Վագներին ու Կոմիտասին «միավորող» ապագան ու ազգայինը

Written by

in

Ի՞նչ կապ կա գերմանացի հանրահռչակ կոմպոզիտոր Ռիխարդ Վագների եւ հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս Վարդապետի միջեւ, ի՞նչ պատմական նախադրյալներ ու միտումներ կային 19-20-րդ դարերում եւ ի՞նչ արձագանքներ դրանք ունեցան հիշյալ կոմպոզիտորների ստեղծագործության ծիրում․ այս հարցերի շուրջ էր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած «Ապագա մտածողը․ Վագներ-Կոմիտաս» բանախոսությունը, որը վարում էր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտակրթական բաժնի աշխատակից Սահակ Գալոյանը։

 

Երկու հսկաների զուգահեռը սկսվում է բանախոսության վերնագրից։ Սահակ Գալոյանի խոսքով՝ Ռիխարդ Վագների «Ապագայի արվեստի գործը» (գերմ.՝ Das Kunstwerk der Zukunft, 1849 թ.) հոդվածը կարդալիս կարելի է մտաբերել Կոմիտասի «Ապագայ մտածողը» ճեպանկարը։ Այն հանդիպում է Կոմիտասի՝ դաշնակահարուհի Մարգարիտ Բաբայանին ուղղված 1906 թվականի նամակի վերջում:

Կոմիտասի «Ապագայ մտածողը» ճեպանկարը Կոմիտասի «Ապագայ մտածողը» ճեպանկարը

Լուսանկարը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

«Բանախոսության վերնագրում առկա գիծը անունների մեջտեղում՝ Վագներ-Կոմիտաս, եւս կարեւոր սիմվոլ է. այն նշանակում է, որ կարող էր լինել նաեւ Կոմիտաս-Վագներ եւ անընդհատ այդպես հետ ու առաջ»,- նշում է Սահակ Գալոյանը։ 

 

Բանախոսության տրամաբանական գիծը հասկանալու համար նա առաջարկում է սկսել Կոմիտասի «Մի թռուցիկ ակնարկ հայ ժողովրդական երաժշտութեան վերայ» հոդվածից հետեւյալ մեջբերումով. 

 

«Իսկապէս ապագայ երաժշտութեան ուսումնասիրութեան հիմքը պէտք է դառնայ ժողովրդական երաժշտութիւնը (իւրաքանչիւր ազգային երաժշտութեան համար իր ժողովրդական երգը)։ Ոչ թէ գեղարուեստականը, որովհետեւ գեղարուեստականը, որովհետեւ գեղարուեստականը նախամտածուած, ծրագրուած, ծրագրուած, սրբագրած արտայայտութիւն է, իսկ ժողովրդականը բնական, րոպէական. այնպէս որ, ժողովրդականը, որովհետեւ բնական է, պարզ է, ուրեմն եւ ժողովրդական երգերի կազմութիւնը պէտք է լաւ ուսումնասիրել եւ դորայ վերայ հիմնել գեղարուեստականը. եթէ մենք կամենանք գեղարուեստականի վերայ հիմնել նոր գեղարուեստականը, այնքան բնութիւնից կը հեռանանք, իսկ եթէ ժողովրդականի վրայ հիմնենք այնքան բնութիւնից ստացածն արդիւնաւորած զարգացրած եւ գեղարուեստական հիմքերի վերայ դրած կը լինենք»։

Սահակ Գալոյանը Սահակ Գալոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սահակ Գալոյանն ընդգծում է, որ Կոմիտասի այս տողերում արդեն իսկ բացվում է պրիմորդիալության գաղափարը (լատ․՝ primordialis), այսինքն՝ նախածագ մի բանի, որը սրբագրված չէ, այլ մաքուր է, զուտ։ Վագները ապագայի ստեղծագործության ակունքները եւս տեսնում էր ժողովրդականում, եզրակացնում, որ ապագայի արվեստագետը ժողովուրդն է: 

 

1904 թվականին «Տարազ» ամսագրում հրատարակված Ռիխարդ Վագների մասին հոդվածում Կոմիտաս Վարդապետը գրել էր. «Վագները Գերմանիային ազգային երաժշտություն տվեց, իսկ օտարներին՝ դաս»: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Կոմիտաս Վարդապետը Վագների ստեղծագործությանն անդրադառնում էր ոչ միայն հրապարակային հոդվածներում, այլեւ անձնական նամակներում: 1909 թվականին Ռուբէն Ղորղանեանին ուղղված նամակում Կոմիտասը գրում էր. 

