ՀԲԸՄ-ն կոչ է արել դադարեցնել Գարեգին Երկրորդի քրեական հետապնդումը

Written by

in

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կոչ է արել դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի քրեական հետապնդումը:

Ստորեւ ներկայացնում ենք ՀԲԸՄ հայտարարության ամբողջական տեքստը․

 

«Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) խորապես մտահոգված է Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության նկատմամբ իրականացվող հետապնդումներից։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև վեց եպիսկոպոսների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, որի հիմքում թեմի ղեկավարմանն առնչվող ներեկեղեցական խնդիր է, լուրջ մտահոգություններ է առաջացնում դավանանքի ազատության և օրենքի գերակայության շուրջ։

 

 

ՀԲԸՄ-ն ամենայն հարգանքով կոչ է անում կասեցնել սույն քրեական վարույթը, որը, մեր համոզմամբ, չունի իրավական հիմք և հակասում է մեր պատմական ավանդույթներին։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, անհրաժեշտության դեպքում ՀԲԸՄ-ն պատրաստ է կառուցողական դեր ստանձնել այս իրավիճակի հանգուցալուծման գործում:

 

ՀՀ Սահմանադրությունն ու ազգային օրենսդրությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ճանաչում են որպես Ազգային Եկեղեցի, ընդունում նրա ինքնակառավարման իրավունքը և պաշտպանում կրոնական ազատությունը։ Ըստ այդմ, եկեղեցական պաշտոնի համար եպիսկոպոսների համապատասխանությանն առնչվող հարցերը ենթակա են կարգավորման բացառապես Կանոնական իրավունքի և Եկեղեցու կողմից սահմանված ընթացակարգերի շրջանակներում։

 

ՀԲԸՄ-ն հարգում է Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը, նրա քաղաքական իշխանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները։ Միևնույն ժամանակ, ՀԲԸՄ-ի հարգանքն անսասան է մնում Հայ Եկեղեցու և Կանոնական իրավունքի ու եկեղեցական կարգի համաձայն ընտրված նրա ղեկավարության հանդեպ, և ՀԲԸՄ-ն ողջ աշխարհում հայապահպանության գործում Եկեղեցու մնայուն դերը համարում է կենսական»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *