Category: ArmPulse

  • Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում

    Այս տարի նախատեսվում է նորոգել շուրջ 15 կիլոմետր ճանապարհ: Հաջորդ փուլերի համար արդեն ընտրվում են քաղաքի առավել ծանրաբեռնված և անմխիթար փողոցները։
  • 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում | Հասարակություն

    Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացվել է «Կենսաբանություն» առարկայի 37-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է նաև Հայաստանի թիմը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

    Մտավոր ստուգատեսին մասնակցել է ավելի քան 300 աշակերտ՝ 78 երկրից (յուրաքանչյուր պետությունից առավելագույնը 4 մասնակից):

    Հայաստանը ներկայացրած աշակերտներն արձանագրել են հետևյալ արդյունքները․

    • Արեգ Գալստյան (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դասարան) — արծաթե մեդալ,

    • Հովհաննես Սարգսյան («Հերացի» ավագ դպրոց, 12-րդ դասարան) — բրոնզե մեդալ,

    • Սամվել Հարությունյան («Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան) — գովասանագիր։

    Թիմի կազմում էր նաև «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Ստելլա Բադալյանը։

    Հայաստանի թիմը ղեկավարել են Սյուզան Մարությանը (ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց), Հակոբ Փերիխանյանը (ԵՊՀ) և Գևորգ Ավանեսյանը («Հերացի» ավագ դպրոց):

    Օլիմպիադայի ընթացքում մասնակիցները կատարել են 2 տեսական առաջադրանք և 4 փորձարարական աշխատանք (մոլեկուլային կենսաբանություն և կենսաքիմիա, կենդանիների ֆիզիոլոգիա, կենդանիների մորֆոլոգիա և դասակարգում, բույսերի հաշվարկային կենսաբանություն):

    Հիշեցնենք, որ «Կենսաբանություն» առարկայի 36-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ֆիլիպինների Կեսոն-Սիթի քաղաքում, Հայաստանի թիմն արժանացել էր 1 ոսկե և 2 բրոնզե մեդալների։

  • Քննարկվել է հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը | Քաղաքականություն

    Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է կենսաբազմազանության և բազմակողմ բանակցությունների ոլորտի միջազգային փորձագետ Բասիլ վան Հավրեին։ Այս մասին հայտնում են ՇՄՆ-ից:

    Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից քննարկել են հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև միջոցառմանը նախորդող բանակցային գործընթացի առանցքային ուղղություններն ու առկա մարտահրավերները։

    Անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ որպես COP17-ը նախագահող երկրի դերակատարությանը և ռազմավարական առաջնահերթություններին։ Քննարկվել են․

    • Բանակցային գործընթացի արդյունավետ կազմակերպման մոտեցումները,

    • Համաժողովի ընթացքում կառուցողական երկխոսության, փոխվստահության և կոնսենսուսի ձևավորմանն ուղղված քայլերը։

    Հանդիպմանը կարևորվել է COP17-ի նախագահության դերը ոչ միայն համաժողովի արդյունավետ անցկացման, այլև կենսաբազմազանության գլոբալ օրակարգի առաջմղման, Կունմինգ–Մոնրեալի գլոբալ շրջանակի իրականացման արագացման և երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում։

    ՇՄՆ-ից ընդգծում են, որ Հայաստանը հետևողականորեն շարունակում է նախապատրաստվել COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով, ներառական ու թափանցիկ բանակցային գործընթաց և արդյունքահենք նախագահություն։

  • Ամփոփվել են «Փոքրիկ քայլ» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի արդյունքները․ հայտնի են հաղթողները | Մշակույթ

    Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատի մեծ համերգասրահում տեղի է ունեցել «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխության և գալա համերգի հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

    Միջոցառման ընթացքում հայտարարվել են լավագույն մասնակիցների անունները, որոնք արժանացել են «Մեծ մրցանակի» (Gran Prix) և «Հատուկ մրցանակների»:

    Փառատոնն անցկացվել է հունիսի 9-30-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Նախաձեռնության հիմնադիրներն են «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը և Վաղարշապատի համայնքապետարանը։

    • Այս տարի ստուգատեսին մասնակցության հայտ է ներկայացրել Հայաստանի 150-ից ավելի երաժշտական և արվեստի դպրոցների 8-20 տարեկան շուրջ 1500 աշակերտ։

    •  Օնլայն ձևաչափով փառատոնին հայտեր են ներկայացրել նաև Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի համապատասխան հաստատություններից:

    Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են եղել Հայաստանի երաժշտարվեստի ոլորտի ճանաչված ներկայացուցիչներ, վաստակավոր արտիստներ և փորձառու մանկավարժներ։

  • Ծաղկաձորի ջրամատակարարումը կդադարեցվի

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
  • Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը տեղափոխվում է Ազգային ժողով. իշխանությունը նոր թեկնածու է փնտրում․ ԶԼՄ | Քաղաքականություն

    Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը պատրաստվում է վայր դնել մարզպետի լիազորությունները և վերցնել պատգամավորական մանդատը։ Այս մասին հայտնում է ArmLur.am-ը։

    Լրատվամիջոցի հետ զրույցում Ահարոն Սահակյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով․ «Այո՛, գնալու եմ ԱԺ»։

    Ստեղծված իրավիճակում իշխանությունն այժմ Կոտայքի մարզպետի նոր թեկնածու է փնտրում։

    Հիշեցնենք՝ Ահարոն Սահակյանը Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի մայիսից։ Վաղը՝ հուլիսի 21-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) տեղի կունենա պատգամավորական թափուր մանդատների հանձնման արարողությունը։

  • «Թուրքիան օգնեց ձախողել Իրանը մասնատելու ԱՄՆ-ի ծրագրերը». Իրանի ԱԳ նախարար | Տարածաշրջան

    Թուրքիան աջակցել է Իրանին՝ ձախողելու երկիրը մասնատելու Վաշինգտոնի ծրագրերը։ Այս մասին իրանական Majaraa Media պարբերականին տված տեսահարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

    Իրանի արտգործնախարարի խոսքով՝ հակամարտության չորրորդ օրը Վաշինգտոնը ծրագրում էր գործարկել Իրանի տարրալուծման/մասնատման գործընթացը։

    Արաղչին նշել է, որ դա թույլ չտալու համար Թեհրանն օպերատիվ կապ է հաստատել տարածաշրջանային դերակատարների հետ՝ ամերիկյան սպառազինության մատակարարման ուղիները արգելափակելու նպատակով։ Կապ է հաստատվել․

    • Իրաքի վարչապետ Ալ-Սուդանիի,

    • Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի,

    • Քրդական առաջնորդների հետ։

    Իրանցի նախարարն ընդգծել է, որ թուրքական կողմն այս հարցում զբաղեցրել է պրինցիպիալ դիրքորոշում և կոշտ բանակցություններ է վարել ԱՄՆ ներկայացուցիչների հետ։

    «Համատեղ ջանքերի այս ամբողջ համալիրը հանգեցրեց նրան, որ այդ դավադրությունը լիովին ձախողվեց», — ամփոփել է Արաղչին։

  • Թրամփը հրահանգել է պատասխան հարվածներ հասցնել Իրանին՝ ամերիկացի զինծառայողների զոհվելուց հետո | Քաղաքականություն

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին, Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դենիել Քեյնին և զինված ուժերի ղեկավարությանը հրահանգել է պատասխան գործողություններ ձեռնարկել իրանական կողմի դեմ՝ ամերիկացի զինծառայողների զոհվելու պատճառով։ Այս մասին ԱՄՆ ղեկավարը գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

    «Ամեն անգամ, երբ Իրանը սպանի ամերիկացի զինվորի, նա բազմապատիկ գին է վճարելու այդ սպանության համար», — հայտարարել է Թրամփը։

    Օրեր առաջ՝ հուլիսի 17-ին, Հորդանանում իրանական հարվածի հետևանքով զոհվել էր երկու ամերիկացի զինծառայող։ Բացի այդ, մեկ զինծառայող համարվում է անհետ կորած, իսկ ևս չորսը տեղափոխվել են հիվանդանոց։

  • Հայաստանն աշխարհի ամենաազդեցիկ մշակութային երկրների շարքում է․ Աղբյուր | Մշակույթ

    Հայաստանը զբաղեցրել է 33-րդ տեղը աշխարհի ամենաազդեցիկ մշակութային և պատմամշակութային ժառանգություն ունեցող երկրների ցանկում։ Այս մասին, վկայակոչելով CEOWORLD Magazine-ի տվյալները, հայտնում է The US Armenians-ը:

    Ըստ հրապարակված վարկանիշային աղյուսակի՝ Հայաստանը 100 հնարավորից ստացել է 88.09 միավոր: Հետազոտությունն ընդգծում է երկրի հարուստ պատմական ժառանգությունը, դարավոր ավանդույթները, ճարտարապետական կոթողները և համաշխարհային ճանաչում ունեցող մշակութային ավանդը:

    Հնագույն վանքերից ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններից մինչև սերնդեսերունդ փոխանցվող հայկական արվեստը, երաժշտությունն ու ավանդույթները՝ Հայաստանը շարունակում է ուրույն տեղ զբաղեցնել համաշխարհային մշակույթում:

  • Քրեական ոստիկանները 43-ամյա տղամարդու մեքենայում զենք և թմրամիջոց են հայտնաբերել | Հասարակություն

    Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ 43-ամյա տղամարդն իր շահագործած ավտոմեքենայում ապօրինի զենք և զինամթերք է պահում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

    Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանները Ավան համայնքի Մարշալ Բաբաջանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են նշված մեքենան, որի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում նկատվել է զենքի նմանվող առարկա։ Վարորդը ձերբակալվել է և մեքենայով հանդերձ տեղափոխվել ոստիկանության վարչություն։

    Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված խուզարկությամբ մեքենայի սրահում հայտնաբերվել են․

    • «Hagan» տեսակի ակոսափող թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 7 փամփուշտով,

    • «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց,

    • Թմրամիջոցի հետքերով տարա,

    • «Մեթադոն» տեսակի թմրամիջոց։

    Երևանի բնակիչ 43-ամյա տղամարդը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն։