Դիմումները ՄԻԵԴ, պետության անգործությունը եւ փաստաբանների ջանքերը

Written by

in

2020 թվականից ի վեր Ադրբեջանի կողմից իրականացրած մարդու իրավունքների խախտումների ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ Հայաստանի միջպետական հայցերն ու գանգատները միջազգային դատական ատյաններում թեեւ առկա են, սակայն դրանց ուղղությամբ որեւէ աշխատանք չի տարվում՝ պայմանավորված երկու երկրների միջեւ քաղաքական բանակցություններով: 
Մյուս կողմից՝ այս տարվա հունիսի 18-ի՝ հոգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ վճիռը, որը վերաբերում է 2016 թվականի քառօրյա պատերազմում մարդու իրավունքների խախտումներին, նախադեպային է նաեւ 2020 թվականի պատերազմում Ադրբեջանի իրականացրած ոճրագործություններով գանգատների համար: 
Միջպետական գանգատների անորոշ ճակատագրի ֆոնին՝ մասնավոր փաստաբանական ընկերությունները շարունակում են լայնածավալ աշխատանք տանել՝ պաշտպանելով հայերի ոտնահարված իրավունքներն ու ձգտելով հասնել արդար վճիռների: 
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը Մեդիամաքսի հետ զրույցում պատմել է իրականացվող աշխատանքի մասին եւ պարզաբանել, թե ինչ քաղաքական նշանակություն ունեն այս գործընթացները Հայաստանի համար: 
Միջազգային դատական գործերը նախքան 2020 թվականը
2010 թվականից ի վեր, հայաստանյան մասնավոր խմբերի կողմից ընդդեմ Ադրբեջանի մի շարք վարույթներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Արա Ղազարյանի խոսքով՝ այս վարույթները հիմնականում վերաբերում էին սահմանամերձ բնակավայրերում Ադրբեջանի ոտնձգություններին. 
«Քաղաքացիներին սահմանամերձ բնակավայրերից առեւանգում էին, նրանց ներկայացնում էին որպես դիվերսանտների, հետո բանտում խոշտանգում էին, ի վերջո՝ սպանում, իսկ եթե անգամ անձին վերադարձնում էին, կարճ ժամանակ հետո նա մահանում էր, որովհետեւ ներարկել էին վտանգավոր հեղուկ, կամ էլ ծայրաստիճան հոգեկան տառապանքներ էին պատճառել»,- մանրամասնում է փաստաբանը: 
Շուրջ երկու տասնյակ մասնավոր դատական վարույթներ ներկայացվել են նաեւ 2016 թվականից հետո՝ ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիների խոշտանգումների վերաբերյալ, ընդ որում՝ մի մասը մարդկանց կենդանության ժամանակ իրականացված խոշտանգումներ, մյուս մասը՝ դիակապտության ու դիերի խեղման դեպքեր:  
«Քառօրյայից հետո առաջին անգամ միջազգային դատարան ներկայացվեցին նաեւ գույքային հարցերով դիմումներ, որովհետեւ ռմբակոծության էին ենթարկվել նաեւ քաղաքացիական բնակավայրերը, եւ արցախցիները մի քանի օրով ստիպված էին եղել թողնել իրենց տները, ինչպես նաեւ ոտնահարվել էր նրանց կյանքի իրավունքը»,- նշում է Արա Ղազարյանը: 
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի. միջպետական գանգատներ 2020-ից հետո
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի հարձակումն Արցախի ու Հայաստանի վրա ուղեկցվեց Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումներով եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններով: 
Եթե մինչ այս Ադրբեջանի խախտումների վերաբերյալ դիմումներով զբաղվում էին հայաստանյան մասնավոր խմբերը, ապա խախտումների նման զանգվածայնությունը ենթադրում էր, որ գործընթացը պետք է ստանձնի պետությունը:
2020-2023 թվականն ընկած ժամանակահատվածում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ է ներկայացրել է չորս միջպետական գանգատ: Դրանք վերաբերում են 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրան հաջորդող ժամանակահատվածում Ադրբեջանի իրականացրած խախտումներին, գերեվարված անձանց նկատմամբ իրականացված ապօրինի դատական գործընթացներին, ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներկայությանը եւ դրա հետեւանքով մարդու իրավունքների խախտումներին, ինչպես նաեւ վերաբերում են Արցախի հայ բնակչության բռնի տեղահանությանն ու դրան ուղեկցող խախտումներին՝ ներառյալ շրջափակումը: 
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան (ICJ) Հայաստանը ներկայացրել է 1 միջպետական հայց «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի հիմքով: 
«Այդ ընթացքում երկու պետությունները քաղաքական բանակցություններ էին վարում, եւ Հայաստանն Ադրբեջանի առջեւ ստանձնում էր ինչ-ինչ պարտավորություններ: Կողմերը հասան նրան, որ եթե խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի, կետերից մեկը կլինի միջազգային դատական գործերից երկուստեք հրաժարումը: Սա արդեն ազդանշան էր, որ նման դիմումների ուղղությամբ այլեւս որեւէ աշխատանք չտարվեր: Այս պահի դրությամբ էլ, թեեւ գանգատները միջազգային ատյաններում են, դրանց ուղղությամբ որեւէ աշխատանք չի տարվում»,- պարզաբանում է Արա Ղազարյանը: 
Երկկողմանի հետքայլ՝ ասիմետրիկ իրավիճակում
2025 թվականի օգոստոսին հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագիրը, որի XV հոդվածում նշված է. 
«Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որեւէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած եւ բոլոր միջպետական հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները եւ վեճերը, որոնք վերաբերում են մինչեւ սույն Համաձայնագրի ստորագրումը Կողմերի միջեւ գոյություն ունեցած խնդիրներին, եւ չեն նախաձեռնի այդպիսի հայցեր, գանգատներ, բողոքներ, առարկություններ, վարույթներ եւ որեւէ կերպ չեն ներգրավվի որեւէ երրորդ կողմի կողմից մյուս Կողմի դեմ ներկայացվող գանգատներում, բողոքներում, առարկություններում, վարույթներում»։
Թեեւ ըստ հրապարակված տեքստի գանգատների չեղարկումը երկկողմանի քայլ է, իրավիճակը բացարձակապես հավասար չէ. Ադրբեջանին նման քայլը հստակ ձեռնտու է, Հայաստանին՝ ոչ: 
«Իրավիճակն ասիմետրիկ է. Ադրբեջանի փախստականները վերադարձել են, եւ Ադրբեջանը վերահսկում է այն տարածքները, որտեղ հայերը պետք է ապրեն: Հայկական կողմի համար իրավիճակը ծանր է, որովհետեւ մեր փախստականները չեն վերադարձել եւ որեւէ երաշխիք չկա, որ կարող են ապագայում վերադառնալ: Բացի այդ, իրենք իրենց ամբողջ ունեցվածքը թողել են Արցախում, եւ նրանց պատկանող գույքն այժմ տնօրինում է Ադրբեջանը»,- մանրամասնում է Արա Ղազարյանը: 
Իրավական գործընթացները՝ Ադրբեջանի ագրեսիվ պատերազմի ապացույց
Այս իրավական գործընթացների չեղարկմամբ Ադրբեջանը եւս մեկ, շատ կարեւոր քաղաքական նպատակ ունի՝ կոծկել մարդկության դեմ հանցագործությունների փաստերն ու շարունակել պահպանել «հայրենական» պատերազմ միֆը: 
«Այս իրավական գործընթացներով անպայմանորեն կպարզվեն այնպիսի փաստեր, որոնք բավականին անհարմար վիճակի մեջ կարող են դնել Ադրբեջանին միջազգային ասպարեզում: Օրինակ՝ արձանագրումներ առ այն, որ Ադրբեջանն իրականացրել է բլոկադա, էթնիկ զտում, կամ այն, որ նրանց զինվորներն օգտագործել են պատերազմը վարելու միջնադարյան մեթոդներ՝ գլխատումներ, դաստակ կամ ականջ կտրել»: 
«Այս պատերազմն Ադրբեջանը ներկայացնում է որպես «հայրենական», բայց պատերացրեք, որ որեւէ ադրբեջանցի կարդում է, ենթադրենք, Խալափյանների ընտանիքի դատական գործն ու տեղեկանում, որ իրենց զինվորները խոշտանգել են ծերունիների: Նման փաստերը, բնականաբար, ստվերում են «հայրենական պատերազմի» պաթետիկ պատկերն ու բացահայտում, որ Արցախի դեմ մղված պատերազմը եղել է ոչ թե ինքնապաշտպանական կամ «հայրենական», այլ` ագրեսիվ, զավթողական պատերազմ, որը միջազգային հանցագործություն է՝ առանց վաղեմության ժամկետի: Դրա համար երկրի ղեկավարը եւս կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության»,- պարզաբանում է Արա Ղազարյանը:
Պետության անգործության ֆոնին՝ մասնավորը շարունակում է աշխատել
Միջպետական գանգատն ավելի մեծ կշիռ ունի Եվրոպական դատարանում, թեեւ իրավական ընթացակարգերը նույնն են, ինչ մասնավոր դիմումների դեպքում է: 
«Միջպետական գանգատի լուծման դեպքում այն վերաբերում է միանգամից բոլորին, ում տվյալ պետությունը ցանկով ներկայացրել է: Բնականաբար, դա ավելի արդյունավետ գործընթաց է, քան անհատական գանգատները, բայց քանի որ պետությունը միջպետական գանգատներից հետ է կանգնում, նշանակում է քաղաքացիները իրավուք ունեն անհատապես դիմել Եվրոպական դատարան: Մասնավոր գործերը չունեն նույն հեղինակությունը, սակայն ես վստահ եմ, որ այս գործերը կշահեն, որովհետեւ տեղի է ունեցել բռնի տեղահանում, եւ դա փաստ է»,-մանրամասնում է փաստաբանը: 
ՄԻԵԴ-ը միակ դատական ատյանն է, որին այսօր կարող են դիմել արցախցիներն իրենց իրավունքների խախտումների վերաբերյալ: Այս աշխատանքն առաջ տանելու համար միջազգային իրավունքի երեք մասնագետներ՝ Արա Ղազարյանը, Սիրանուշ Սահակյանը եւ Արտակ Բեգլարյանը, որոշել են համատեղել ջանքներն ու յուրաքանչյուրն իրենց իրավաբանական կազմակերպությամբ ստանձնել են արցախահայության, հատկապես գույքային իրավունքների գործերով միջազգային դատարան դիմումների աշխատանքը: Անցյալ տարի ներկայացվել է շուրջ 700 գործ, հիմա էլ աշխատանքները շարունակվում են: 
Այս տարվա հունիսին Եվրոպական դատարանը հրապարակեց Ապրիլյան քառօրյա պատերազմի գործերով առաջին վճիռը, որով արձանագրեց՝ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը եւ խոշտանգումների արգելքը (գլխատում եւ մարմնի պղծում), ինչը կարեւոր նախադեպ է նաեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ տուժածների իրավունքների պաշտպանության գանգատների համար: 
Նոյեմբերի 2-ին էլ ՄԻԵԴ-ի Մեծ պալատը հինգ դատավորի կազմով մերժեց Ադրբեջանի ներկայացրած գանգատն ընդդեմ հունիսի 18-ի վճռի, որով վճիռը մտավ ուժի մեջ: 
Արա Ղազարյանի խոսքով՝ թեեւ նման վճիռների իրավական հետեւանքներից խուսափելու համար Ադրբեջանը շարունակ փորձելու է մանեւրել, սակայն քաղաքական հետեւանքը, միեւնույն է, առկա է:  
Փաստաբանները խրախուսում են արցախահայերին առանց վարանելու դիմել իրենց գրասենյակներ՝ իրենց իրավունքների վերականգնման համար միջազգային ատյաններ դիմումներ ներկայացնելու: 
«Մյուս կողմից՝ մենք էլ պետք է համապատասխան ռեսուրս ունենանք, որ կարողանանք սպասարկել բոլոր դիմումները: Բնականաբար, մենք արցախցիներից գումար չենք վերցնում, աշխատանքն իրականացվում է մեր իրավաբանական գրասենյակի ֆինանսավորմամբ: Ներկայում այս հարցում նաեւ պիլոտային համագործակցություն ունենք մեկ այլ կազմակերպության հետ»,- մանրամասնում է Արա Ղազարյանն ու ընդգծում, որ դաշտը ֆինանսավորման կարիք ունի. դատական այս գործընթացները բարդ են ու ռեսուրսատար՝ հատկապես այն պայմաններում, երբ Արցախ մուտք գործելու ու փաստահավաք առաքելություն իրականացնելու հնարավորություն չկա: 
«Մենք չգիտենք, թե միջպետական գանգատների ճակատագիրն ինչպիսին կլինի, ուստի ուզում եմ դիմել այն քաղաքացիներին, որոնք իրենց գործը Եվրոպական դատարան տանելու համար դիմել են կառավարությանը. դիմե´ք մեր գրասենյակ («Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակ), մենք կվերցնենք այդ գործերն ու առաջ կտանենք միջազգային դատական ատյաններում: Քանի դեռ պետական մարմինները հակված չեն զբաղվելու դրանով, այդ աշխատանքը կիրականացնի մասնավորը»,- եզրափակել է Արա Ղազարյանը
Գայանե Ենոքյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *