Քննարկվել են Հայաստանում ներդրումների խթանման և բիզնես միջավայրի բարելավման հնարավորությունները
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «Հայաստանում ներդրումների, թվայնացման, աճի և ձեռնարկատիրության համար բիզնես կարգավորումների բարելավում» (Armenia BRIDGE) նախագծի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը։
Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ Համաշխարհային բանկի (ՀԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից համատեղ իրականացվող նախագիծը նպատակ ունի բարելավելու Հայաստանում գործարար միջավայրը, խթանելու ներդրումների ներգրավումը, ամրապնդելու մրցակցությունը և աջակցելու հայկական ընկերությունների համաշխարհային արժեշղթաներում ինտեգրմանը։
Իր ելույթի խոսքում նախարար Հովհաննիսյանն ընդգծել է մասնավոր հատվածի զարգացման համար բարենպաստ գործարար միջավայրի ձևավորման կարևորությունը: Նախարարի խոսքով` Հայաստանը տնտեսական զարգացման կարևոր փուլում է՝ արձանագրելով 7.9 տոկոս տնտեսական աճ և աշխատատեղերի թվի ավելացում։ Այս համատեքստում Վահե Հովհաննիսյանը կարևորել է ոչ միայն տնտեսական աճի պահպանումը, այլև դրա որակական բարելավումը՝ ներդրումային միջավայրի զարգացման, մրցունակության բարձրացման և միջազգային փորձի ներգրավման միջոցով։
Խոսելով ներդրումային միջավայրի և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ նախարարը պարզաբանել է, որ այն միայն ենթակառուցվածքներ կամ ճանապարհներ չէ, այլ բովանդակային առումով խաչմերուկի որակյալ ծառայություններ մատուցելու պատրաստակամությունն ու կարողությունը։
Ներկայացվել են Armenia BRIDGE նախագծի հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև քննարկվել շահագրգիռ կողմերի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
«Ներդրումներ, աճ, մրցակցություն․ բացահայտել Հայաստանի բիզնես ներուժը» խորագրով քննարկումը, որը համախմբել էր գործարար համայնքի ներկայացուցիչներին, քաղաքականություն մշակողներին և միջազգային փորձագետներին, կարևոր հարթակ էր գործարարության համար կարգավորումների պարզեցմանը, թվային ծառայությունների զարգացմանը և արդար մրցակցության ապահովմանը վերաբերող հարցերը բարձրացնելու համար:
Leave a Reply