Category: MegaNews

  • Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է

    Ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունում պայքարի մեջ է մտել Հայաստանի առաջին ներկայացուցիչը` 79 կգ քաշային Հարություն Ավետիսյանը: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

    Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող պատանիների աշխարհի առաջնության այս քաշային կարգում Հարություն Ավետիսյանը պոկել է 135 կգ և հրել 166 կգ: Երկամարտի 301 կգ արդյունքով` Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է:

  • ՀԾԿՀ նախագահը մասնակցել է կարգավորող հանձնաժողովների ղեկավարների բարձր մակարդակի քննարկմանը

    Շվեյցարիայի Ժնև քաղաքում անցկացվող տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն միջազգային միջոցառումներից մեկի՝ WSIS Forum 2026-ի շրջանակում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը մասնակցել է տարբեր երկրների կարգավորող մարմինների ղեկավարների մասնակցությամբ կայացած կլոր սեղանին։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:

    Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ուղղություններին, թվային ենթակառուցվածքների ընդլայնման առաջնահերթություններին, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններին և մարտահրավերներին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արհեստական բանականության կիրառման ազդեցությանը և արագ փոփոխվող տեխնոլոգիական միջավայրին համապատասխան՝ կարգավորման նոր մոտեցումների ձևավորման անհրաժեշտությանը։

    ՀԾԿՀ-ի մասնակցությունը նման միջազգային միջոցառումներին ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի ներգրավվածությունը թվային օրակարգի ձևավորման և միջազգային համագործակցության զարգացման գործընթացներում։

    Ֆորումի շրջանակում Մեսրոպ Մեսրոպյանը հանդես է եկել նաև Leaders TalkX բարձր մակարդակի պանելային քննարկմանը՝ ներկայացնելով Հայաստանի էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում իրականացված բարեփոխումները, գրանցված արդյունքներն ու զարգացման առաջիկա ուղղությունները։

    WSIS Forum 2026-ը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն միջազգային միջոցառումներից մեկն է, որն անցկացվում է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից՝ ՄԱԿ-ի հովանու ներքո։ Ֆորումը համախմբում է պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու թվային զարգացման, նորարարության և կայուն զարգացման նպատակների իրականացմանն առնչվող առանցքային հարցերը։

  • Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր մամուլի խոսնակի փնտրտուքի մեջ է։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետը նշել է, որ նոր խոսնակը պետք է անպայման լինի իգական սեռի ներկայացուցիչ։

    Այս փուլում արդեն քննարկվում են 3-4 թեկնածուների անուններ, սակայն Փաշինյանը վերջնական որոշում դեռևս չի կայացրել։

    Ըստ կառավարական աղբյուրների՝ վարչապետին ներկայացվել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի երեք ներկայացուցիչների թեկնածությունները։ Խոսքը վերաբերում է ՔՊ երիտասարդական կառույցի անդամներ Էլինա Իշխանյանին, Մելանյա Հարությունյանին և Սյուզաննա Սայադյանին։

    Երեք թեկնածուներն էլ ակտիվ մասնակցություն են ունեցել ՔՊ-ի նախընտրական քարոզարշավներին՝ հայտնի «16 երգի» ներքո կազմակերպված ելույթների ընթացքում։

    Հավելենք, որ վարչապետի գործող մամուլի խոսնակ Նազելի Բաղդասրյանը մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը և կրկին տեղափոխվել օրենսդիր՝ շարունակելով իր գործունեությունն Ազգային ժողովում։

  • Իսրայելի ՊՆ նախարարը հայտարարել է Իրանի դեմ գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին

    Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները պատրաստ են անհրաժեշտության դեպքում դարձյալ հարվածել Իրանին՝ սպառնալիքները վերացնելու նպատակով։

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։

    «Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Իրանում արշավի վերսկսմանը։ Եթե հարվածները շարունակելու անհրաժեշտություն առաջանա, ապա կշարունակենք և կհարվածենք ավելի մեծ ուժով»,- հայտարարել է Կացը։

    Նախորդ երկու գիշերների ընթացքում Միացյալ Նահանգները դարձյալ հարվածել են Իրանին, որն ի պատասխան գրոհել է Քաթարի, Քուվեյթի, Բահրեյնի և Հորդանանի տարածքներում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները։

  • Մբապեի գոլային շարքը շարունակվում է․ Ֆրանսիան կիսաեզրափակիչում է

    Այսօր մեկնարկեց ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլը։ Բոստոնում հանդիպեցին Ֆրանսիայի ու Մարոկկոյի հավաքականները։

    Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ ֆրանսիացիների։ Գոլերի հեղինակ դարձան Կիլիան Մբապեն ու Ուսման Դեմբելեն։ Առաջին խաղակեսում Յասին Բունուն “որսաց” Մբապեի հարվածը 11 մետրանոցից։

    Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։

    Կիսաեզրափակիչում Դիդյե Դեշամի թիմը կհանդիպի Իսպանիա-Բելգիա զույգի հաղթողի հետ։

    Քառորդ եզրափակիչի մյուս հանդիպումներում Անգլիան կմրցի Նորվեգիայի հետ, իսկ Արգենտինան՝ Շվեյցարիայի։

    Մբապեի ռեկորդները

    Կիլիան Մբապեն դարձավ պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որն անցկացրել է Աշխարհի առաջնության 20 հանդիպում։ Ֆրանսիացի հարձակվողը մեկնարկային կազմում էր Մարոկկոյի դեմ հանդիպմանը։ Սա Մբապեի 20-րդ հանդիպումն էր մրցաշարում. 27 տարեկան և 201 օրական հասակում նա ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը հասել է այս նշաձողին։

    Ավելին, Մբապեն Դիդիե Դեշամի գլխավորությամբ մասնակցել է Աշխարհի առաջնության բոլոր 20 հանդիպումների, ինչը ևս ռեկորդ է՝ մեկ մարզչի գլխավորությամբ այդքան հանդիպում անցկացրած ֆուտբոլիստի համար։

    Մբապեն թարմացրեց Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում գոլերի ռեկորդը, որը պատկանում է հենց Կիլիանին։ Այսօրվա գոլը Մբապեի համար 12-րդն էր Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլում։ Նա այս ցուցանիշով առաջատարն է՝ գերազանցելով բրազիլացի Ռոնալդոյին և Լեոնիդասին, որոնք փլեյ-օֆֆ խաղերում խփել են ութական գոլ։

    Armsport

  • Քաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու էգ առյուծի անկման պատճառը

    Քաղաքացիական հասարակությունը պահանջում է իրականացնել անկախ փորձաքննություն՝ պարզելու հուլիսի 6-ին գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավված և Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված սպիտակ էգ առյուծի անկման պատճառը։

    Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց։ Ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասը գնահատվել է 30 միլիոն ՀՀ դրամ։

    Այս գործողությունների ընթացքում առյուծները և վագրը քնեցվել են, որպեսզի տեղափոխվեն  Երևանի կենդանաբանական այգի, սակայն սպիտակ էգ առյուծը քնեցումից չի արթնացել։

    Երևանի կենդանաբանական այգին հայտարարություն տարածեց, ըստ որի առյուծի անկման պատճառը պայմանավորված է մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով՝ ինչն արձանագրված է հերձման ակտով։

    «Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է», – նշված է Երևանի կենդանաբանական այգու հայտարարության մեջ։

    Սակայն քաղաքացիական հասարակությունը բավարարված չէ այս պարզաբանմամբ և պահանջում է անկախ հետաքննություն և փորձաքննություն։

    «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշում է, որ Հայաստանում վայրի կենդանիների պահպանությունը կարգավորվում է օրենսդրությամբ, նրանք նաև պաշտպանված են միջազգային փաստաթղթերով, և այս դեպքի կապակցությամբ սպառիչ պատասխան կարող է տալ միայն անկախ մասնագիտական փորձաքննությունը։

    «Էկոլոգիական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանը դիմում է կենդանիների պաշտպանության միջազգային կազմակերպություններին՝ աջակցելու կոչով․

    • անցկացնելու անհապաղ անկախ, թափանցիկ, անաչառ և համակողմանի հետաքննություն՝ պարզելու սպիտակ էգ առյուծի անկման բոլոր հանգամանքները
    • հրապարակել անասնաբուժական փորձաքննության արդյունքները, կիրառված անզգայացման արձանագրությունը և տեղափոխման գործընթացին վերաբերող ամբողջ փաստաթղթավորումը
    • կատարել համակողմանի գնահատում՝ պարզելու, թե արդյոք տեղափոխման բոլոր փուլերում լիարժեք պահպանվել են կենդանիների բարեկեցության միջազգային ճանաչված չափանիշները և անասնաբուժական լավագույն մասնագիտական գործելակերպերը
    • մշակել և ներդնել հստակ ազգային արձանագրություններ, որոնք կապահովեն, որ վայրի կենդանիների բարեկեցությունը լինի առաջնահերթություն նրանց ցանկացած հետագա տեղափոխման, փրկարարական գործողությունների կամ առգրավման ընթացքում։

  • Առյուծի անկումը Գագիկ Ծառուկյանը շատ ծանր է տարել

    «Գագիկ Ծառուկյանին տեղեկացրել եմ էգ առյուծի անկման մասին, շատ ծանր է տարել և վրդովված էր», -այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշել է փաստաբան Էմին Խաչատրյանը։

    Հարցին՝ տեղի ունեցածի հետ կապված իրավական գործընթացներ սկսելո՞ւ են, Խաչատրյանը պատասխանել է․ «Արդեն հասարակական պարսավանքը սկսվել է, հետագայում մնացածի մասին կիրազեկվեք»։

    Նրա խոսքով՝ առանձնատնից կենդանիների տեղափոխման ժամանակ Ծառուկյանը տարածքում չի գտնվել, տանը խուզարկություն էր ընթանում, և նրա ազատ տեղաշարժը սահմանափակված էր։

    «Իրենք մասնագետներ էին բերել, տեղափոխեցին, և արդյունքը տեսանք»,- ասել է փաստաբանը։

  • «Ինչպե՞ս է կազմվելու ԶԼՄ-ների ցուցակը, որոնց թույլատրելի կլինի աջակցել». Լիաննա Խաչատրյան

    Լրագրող Լիաննա Խաչատրյանը գրել է. «ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ԵՎ ՄԵԴԻԱՆ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է համընդհանուր հայտարարագրման համակարգի միջոցով քաղաքացիական հասարակական կազմակերպություններին (ՔՀԿ), զանգվածային լրատվության միջոցներին (ԶԼՄ) և կուսակցություններին նվիրատվություններ կատարելու մեխանիզմներ ներդնելու հնարավորությունը։

    Մասնավորապես, առաջարկվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի գործարկմամբ ներդնել ՔՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին սոցիալական հատկացումների կամ ծախսերի նոր համակարգ: Ներկայացվել է, որ նոր համակարգի ներդրմամբ ակնկալվում է ստեղծել հայտարարագրեր ներկայացնելու նոր խթաններ, նպաստել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ֆինանսական անկախությանը, բարձրացնել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների գործունեության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

    Ինչպես ասում են` идея хорошая. Բայց դե հարցեր կան… Մեխանիզմների մասին դե պարզա, կներկայացնեն վերջնական տեսքով, կհասկանանք, բայց բուն ԶԼՄ-ների պահը մի տեսակ բացա մնում, և ցանկալի կլինի, որ այս հարցերը նույնպես քննարկվեն և տրվեն պատասխաններ։ 

    Ա) Ինչպե՞ս է կազմվելու ԶԼՄ-ների ցուցակը, որոնց թույլատրելի կլինի աջակցել։ 

    Բ) Ինչպե՞ս, իսկ ավելի ճիշտ, ի՞նչ հիմքերից ելնելով ենք տարանջատելու նորմալ ԶԼՄ-ն ոչ այնքան լավից, հատկապես երբ խոսքը հիմնականում օնլայն հարթակի մասին է։ Լիցենզավորվածների դեպքում քիչ թե շատ հարցը պարզ է։ 

    Գ) Պատկերացնում եմ, որ մեխանիզմը ներդնելուց հետո, մի շարք ԶԼՄ-ներ կոչ կանեն լսարանին աջակցել իրենց։ Ու սա այն նույն համակարգում, երբ նույն այդ լսարանի մուծած հարկերից, առանց իրենց համաձայնության, 100 տոկոսով ֆինանսավորվում են այլ լրատվամիջոցներ։ Ու ստեղ այս մեխանիզմը ինքը իրան հակասումա։ Մի կողմից դու հարկատուին տալիս ես հնարավորություն, որ ֆինանսապես օգնի իր նախընտրած լրատվամիջոցին, մյուս կողմից ասում ես` հա, բայց որոշ լրատվամիջոցներ ավելի հավասար են և քո փողից, ուզես թե ոչ, իրանց պիտի անցնի։ Ինչպես ասում են` կողմնորոշվեք հիմա քաղաքացինա ընտրում, թե՞ ոնց: Հիմա քաղաքացու գումարի և վերաբերմունքի համար մրցակցություն եք դնում,թե ոչ։ Հանրային լրատվամիջոց սարքելն ուներ իր ներքին տրամաբանությունը, հիմա կարծես էս նոր մեխանիզմը էտ տրամաբանությանը հակասում է։ Կամ գուցե ոչ… պիտի հասկանալ։ 

    Դ) Իսկ ասենք դրսի պրոեկտը, որը նաև հեռարձակվում է ՀՀ-ում, օրինակ Ազատություն կամ Սպուտնիկ, իրավունք կունենա՞ն լինել այդ ցուցակի մեջ, թե “մենք մերոնցով” ենք լինելու:

    Ու սենց էլի…»:

  • Վաղարշակ Հակոբյանը հեռանում է ԱԺ-ից, բայց մնում է ՔՊ անդամ․ գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում

    Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտնել է, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից և գործունեությունը շարունակելու է մասնավոր ոլորտում։

    Նրա խոսքով՝ որոշումը համաձայնեցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ վարչության հետ, շարունակում է մնալ կուսակցության անդամ և ակտիվորեն ներգրավված է լինելու կուսակցական աշխատանքներում։

    «Ներկայացրել եմ 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում, որը վաղը պաշտոնապես կներկայացվի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

    Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ իմ քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ով 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վերադարձրեց ընտրելու և ընտրվելու իր հիմնարար իրավունքը։

    Այս տարիների ընթացքում Հայաստանը դարձել է ավելի ժողովրդավար, ավելի ինքնիշխան, ավելի անկախ և, որ ամենակարևորն է, խաղաղ պետություն։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ այդ ճանապարհին իր կարևոր դերակատարությունն է ունեցել ՀՀ Ազգային ժողովը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որի անդամը լինելու պատիվն եմ ունեցել նաև ես։

    Միաժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ այս որոշումը կայացվել է Վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ համաձայնեցված։ Շարունակում եմ մնալ կուսակցության լիիրավ անդամը և շարունակելու եմ ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել՝ ամբողջ ներուժով աջակցելով իմ քաղաքական թիմին»,- գրել է նա։

  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:

    Կառավարությունից հայտնում են, որ նիստի օրակարգում ընդգրկված են եղել շուրջ չորս տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ մաքսային կարգավորումներին և տեխնիկական կանոնակարգերին: Նիստի արդյունքներով հավանության է արժանացել առաջիկայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգը: