FreeBalance-ը ճանաչվել է Կառավարության ֆինանսների կառավարման միասնական տեղեկատվական համակարգի ներդրման մրցույթի ընտրված մասնակից
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր հանդիպել է FreeBalance ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մանուել Սկիապա Պիետրայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլին, FreeBalance ընկերության փոխնախագահ Մեթյու Օլիվիեն, ինչպես նաև ընկերության տեղական գործընկերները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի (Government Financial Management Information System, GFMIS) ներդրման մրցույթի արդյունքներին և ծրագրի իրականացման հաջորդ քայլերին։ Մրցույթում ընտրված մասնակից է ճանաչվել FreeBalance ընկերությունը։ Համակարգի ներդրման պայմանագիրը նախաստորագրվել է և նախատեսվում է ստորագրել առաջիկա օրերին՝ անհրաժեշտ ձևակերպումներն ավարտելուց հետո։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ մրցույթի արդյունքների ամփոփումը կարևոր հանգրվան է Հայաստանի հանրային ֆինանսների կառավարման համակարգի արդիականացման և թվայնացման գործընթացում։
Նախարարը նշել է, որ Հայաստանը դեռևս 2000-ականների սկզբից աշխատանքներ է իրականացրել հանրային ֆինանսների կառավարման գործընթացների թվայնացման և ավտոմատացման ուղղությամբ՝ ուսումնասիրելով ու փորձարկելով տարբեր լուծումներ։ Կուտակված փորձն այսօր հնարավորություն է տալիս անցում կատարել միասնական և ժամանակակից համակարգի ներդրմանը։
Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ GFMIS-ը Կառավարության թվայնացման օրակարգի առանցքային նախաձեռնություններից է, որի նշանակությունը դուրս է միայն տեխնոլոգիական լուծման շրջանակից։
Նոր համակարգը հնարավորություն կտա մեկ միասնական հարթակում համախմբել բյուջեի պլանավորման, կատարման և հաշվետվությունների ներկայացման գործընթացները՝ ապահովելով հանրային ֆինանսների վերաբերյալ առավել ամբողջական և արդիական տեղեկատվության հասանելիություն։
Համակարգի ներդրման արդյունքում հնարավոր կլինի ավելի վաղ բացահայտել ծախսային ճնշումները, բարձրացնել ֆինանսական որոշումների հիմնավորվածությունը, կատարելագործել ռեսուրսների բաշխումը, ինչպես նաև պարզեցնել վարչարարական ընթացակարգերը և նվազեցնել պետական կառույցների աշխատանքային ծանրաբեռնվածությունը։
Նախարարն ընդգծել է, որ բարեփոխման հաջողության համար կարևոր են համակարգի արդյունավետ կիրառումը պետական կառույցների ամենօրյա աշխատանքում և բոլոր ներգրավված կողմերի համակարգված համագործակցությունը։
Վահե Հովհաննիսյանը վերահաստատել է Ֆինանսների նախարարության հանձնառությունը՝ առաջնորդելու համակարգի ներդրման գործընթացը և ապահովելու դրա արդյունավետ իրականացումը։
Leave a Reply