Երեւան: Մեդիամաքս: Ավարտվել են Սյունիքի մարզի Հին Խնձորեսկ պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվող «Հողի արձագանքներ» ծրագրի աշխատանքները։
Ծրագիրը մեկնարկել էր 2025 թվականին «Փրկենք հայկական հուշարձանները» (Save Armenian Monuments) կազմակերպության նախաձեռնությամբ՝ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի եւ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ։
Լուսանկարը` Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ
«Այս ծրագիրը կարեւոր քայլ էր Սյունիքի ամենանշանակալի պատմամշակութային վայրերից մեկի պահպանման, վերարժեւորման եւ հանրահռչակման ճանապարհին։
Լուսանկարը` Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ
Վստահ ենք, որ իրականացված աշխատանքները կնպաստեն ոչ միայն պատմամշակութային ժառանգության պահպանությանը, այլեւ համայնքում կայուն զբոսաշրջության զարգացմանը»,– նշել է «Հողի արձագանքներ» ծրագրի համակարգող Գայանե Բուդաղյանը։
Լուսանկարը` Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ
Ծրագրի շրջանակում, մասնավորապես, քարե եւ փայտե աստիճաններ են կառուցվել Հին եւ Նոր Խնձորեսկը կապող դժվարանցանելի հատվածներում, գծանշվել եւ կահավորվել են քայլարշավային արահետները (ընդհանուր երկարությունը՝ 5,4 կմ)։
«Համոզված ենք, որ Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանումը պետք է ուղեկցվի դրա հասանելիության ընդլայնմամբ։ Մշակութային եւ քայլարշավային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները համահունչ են մեր երկարաժամկետ հանձնառությանը՝ նպաստելու մարզերի զարգացմանը, կայուն զբոսաշրջությանը եւ Հայաստանի մարզերի հարուստ պատմությունն ու բնությունը մարդկանց համար առավել հասանելի դարձնելուն», – ասել է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։
Լուսանկարը` Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ
Արահետի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են «Արահետներ հանուն փոփոխության» (Trails for Change) հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։
Լուսանկարը` Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ
«Հայաստանի զբոսաշրջային քարտեզը համալրվեց եւս մեկ բարեկարգ եւ անվտանգ քայլարշավային արահետով, որը հնարավորություն է տալիս բացահայտելու Հին Խնձորեսկի հարուստ պատմամշակութային ժառանգությունը։ Վստահ ենք, որ այն կնպաստի ինչպես զբոսաշրջիկների թվի աճին, այնպես էլ մարզի տնտեսական ակտիվության խթանմանը», – նշել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Հուսիկ Սարգսյանը։
Աշխատանքների ավարտին բարեկարգված տարածքները հանձնվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությանը։
Leave a Reply