 

«Լեզուն երաժշտութեան զարկերակն է. Հայ լեզուն՝ երաժշտութիւնը ունի իր յատուկ օրէնքները: – Գերման Մոցարթն ու Վեբէր, Գերման Բեթհովենն ու Վագնէր եւ այլն, զատ-զատ թարգմաններ են հանդիսանում իրանց մայրենի լեզուի: – Որեւէ երաժշտի ստեղծագործած երաժշտական ծովի սահմաններն անգամ անկայուն են. քանի մօտենում ենք սահմանին, նույնքան հեռանում ու ընդարձակւում է նա: – Բեթհովեն, Վագնէր դեռ չենք ըմբռնել, թափանցել: – Երաժշտագէտը չպիտի յարմարուի հասարակութեան ցանկութեանը. չպիտի զոհի գեղեցիկը կեանքի պայմանների ձախողակի վիճակին: – Մեր մէջ բազմաձայն երգեցողութիւնը կաղում է շնորհիւ մեր տարրական երաժշտութեան տգիտութեանը, մեր բազմաձայնի լսողութեան զարգացած չլինելը…»: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Կոմիտաս Վարդապետի այս նամակը ընթերցելիս Սահակ Գալոյանը նշում է, որ համանման մտքեր հանդիպում են նաեւ Վագների հոդվածներում եւ ընդգծում. «Ես չեմ ասում, որ Կոմիտասը կրկնում է Վագների մտքերը, ո ՛չ, սրանք Կոմիտասի ըմբռնումներն են»: 

 

Սահակ Գալոյանի խոսքով՝ Վագների ստեղծագործական ժառանգությունը, նրա բարձրաձայնած խնդիրներն անհնար է դիտարկել առանց ազգայինի, ազգի գաղափարի ու ամենակարեւորը առասպելի ու առասպելաբանության։ Այս իմաստով հետաքրքական է հիշել Կոստան Զարյանի՝ Տիգրան Մանսուրյանին պատմած հետեւյալ դրվագը Կոմիտասի մասին. 

 

«Պոլսում ես ու Վարուժանը Կոմիտասի հետ բանավեճ ունեցանք. ես ու Վարուժանը այն համոզմունքն ունեինք, որ ապագայի հայ երաժշտական արվեստը հիմնվելու է հայկական մշակույթի վրա, իսկ Կոմիտասը համոզված էր, որ մեր երաժշտությունը զարգանալու է բանահյուսության հիմքի վրա»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Սահակ Գալոյանը մի հետաքրքիր զուգահեռ էլ է առանձնացնում Կոմիտասի եւ Վագների ստեղծագործական մոտեցումներում: Երբ Վագները գրում է գերմանական էպոսի եւ իսլանդական սագաների վրա հիմնված «Նիբելունգի մատանին» չորս էպիկական օպերաներից բաղկացած շարքը, դրա սյուժեում որոշակի փոփոխություններ է անում անուններում, հերոսների որոշ գործառույթներում: Կոմիտասի՝ Իշխանուհի Մարիամ Թումանյանին ուղղված նամակում կարդում ենք, որ վերջինիս կողմից Հովհաննես Թումանյանի «Անուշ»-ի հիմքով օպերա գրելու առաջարկին ուրախությամբ պատասխանելով՝ Կոմիտասը որոշակի առաջարկներ էր թվարկում՝ ինչ արժե, որ բանաստեղծը փոխի: 

 

«Վագները կարեւորում էր ստեղծագործության հիմքում ունենալ էպոսը, որպեսզի լինի այդ մաքրությունը, հնարավորինս քիչ լինի խմբագրական միջամտությունը: Նա ասում էր, որ երբ մենք հիմա Հոմերոս ենք կարդում, դա հենց Հոմերոսը չէ, այլ մեկի խմբագրած Հոմերոսն է: Նա մի զուտ բան էր ուզում, Հեգելի մոտ դա եւս կա: Մանուկ Ամբեղյանի հիշողություններից էլ տեղեկանում ենք, որ Կոմիտասը երազում էր օպերա գրել եւ դրա համար նյութ էր դիտարկում «Սասնա Ծռեր» էպոսը»,- նշում է բանախոսը: 

