Category: Minfin.am

  • ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ԵՆԱԲ նախագահ Զոու Ցզյայիի հետ

    ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ԵՆԱԲ նախագահ Զոու Ցզյայիի հետ

    Սեպտեմբերի 29-ին Դոհայում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) նախագահ և տնօրենների խորհրդի նախագահ Զոու Ցզյայիին։ Հանդիպումը տեղի է ունեցել Բանկի կառավարիչների խորհրդի 11-րդ տարեկան հանդիպման շրջանակում։

    Նախարարը ներկայացրել է ԵՆԱԲ-ին Հայաստանի անդամակցության ընթացքը՝ նշելով, որ երկիրն ավարտել է անդամակցության համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։ Կողմերն անդրադարձել են Բանկի հետ համագործակցության մեկնարկին և Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում նրա հնարավոր ներգրավմանը։

    Որպես համագործակցության հնարավոր ուղղություն՝ Վահե Հովհաննիսյանն առաջարկել է քննարկել Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի մաս կազմող Քաջարանի թունելի շինարարության համաֆինանսավորումը։ Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման հնարավորություններին։

    Համագործակցության մյուս առաջնահերթությունների թվում նշվել են կապակցվածության բարելավումը, ենթակառուցվածքների զարգացումը և կլիմայական խնդիրների հաշվառումը։ Կարևորվել են նաև Հայաստանի ֆինանսների նախարարության և Բանկի թիմերի միջև աշխատանքային շփումների խորացումն ու մասնագիտական կարողությունների զարգացումը՝ համատեղ ծրագրերի նախապատրաստման նպատակով։

  • Վահե Հովհաննիսյանը Դոհայում մասնակցել է ԵՆԱԲ-ի Կառավարիչների խորհրդի 11-րդ տարեկան հանդիպմանը

    Վահե Հովհաննիսյանը Դոհայում մասնակցել է ԵՆԱԲ-ի Կառավարիչների խորհրդի 11-րդ տարեկան հանդիպմանը

    ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Դոհայում մասնակցել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (AIIB) Կառավարիչների խորհրդի 11-րդ տարեկան հանդիպման բացման արարողությանը և Կառավարիչների կլոր սեղան քննարկմանը։

    Կլոր սեղանի քննարկման առանցքում նորարարության դերն էր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ամբողջ ընթացքում՝ ծրագրերի նախապատրաստման որակի բարձրացումից և տեխնիկական աջակցությունից մինչև իրականացման կարողությունների զարգացում և հնարավոր ռիսկերի վաղ բացահայտում։ Քննարկվել են նաև Բանկի, անդամ երկրների և դոնորների համագործակցության միջոցով տեխնիկական աջակցության ընդլայնման և ծրագրերի զարգացման ազդեցության բարձրացման հնարավորությունները։

    Ելույթ ունենալով կլոր սեղանի ընթացքում՝ նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ընդգծելով տարածաշրջանային տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների ապաշրջափակման և փոխկապակցման կարևորությունը։ Նախարարը նշել է, որ այս ուղղությամբ միջազգային ֆինանսական կառույցների փորձը, նորարարական մոտեցումներն ու կարողությունները կարևոր են մասնավոր ներդրումների ներգրավման, կապակցվածության ընդլայնման և տարածաշրջանի տնտեսական ներուժի իրացման համար։

    Անդրադառնալով Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին Հայաստանի անդամակցությանը՝ Վահե Հովհաննիսյանն ընդգծել է դրա ռազմավարական նշանակությունը՝ նշելով, որ Հայաստանի նպատակը չի սահմանափակվում ֆինանսավորման նոր հնարավորությունների հասանելիությամբ։

    «Մեր նպատակը ֆինանսավորումից շատ ավելի լայն է։ Մենք միանում ենք Բանկին՝ Հայաստան բերելու նոր գիտելիք, նոր մոտեցումներ, միջազգային առաջատար չափանիշներ և նորարարական լուծումներ»,– նշել է նախարարը։

    Վահե Հովհաննիսյանը նաև ընդգծել է կայուն խաղաղության կարևորությունը՝ որպես երկարաժամկետ զարգացման և ներդրումների հիմնարար նախապայման։ Այս համատեքստում նա անդրադարձել է համաշխարհային տնտեսության առջև ծառացած մի շարք մարտահրավերների՝ պարտքի կառավարման, կանաչ անցման, թվային փոխակերպման և տեխնոլոգիական նորարարությունների, վերականգնվող էներգիայի միջոցով էներգետիկ անվտանգության ամրապնդման, դիմակայուն մատակարարման շղթաների ձևավորման և մարդկային կապիտալի զարգացման ուղղություններով։

    ԵՆԱԲ-ի Կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման շրջանակում նախատեսված են նաև թեմատիկ քննարկումներ և երկկողմ հանդիպումներ:

  • Հայտարարություն` հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

    Հայտարարություն` հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

    Սույն թվականի հոկտեմբերի 8–ին` ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, հոկտեմբերի 12–ին` ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստ:

    Օրակարգում`

    1. Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննության անցկացում:
    2. Հանրային հատվածի հաշվապահի որակավորման հետ կապված այլ հարցերի քննարկում: 

  • ԱՄՀ-ն տեխնիկական աջակցության զեկույցի շրջանակում գնահատել է Հայաստանի հանրային ներդրումների կառավարման ոլորտը

    ԱՄՀ-ն տեխնիկական աջակցության զեկույցի շրջանակում գնահատել է Հայաստանի հանրային ներդրումների կառավարման ոլորտը

    Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է Հայաստանի «Հանրային ներդրումների կառավարման գնահատման (PIMA) թարմացում և կլիմայական հանրային ներդրումների կառավարման գնահատում (C-PIMA)» տեխնիկական աջակցության զեկույցը։

    Գնահատման նպատակն է ուսումնասիրել Հայաստանի հանրային ներդրումների կառավարման համակարգի ինստիտուցիոնալ շրջանակը, գործընթացներն ու արդյունավետությունը, ինչպես նաև կլիմայական գործոնների ինտեգրումը ներդրումային որոշումների կայացման գործընթացում։ Գնահատումն իրականացվել է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական խնդրանքով և ենթակառուցվածքային ծրագրերի պլանավորման, ֆինանսավորման և իրականացման գործընթացներում ներգրավված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ։ 

    Զեկույցը հատկապես արդիական է՝ հաշվի առնելով միջնաժամկետ հատվածում հանրային ներդրումների ծավալն ավելացնելու Հայաստանի նպատակադրումը, այդ թվում՝ սոցիալական և կրթական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Կատարված ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս Հայաստանի համապատասխան ինստիտուտներն ու գործընթացները համադրելու տարածաշրջանային և նույն եկամտային խմբի երկրների հետ, ինչպես նաև նախանշելու հետագա բարեփոխումների առաջնահերթ ուղղությունները։

    Զեկույցն արձանագրում է, որ 2018 թվականի նախորդ գնահատումից ի վեր Հայաստանում բարելավվել է հանրային ներդրումների և ենթակառուցվածքների կառավարման ինստիտուցիոնալ համակարգը։ Իրականացված բարեփոխումները ներառում են ծրագրերի գնահատման և առաջնահերթությունների սահմանման նոր մեխանիզմների ներդրումը, ՊՄԳ շրջանակի վերանայումը, պետական գնումների բարեփոխումները, ինչպես նաև հանրային ներդրումների կառավարման կենտրոնական գործառույթների ամրապնդումը։

    ԱՄՀ գնահատմամբ՝ Հայաստանի արդյունքները բարենպաստ են տարածաշրջանային և նույն եկամտային խմբի երկրների համեմատ: Հայաստանի հանրային ներդրումների կառավարման համակարգի համեմատական ուժեղ կողմերի թվում առանձնացվում են ծրագրերի որակի գնահատման արդյունավետ համակարգը, բազմամյա բյուջետավորումը, հարկաբյուջետային շրջանակը, բյուջեի համապարփակությունն ու միասնականությունը, ինչպես նաև ֆինանսավորման հասանելիությունը։

    Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև ՀՆԿ համակարգում կլիմայական նկատառումների ինտեգրման ուղղությամբ գրանցված առաջընթացին։ Մասնավորապես, կլիմայական հարցերն աստիճանաբար ներառվում են ոլորտային ռազմավարություններում և շինարարական կարգավորումներում, առաջընթաց է գրանցվել նաև կլիմայական բյուջետային պիտակավորման համակարգի մշակման ուղղությամբ։ Միաժամանակ ընդգծվում է կլիմայական գործոններն ակտիվների պահպանման և կառավարման գործընթացներում առավել համակարգված ներառելու և աղետների ռիսկերի կառավարման շրջանակներն ընդլայնելու հնարավորությունը։

    Գնահատման արդյունքների հիման վրա նախանշվել են հանրային ներդրումների կառավարման համակարգի հետագա բարելավման ուղղությունները, այդ թվում՝ ծրագրերի առաջնահերթությունների սահմանման մեխանիզմների կատարելագործումը, մշտադիտարկման արդյունքում ստացվող տեղեկատվության առավել արդյունավետ օգտագործումը, ծրագրերի գնահատման ուղեցույցների կատարելագործումը, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններ։

    Առաջարկվող բարեփոխումների իրականացումը միտված է հանրային ներդրումների արդյունավետության բարձրացմանը, բյուջեի կատարման բարելավմանը և ենթակառուցվածքների կլիմայական դիմակայունության ամրապնդմանը։

    Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ` անցնելով կից հղմամբ` https://bit.ly/4xQyPdV:

     

    *Զեկույցում դեռևս հնարավոր են որոշակի խմբագրական փոփոխություններ:

  • Ֆինանսական շուկայի մասնակիցների հետ քննարկվել են պետական պարտքի կառավարման ոլորտի զարգացումները և մակրոտնտեսական կանխատեսումները

    Ֆինանսական շուկայի մասնակիցների հետ քննարկվել են պետական պարտքի կառավարման ոլորտի զարգացումները և մակրոտնտեսական կանխատեսումները

    ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Մարինե Մելիքյանը և մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը հերթական հանդիպումն են ունեցել ֆինանսական շուկայի մասնակիցների՝ բանկերի, կենսաթոշակային ֆոնդերի, ինչպես նաև ներդրումային և ապահովագրական ընկերությունների և այլ ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

    Մարինե Մելիքյանը մասնակիցներին է ներկայացրել պետական պարտքի կառավարման ոլորտի ընթացիկ զարգացումները, ինչպես նաև միջնաժամկետ հատվածում Կառավարության պարտքի կառավարման նպատակադրումները և դրանց ուղղությամբ իրականացվող միջոցառումները: Արշալույս Հարությունյանը ներկայացրել է ընթացիկ մակրոտնտեսական զարգացումները և կանխատեսումները:  Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի և բաց քննարկման ձևաչափով:

     

  • Գարիկ Պետրոսյանը մասնակցել է «Դեպի ապացույցների վրա հիմնված քաղաքականությունների մշակում. բարձր մակարդակի քաղաքականության օր Հայաստանում» խորագրով միջոցառմանը

    Գարիկ Պետրոսյանը մասնակցել է «Դեպի ապացույցների վրա հիմնված քաղաքականությունների մշակում. բարձր մակարդակի քաղաքականության օր Հայաստանում» խորագրով միջոցառմանը

    ՀՀ ֆինանսների նախարարության ծրագրերի գնահատման, հանրային ներդրումների կառավարման և ներքին աուդիտի քաղաքականության վարչության պետ Գարիկ Պետրոսյանը և նույն վարչության աշխատակիցները մասնակցել են ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կազմակերպված «Դեպի ապացույցների վրա հիմնված քաղաքականությունների մշակում. բարձր մակարդակի քաղաքականության օր Հայաստանում» խորագրով միջոցառմանը։

    Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի և արտերկրի պետական կառավարման, ակադեմիական և հետազոտական շրջանակների ներկայացուցիչներ,այդ թվում՝ հայտնի տնտեսագետ, Ջեյ-ՓԱԼ-ի համահիմնադիր և տնօրեն Աբհիջիթ Բաներջին։

    Միջոցառման շրջանակում Գարիկ Պետրոսյանը ելույթ է ունեցել «Ապացույցներից դեպի քաղաքականություն. ինչպես են կառավարությունները համակարգային գնահատումն ինտեգրում հանրային որոշումների կայացման գործընթացում» թեմայով պանելային քննարկմանը՝ ներկայացնելով Հայաստանում բյուջետային ծրագրերի գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները, արձանագրված առաջընթացը, ինչպես նաև գնահատման արդյունքները հանրային որոշումների կայացման գործընթացում կիրառելու մոտեցումները։

  • Էդգար Մկրտչյանը մասնակցել է ԿԶԵՀ-ի ռազմավարական նիստին

    Էդգար Մկրտչյանը մասնակցել է ԿԶԵՀ-ի ռազմավարական նիստին

    ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը մասնակցել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ, Հիմնադրամ) հերթական ռազմավարական նիստին։

    Նիստի ընթացքում քննարկվել են Հիմնադրամի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ ԿԶԵՀ-ի` 2022–2026 թվականների ռազմավարության շրջանակում իրականացված արդյունքները և բացթողումները, ինչպես նաև 2027–2031 թվականների նոր ռազմավարական ուղղությունները։

    Հիմնադրամի ղեկավար անձնակազմն ընդգծել է, որ 2027–2031 թվականների նոր ռազմավարությամբ նախատեսվում է աստիճանաբար անցում կատարել հակաճգնաժամային ֆինանսավորումից դեպի անդամ պետությունների երկարաժամկետ մակրոտնտեսական կայունության ամրապնդմանն ու հավասարակշռված տնտեսական աճի համար պայմանների ստեղծմանն ուղղված գործունեությանը։

    Կարևորվել են էներգետիկայի, ջրային և տրանսպորտի ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերը, և նշվել է, որ դրանց իրականացմանը նախատեսվում է ուղղել 1.5 մլրդ ԱՄՆ դոլար կամ Հիմնադրամի կապիտալի 50 տոկոսը։ Նոր ռազմավարությամբ նախատեսվում է նաև զարգացնել Հիմնադրամի վերլուծական կարողությունները, օպտիմալացնել հիմնական աշխատանքային գործընթացները, կատարելագործել կորպորատիվ կառավարման մոդելը, ինչպես նաև ընդլայնել անդամակցությունը՝ նախատեսելով 1–2 նոր անդամ պետության ներգրավում։

    Քննարկման  ավարտին մասնակիցները ևս մեկ անգամ կարևորել  են ԿԶԵՀ-ի` 2027–2031 թվականների ռազմավարության հիմնական նպատակը, որի էությունն է Հիմնադրամը վերափոխել անդամ պետությունների երկարաժամկետ տնտեսական կայունության և զարգացման առավել ակտիվ գործընկերոջ՝ ընդլայնելով դրա դերակատարումը ծրագրերի նախապատրաստման և ֆինանսավորման, տեխնիկական աջակցության և դոնորական նախաձեռնությունների իրականացման ուղղություններով։

  • ՀՀ ֆինանսների նախարարությունը մասնակցել է «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ին

    ՀՀ ֆինանսների նախարարությունը մասնակցել է «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ին

    ՀՀ ֆինանսների նախարարությունը մասնակցել է Երևանի պետական համալսարանի կողմից կազմակերպված «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ին:

    Նախարարության մասնագետները ներկայացրել են կառույցի հիմնական գործառույթները, պատմել աշխատանքի հնարավորությունների, փորձի ձեռքբերման և աշխատակիցների համար նախատեսված պայմանների մասին։

    Միջոցառման ընթացքում ուսանողները մասնակցել են նաև ֆինանսատնտեսական թեմաներով խաղերի և ներկայացրել իրենց ինքնակենսագրականները՝ առկա թափուր հաստիքների համալրման նպատակով։

  • Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՎԶԵԲ-ի` Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը

    Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՎԶԵԲ-ի` Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը

    ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՎԶԵԲ-ի Կովկասյան տարածաշրջանի նորանշանակ ղեկավար Թոմաս Կաիրիսը և Բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ռեմոն Զաքարիան։ Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ ղեկավարներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և փոխգործակցության հետագա ամրապնդում։

    Հանդիպման ընթացքում քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ առաջիկայում նախատեսվող ծրագրերը սահմանային ենթակառուցվածքների արդիականացման, ջրամբարաշինության և թափոնների կառավարման ոլորտներում։ Կողմերն անդրադարձել են նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման գործում ՎԶԵԲ-ի մասնակցությանը, տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների անցկացմանը և հետագա ֆինանսավորմանը:

    ՀՀ Կառավարության ծրագրից բխող առաջնահերթությունների շրջանակում ընդգծվել են տարածաշրջանային տրանսպորտային ու տնտեսական կապուղիների ապաշրջափակումն ու անվտանգության ապահովումը, ռազմավարական ենթակառուցվածքների՝ ջրային, էներգետիկ և տրանսպորտային համակարգերի արդիականացումն ու զարգացումը, շրջակա միջավայրի ու թափոնների արդյունավետ կառավարումը, ինչպես նաև պետական կառավարման ապարատի արդյունավետության, թափանցիկության բարձրացումն ու ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը։

    ՎԶԵԲ ներկայացուցիչները վերահաստատել են Բանկի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանն ու Կառավարության բարեփոխումների օրակարգի իրագործմանը:

  • ՀՀ ֆինանսների նախարարությունը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքի ամենամյա տոնավաճառին

    ՀՀ ֆինանսների նախարարությունը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքի ամենամյա տոնավաճառին

    ՀՀ ֆինանսների նախարարությունը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքի ամենամյա տոնավաճառին։ Նախարարության մասնագետները ուսանողներին ներկայացրել են ֆինանսների նախարարությունում աշխատանքի և պրակտիկայի հնարավորությունները, ինչպես նաև աշխատակիցների համար նախատեսված առավելությունները։

    Տոնավաճառի ընթացքում անցկացվել է տնտեսագիտական և ինտելեկտուալ հարցերից կազմված խաղ-քուիզ, իսկ ուսանողների ներկայացրած ինքնակենսագրականները հավաքվել են և կդիտարկվեն` նախարարությունում առկա թափուր հաստիքների համալրման նպատակով։