Ներկայացնում ենք քաղաքագետ Արման Գրիգորյանի՝ CASPIA վերլուծական կենտրոնին տված հարցազրույցի թարգմանությունը (կրճատումներով):
– Վերջին հինգ տարվա ընթացքում Հարավային Կովկասը փոխվել է ավելի, քան նախորդ երեսուն տարիների ընթացքում։ Ինչպե՞ս կբնութագրեք տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետությունը։
– Որպես անցումային, թեեւ այս պնդման հետ կարելի է նաեւ վիճել։ Մինչեւ 2022 թվականին Ուկրաինայում հակամարտության սրումը՝ Ռուսաստանը տարածաշրջանում ուներ եթե ոչ ռազմավարական մենաշնորհ, ապա՝ ռազմավարական առաջատարություն։ Արեւմուտքն ու Թուրքիան, անշուշտ, ներկա էին Հարավային Կովկասում եւ մրցակցում էին Ռուսաստանի հետ ազդեցության համար, սակայն գերիշխող ուժը հենց Ռուսաստանն էր։
2022 թվականից հետո այդ ստատուս քվոն էապես ապակայունացավ երկու փոխկապակցված գործոնների ազդեցության հետեւանքով։ Նախ՝ Ռուսաստանը ներքաշվեց ձգձգվող եւ ծախսատար հակամարտության մեջ, ինչը ստիպեց նրան հիմնական ռեսուրսներն ու քաղաքական ուշադրությունը կենտրոնացնել հենց այնտեղ։ Երկրորդը՝ եթե մինչեւ Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները կարելի էր բնութագրել որպես կոնֆլիկտային եւ մրցակցային, ապա 2022 թվականից հետո դրանք փաստացի վերաճեցին առճակատման «զրոյական գումարով խաղի» սկզբունքով։
Մենք դեռեւս գտնվում ենք այդ առճակատման էպիկենտրոնում եւ չգիտենք, թե ինչով այն կավարտվի։ Մինչ այդ վաղաժամ է խոսել անվտանգության ձեւավորված ճարտարապետության մասին: Առայժմ կարելի է փաստել միայն այն, որ նախկին ստատուս քվոն փլուզված է, իսկ նոր կարգը դեռ չի ձեւավորվել։ Պետք է նաեւ հաշվի առնել, որ Մերձավոր Արեւելքում ընթացող պատերազմը զգալի ազդեցություն կունենա Հարավային Կովկասում անվտանգության նոր ճարտարապետության ձեւավորման վրա՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի դրա ելքը։
– Ինչպե՞ս է այսօր հայկական փորձագիտական հանրությունն ընկալում Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած «Իրական Հայաստան» հայեցակարգը։ Կարծու՞մ եք, որ հայ հասարակությունը հոգեբանորեն արդեն պատրաստ է վերջնականապես փակել Ղարաբաղի հարցը։
– Մեկ բան կարելի է հստակ ասել՝ առաջատար քաղաքական կուսակցություններից եւ ոչ մեկը վերջին ընտրություններում ռեւանշիստական օրակարգով հանդես չեկավ։ Հավանաբար, հենց դա էլ արտացոլում է երկրում գերիշխող հասարակական տրամադրությունները։
– Ինչու՞, չնայած Ղարաբաղում կրած պարտությանն ու բազմաթիվ ներքին ճգնաժամերին, Փաշինյանին նորից հաջողվեց պահպանել հասարակության զգալի մասի վստահությունը։
– Պատասխանը բավականին պարզ է։ Հայաստանի քաղաքականության մեջ գլխավոր պառակտումն անցնում է «նախկինների» եւ «ներկաների» միջեւ։ Հայ հասարակության զգալի մասը այնքան է վախենում նախկին էլիտաների վերադարձից, որ շարունակում է քվեարկել Փաշինյանի օգտին՝ չնայած Ղարաբաղում կրած պարտությանն ու նրա կառավարման, ընդհանուր առմամբ, անբավարար արդյունքներին։
Կարող եք առարկել եւ ասել, որ ի հայտ եկավ նոր քաղաքական ուժ, որը մարտահրավեր նետեց Փաշինյանին՝ Սամվել Կարապետյանի կուսակցությունը։ Սակայն Կարապետյանն էլ ուներ «նախկինների» հետ կապված քաղաքական գործչի իմիջ։ Բացի այդ, կային հարցեր՝ կապված ընտրություններին նրա հնարավոր մասնակցության սահմանադրականության հետ։ Վերջապես՝ նա եւ իր թիմը զարմանալի քաղաքական ոչ կոմպետենտություն ցուցաբերեցին։
Նրանք չկարողացան համոզիչ այլընտրանք առաջարկել գործող իշխանության քաղաքականությանը։ Նրանց նախընտրական քարոզարշավը փաստացի հանգում էր նոր աշխատատեղերի ստեղծման խոստումներին, որոնք ամրապնդված չէին որեւէ հետեւողական տնտեսական բարեփոխումների ծրագրով։ Ցուցիչ է նաեւ այն, որ նրանք մերժեցին մի շարք այլ քաղաքական ուժերի առաջարկները՝ միասնական ընդդիմադիր ճակատ ձեւավորելու մասին, թեեւ հենց իրենք պետք է նման համախմբման ձգտեին։
– Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, արդյո՞ք այն հակամարտության ավարտ կդառնա, թե՞ միայն մրցակցության նոր փուլի մեկնարկ։ Ապագա խաղաղության պայմանագրի ո՞ր դրույթներն են կարող ամենադժվարը լինել իրագործման տեսանկյունից։
– Վստահ չեմ, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն ինքնին վերջ կդնի հակամարտությանը։ Ամեն դեպքում, Բաքվում բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի հետ հարաբերություններում Ադրբեջանի հետաքրքրություններն ընդգրկող հարցերը չեն սահմանափակվում խաղաղության պայմանագրի նախագծի դրույթներով։
«Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի գործածումը, Հայաստան 300 հազար ադրբեջանցիների հնարավոր վերաբնակեցման քննարկումը, ինչպես նաեւ «Զանգեզուրի միջանցքի» գործունեության հատուկ ռեժիմին վերաբերող առաջարկները շարունակում են զգայուն հարցեր մնալ, որոնք շարունակվում են քննարկվել հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում։
Լրացուցիչ գործոն է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի հարաբերակցության պահպանվող անհամաչափությունը, որը շարունակում է ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական եւ ռազմավարական գործընկերությունների դիվերսիֆիկացման ուղեգիծը։
Արման Գրիգորյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Իմ կարծիքով՝ այս մոտեցումն արտացոլում է Երեւանի ձգտումն իր անվտանգության համակարգը հարմարեցնել տարածաշրջանային նոր իրողություններին։ Միեւնույն ժամանակ, առայժմ դժվար է միանշանակ գնահատել, թե որքանով արեւմտյան գործընկերների հետ համագործակցությունը կկարողանա ապահովել երկարաժամկետ անվտանգության ակնկալվող երաշխիքները։
– Որքանո՞վ է դա ռազմավարական ընտրություն, եւ որքանո՞վ՝ հարկադրված հարմարվողականություն։ Հայաստանը չի՞ կարող միաժամանակ պահպանել աշխատանքային հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ խորացնել համագործակցությունն Արեւմուտքի հետ։
– Անկախության առաջին իսկ օրերից Հայաստանը հենց այդպես էլ փորձել է կառուցել իր արտաքին քաղաքականությունը։ Սակայն այսօր իրավիճակը փոխվել է երկու պատճառով։
Նախ՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը բացահայտորեն առաջնահերթություն է տալիս Արեւմուտքի հետ ինտեգրմանը եւ Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները դիտարկում է որպես սպառնալիք հայկական ինքնիշխանությանը։ Այլ կերպ ասած՝ խոսքը հենց ռազմավարական ընտրության մասին է, այլ ոչ թե հարկադրված հարմարվողականության։
Երկրորդ՝ միաժամանակ լավ հարաբերություններ պահպանել եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Արեւմուտքի հետ գնալով ավելի դժվար է դառնում նրանց միջեւ բացահայտ առճակատման եւ երկու կողմերի ուժեղացող ճնշման ֆոնին՝ միանշանակ ընտրություն կատարելու պահանջներով։
– Ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի Բաքվի ու Երեւանի միջեւ գոնե նվազագույն ռազմավարական վստահություն լինի։
– Առաջին հերթին նշեմ, որ ռազմավարական վստահությունը հնարավոր չէ ստեղծել բացառապես փաստաթղթեր ստորագրելով։ Փաստաթղթերն, անշուշտ, կարեւոր են, սակայն դրանք ինքնին ի վիճակի չեն ապահովել խաղաղություն, վստահություն եւ կայունություն։
Երկարաժամկետ հեռանկարում դա հնարավոր կդառնա միայն այն ժամանակ, երբ երկու հասարակություններն էլ դադարեն միմյանց ընկալել որպես թշնամի եւ սկսեն միմյանց վերաբերվել որպես սովորական հարեւանների։
Օրինակ կարող են ծառայել Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները։ Չնայած գոյություն ունեցող տարաձայնություններին եւ ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող հակասություններին, կողմերից ոչ մեկը, անգամ ենթագիտակցական մակարդակում, մյուսին որպես սպառնալիք կամ ուժային ճնշման գրավիչ թիրախ չի ընկալում։ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները դեռ երկար ժամանակ հեռու կլինեն նման մոդելից։ Դրան հասնելու համար ժամանակ կպահանջվի, իսկ կարճաժամկետ հեռանկարում՝ արտաքին անվտանգության երաշխիքներ։
Ցավոք, այսօր մենք տեսնում ենք ձգտում հրաժարվել Ռուսաստանից՝ որպես անվտանգության հնարավոր երաշխավորից, առանց դրան որեւէ լիարժեք փոխարինող առաջարկելու, ինչպես նաեւ փորձեր՝ լայնածավալ արդյունքների հասնել առավելագույնս սեղմ ժամկետներում։ Իմ կարծիքով՝ նման մոտեցումը լուրջ ռիսկեր է պարունակում։
– Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի տեղը տասը տարի հետո՝ եվրոպական քաղաքական տարածքու՞մ, եվրասիական ինտեգրման մե՞ջ, թե՞ որպես բազմավեկտոր քաղաքականություն վարող պետություն։
– Մեծապես դա կախված կլինի նրանից, թե ինչով կավարտվի մի կողմից Արեւմուտքի եւ մյուս կողմից Ռուսաստանի ու Իրանի ընթացիկ աշխարհաքաղաքական առճակատումը։
Անկախ դրա ելքից՝ Հայաստանն, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի ռազմավարական ընտրություն կատարել։ Վստահ չեմ, որ ձեւավորվող ավելի բեւեռացված միջազգային կարգի պայմաններում բազմավեկտոր քաղաքականությունը կարող է երկարաժամկետ հեռանկարում կայուն ռազմավարություն մնալ։
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Leave a Reply