 

«Ապագայի արվեստի գործը» հոդվածում Վագներն առաջին անգամ ներկայացրել է իր համապարփակ արվեստի գործի գաղափարը, որով նա ձգտում էր սինթեզել բանաստեղծական, տեսողական, երաժշտական եւ դրամատիկական արվեստները: Վագների այս հայեցակարգը ներկայացնելիս բանախոսը կարդում է պարարվեստի մասին երկու հատված՝ սկզբում Վագներից, հետո Կոմիտասից: 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երաժշտական եւ բանաստեղծական արվեստները նախ հասկանալի են դառնում պարի՝ միմետիկ արվեստի մեջ ամբողջական, արվեստն ընկալող մարդու համար, այսինքն՝ նրա համար, ով ոչ միայն լսում է, այլեւ տեսնում»:

 

Ռ. Վագներ, «Ապագայի արվեստի գործը»

 

«Պարն ամենահիմնական նշանակությունն ունեցող երեւույթ մըն է. ամեն գեղարվեստ պարի մեջ կպարտակվի։ Իբրեւ շարժում՝ պարը շատ կարեւոր դեր ունի ապագա դպրոցական կյանքի գեղարվեստական շարժումի մեջ, վասնզի պետք է գիտենալ, թե ամեն գեղարվեստ, ինչպես երաժշտություն, քանդակագործություն, ճարտարապետություն եւ այլն, շարժում է: Ամեն կյանքի մեջ պար կա։ Արդեն ամբողջ տիեզերքի կյանքը պար չէ՞»։ 

 

Կոմիտաս, «Պարն ու մանուկը»

 

Բանախոսության ընթացքում մի շարք ոլորտներում զուգահեռներ դիտարկելուց հետո Սահակ Գալոյանն անդրադառնում է նաեւ բնության հետ կապի խորն ընկալումներին՝ նշելով, որ 16-17-րդ դարերում գերմանացի մտածողները սկսել էին քննել աշխարհագրական տեղանքի եւ այդտեղ ձեւավորված բնակչության փոխկապակցվածությունն ու այդ փոխկապակցվածության ծնունդ դարձող արվեստը: Վագներն իր «Կլիմա եւ արվեստ» (գերմ.՝ Kunst und Klima, 1850 թ.) հոդվածում եւս անդրադառնում է այս թեմային: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Հատկանշական են նաեւ Հեգելի մտորումները հողի եւ դրան սերտորեն կապված ժողովուրդների բնավորության մասին: 

 

«Հեգելնը նշում էր, որ թեեւ հունական մեղմ երկինքն, անշուշտ, մեծապես նպաստել է հոմերոսյան պոեմների հմայքին, սակայն այն միայնակ ոչ մի Հոմերոս չէր կարող ծնել, եւ իրականում այն չի էլ շարունակում ծնել նրանց. «Թուրքական կառավարության օրոք ոչ մի պոետ չի ծնվել»՝ ասում էր նա, նկատի ունենալով հունական հողի թուրքական օկուպացիան»,- նշում է Սահակ Գալոյանը: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Բանախոսն իր ելույթն ավարտում է հայրենի բնության հետ կապի մասին Կոմիտասի մեջբերումով.

 

«Ի՞նչ է ազգային երաժշտությունը, ի՞նչն է նյութ տալիս ազգային ժողովրդական երգերին: Արդյո՞ք նրա հպարտ լեռները, խոր ձորերը, դաշտերը, բազմազան կլիման, պատմական հազար ու մի դեպքերն ու անցքերը, ժողովրդի ներքին ու արտաքին կյանքը. այո’ այս բոլորը, բոլորը նյութ են կազմում ազգային երաժշտության, մի խոսքով՝ այն ամենը, ինչ ազդում է այդ ազգի զգայարանքների եւ մտքի վրա»: 

 

Գրի է առել Գայանե Ենոքյանը

 

Լուսանկարները՝ հեղինակի

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *