Ներկայացնում ենք Turkiye Today պարբերականում հրապարակված A broken bridge, a rose ban, and slow thaw of Armenia-Türkiye normalization հոդվածի թարգմանությունը (կրճատումներով):
Յաղըզ Էֆե Պարմաքսըզ
Մայիսի սկզբին այցելել էի Երեւան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, երբ դրա շրջանակում հայտարարվեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը եւ դեսպան Սերդար Քըլըչը ստորագրել են Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ արձանագրությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի ընթացքում արված գրառման մեջ այն բնութագրեց որպես Թուրքիայի փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազի հետ ունեցած «արդյունավետ փոխանակման» ողջունելի արդյունք:
Իր հերթին Յըլմազն ասաց, որ կամրջի վերականգնումը կնպաստի տարածաշրջանում «խաղաղության եւ անվտանգության համար ամուր միջավայրի» ստեղծմանը:
Այդ նորությունն իմ նոթատետրում ընդամենը մի պարբերություն էր եւ խորհրդակցությունների սենյակում փաստաթուղթ ստորագրող երկու պաշտոնյաների լուսանկար: Երեք ամիս անց՝ հուլիսի վերջին, ես վերջապես կանգնած էի այդ վայրում՝ Անիի մոտ, Ախուրյանի կիրճի եզրին, եւ ուղիղ նայում էի այն կամրջին, որի վերականգնումը նախատեսվում է այդ արձանագրությամբ:
Կամրջի երկու աշտարակները մինչ օրս կանգնած են միմյանց դեմ՝ գետի հակառակ ափերին, մեկը Թուրքիայի, մյուսը՝ Հայաստանի տարածքում, եւ նրանց միջեւ միայն գետն է ու բաց երկինքը։ Տարօրինակ զգացողություն է տեսնել, թե ինչպես է դիվանագիտական մի վերացական գաղափար վերածվում իրական քարակերտ կառույցի, որի վրա կարող ես ուղղել տեսախցիկդ:
Ի՞նչ կպահանջվի կամուրջը վերականգնելու համար
Հետազոտող Վեդաթ Աքքայոզին, որը տարիներ շարունակ զբաղվել է Անիի փաստագրմամբ, հարցրեցի. հնարավո՞ր է կամուրջը վերականգնել՝ հավատարիմ մնալով իր սկզբնական տեսքին, թե այս փուլում «բնօրինակ ճարտարապետության» վերականգնումը մեծապես հիմնված է ենթադրությունների վրա։
Նրա պատասխանն ավելի վստահ էր, քան սպասում էի: Նա պատմեց, որ դեռեւս կամրջի փլուզումից շատ առաջ ֆրանսիացի գիտնականները պատրաստել էին կամրջի եւ դրա որմնանկարների մանրամասն գծանկարներ ու փորագրանկարներ, իսկ այդ արխիվը բավականաչափ ճշգրիտ է վերականգնումն իրականացնելու համար։
Այդ նյութերի եւ իր սեփական հետազոտությունների հիման վրա Աքքայոզը նկարագրեց մի կառույց, որը շատ ավելի բարդ էր, քան պարզապես գետանցը։ Դա երկհարկանի կամուրջ էր կամարակապ հենակառույցով, որի վրա հարթակ կար։ Կամրջի երկու ծայրերում տեղակայված էին մաքսատներ, իսկ Կույսերի վանքի կողքով վեր բարձրացող ծածկված անցուղին հնարավորություն էր տալիս, որ ձիերն ու սայլերը տարվա բոլոր եղանակներին անարգել երթեւեկեն։
Այդ կամրջով անցնում էին Չինաստանից, Հնդկաստանից, Իրանից եւ Հայաստանից ժամանող ուղտերի քարավանները՝ միանալով առեւտրային ճանապարհներին, որոնք ձգվում էին դեպի Տրապիզոն եւ այնտեղից՝ միջազգային շուկաներ։ Կամրջով անցումը պաշտոնապես կարգավորվեց եւ ապահովվեց Բագրատունիների օրոք՝ մոտ 1204 թվականին, ինչը Աքքայոզը համարում է կամրջի զարգացման գագաթնակետը։ Դրանից հետո Անին այլեւս չվերականգնեց իր նախկին փառքը՝ նույնիսկ նույն դարում՝ Պոնտոսի հույների իշխանության օրոք տեղի ունեցած կարճատեւ, երկրորդ ծաղկման շրջանում։
Կամուրջը կառուցվել է 10-րդ դարում, եւ դարեր շարունակ կանգուն է մնացել մինչեւ ռուսական իշխանությունները 1877–1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո, ամրապնդելով տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությունը, քանդեցին այն։
Աքքայոզի համար այս պահը նաեւ անձնական նշանակություն ունի։ Նա պատմեց, որ կամրջի վերականգնման գաղափարն առաջին անգամ առաջ է քաշել դեռեւս 2008 թվականին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում, ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի ընթացքում, որի շրջանակում թուրք լրագրողների փոքր պատվիրակություն էր այցելել Երեւան։ «Ինչքա՜ն բախտավոր կլինեմ, եթե դա հիմա իրականություն դառնա», – ասաց նա՝ հավելելով, որ կցանկանար մասնակցել աշխատանքներին։
Լուսանկարը` Bryan Keith
Սակայն, ըստ նրա, սա այլեւս միայն մշակութային ժառանգության պահպանման հարց չէ։ Ախուրյան գետը տարիներ շարունակ քայքայում է կամրջի հիմքերը, եւ եթե վերականգնման աշխատանքները արագ չմեկնարկեն, առաջիկա մի քանի տարիների ընթացքում կառույցը կարող է ավելի շատ փլուզվել։
Անիի նոր բացահայտումները
Մի կողմ թողնենք վերականգնման մասին քննարկումները։ Անիում մինչ օրս նոր բացահայտումներ են արվում: Վերջին պեղումների ընթացքում Կաֆկաս համալսարանի գիտական ղեկավարությամբ եւ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության կողմից համակարգվող հնագիտական խմբերը Անիի հին շուկայի տարածքում հայտնաբերել են սելջուկյան դարաշրջանի պահեստ՝ 5 խոշոր կավե սափորներով։ Դրանցից յուրաքանչյուրն ավելի քան մեկ մետր բարձրություն ունի, մոտ 50 սանտիմետր տրամագծով բերան, եւ զարդարված է այդ ժամանակաշրջանին բնորոշ ապլիկացիոն նախշերով։
Լուսանկարը` Albrecht Schumann
Պեղումների ղեկավար Մուհամմեթ Արսլանը նշել է, որ սափորները, ամենայն հավանականությամբ, օգտագործվել են լոբազգիներ եւ այլ չոր մթերքներ պահելու համար։ Նրա խոսքով՝ պեղումների այս փուլի ընթացքում 100 հնագետներից, արվեստաբաններից, ճարտարապետներից եւ վերականգնողներից կազմված թիմը միաժամանակ աշխատում է հնավայրի վեց տարբեր հատվածներում, այդ թվում՝ սելջուկյան ժամանակաշրջանի բնակավայրում, գերեզմանատանը եւ Բեզիրհանեում (կտավատի յուղի արտադրման պատմական արտադրամաս)։ Պեղումները կտեւեն մինչեւ դեկտեմբերի 31-ը, եւ Արսլանը ակնկալում է, որ նոր գտածոներ կհայտնաբերվեն։
Կարո՞ղ է Թուրքիան փրկել Ռուսաստանի կողմից ոչնչացման դատապարտված հայկական ծաղիկները
Կամուրջը խորհրդանշական պատմություն է, սակայն ավելի ուղիղ տնտեսական դրսեւորումը, որքան էլ տարօրինակ հնչի, կարող է կապված լինել ծաղիկների հետ։
Ռուսաստանը, որը գնում էր Հայաստանի վարդերի բերքի շուրջ 90%-ը (2025 թվականին՝ մոտ 100 միլիոն ցողուն), հունիսին կտրուկ արգելեց հայկական ծաղիկների ներմուծումը՝ պատճառաբանելով դա բուսասանիտարական մտահոգություններով։ Financial Times պարբերականի փոխանցմամբ՝ հայ պաշտոնյաներն ու վերլուծաբանները այս քայլը որակեցին որպես քաղաքական ճնշում՝ կապված երկրի խորհրդարանական ընտրությունների հետ։
Դրան հաջորդեցին հայկական հանքային ջրի, գինու, կոնյակի, մրգերի եւ ձկնեղենի ներմուծման արգելքները։ Արդյունքում Երեւանի ջերմոցային տնտեսությունների սեփականատերերը մնացին մեծածավալ չիրացված արտադրանքով, իսկ Բրյուսելը հանդես եկավ արտակարգ աջակցության միջոցառումներով՝ խոստանալով հատկացնել ավելի քան 50 միլիոն եվրո եւ գնել այն հազարավոր ցողունները, որոնք պետք է արտահանվեին Ռուսաստան։
Այդ ժամանակվանից ի վեր Եվրահանձնաժողովը մշակում է ավելի երկարաժամկետ առեւտրային միջոցառումներ՝ հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մաքսատուրքերը նվազեցնելու համար։ Միեւնույն ժամանակ, ԵՄ պաշտոնյաները զգուշացնում են, որ աջակցությունը կլինի մասնակի՝ քանի որ Ռուսաստանը շարունակում է գերիշխող դիրք զբաղեցնել Հայաստանի հետ առեւտրում։
Ահա այստեղ էլ շատ անսպասելիորեն ասպարեզ է մտնում Կարսը։ Երբ հարցազրույցի ժամանակ Կարսի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Քադիր Բոզանին հարցրի ծաղիկների առեւտրի մասին, նա հաստատեց, որ հունիսի 2-ին Կարսում անցկացված Թուրքիա-Հայաստան գործարար համաժողովին մասնակցել էր Թուրքիայի խոշորագույն ծաղիկ արտահանող ընկերությունը, որի ներկայացուցիչները հանդիպել էին հայ արտադրողների հետ եւ իրենց հետ ծաղիկների նմուշներ վերցրել։
Բոզանի խոսքով՝ բանակցությունները շարունակվում են։ Կարսում նույնպես կան փոքր ծաղիկ արտադրողներ, եւ նա կարծում է, որ եթե հնարավոր լինի լուծել լոգիստիկ խնդիրները, տարածաշրջանը կկարողանա ընդունել այն վարդերի զգալի մասը, որոնք պետք է արտահանվեին Ռուսաստան։
Սակայն այդ «եթե»-ն այստեղ շատ կարեւոր է։ Բոզանը զգուշավոր էր իր դիտարկումների մեջ՝ նշելով, որ ծաղիկների պահպանման ժամկետը կտրելու եւ առաքելու միջեւ շատ կարճ է, եւ մաքսային անցակետում նույնիսկ մեկ օրվա ուշացումը բավական է, որպեսզի ապրանքը փչանա։
Նա ընդգծեց, որ առանց պահեստավորման եւ փոխադրման հստակ ընթացակարգերի առեւտրի շտապ մեկնարկը ավելի շատ վնաս կտա, քան օգուտ։ Բոզանի խոսքով՝ նա պարբերաբար կապի մեջ է Թուրքիայի ԱԳՆ Կովկասի գծով փոխտնօրեն Այսե Ուզերի եւ հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Այնպիսի հիմնարար հարցեր, ինչպիսիք են երթուղիները, որոնցով պետք է երթեւեկեն հայկական բեռնատարները, եւ սակագները, դեռեւս մշակման փուլում են եւ վերջնական լուծում չեն ստացել։
Սա նույն օրինաչափության փոքր, անհրապույր դրսեւորումն է, որը տեսնում ենք նաեւ Անիի կամրջի դեպքում, սակայն ավելի մեծ ծավալով. Ռուսաստանի ճնշումը ստեղծում է նոր հնարավորություն, Թուրքիան՝ որպես հարեւան, կարող է մասամբ լրացնել առաջացած բացը, իսկ այդ հնարավորության եւ սահմանը հատող իրական բեռնափոխադրումների միջեւ կան բազմաթիվ, առօրյա տեխնիկական հարցեր։
Երկու պայման եւ նախազգուշացում
Քննարկման ժամանակ ոչ բոլորն էին լավատեսորեն տրամադրված։ Մեր հարցազրույցի ընթացքում տեղացի թուրք լրագրողը, որը բազմիցս աշխատանքային այցերով եղել է Հայաստանում, բարձրացրեց լոգիստիկայից ավելի զգայուն մի հարց։
Նա նկարագրեց այն լուռ անհանգստությունը, որն առաջանում է անձնագրում «սխալ» կնիքով սահմանը հատելիս. Հայաստանի մուտքի կնիքը կարող է բարդացնել հետագա ճանապարհորդությունը Ադրբեջան, եւ հակառակը։ Երկու երկրների սահմանապահներն էլ կարող են կասկածանքով վերաբերվել մյուս երկիր այցելությանը։
Նա նաեւ անդրադարձավ սահմանի վրա դեռ պահպանվող ռուսական ներկայությանը՝ նշելով, որ Թուրքիա-Հայաստան սահմանը տարիներ շարունակ հսկվել է ռուս սահմանապահների կողմից։
Լուսանկարը` Velin Belev
Այնուհետեւ նա պատմեց ավելի անձնական մի դեպք։ Հայաստան նախորդ այցի ժամանակ, երբ ճանապարհորդում էր թուրքական համարանիշներով մեքենայով, Գյումրիում բնակվող ընկերոջ հայրը նախապես զանգահարել էր եւ խորհուրդ տվել մեքենան թողնել սահմանին՝ ասելով, որ իր որդուն կուղարկի, որպեսզի նա իրենց Հայաստան տեղափոխի իր մեքենայով։
Ինչպես պատմեց տեղացի լրագրողը, պատճառը պարզ էր. Ղարաբաղյան պատերազմում զոհված հայ զինվորների հարազատները դեռեւս ապրում էին մոտակայքում, եւ թուրքական համարանիշներով մեքենայի կողքին թուրքերեն խոսք լսելը կարող էր այնպիսի արձագանք առաջացնել, որին ոչ ոք չէր ցանկանա առերեսվել։ «Ես հանգիստ չէի լինի», – ասել էր ընկերոջ հայրը։
Բոզանը չխուսափեց այդ թեմայից։ Նա ընդունեց, որ անցյալում եղել են ցավալի իրադարձություններ, եւ սովորական մարդկանց վերաբերմունքը միմյանց նկատմամբ մեկ օրում չի փոխվելու։ Դրա համար ժամանակ է պետք, եւ այդ գործընթացում իրենց ներդրումը պետք է ունենան ոչ միայն երկու երկրների կառավարությունները, այլեւ հասարակությունները։
Սակայն, ինչպես մեր զրույցի ընթացքում հաճախ էր անում, Բոզանը վերադարձավ կոնկրետ, կարճաժամկետ հարցերին։ Հարցին, թե ինչպիսին կարող է լինել Հայաստան կատարվող պատասխան այցը, նա հաստատեց, որ 2026թ. սեպտեմբերին Կարսի գործարարները կժամանեն Երեւան, որտեղ անցկացվելու է Կարսում հունիսին կազմակերպված համաժողովի ձեւաչափով ֆորում։ Նա նաեւ նշեց, որ այդ այցի համար նա երկու պայման է առաջ քաշել, որոնք, իր խոսքով, արդեն փոխանցել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը։
Առաջինը՝ մասնակիցների թվի որեւէ սահմանափակում չպետք է լինի. Կարսից բոլոր ցանկացողները պետք է հնարավորություն ունենա մասնակցել համաժողովին։
Երկրորդ, ավելի սկզբունքային պայմանն այն է, որ պատվիրակությունը սահմանը պետք է հատի Կարսի մերձակայքում գտնվող Դողուկապի-Ախուրիկ սահմանային անցակետով, այլ ոչ թե Իգդիրում գտնվող Ալիջան-Մարգարա անցակետով, որով մինչ այժմ իրականացվել է դիվանագիտական երթեւեկության մեծ մասը։
Սա միտումնավոր խորհրդանշական ընտրություն է. Բոզանը ցանկանում է, որ ուշադրությունը, իսկ հետագայում նաեւ երթեւեկությունը, կենտրոնանան այն անցակետի վրա, որն ամենամոտն է Կարսին եւ Անիին։
Նայելով ներքեւ՝ դեպի կիրճը
Կիրճի եզրին կանգնած՝ տեսնում ես, որ Անիի կամրջի երկու աշտարակները դեռեւս միմյանցից ավելի հեռու են, քան եղել է դրանց միջեւ ձգվող կամրջի հարթակը։ Կհաջողվի՞ արդյոք փակել այդ բացը այն ժամկետներում, որոնց մասին այստեղ խոսում են, դեռեւս բաց հարց է։ Աքչայոզի՝ կամրջի քայքայվող հիմքերի մասին նախազգուշացումները շարունակում են անպատասխան մնալ, իսկ կամրջին ամենամոտ սահմանային անցակետերը փակ են մնում՝ սպասելով քաղաքական որոշմանը։
Սակայն այն պահից, երբ մայիսին Երեւանում այդ արձանագրության ստորագրման ականատեսը դարձա, ինչ-որ բան փոխվել է։
Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Leave a Reply