Վահե Հովհաննիսյանը Դոհայում մասնակցել է ԵՆԱԲ-ի Կառավարիչների խորհրդի 11-րդ տարեկան հանդիպմանը

Written by

in

Վահե Հովհաննիսյանը Դոհայում մասնակցել է ԵՆԱԲ-ի Կառավարիչների խորհրդի 11-րդ տարեկան հանդիպմանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Դոհայում մասնակցել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (AIIB) Կառավարիչների խորհրդի 11-րդ տարեկան հանդիպման բացման արարողությանը և Կառավարիչների կլոր սեղան քննարկմանը։

Կլոր սեղանի քննարկման առանցքում նորարարության դերն էր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ամբողջ ընթացքում՝ ծրագրերի նախապատրաստման որակի բարձրացումից և տեխնիկական աջակցությունից մինչև իրականացման կարողությունների զարգացում և հնարավոր ռիսկերի վաղ բացահայտում։ Քննարկվել են նաև Բանկի, անդամ երկրների և դոնորների համագործակցության միջոցով տեխնիկական աջակցության ընդլայնման և ծրագրերի զարգացման ազդեցության բարձրացման հնարավորությունները։

Ելույթ ունենալով կլոր սեղանի ընթացքում՝ նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ընդգծելով տարածաշրջանային տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների ապաշրջափակման և փոխկապակցման կարևորությունը։ Նախարարը նշել է, որ այս ուղղությամբ միջազգային ֆինանսական կառույցների փորձը, նորարարական մոտեցումներն ու կարողությունները կարևոր են մասնավոր ներդրումների ներգրավման, կապակցվածության ընդլայնման և տարածաշրջանի տնտեսական ներուժի իրացման համար։

Անդրադառնալով Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին Հայաստանի անդամակցությանը՝ Վահե Հովհաննիսյանն ընդգծել է դրա ռազմավարական նշանակությունը՝ նշելով, որ Հայաստանի նպատակը չի սահմանափակվում ֆինանսավորման նոր հնարավորությունների հասանելիությամբ։

«Մեր նպատակը ֆինանսավորումից շատ ավելի լայն է։ Մենք միանում ենք Բանկին՝ Հայաստան բերելու նոր գիտելիք, նոր մոտեցումներ, միջազգային առաջատար չափանիշներ և նորարարական լուծումներ»,– նշել է նախարարը։

Վահե Հովհաննիսյանը նաև ընդգծել է կայուն խաղաղության կարևորությունը՝ որպես երկարաժամկետ զարգացման և ներդրումների հիմնարար նախապայման։ Այս համատեքստում նա անդրադարձել է համաշխարհային տնտեսության առջև ծառացած մի շարք մարտահրավերների՝ պարտքի կառավարման, կանաչ անցման, թվային փոխակերպման և տեխնոլոգիական նորարարությունների, վերականգնվող էներգիայի միջոցով էներգետիկ անվտանգության ամրապնդման, դիմակայուն մատակարարման շղթաների ձևավորման և մարդկային կապիտալի զարգացման ուղղություններով։

ԵՆԱԲ-ի Կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման շրջանակում նախատեսված են նաև թեմատիկ քննարկումներ և երկկողմ հանդիպումներ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *