Category: Minfin.am

  • Նախարարության ներկայացուցիչները մասնակցել են Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված աշխատաժողովին

    Նախարարության ներկայացուցիչները մասնակցել են Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված աշխատաժողովին

    ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության աշխատակիցները մասնակցել են Համաշխարհային բանկի «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման և հաշվետվողականության» ծրագրի (PULSAR-2) շրջանակներում կազմակերպված «Ֆինանսական և կայունության հաշվետվողականության թվային և արհեստական բանականության վրա հիմնված լուծումներ» խորագրով 13-րդ աշխատաժողովին։

    Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգերի  ճարտարապետության և ժամանակակից տեղեկատվական համակարգերի հետ համատեղելիության վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տվյալների որակի բարելավման, հաշվապահական հաշվառման գործընթացների ավտոմատացման,  տեղին և արժանահավատ ֆինանսական և կայունության հաշվետվությունների պատրաստման գործում արհեստական բանականության դերին, ինչպես նաև հանրային հատվածի հաշվապահական հաշվառման և կայունության հաշվետվողականության միջազգային ստանդարտների հետ կապված վերջին զարգացումներին։

    Աշխատաժողովի ընթացքում վարչության պետ Կարեն Ալավերդյանը ներկայացրել է ՀՀ-ում հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների մշտադիտարկման գործընթացի առանձնահատկությունները, արհեստական բանականության հիման վրա մշակված մշտադիտարկման նոր գործիքը և դրա առավելությունները։

  • Վահե Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին

    Վահե Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին

    ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

    Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանի զարգացման առաջնահերթությունների և ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի, մասնավորապես՝ առողջապահության, ջրային և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում ֆինանսավորման կարիքների շուրջ։

    Անդրադարձ է կատարվել ֆինանսավորման հնարավոր գործիքներին, այդ թվում՝ Միացյալ Թագավորության արտահանման ֆինանսավորման գործակալության (UK Export Finance, UKEF) կողմից առաջարկվող արտահանման վարկային ֆինանսավորման հնարավորություններին, ինչպես նաև պետական և ենթապետական մակարդակներում փոխառությունների ներգրավման մեխանիզմներին։

    Կողմերը քննարկել են նաև UKEF-ի հնարավոր ներգրավվածությունը հայ-բրիտանական տնտեսական համագործակցության ընդլայնման և կայուն ներդրումների խթանման գործում։

    Հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել առկա համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու փոխգործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

  • Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ին

    Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ին

    ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը «Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ի շրջանակներում մասնակցել է «Կապիտալի կամուրջ․ բանկային համակարգ, շուկաներ և ֆինանսական տեխնոլոգիաներ» խորագրով պանելային քննարկմանը։

    Քննարկման ընթացքում նախարարն անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցած փոփոխություններին՝ առանձնացնելով երկարաժամկետ պլանավորման հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության և ֆինանսական համակարգի դիմակայունության ամրապնդումը, ինչպես նաև պետական պարտքի մակարդակի և կառուցվածքի փոփոխությունները։

    Վահե Հովհաննիսյանը նշել է, որ վերջին տարիներին ընդլայնվել է նաև պետական ֆինանսների պլանավորման հորիզոնը՝ եռամյա բյուջետային և հնգամյա միջնաժամկետ ծախսային շրջանակների ներդրմամբ։ Նախարարի խոսքով՝ ապագայի նկատմամբ առավել մեծ որոշակիությունը վստահություն է ձևավորում ինչպես պետության, այնպես էլ ներդրողների համար և առավել երկարաժամկետ որոշումներ կայացնելու հնարավորություն տալիս։

    Անդրադառնալով հայկական ընկերությունների՝ կապիտալի շուկաներից ֆինանսավորում ներգրավելու հնարավորություններին՝ նախարարը ներկայացրել է այս ուղղությամբ արդեն իրականացվող քայլերը։ Մասնավորապես, պետությունն աջակցում է մասնավոր ընկերություններին տեղական շուկայում արժեթղթերի թողարկման, ինչպես նաև վարկանիշների ստացման գործընթացներում՝ որպես հետագայում ֆինանսավորման ավելի լայն հնարավորություններից օգտվելու կարևոր նախնական քայլ։

    Այս համատեքստում Վահե Հովհաննիսյանը կարևորել է նաև հաշվապահական հաշվառման և աուդիտի համակարգերի ու կարգավորումների հետագա կատարելագործումը՝ ընդգծելով, որ ֆինանսական հաշվետվությունների հասկանալիությունն ու վստահելիությունը կարևոր նախապայման են միջազգային ներդրողների ներգրավման համար։

  • Համաշխարհային բանկի հետ համագործակցության ընթացիկ և առաջիկա ծրագրերի քննարկում

    Համաշխարհային բանկի հետ համագործակցության ընթացիկ և առաջիկա ծրագրերի քննարկում

    ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեի և Հայաստանի մրցակցության և ներդրումների զարգացման քաղաքականության գործառնության (Development Policy Operation – DPO) առաքելության ներկայացուցիչների հետ:

    Հանդիպման առանցքային թեմաներից էին DPO ծրագրի շրջանակում նախատեսվող բարեփոխումների հիմնական ուղղություններն ու դրանց ընթացքը, մասնավորապես՝ քննարկվել են մրցակցային միջավայրի ամրապնդմանը, ներդրումների ներգրավմանն ու գործարար միջավայրի բարելավմանը, առևտրի դյուրացմանը, թվայնացմանը և տնտեսության արտադրողականության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ակնկալվող արդյունքները և դրանց իրականացման հետագա քայլերը։

    Կողմերը մտքեր են փոխանակել նաև գյուղատնտեսության ոլորտին ուղղված նոր ծրագրի հայեցակարգի և դրա շրջանակում համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ։

    Ավարտին կողմերը կարևորել են երկխոսության և աշխատանքային քննարկումների շարունակականությունը՝ նախատեսվող բարեփոխումների և ծրագրերի շրջանակում հետագա քայլերի շուրջ փոխըմբռնումը խորացնելու և համագործակցության արդյունավետ ընթացքն ապահովելու նպատակով։

  • Վահե Հովհաննիսյանն ընդունել է ԶՖԳ-ի պատվիրակությանը

    Վահե Հովհաննիսյանն ընդունել է ԶՖԳ-ի պատվիրակությանը

    ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռիմա լը Կոգուիկի գլխավորած պատվիրակությանը:

    Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ տնօրենին և բարձր գնահատել ֆրանսիական կողմի օժանդակությունը ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին:

    Կողմերն այնուհետև անդրադարձել են քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության վարկային ծրագրի մանրամասներին, ինչպես նաև ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության, ջրամբարաշինության ոլորտների ծրագրերին:

    Քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավոր նոր ուղղությունները՝ մասնավորապես առողջապահության, մատչելի բնակարանաշինության, քաղաքային զարգացման, ջրային ենթակառուցվածքների, էներգետիկայի և առևտրի դիվերսիֆիկացման ոլորտներում։

    Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով:

  • Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր

    Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր

    Հայաստան-Զարգացման ֆրանսիական գործակալություն երկրորդ տարեկան խորհրդակցությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է 250 մլն եվրո արժողությամբ վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM1038 01 համաձայնագիրը: Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԶՖԳ կողմից՝ ԶՖԳ Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Ռիմա լը Կոգուիկը: Ֆրանսիական կողմից համաձայնագիրը համաստորագրվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ժյուլի Ֆորտի կողմից:

    Սույն բյուջետային աջակցության ֆինանսավորումը ԶՖԳ-ի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից համաֆինանսավորվող նոր եռամյա` 2026-2028թթ. համար նախատեսված ծրագրի (Ծրագիր) շրջանակներում իրականացվող առաջին ենթածրագիրն է, որը հանդիսանում է հանրային ֆինանսների կառավարման և ֆինանսական շուկաների զարգացման ուղղությամբ նախկինում իրականացված քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության ծրագրերի շարունակությունը։

    Ծրագիրն ունի բարեփոխումների երեք հիմնական ուղղություն՝ հարկաբյուջետային կառավարման, հանրային ֆինանսների կառավարման և հանրային ծառայությունների մատուցման բարելավում ազգային և ենթաազգային մակարդակներում, բարելավված ներքին ռեսուրսների մոբիլիզացման և մասնավոր հատվածի զարգացման համար նպաստավոր միջավայրի ստեղծում, ինչպես նաև կայուն ֆինանսների և ֆինանսական շուկայի զարգացման ոլորտում առաջընթացի գրանցում։

    Նույն ծրագրի շրջանակներում ՀՀ Կառավարության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, Զարգացման ֆրանսիական գործակալության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է նաև  «Հայաստանում ամուր շուկաների միջոցով կայուն տնտեսական և հարկաբյուջետային արդյունքներով («REFORM») ծրագրի վերաբերյալ» եռակողմ փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԶՖԳ Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Ռիմա լը Կոգուիկը և ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան։ Հուշագրի նպատակն է կողմերի միջև սահմանել համագործակցության ընդհանուր շրջանակ՝ 2026-2028թթ. ընթացքում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող տնտեսական, հարկաբյուջետային և ֆինանսական ոլորտների բարեփոխումների աջակցման համար:

    Երկօրյա խորհրդակցությունների շրջանակներում նախատեսված են նաև ծրագրային այց Կապսի ջրամբար և բարձրաստիճան երկկողմ հանդիպումներ։

  • Երևանում կայացել են Հայաստան-Զարգացման ֆրանսիական գործակալություն երկրորդ տարեկան խորհրդակցությունները

    Երևանում կայացել են Հայաստան-Զարգացման ֆրանսիական գործակալություն երկրորդ տարեկան խորհրդակցությունները

    Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացել են ՀՀ Կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) երկրորդ տարեկան խորհրդակցությունները։

    ԶՖԳ պատվիրակությունը գլխավորել է ԶՖԳ Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Ռիմա լը Կոգուիկը, իսկ հայկական կողմից խորհրդակցությունները համանախագահել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը:

    Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանում ԶՖԳ ընթացիկ պորտֆելին, իրականացվող ծրագրերի առաջընթացին և քննարկել են ՀՀ Կառավարության առաջնահերություններն ու  համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

    Քննարկումներն ընդգրկել են, մասնավորապես, ջրային, էներգետիկ,  թափոնների կառավարման, մատչելի բնակարանային ապահովման, առողջապահության, քաղաքային զարգացման ոլորտները: ԶՖԳ կողմից ընդգծվել է նաև Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի համաֆինանսավորման պատրաստակամությունը:

    Որպես ԶՖԳ-ի հետ արդյունավետ համագործակցության ձևաչափ՝ ընդգծվել է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության բազմամյա ծրագիրը՝ առանձնահատուկ կարևորելով նշյալ ծրագրի ներքո մշակված բարեփոխումների օրակարգը:

  • Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպումներ է ունեցել Կատարի, Նեպալի և Չինաստանի ներկայացուցիչների հետ

    Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպումներ է ունեցել Կատարի, Նեպալի և Չինաստանի ներկայացուցիչների հետ

    ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Դոհայում՝ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (AIIB) 2026 թվականի տարեկան հանդիպման շրջանակում, առանձին հանդիպել է Կատարի ֆինանսների նախարար Ալի բին Ահմեդ Ալ Քուվարիին, Նեպալի ֆինանսների նախարար Սվարնիմ Վագլեին և Չինաստանի ֆինանսների նախարարի օգնական Ջունհոնգ Չանգին։

    Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և երեք երկրների միջև հարաբերություններն ու համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես ֆինանսական, տնտեսական, ներդրումային և առևտրային ոլորտներում։

    Կողմերն անդրադարձել են նաև ընթացիկ զարգացումներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի։

  • ԱՄՀ առաքելության հետ ամփոփիչ հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա անելիքները

    ԱՄՀ առաքելության հետ ամփոփիչ հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա անելիքները

    ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալներ Էդգար Մկրտչյանի, Վահան Սիրունյանի, Համլետ Սահակյանի և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աջակցությամբ իրականացվող «Պահուստային ծրագրի» (SBA) երկրորդ վերանայման շրջանակում կազմակերպված առաքելության ամփոփիչ հանդիպումը:

    Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների հուշագիր» նախագիծը և SBA ծրագրի շրջանակում նախատեսվող հետագա քայլերը։

    Հուշագրով, մասնավորապես, նախատեսվում է շարունակել հարկային քաղաքականության և վարչարարության, հանրային ներդրումների, հարկաբյուջետային ռիսկերի, պետական մասնակցությամբ ընկերությունների կառավարման և այլ ուղղություններով ՀՀ-ում իրականացվող կառուցվածքային բարեփոխումները։

    Միաժամանակ, անդրադարձ է կատարվել հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթություններին, պետական եկամուտների մոբիլիզացման և ծախսերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, ինչպես նաև պետական ֆինանսների կառավարման բարեփոխումներին, այդ թվում՝ ԱՄՀ ծրագրով նախատեսված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքին։ Քննարկվել են նաև մակրոտնտեսական զարգացումները և ծրագրի մշտադիտարկման հիմնական ցուցանիշները։

    Քննարկումների կարևոր ուղղություններից է եղել նաև ԱՄՀ «Դիմակայունության ֆինանսավորման գործիքի» (RSF) կիրառման շրջանակում առաջարկվող բարեփոխումների փաթեթը, որն ընդգրկում է բնական աղետներից բխող հարկաբյուջետային ռիսկերի կառավարման, կլիմայի դիմակայունությանն ուղղված հանրային ներդրումների, ջրային ռեսուրսների կառավարման, էներգետիկ անվտանգության, ինչպես նաև կլիմայական տվյալների կատարելագործման ուղղությունները։

    Կողմերը բարձր են գնահատել ԱՄՀ-ի հետ SBA ծրագրի և RSF գործիքի շուրջ շարունակվող երկխոսությունը՝ այն դիտարկելով որպես Հայաստանի կառուցվածքային մարտահրավերների նկատմամբ դիմակայունության հետագա ամրապնդման, ինչպես նաև կայուն և ներառական երկարաժամկետ տնտեսական աճին նպաստող բարեփոխումների առաջմղման կարևոր հնարավորություն։

  • ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ԵՆԱԲ նախագահ Զոու Ցզյայիի հետ

    ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ԵՆԱԲ նախագահ Զոու Ցզյայիի հետ

    Սեպտեմբերի 29-ին Դոհայում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) նախագահ և տնօրենների խորհրդի նախագահ Զոու Ցզյայիին։ Հանդիպումը տեղի է ունեցել Բանկի կառավարիչների խորհրդի 11-րդ տարեկան հանդիպման շրջանակում։

    Նախարարը ներկայացրել է ԵՆԱԲ-ին Հայաստանի անդամակցության ընթացքը՝ նշելով, որ երկիրն ավարտել է անդամակցության համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։ Կողմերն անդրադարձել են Բանկի հետ համագործակցության մեկնարկին և Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում նրա հնարավոր ներգրավմանը։

    Որպես համագործակցության հնարավոր ուղղություն՝ Վահե Հովհաննիսյանն առաջարկել է քննարկել Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի մաս կազմող Քաջարանի թունելի շինարարության համաֆինանսավորումը։ Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման հնարավորություններին։

    Համագործակցության մյուս առաջնահերթությունների թվում նշվել են կապակցվածության բարելավումը, ենթակառուցվածքների զարգացումը և կլիմայական խնդիրների հաշվառումը։ Կարևորվել են նաև Հայաստանի ֆինանսների նախարարության և Բանկի թիմերի միջև աշխատանքային շփումների խորացումն ու մասնագիտական կարողությունների զարգացումը՝ համատեղ ծրագրերի նախապատրաստման նպատակով։