Փաշինյան. «ԵԱՏՄ եւ ԵՄ միջեւ ընտրություն կատարելու հանրաքվեն անհնար է»

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ մենք «հասկանում ենք Եվրասիական տնտեսական միությանը եւ Եվրոպական միությանը միաժամանակյա անդամակցության անհնարինությունը»։

Ելույթ ունենալով Այսօր Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

 

«Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունման բուն փաստը չի նշանակում, թե Հայաստանն այսօր հնարավորություն ունի դառնալու ԵՄ անդամ։

 

Երբ հեռանկարում Հայաստանը որակապես պատրաստ լինի ԵՄ-ին անդամակցությանը, դա նույնպես չի նշանակում, թե մեր երկիրն ավտոմատ կերպով կդառնա ԵՄ անդամ։ Դրա համար անհրաժեշտ կլինի ԵՄ անդամ երկրների համաձայնությունը եւ Հայաստանի քաղաքացիների հավանությունը։

 

Մյուս կողմից, ակնհայտ է, որ անհնար է այս հարցը հանձնել Հայաստանի քաղաքացիների դատին՝ առանց նախնական ինստիտուցիոնալ նախապատրաստական աշխատանքի։ Եվ անգամ դրանից հետո անհրաժեշտ կլինի պաշտոնական հայտով դիմել ԵՄ-ին՝ անդամակցության համար, իսկ դրանից հետո՝ ստանալ թեկնածու երկրի կարգավիճակ»։

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հայաստանի եւ Եվրամիության ընթացիկ հարաբերություններում չկան իրավական, տնտեսական կամ քաղաքական պարտավորություններ, որոնք կհակասեն Եվրասիական տնտեսական միությունում մեր պարտավորվածություններին»:

 

«ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ ընտրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելն անհնար է: 

Առանց թվարկված փուլերի առնվազն մեծ մասն անցնելու՝ հանրաքվեի անցկացումը կլինի անբովանդակ եւ կնշանակի, որ մենք ակնկալում ենք քաղաքացիներից մի հարցի պատասխան, որն այս պահին գոյություն չունի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Հայաստանի վարչապետը հայտարարել է նաեւ.

 

«Մի շարք ուղղություններով ԵԱՏՄ սահմանված ռազմավարական նպատակները լիարժեքորեն չեն իրագործվել։ Սա նշանակում է, որ այսօր մենք պետք է կենտրոնանանք ոչ միայն նոր նախաձեռնությունների քննարկման, այլեւ արդեն ընդունված որոշումների գործնական իրականացման, համաձայնեցման ընթացակարգերի արագացման եւ ԵԱՏՄ ինստիտուտների աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *