Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Meta ընկերության նախկին թոփ-մենեջեր Քելի Սթոունլեյքի հոդվածի թարգմանությունը։
Քելի Սթոունլեյք
Երբ 2009 թվականին աշխատանքի անցա Facebook-ում, հավատում էի այն առաքելությանը, որը հռչակում էր ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ միավորել եւ զորացնել մարդկանց ամբողջ աշխարհում։ Ինչով դա ավարտվեց, բոլորս գիտենք։ Meta-ն՝ Facebook-ի, Instagram-ի եւ WhatsApp-ի մայր ընկերությունը, կենտրոնացած է օգտատերերի առավելագույն ներգրավվածության վրա, ինչը հանգեցրել է կախվածության ձեւավորման, թշնամանքի հրահրման, ապատեղեկատվության տարածման եւ հասարակության բեւեռացման։
Ես Facebook-ում աշխատեցի 15 տարի՝ նախքան հանդես եկա բացահայտումներով։ Ներկա էի ժողովների, որտեղ խելացի մարդիկ մշակում եւ առաջ էին մղում «կպչուն օգտագործումը» խթանող դիզայներական գործառույթներ՝ անվերջ սքրոլինգ, ավտոցուցադրություն, ալգորիթմիկ լրահոսեր։ Այս որոշումները կայացվում էին մեկ նպատակով՝ առավելագույնի հասցնել շահույթը։
Լուսանկարը` REUTERS
Բարեբախտաբար, աշխարհը սկսում է գիտակցել այն վնասը, որ հասցնում են սոցիալական ցանցերը, հատկապես՝ երիտասարդներին։ Հուլիսի սկզբին անկախ մարմինը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին զեկույց ներկայացրեց այն մասին, թե ինչպես Եվրոպական միությունը կարող է ապահովել երեխաների անվտանգությունն համացանցում։
ԵՄ-ի մի շարք երկրներ ծրագրում են համատարած տարիքային արգելք սահմանել, սակայն զեկույցն առաջարկում է արգելքի թիրախում դնել տոքսիկ գործառույթները։ Եթե կառավարություններն իսկապես ցանկանում են պաշտպանել երեխաներին, ապա պետք է սոցիալական ցանցերին պարտադրեն ապացուցել իրենց անվտանգությունը՝ ինչպես պահանջում են սննդամթերքի եւ ավտոմեքենաների արտադրողներից։
Համատարած արգելքի մոտեցումն ելնում է այն կանխավարկածից, թե կախվածություն առաջացնող սոցիալական ցանցերն անխուսափելի են։ Բայց դա այդպես չէ։ Դրանք կորպորատիվ բազմամյա լոբբինգի եւ ոլորտը կարգավորելու հարցում կառավարությունների չկամության արդյունքն են։ Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն, որ նման մոտեցումն անարդյունավետ է։ Ավստրալիան աշխարհում առաջինն օրենսդրորեն սահմանափակեց անչափահասների մուտքը սոցցանցեր՝ անցյալ տարվա դեկտեմբերին արգելելով մինչեւ 16 տարեկան օգտատերերին օգտահաշիվներ գրանցել։ Ս.թ. մարտին Էլեկտրոնային անվտանգության հանձնակատարի զեկույցը բացահայտեց իրավակիրառման լուրջ բացթողումներ՝ ապրիլին 12-15 տարեկան դեռահասների ավելի քան կեսը գործող օգտհաշիվներ ուներ։
Լուսանկարը` REUTERS
Արդյունքում Ավստրալիան նույնպես ձեռնամուխ եղավ տոքսիկ գործառույթների դեմ պայքարին, որոնց վնասը երեխաների առողջությանն ու բարեկեցությանն ապացուցված է։ Նմանատիպ ճանապարհով են գնում Կանադան, Իսպանիան, Բրազիլիան եւ Գերմանիան՝ գիտակցելով, որ հարթակների անվտանգության պատասխանատվությունը պետք է կրեն հենց իրենք՝ տեխնոլոգիական ընկերությունները։
Կառավարությունները պետք է ուշադրություն դարձնեն այն գործառույթների արգելման վրա, որոնք ի սկզբանե դրված են հարթակների դիզայնի հիմքում եւ վնաս են հասցնում երեխաներին։
Քննարկումը տեղափոխվում է նաեւ դատարանների դահլիճներ։ Փետրվարին Եվրոպական հանձնաժողովը նախազգուշացրեց TikTok-ին. ընկերությունը պետք է փոխի կախվածություն առաջացնող դիզայնը, կամ շրջանառության մինչեւ 6%-ի չափով տուգանքներ կվճարի։ ԱՄՆ-ում չորս նահանգ Meta-ից պահանջում են ընդհանուր առմամբ 1,4 տրիլիոն դոլար։
Մեկ այլ բարեփոխումը, որի համար արժե պայքարել, վերաբերում է հարթակների փոխգործելիությանը։ Եթե հարթակները տվյալներ փոխանակեն, օգտատերերը կկարողանան անցնել ավելի անվտանգ այլընտրանքների՝ առանց կորցնելու իրենց կոնտակտային ցանցը։ Արդյունքում մարդիկ չեն հայտնվի թակարդում, եթե հարթակը, օրինակ, գնի ծայրահեղ աջ հայացքներ ունեցող միլիարդատեր եւ այն էքստրեմիզմի օջախի կվերածի։
Լուսանկարը` Jennifer Daniel
Ի վերջո, բոլոր բարեփոխումները կախված են իրավակիրառման արդյունավետ մեխանիզմներից։ Կառավարությունները փորձում էին կարգավորել սոցիալական ցանցերի հարթակները կամավոր պարտավորությունների եւ ավստրալիականի նման օրենքների միջոցով, որոնք խախտումների համար տուգանքներ են նախատեսում։ Սակայն աշխարհի ամենաշահութաբեր ընկերությունները կարող են պարզապես դուրս գրել դրանք որպես բիզնես վարելու ծախսեր։ Հետեւանքները պետք է լինեն այնքան ծանրակշիռ, որ անհնար լինի դրանք նախապես ներառել բյուջեում։
Եթե սոցցանցերը զրկվեն անվերջ սքրոլինգի, ներգրավվածության համար օպտիմալացված կարգավորումների եւ անդադար push-ծանուցումների գործառույթներից, զգալիորեն ավելի անվտանգ կդառնան երիտասարդների համար։ Իսկ տարիքային արգելքը, հակառակը, հարթակը թողնում է անփոփոխ՝ ընդամենը հետաձգելով դրա վնասակար ազդեցության մեկնարկը։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2026.
Leave a Reply