IFAD-ի հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթությունները
ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը հանդիպել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD)՝ Հայաստանի գծով նորանշանակ տնօրեն Դագմավի Հաբթե-Սելասիին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հիմնադրամի հետ համագործակցության վերսկսման առաջնահերթություններն ու հետագա փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները: Ներկայացվել են կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները և ֆինանսավորման գործիքակազմը:
Անդրադարձ է կատարվել Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում գյուղատնտեսության և գյուղական տարածքների զարգացման ոլորտներում իրականացվող ծրագրերին: Մասնավորապես, քննարկվել են փոքր ֆերմերային տնտեսությունների աջակցության, արժեշղթաների զարգացման, մասնավոր հատվածի ֆինանսավորման խթանման, ինչպես նաև գյուղական ենթակառուցվածքների զարգացման նպատակով վարկային երաշխիքների և արդյունքահեն ֆինանսավորման մեխանիզմների կիրառման հնարավորությունները։
Քննարկվել է նաև Համաշխարհային բանկի հետ համատեղ՝ AgriConnect նախաձեռնության շրջանակներում Հիմնադրամի հնարավոր ներգրավվածության հարցը: Այս համատեքստում ընդգծվել է, որ համագործակցությունը կարող է նպաստել երկու կազմակերպությունների ֆինանսական և մասնագիտական ներուժի համադրմանը՝ միաժամանակ ապահովելով ծրագրերի իրականացման գործընթացների համակարգվածությունը և բացառելով գործառույթների կրկնությունը:
Կարևորվել են Կառավարության ռազմավարական առաջնահերթություններին համապատասխան ծրագրերի ընտրությունը, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակի ընդլայնումը, ինչպես նաև առկա բյուջետային սահմանափակումների պայմաններում ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների կիրառումը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու երկխոսությունը և զարգացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։
Leave a Reply