եղել։
հրամանատարը ծեծի է ենթարկել զինվորին , ըստ իմ աղբյուրի` մյուս զինվորների ներկայությամբ եւ ստորացուցիչ ձեւով .. հայհոյանքներով է ուղեկցվել ծեծը .. ի դեպ այս հրամանատարին, ասում են, խիստ բնորոշ է հայհեյաբերան լինելու անպատիվ վարքագիծը, ինչի համար նույն հրամանատարը երբեք չի պատժվել ոչ մի եղանակով, անգամ միջադեպեր հրահրելու դեպքերում, երբ ծնողի հետ ուղիղ առերեսման է հանդիպել իր անվայելուչ արարքից հետո։
Ինձ փոխանցված ահազանգի համաձայն՝ զինծառայողի նկատմամբ բռնության և նվաստացուցիչ վերաբերմունքի միջադեպը տեղի է ունեցել Շաքիում ադրբեջանցուն բռնելու հայտնի դեպքերի հենց հաջորդ օրը` հոկտեմբերի 2-ին։
Զինվորի հաշվին ինքնահաստատվել
Հրամանատարի անունը ինձ հայտնի է` ՀԱՄԼԵՏ ՊՈՂՈՍՅԱՆ
ՆԱ ԱՅԴ ՆՈՒՅՆ ԶՈՐԱՄԱՍԻ գումարտակի շտաբի պետն է… ու
Չզարմանաք, դեպքից 5 օր անց ենթադրյալ հանցագործ հրամանատարը դեռեւս մեկուսացած չէ, ձերբակալված չէ, տարվել է Ռազմական ոստիկանություն այդ օրը եւ հաջորդ օրը վերադարձել է ծառայության ` ասես ոչինչ տեղի չի ունեցել։
Զինվորի վիճակի մասին շատ բան հայտնի չէ.. բայց ինձ հայտնեցին, որ հարցաքննվել է ու բողոք է գրել հրամանատարի դեմ։
Տրամաբանությունը հուշում է ,
որ ինքնասպանության հասցվող դեպքերի հիմքերում ահա այսպիսի հրամանատարական գործելաոճի ձեռագիրն է առնվազն , կամ նրանց նմանների կողմից ներսում ստեղծված լարված մթնոլորտը որը կարող է հանգեցնել ամեն ծայրահեղ քայլի ։
Քրգործի, մանրամասների մասին կհայտնեմ վաղը ..
հուսամ նորից հետին թվով ՊՆ չի ձեւակերպի ինչ որ բաներ եւ ուշացած չի հաղորդի ինֆորմացիա ` առանց պատասխանատուների կոնկրետ անունները նշելու, նրանց ձերբակալման կամ քրգործում նրանց կարգավիճակը նշելու մասին ։
Հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը
Հոկտեմբերի 6-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից միաձայն ընդունվել է Հայաստանի հեղինակած՝ «Թվային տեխնոլոգիաների համատեքստում կանանց և աղջիկների իրավունքների խթանման և պաշտպանության նպատակով միջազգային համագործակցության ամրապնդումը» խորագրով բանաձևը։ Այս մասին հայտնում է ԱԳՆն։
Այն ՄԻԽ-ում ներկայացվել է միջտարածաշրջանային խմբի՝ Հայաստանի, Էստոնիայի, Ռուանդայի, Ուրուգվայի, Սենեգալի, Շվեդիայի և Ղազախստանի կողմից։
Բանաձևն անդրադառնում է մարդու իրավունքների համատեքստում թվային տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության ընձեռած հնարավորություններին, ինչպես նաև դրանց հետ կապված մարտահրավերներին։ Համադրելով երեք առանցքային ուղղություն՝ տեխնոլոգիաների հասանելիությունը, դրանց զարգացման և կառավարման գործընթացներում կանանց և աղջիկների լիարժեք մասնակցությունն ու տեխնոլոգիաներից բխող ռիսկերից պաշտպանությունը` բանաձևը նպատակաուղղված է անդրադառնալու գենդերային թվային խզումներին, այդ թվում՝ տեխնոլոգիական հմտությունների բացերին, խթանելու կանանց և աղջիկների մասնակցությունը թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության կառավարման գործընթացներում, ինչպես նաև արձագանքելու ի հայտ եկող ռիսկերին, այդ թվում՝ խտրականության և ալգորիթմային կողմնակալության ու տվյալների ներկայացուցչականության հետ կապված խնդիրներին։
Բանաձևի առանցքային բաղադրիչներից է միջազգային համագործակցության խթանումը՝ հաշվի առնելով տեխնոլոգիաների անդրսահմանային բնույթը և դրանց արդյունավետ կառավարմանն ուղղված բազմակողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը: Բանաձևով խրախուսվում են գիտելիքների և փորձի փոխանակումը, կարողությունների զարգացումը, ինչպես նաև առկա և ի հայտ եկող մարտահրավերներին համատեղ արձագանքը։ Բանաձևով ձևավորվում է միջազգային համագործակցության համապարփակ նոր շրջանակ՝ փոխկապակցելով մարդու իրավունքներն ու գենդերային հավասարությունը գիտության ու տեխնոլոգիաների հետ:
