Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։
Կառավարությունից հայտնում են, որ «հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առիթով»։
«Կողմերը հատկապես նշել են նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԱՄՆ
կառավարության կարեւոր դերը խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում։
Կողմերը նշել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը։
Զրույցի ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացումը՝ որպես խաղաղության օգուտների շոշափելի դրսեւորում։ Այս համատեքստում, կողմերը նշել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաեւ տարանցիկ բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան եւ Հայաստանից դեպի այլ ուղղություններ։
Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել TRIPP երթուղու իրականացման վերաբերյալ՝ համաձայն Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների։
Կողմերն ընդգծել են խաղաղության գործընթացի առաջմղման եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության, կայունության, կապակցվածության եւ տնտեսական համագործակցության ապահովման ջանքերը շարունակելու կարեւորությունը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Leave a Reply