Արյե Լայթսթոուն. TRIPP-ի ճարտարապետ, ռաբբի, գրքի հեղինակ, 4 երեխաների հայր

Written by

in

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունը 2026 թվականի օգոստոսի 5-ին Երեւանում քննարկել են «տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանն ուղղված եւ այդ ճանապարհին առկա մրցակցային առավելությունների իրացման հարցեր»։ Ինչպես հաղորդել է Հայաստանի ԱԳՆ-ն, Միրզոյանն ու Լայթսթոունը մանրամասն քննարկել են TRIPP ծրագրի իրականացմանն ուղղված ընթացիկ ջանքերը։

 

Ներկայացնում ենք մի քանի փաստ Արյե Լայթսթոունի մասին։

 

Հայաստան-Ադրբեջան/TRIPP

 

Արյե Լայթսթոունը ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Ստիվ Ուիթքոֆի ավագ խորհրդականն է։ 

 

Այս կարգավիճակում նա աջակցություն է ցուցաբերել Ուիթքոֆին TRIPP համաձայնագրերի բանակցություններում։

 

2026 թվականի հունիսին Վաշինգտոնում ելույթ ունենալով Անդրկասպյան ֆորումում՝ Արյե Լայթսթոունը հայտարարել էր. 

 

«Մի փոքր ստեղծագործական մոտեցում,  եւ, կարծում եմ, մենք կկարողանանք Միջին միջանցքը աշխարհի գլխավոր առեւտրային երթուղիներից մեկի վերածել»։

Արյե Լայթսթոունը Հայաստանի ԱԳՆ-ում Արյե Լայթսթոունը Հայաստանի ԱԳՆ-ում

 

Նա շարունակել էր. «Մենք ջանասիրաբար աշխատել ենք առանցքային տարրերի վրա, որոնք մշտական ուղի կհարթեն դեպի խաղաղություն՝ TRIPP-ի հիմքը կազմող կապակցված ենթակառուցվածքներ»։

 

Լայթսթոունը TRIPP-ն անվանել էր «առաջին սկզբունքային, տնտեսապես կողմնորոշված լուծումը, որն օգնել է հաղթահարել փակուղին Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում»։

 

2025 թվականի օգոստոսին CBS News-ը հաղորդել էր, որ Արյե Լայթսթոունը մի քանի անգամ այցելել էր Հայաստան եւ Ադրբեջան՝ նախքան խաղաղության առաքելությունների գրասենյակին պաշտոնապես միանալը։

 

Գազա/Խաղաղության խորհուրդ

 

2026 թվականի հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Արյե Լայթսթոունին նշանակել էր Խաղաղության խորհրդի (Board of Peace)՝ Գազայի վերականգնմամբ եւ խաղաղության հաստատմամբ զբաղվող միջազգային կոալիցիայի ավագ խորհրդական։ 

Արյե Լայթսթոունը Արյե Լայթսթոունը

 

Նա մասնակցում է Գազայի հակամարտության ավարտին միտված 20 կետանոց ծրագրի իրականացմանը։

 

2017-ից 2021 թվականներին Արյե Լայթսթոունը եղել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Դեւիդ Ֆրիդմանի ավագ խորհրդականը՝ զբաղվելով տնտեսական զարգացման եւ տեխնոլոգիական համագործակցության հարցերով: Նա կարեւոր դեր է խաղացել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման ու այն Երուսաղեմի հյուպատոսության հետ միավորման գործում։

 

Աբրահամի համաձայնագրեր

 

2020 թվականին Արյե Լայթսթոունը նշանակվել էր տնտեսական կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Աբրահամի համաձայնագրերի շրջանակներում՝ դառնալով «Խաղաղություն հանուն բարգավաճման» (Peace to Prosperity) թիմի առանցքային անդամ։ Նա գլխավորել էր Աբրահամյան համաձայնագրերի առաջին բիզնես-գագաթնաժողովը եւ ղեկավարել Աբրահամի հիմնադրամը (Abraham Fund)։

Արյե Լայթսթոունը Արյե Լայթսթոունը

 

Արյե Լայթսթոունն արժանացել է ԱՄՆ պաշտպանության նախարարության, ԱՄՆ պետդեպարտամենտի եւ Իսրայել Պետության պարգեւներին՝ տարածաշրջանում խաղաղության եւ բարգավաճման ամրապնդման գործում ավանդի համար։

 

2021 թվականին պետական ծառայությունից հեռանալուց հետո նա գլխավորել էր «Աբրահամի համաձայնագրերի խաղաղության ինստիտուտ» ամերիկյան ոչ առեւտրային կազմակերպությունը։

 

Ռաբբի եւ հրեական երիտասարդական կազմակերպության ղեկավար

 

Արյե Լայթսթոունը ռաբբի է՝ ձեռնադրված Յեշիվա համալսարանի կողմից։ Նա հրեական երիտասարդական կազմակերպության առաջնորդ էր, խորհրդատու կրթական տեխնոլոգիաների ոլորտում։

 

Նախքան կրթական տեխնոլոգիաների եւ խառը ուսուցման մոդելների ոլորտ տեղափոխվելը, նա ղեկավարել էր NCSY հրեական երիտասարդական կազմակերպության Նյու Յորքի մասնաճյուղը։

 

Արյե Լայթսթոունն աշխատել էր հրեական ոչ առեւտրային կազմակերպություններում, ներառյալ Orthodox Union-ը, եւ զբաղեցրել Shining Light-ի՝ Իսրայելի աջ քաղաքական ճամբարի հետ կապեր ունեցող ամերիկյան ֆոնդահայթայթման կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնը։

 

Չնայած հագեցած միջազգային ժամանակացույցին՝ նա խստորեն պահպանում է Շաբաթը։

 

Իսրայելի եւ Կոլորադոյի միջեւ

 

Արյե Լայթսթոունը ծնվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում։ Նա հաճախ է ճանապարհորդում ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ։ Ունի չորս երեխա։

Արյե Լայթսթոունը Արյե Լայթսթոունը

 

2022 թվականին Արյե Լայթսթոունը գրել էր «Let My People Know: The Incredible Story of Middle East Peace-and What Lies Ahead» գիրքը՝ Աբրահամի համաձայնագրերի կնքման գործընթացի ետնաբեմի մասին։ Գիրքը դրական արձագանքներ էր ստացել ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների կողմից։

 

Պատրաստել է Արա Թադեւոսյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *