ՎԶԵԲ-ի հետ քննարկվել են ենթակառուցվածքների արդիականացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը:
Բարձր գնահատելով առկա համագործակցությունը՝ Էդգար Մկրտչյանն ընդգծել է ՀՀ Կառավարության նոր ծրագիրը՝ որպես միջազգային գործընկեր կառույցների, ներառյալ՝ ՎԶԵԲ-ի հետ Կառավարության համար առաջնահերթ ուղղություններով հետագա փոխգործակցության հիմք:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող հանրային ներդրումային ծրագրերի ընթացքը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. երկուստեք կարևորվել են գործող ծրագրերի բնականոն իրականացման ապահովման ուղղությամբ համատեղ ջանքերը:
ՀՀ Կառավարության հետ համագործակցության ընդլայնման ու զարգացման համատեքստում ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են աղբահանության, էներգետիկայի, քաղաքային զարգացման, ջրային, ներառյալ՝ խմելու ջրամատակարարման, կեղտաջրերի մաքրման, ոռոգման, ջրամբարաշինության ոլորտներում հետագա ներդրումներ կատարելու հետաքրքրվածության և պատրաստակամության մասին:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ակտիվորեն շարունակել ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ նպաստելով համատեղ ծրագրերի հաջող իրականացմանը։
Leave a Reply