Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է

Written by

in

«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն շարունակում է երկաթուղու կառուցումը, որը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կմիացնի, ադրբեջանական կողմի բնորոշմամբ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախագծի կարևոր ուղղություններից մեկը երկաթուղային ենթակառուցվածքի վերակառուցումն ու այն ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելն է։

Նշվում է, որ ներկայում արագացված տեմպերով շարունակվում են շինարարական աշխատանքները հայ-ադրբեջանական սահմանից Օրդուբադի ուղղությամբ՝ Զարանի և Սալամմելիքի կայարանների միջև ընկած 7 կիլոմետրանոց հատվածում։ Ընդհանուր 194 կմ երկարությամբ երկաթուղային գծի վրա նախատեսվում է վերակառուցել 10 կայարան և 3 ուղևորային հարթակ, կառուցել և վերականգնել բազմաթիվ կամուրջներ, թունելներ ու այլ ինժեներական կառույցներ։

«Նախիջևանի երկաթուղիներ»-ի փոխտնօրեն Մուսա Ալիևը հայտնել է, որ Նախիջևանում երկաթուղիների վերակառուցումը հատուկ տեղ է զբաղեցնում «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման 2023–2027 թվականների պետական ծրագրում»։ «Ներկայում ինքնավար հանրապետության տարածքում այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են արագացված տեմպերով։

Սահմանային հատվածից՝ Սալամմելիքի կայարանից մինչև Ջուղայի (Ջուլֆա) կայարան ընկած հատվածում նոր երկաթուղային գծերի նախագծման և վերակառուցման նախագծային առաջադրանքի նախապատրաստումն արդեն ավարտվել է, և սկսվել է դրա իրականացումը։ Ջուղա–Սադարակի հատվածի երկաթուղու նախագծային աշխատանքները մոտենում են ավարտին»,- ասել է պաշտոնյան։

Նա ընդգծել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում Հայաստանի հետ սահմանից դեպի Սալամմելիքի կայարան ձգվող երկաթուղու վերակառուցման ուղղությամբ։ Նշվում է, որ 7 կիլոմետրանոց հատվածում ապամոնտաժվել և դուրս են բերվել երկաթուղային գծի վերին կառուցվածքի նյութերը, շարունակվում են նոր երկաթուղային գծի տեղադրման աշխատանքները։

Նախապատրաստվել են կամուրջները, խողովակները, ջրահեռացման կառույցները, լեռնալանջերի ջրահեռացման առուներն ու կյուվետները, ամրացվել են հենապատերը։

Բացի այդ, արդեն ավելի քան 6 կիլոմետր երկարությամբ հատվածում տեղադրվել է ռելսակոճղային ցանցը և ծածկվել խճի շերտով։ Մուսա Ալիևը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում Նախիջևանի տարածքում գնացքների բնականոն և անվտանգ երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ։ «7 կիլոմետրանոց հատվածի վերակառուցման աշխատանքներն իրականացվում են բարձր մակարդակով։ Նախագծով նախատեսվածի համաձայն՝ Նախիջևանի տարածքում կապահովվի գնացքների երթևեկությունը ժամում 120 կմ արագությամբ»,- ասել է նա։

Հավելենք, որ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան Ալիևի գլխավորությամբ շարունակում է «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

© factor.am

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *