Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունը քննարկել են «տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանն ուղղված եւ այդ ճանապարհին առկա մրցակցային առավելությունների իրացման հարցեր»:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպմանը Արարատ Միրզոյանն ու Արյե Լայթսթոունը հանգամանալից քննարկվել են ԹՐԻՓՓ ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
«Երկուստեք ընդգծվել է ծրագրի՝ գետնի վրա հնարավոր սեղմ ժամկետներում իրականացման հարցում շահագրգռվածությունը: Մտքեր են փոխանակվել միջազգային փոխադրումների եւ ենթակառուցվածքների համակարգում Հայաստանի առավելագույնս արդյունավետ ինտեգրման հեռանկարների շուրջ:
Երկուստեք ընդգծվել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովից ի վեր արձանագրված նշանակալի զարգացումներն ու ձեռքբերումները: Ընդգծելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության կարեւորությունը տարածաշրջանի զարգացման ներուժի առավելագույնս իրացման հարցում՝ զրուցակիցները քննարկել են նաեւ խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված հնարավոր քայլերը:
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են վերջին շրջանում բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվ դինամիկան եւ պայմանավորվածությունները, ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման հարցում առկա շոշափելի ձեռքբերումները»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:
Արարատ Միրզոյանը եւ Արյե Լայթսթոունը քննարկել են նաեւ առեւտրատնտեսական համագործակցության եւ Հայաստանի տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հնարավորություններն ու ծրագրերը:
Leave a Reply