Բանաձևը ներկայացնելիս Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձել է թվային փոխակերպման ընձեռած հնարավորություններին՝ նշելով, որ տեխնոլոգիաների և արհեստական բանականության խտրական նախագծումը, ոչ ներկայացուցչական տվյալներն ու ալգորիթմային կողմնակալությունը միջոց են հանդիսանում առկա անհավասարությունները վերարտադրելու և խորացնելու համար։ Դեսպան Տոլմաջյանն ընդգծել է տեխնոլոգիաների շարունակական և սրընթաց զարգացմանը զուգահեռ կանանց և աղջիկների իրավունքները հավաքական ջանքերի կենտրոնում պահելու կարևորությունը:
Այս նոր բանաձևը, որը համահեղինակել են ՄԱԿ-ի տարածաշրջանային բոլոր խմբերը ներկայացնող շուրջ հինգ տասնյակ պետություններ, ներկայացվել է որպես բազմակողմ հարթակներում գենդերային հավասարության խթանման նպատակով տեխնոլոգիաների և նորարարության առաջմղման ուղղությամբ Հայաստանի հետևողական ջանքերի շարունակություն։
Այն արտացոլում է նաև թվային փոխակերպման պայմաններում գենդերային հավասարության խթանման ուղղությամբ Հայաստանի ամուր հանձնառությունը՝ հաշվի առնելով տեխնոլոգիական ոլորտում կանանց բարձր ներկայացվածությունը, որը զգալիորեն գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը։
Նախաձեռնության ներկայացումը Մարդու իրավունքների խորհրդում տեղի է ունենում հատկապես կարևոր ժամանակահատվածում, երբ արհեստական բանականության սրընթաց զարգացումն առավել հրատապ է դարձնում տեխնոլոգիաների, հավասարության և մարդու իրավունքների փոխկապակցվածության շուրջ արդյունավետ միջազգային համագործակցության ամրապնդումը։
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել Ռուսաստանի Իրկուտսկի մարզում ժանտախտի մասին հաղորդագրությունների վերաբերյալ:
ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանի տարածքը, քանի որ կառավարությունը սահմանափակ հնարավորություններ ունի օգնություն ցուցաբերելու համար։
Դեսպանատունը շեշտել է, որ տեղյակ է Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի կասկածելի դեպքի վերաբերյալ լրատվամիջոցների հաղորդագրությունների մասին, որը հանգեցրել է մահվան:
Գործակալությունը նաև տեղյակ է Իրկուտսկում տեղի ունեցած միջադեպի հետ կապված կարանտինային միջոցառումների և հիվանդանոցների փակման մասին:
«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին։ ԱՄՆ կառավարությունը սահմանափակ կարողություններ ունի օգնություն ցուցաբերելու Ռուսաստանում, մասնավորապես Մոսկվայից դուրս գտնվող ԱՄՆ քաղաքացիներին։ ԱՄՆ կառավարության աշխատակիցները կարող են լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել որոշակի տարածաշրջաններ անձնական և պաշտոնական ուղևորությունների հարցում՝ առողջության և անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով», – նշվում է հրապարակման մեջ։
Դեսպանատունը նաև ընդգծում է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը 4-րդ մակարդակի տագնապ է հայտարարել՝ ամերիկացիներին խորհուրդ տալով ձեռնպահ մնալ Ռուսաստան ճանապարհորդելուց, բայց նաև կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ռուսաստանի Դաշնությունը։
Պատգամավորների գրանցվելուց հետո ԱԺ նախագահը հայտարարեց, որ կհանդիպեն ժամը 16:30-ին՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին:
Հիշեցնենք՝ԱԺ-ն երեկ սպառել է այս քառօրյայի օրակարգը՝ քննարկելով ու քվեարկելով օրակարգային երկու հարցերը:
Մանրամասները՝այստեղ
Արթուր սարկավագ Գևորգյանը գրել է.
«Երբ հայրենիքը վտանգի մեջ է, Եկեղեցու լռությունը նույնպես դիրքորոշում է
Սեպտեմբերի 24-ին կառավարությունը հրապարակեց Եկեղեցու «ճգնաժամի» մասին զեկույց, որտեղ փաստագրված է 16 արձանագրում, իսկ լուծումների համար առաջարկվում է հինգ քայլից բաղկացած ճանապարհային քարտեզ։ Մայր Աթոռը պատասխանեց, որ զեկույցն իր բովանդակությամբ և ձևով հակասահմանադրական, հակականոնական և անօրինական է։ Այս բանավեճի հիմքում մի պարզ հարց է. երբ երկիրը կորուստների ու սպառնալիքների միջով է անցնում, Եկեղեցու խոսքն ու քայլերը շեղո՞ւմ են նրան իր առաքելությունից։
Սկսենք նրանից, որ Եկեղեցուն ազգային դեր տվել է հենց Սահմանադրությունը։ Սահմանադրությունը կրոնական կազմակերպություններին ճանաչում է պետությունից անջատ, բայց նույն Սահմանադրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն ճանաչում է որպես ազգային եկեղեցի՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման բացառիկ առաքելությամբ։ 2007 թվականի օրենքը ևս ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում։ Օրենքը Եկեղեցուն չի ասում «լռիր», այլ նրան վստահում է ազգային ինքնության պահպանումը։ Իսկ երբ այդ ինքնությունը վտանգի տակ է, Եկեղեցու խոսելը նրա սահմանադրական առաքելության կատարումն է։
Հայերը դարեր շարունակ ապրել են առանց սեփական պետության, և այդ ժամանակ Եկեղեցին էր պահում լեզուն, դպրոցը, գիրքը, հիշողությունը։ Խորհրդային տարիներին նա հենց դրա համար դարձավ հալածանքի թիրախ. եկեղեցիներ փակվեցին, հոգևորականներ ձերբակալվեցին, իսկ 1938 թվականին սպանվեց Խորեն Ա կաթողիկոսը։ Ազգային հիշողության դեմ պայքարողները Եկեղեցին միշտ ճանաչել են որպես ազգային ինքնության հենարան։ Ուստի «Եկեղեցին պետք է զբաղվի միայն աղոթքով» պնդումը հայկական իրականությանը չի համապատասխանում. հայոց Եկեղեցու համար աղոթքն ու ժողովրդի կողքին լինելը երբեք իրարից չեն բաժանվել։
Վերջին տարիների փաստերը ևս ցույց են տալիս, որ Եկեղեցին ոչ միայն խոսել է, այլև գործել։ 2020 թվականի նոյեմբերի 25-ին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ստեղծվեց Արցախի աջակցության հանձնախումբ, որը գործում էր բացառապես մարդասիրական նպատակներով. տեղահանված ընտանիքների համար կացարաններ կազմակերպվեցին Ծաղկաձորում, Եղեգնաձորում, Սաղմոսավանում և Էջմիածնում, տրամադրվեց դրամական, պարենային և առողջապահական օգնություն։ Երբ 2023 թվականին Արցախից տեղահանվեցին ավելի քան 120 հազար մարդ, Մայր Աթոռը շարունակեց «Աջակցենք Արցախին» ծրագիրը, այդ թվում՝ բժշկական օգնությամբ տեղահանված բնակչությանը։ Նույն ժամանակ հայկական սրբավայրերը շարունակում են ոչնչացվել. Շուշիի Կանաչ ժամը քանդվել է 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում։ Այս ամենի մասին խոսելը հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանություն է, ոչ թե կուսակցական գործունեություն։ Ապաստանը, օգնությունը և հիշողության պահպանումը Եկեղեցու ավանդական դերն են, և ոչ իշխանության համար պայքար։
Առանձին հարց է Եկեղեցու սեփական ինքնավարության պաշտպանությունը։ Վերջին ամիսներին Եկեղեցու և իշխանության հարաբերությունները խիստ սրվել են։ 2026 թվականի փետրվարին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքը դիրքորոշում որդեգրեց, իսկ սեպտեմբերի 24-ի հայտարարության մեջ Մայր Աթոռը նորից կոչ արեց իշխանություններին դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել նրա դարավոր ինքնիշխանությունն ու ինքնավարությունը։ Տրամաբանությունը պարզ է. եթե օրենքը ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարումը, ապա այդ ինքնակառավարման պաշտպանությունը քաղաքական խաղ չէ, այլ իրավունքի իրացում։ Եկեղեցին պահանջում է, որ իր ներքին հարցերը՝ կաթողիկոսի ընտրությունը, կառավարման կարգը, կանոնական հարաբերությունները, որոշվեն իր իրավասու մարմինների կողմից։
Եկեղեցու պետությունից անջատ լինելը չի նշանակում, որ Եկեղեցին պետք է լռի բարոյական և ազգային հարցերում։ Աշխարհի շատ երկրներում, որտեղ անջատումը խիստ է, եկեղեցիները նույնպես հրապարակավ արտահայտվում են սոցիալական ու ազգային թեմաներով. դա հանրային դիսկուրսի մաս է, ոչ թե կուսակցական գործունեություն։
Երկրորդ առարկությունը Եկեղեցու ներսում առկա խնդիրների մասին է։ Կառավարության զեկույցը պնդում է, որ ճգնաժամն ունի ներքին կողմեր՝ կարգապահական և ֆինանսական հարցեր ներառյալ։ Այս պնդումները կարող են քննարկվել, բայց դրանք չեն պատասխանում հիմնական հարցին՝ ո՞վ է իրավասու դրանք վճռել։ Հենց զեկույցն ինքն է նշում, որ բարենորոգումն իրականացնում է Եկեղեցին, իսկ պետությունը գործում է իր օրենսդրական իրավասությունների շրջանակում, և որ իրենք չեն վիճարկում Եկեղեցու դավանաբանական հիմքերն ու կանոնական կարգը։ Եթե այդպես է, ապա ճիշտ ճանապարհը Եկեղեցու կանոնական մարմինների միջոցով, թափանցիկ ընթացակարգերով բարեփոխումն է, ոչ թե պետական գնահատականի հիման վրա հեռացումները։ Ավելին, արձանագրումը և ապացուցված փաստը նույնը չեն։
Երրորդ առարկությունն այն է, որ Եկեղեցին ընտրված չէ և ազդելու իրավունք չունի։ Բայց Եկեղեցին իշխանություն չի պահանջում, նա առաջարկում է խոսք և բարոյական հեղինակություն։ Ընտրված չլինելը ոչ մի քաղաքացու, համալսարանի կամ հասարակական կազմակերպության չի զրկում խոսելու իրավունքից, իսկ Եկեղեցու դեպքում կա նաև օրենքով ամրագրված ազգային առաքելություն։
Չորրորդ առարկությունը արտաքին ազդեցության վտանգի մասին է։ Այդ ռիսկը իրական է ցանկացած երկրում, բայց Եկեղեցին աշխարհասփյուռ ազգի հաստատություն է, և նրա գործունեությունը այլ երկրներում ճանաչված է հենց ՀՀ օրենքով. 2007 թվականի օրենքը դրան նվիրված առանձին հոդված ունի։ Միջազգային ներկայությունն ինքնին արտաքին ազդեցություն չէ։ Նման մեղադրանքը պահանջում է կոնկրետ ապացույց՝ ով, ինչպես և ինչ որոշման վրա է ազդել։
Վերջին առարկությունն այն է, որ Եկեղեցու խոսքը բաժանում է հասարակությանը։ Բայց բաժանում է ոչ թե խոսքը, այլ խորը ճգնաժամը։ Լռությունը նույնպես դիրքորոշում է, և ժողովուրդը, որը կորցրել է հայրենիքի մի մասը և ապաստարանի կարիք ունեցող հարյուր հազարավոր մարդկանց, իր հոգևոր առաջնորդներից ակնկալում է խոսք՝ խաղաղության, միասնության, հիշողության և արժանապատվության մասին։
Այսպիսով, Եկեղեցու առաքելությունը ճանաչված է Սահմանադրությամբ, հաստատված է դարերի փորձով և գործնականում դրսևորվել է մարդասիրական աշխատանքում։ Երբ ազգը ծանր ժամանակներ է ապրում, Եկեղեցու խոսքն ու քայլերը հայրենիքի պաշտպանության հոգևոր և բարոյական բաղադրիչն են։ Եկեղեցին չի փորձում ձեռք բերել պետական իշխանություն. նա փորձում է պահել այն, ինչ պետությունը չի կարող փոխարինել՝ հոգևոր միասնությունը, ինքնությունն ու հիշողությունը»։
Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներսում Շաքիում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումից և ընտանիքի վրա հարձակումից հետո հնչել են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի պաշտոնանկության պահանջներ, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իշխանական շրջանակների իր աղբյուրներին։
Թերթի փոխանցմամբ՝ ՔՊ-ականների մի մասը կարծում է, որ պատասխանատվությունը չպետք է սահմանափակվի հոկտեմբերի 5-ին պաշտոնազրկված ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Դավիթ Սանամյանով։ Պարբերականը չի բացառել, որ Սիմոնյանին հրավիրեն խորհրդարան։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պատասխանատվության հարցում, թերթի տվյալներով, իշխող թիմում միակարծություն չկա։ Նրա կողմնակիցները պնդել են, որ սահմանը հատած ադրբեջանցու հայտնաբերմամբ պետք է զբաղվեին ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ մյուսները հարցեր են բարձրացնում նաև բանակի անգործության վերաբերյալ։
«Այս ողբերգությանն առնչված յուրաքանչյուր ընտանիքի համակողմանի աջակցություն և հոգատարություն ցուցաբերելը, նրանց ցավը կիսելը մեր բարոյական պարտքն է։ Անհետ կորած անձանց որոնումների արդյունավետությունն ուղղակիորեն կախված է ճշգրիտ տեղեկատվության ստացումից»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նկատի ունենալով 44-օրյա պատերազմը։
«Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, ստեղծի համապատասխան արխիվների բացման և վկաների ցուցմունքների հավաքագրման պայմաններ։
Սա, լինելով իրավական պարտավորություն և մարդասիրական պատասխանատվություն, միաժամանակ կդառնար խաղաղության նկատմամբ հավատարմության գործնական արտահայտություն և փոխադարձ վստահության ամրապնդման ներդրում։
Մարդկային ճակատագրերին վերաբերող տեղեկատվությունը չպետք է դառնա քաղաքական պայմանների առարկա»,-ասվում է այդ երկրի նախագահի՝ անհետ կորած անձանց խնդրի լուծման գործում վստահության ամրապնդմանն ու արդյունավետ մեխանիզմների զարգացմանը նվիրված IV միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։