Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ եպիսկոպոսները կմասնակցեն դատական նիստին

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը եւ քրեական գործով անցնող՝ Հայաստանում գտնվող Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Սրբազան Հայրերը կմասնակցեն օգոստոսի 7-ին կայանալիք առաջին դատական նիստին։

Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ նիստը տեղի կունենա ժամը 16:00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ): 

 

Կքննարկվի Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսի քրեական գործի նախնական դատալսումների հարցը։

 

Գործը կքննի դատավոր Հակոբ Մանուկյանը:

 

«Թեմակալ առաջնորդի պաշտոնից ետ կանչելու եւ եպիսկոպոսի կարգավիճակից զրկելու վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշումներին պետության միջամտությունը Եկեղեցու ինքնավարության, պետություն–Եկեղեցի սահմանադրական հարաբերությունների եւ կրոնական ազատության հիմնարար սկզբունքի խախտում է եւ պատմական ամոթալի իրադարձություն։

 

Հայոց Հայրապետը ենթարկվում է քրեական հետապնդման՝ իր եկեղեցական եւ կանոնական պարտականությունը կատարելու համար։

 

Այս քրեական գործով դատարանը կքննի ոչ միայն առանձին անձանց ներկայացված մեղադրանքները, այլ կարեւոր մեկ այլ հարց՝ կարո՞ղ է արդյոք աշխարհիկ իշխանությունը ներխուժել Եկեղեցու ներքին կյանք եւ քրեականացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական իշխանության իրացումը»,- գրել է Արա Զոհրաբյանը:

 

Մեղադրվող եպիսկոպոսներն են Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը եւ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts