Category: ArmPulse

  • Հայաստանից ներկրված հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում | Էկոնոմիկա

    Հայաստանից ներկրված հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից՝ ներկայացնելով հասցեները՝

    N Market — 123 Boulevard Brune, 75014 Paris,

    NUR — 45 Avenue du Général de Gaulle, 92360 Meudon,

    Chez Aro — 28 Rue du Général de Gaulle, 78300 Poissy:

  • Սուրբ Սոֆիա մզկիթը կշարունակի լուսավորել երկինքը աղոթքի կոչով․Էրդողան | Տարածաշրջան

    Ստամբուլի Սուրբ Սոֆիա մզկիթը կշարունակի լուսավորել երկինքը աղոթքի կոչով։Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

     Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրառում է կատարել  սոցիալական ցանցերում՝ Սուրբ Սոֆիայի կարգավիճակի վերականգնման վեցերորդ տարեդարձի կապակցությամբ։
    «Ուղիղ վեց տարի առաջ այսօր՝ 86 տարվա բաժանումից հետո, Սուրբ Սոֆիան վերականգնեց իր նախնական տեսքը։ Այս օրհնյալ սրբավայրը, Աստծո կամքով, կշարունակի լուսավորել մեր երկինքը աղոթքի կոչով մինչև ժամանակների վերջը», – գրել է Էրդողանը։

    Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ 2020 թվականի հուլիսի 24-ին Սուրբ Սոֆիայում 86 տարվա ընթացքում առաջին անգամ տեղի ունեցավ ուրբաթօրյա աղոթք՝ նշելով սուրբ վայրի պաշտոնական վերադարձը մզկիթի։ Արարողությանը մասնակցել է Թուրքիայի նախագահը։ Սուրբ Սոֆիայի տաճարի վերաբացման վեցերորդ տարեդարձի առթիվ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մզկիթը, բացելով իր դռները իսլամական աշխարհի և ողջ մարդկության՝ քրիստոնյաների և մուսուլմանների առջև, մեծ ուրախություն է պատճառում բոլորին։

  • Երևանի Ներսիսյան  փողոցում գտնվող դպրոցի հողատարածքը 19 տարի առաջ ապօրինի եղանակով օտարվել է | Հայաստան

    Երևանի Ներսիսյան  փողոցում գտնվող շուկայական արժեքով ավելի քան 175 միլիոն դրամ արժեցող հողատարածքը 19 տարի առաջ ապօրինի եղանակով օտարվել է։ Գործի շրջանակներում մեղադրյալ են ճանաչվել Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը և նաև 5 անձ։ Խոսքը գնում է հատուկ դպրոցի տարածքի մասին, որի մի մասը նախկին քաղաքապետը ապօրինի կերպով օտարել է։ Քննիչի գնահատմամբ՝ Երևանի քաղաքապետարանը այդ տարածքի նկատմամբ որևէ լիազորություն չի ունեցել։ Բացի այդ, կեղծվել են աճուրդի փաստաթղթերը ։Այսպիսով, ապօրինի կազմակերպված աճուրդով հատուկ դպրոցը զրկվել է իրեն պատկանող տարածքից։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 19 տարի առաջ այս  հողատարածքը ձևական աճուրդով վաճառվել է 12 միլիոն դրամով: 

    Հողամասը ապօրինի կերպով օտարելու գործընթացում Զախարյանին օժանդակել են այդ ժամանակահատվածում Երևանի քաղաքապետի տեղակալներ Կամո Արեյանը, Կարեն Դավթյանը և քաղաքապետարանի 3 աշխատակից։

     Գործով մեղադրյալ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը նախաքննության ընթացքում խնդրել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իր նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը: Քաղաքապետարանի աշխատակիցները ընդունել են ներկայացված մեղադրանքը և խնդրել են վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իրենց նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը, ինչը կատարվել է։Կամո Արեյանը չի ընդունել մեղադրանքը, մեղադրական եզրակացությունը կուղարկվի դատարան: Գործին առնչվող մյուս մեղադրյալների մասով նախաքննությունը շարունակվում է։

  • Վրաստանում ՀՀ դեսպանը Գուրջաանիի քաղաքապետի հետ քննարկել է Դիլիջանի հետ համագործակցության հնարավորությունը | Հայաստան

    Վրաստանում 🇬🇪 Հայաստանի 🇦🇲 դեսպանության փոխանցմամբ՝ Կախեթիի շրջան աշխատանքային այցի շրջանակում դեսպան Ա․ Սմբատյանը հանդիպել է Գուրջաանիի քաղաքապետ Գիորգի Մաճավարիանիի հետ:

    Զրուցակիցները քննարկել են Դիլիջան համայնքի և Գուրջաանի քաղաքի միջև համագործակցության հաստատման հեռանկարները։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համատեղ աշխատանքներն այդ ուղղությամբ:

  • Պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով | Էկոնոմիկա

    ՀՀ առաջին կիսամյակի պետբյուջեն կատարվել է 67․3 մլրդ դրամ հավելուրդով. Ֆիննախ

    ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման վերաբերյալ տեղեկատվությունը։

    Ըստ պաշտոնական տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեն կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով (պրոֆիցիտով)՝ առաջին կիսամյակի համար ծրագրված 342.4 մլրդ դրամ պակասուրդի (դեֆիցիտի) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 39.2 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն։

    2026 թ. առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,643 մլրդ դրամ՝ ապահովելով ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 106.0%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի եկամուտներն աճել են 14.7%-ով կամ 210.1 մլրդ դրամով:

    Պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,576 մլրդ դրամ՝ ապահովելով ճշտված ծրագրի 83.2% կատարողական: 2025 թվականի առաջին կիսամյակի համեմատ ծախսերն ավելացել են 7%-ովկամ 103.6 մլրդ դրամով:

    Զեկույցի ամբողջական տարբերակին կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում:

  • Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ» | Էկոնոմիկա

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է նախարարության կառավարմանն անցած Արարատի ցեմենտի գործարան՝ տեղում ծանոթանալու արտադրական գործընթացին և առկա խնդիրներին։

    Այցին մասնակցել են նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը։

    Էկոնոմիկայի նախարարությունից վստահեցնում են, որ ձեռնարկվելու են անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի գործարանն աշխատի ամբողջ հզորությամբ, անխափան և արդյունավետ։

     Այցի ընթացքում նախարարը տեղում ծանոթացել է ձեռնարկության առջև ծառացած խնդիրներին։

     Գևորգ Պապոյանը հանձնարարել է համակողմանիորեն ուսումնասիրել արձանագրված հարցերը՝ անհրաժեշտ լուծումներ տալու և արտադրության անխափան շարունակականությունն ապահովելու նպատակով։

  • Արամ Սարգսյան. «Օլիգարխը պետք է հեռու մնա քաղաքականությունից» | Քաղաքականություն

    «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով քաղաքական դաշտում գործարար/օլիգարխիկ շրջանակների ներգրավվածությանը, ընտրակաշառքների պրակտիկային և արտաքին ազդեցություններին։

    Գրառման մեջ քաղաքական գործիչն ընդգծում է, որ 2026 թվականին քաղաքական բովանդակությունից զուրկ ուժերը փորձում են վերադարձնել ընտրակաշառքի արատավոր ավանդույթները՝ աղավաղելով ընտրական գործընթացը։ 

    «2026-ին, սեփական նախաձեռնությամբ, թե ՌԴ իշխանությունների պարտադրանքով, Հայաստանում հայտնվեց քաղաքական բովանդակություն չունեցող մեկը և հայ մարդուն և նրան շրջապատող ամեն ինչ ապրանք համարեց ու որոշեց գնել։ 2018-ից հետո գրողի ծոցն ուղարկված ու մոռացության մատնված՝ ջեմով, տուկի թելով և 10 հազար դրամով ընտրությունները «նոր ձևերով» վերադարձան՝ վերածվելով շալվար-սվիտրի և 100 հազար դրամի։

    Ի հետևանս՝ այլասերվեց ընտրական գործընթացը, իսկ ընտրողին փորձեցին վերածել ապրանքի ու շուն-շանգյալի։ Ակնհայտ է, և անգամ Սևանի ափին՝ տարով չվաճառված, հոգնած ու ծխեցրած ձուկը գիտի, որ ընտրակաշառք է բաժանվել, և ուրեմն կույս ձևանալն անիմաստ է ու նույնիսկ՝ ծիծաղելի։

    Հետևաբար, չարժե սրբի ու անմեղի կերպարանք ընդունելով՝ հալածյալի և քաղբանտարկյալի դեր խաղալ։ Առավել ևս, որ անմեղ չեք, քաղաքական բովանդակություն, ինչպես ի սկզբանե, այնպես էլ այսօր, չունեք, ձեզ դրսից աջակցողն ու քաղաքական բովանդակություն հուշողը սեփական պետության շահերն է ցանկանում ձեր միջոցով իրականացնել Հայաստանում, իսկ ընդհանրապես՝ օլիգարխը պետք է հեռու մնա քաղաքականությունից»։ 

    Գրառման վերջնամասում Արամ Սարգսյանը համեմատական է անցկացնում ԱՄՆ քաղաքական համակարգի հետ՝ նշելով.

    «Հ.Գ. Հայաստանից հարյուր անգամ ավելի ժողովրդավարական Ամերիկայում ոչ օլիգարխ, բայց չափազանց առաջադեմ գործարար Իլոն Մասկը, որը միայն ԱՄՆ քաղաքացի է, որոշեց կուսակցություն հիմնել։ Եվ ի՞նչ, թույլ տվեցի՞ն։ Փաստորեն, մերոնք ավելի ժողովրդավար են, կամ` Պապից ավելի կաթոլիկ։ Թրամփին օրինակ չբերեք. եթե դուք էլ Հանրապետական կուսակցության միջոցով հանդես գայիք, իմ փաստարկներն ու այս ամբողջ խոսակցությունը բոլորովին այլ ուղղությամբ կընթանային»։

  • Գագիկ Ծառուկյանի պաշտպանների մամուլի ասուլիսը հետաձգվել է․ նրան կրկին հրավիրել են ՊԵԿ՝ հարցաքննության | Քաղաքականություն

    Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը հետաձգվել է։

    Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր, Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

    Հետաձգման պատճառը Գագիկ Ծառուկյանին կրկին հարցաքննության հրավիրելն է։ Նա հուլիսի 24-ին՝ ժամը 10:30-ին, պետք է ներկայանա ՀՀ ՊԵԿ քննչական վարչություն (հասցեն՝ ք. Երևան, Դեղատան 3)։

    «Այս հանգամանքով պայմանավորված՝ նախատեսված մամուլի ասուլիսը կկայանա այլ օր, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք առաջիկայում»։

  • Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է սուբվենցիոն հայտերի գնահատման հանձնաժողովի նիստը․ հաստատվել է 14 ծրագիր | Հայաստան

    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ գնահատվել են 2026 թվականի համար ներկայացված սուբվենցիոն հայտերը։

    Քննարկումները վերաբերում էին ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի՝ Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին։

    Քննարկումների արդյունքում հանձնաժողովի կողմից հաստատվել է համայնքներից ստացված սուբվենցիայի 14 ծրագրային հայտ։

  • Հանրային քննարկման են ներկայացվել բարձրագույն կրթության լիցենզավորման և հավատարմագրման նոր կարգերը․ ԿԳՄՍՆ | Հայաստան

    Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատությունների (բուհեր) և կրթական ծրագրերի լիցենզավորման, ինչպես նաև ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման նոր կարգերը սահմանող որոշումների նախագծերը։

    Փաստաթղթերը մշակվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով սահմանված համակարգային բարեփոխումներն ապահովելու նպատակով։ Նոր կարգավորումներով հստակ տարանջատվելու և միաժամանակ փոխկապակցվելու են բուհի ինստիտուցիոնալ կարողության և յուրաքանչյուր կրթական ծրագրի ակադեմիական ամբողջականության գնահատումները։

    Լիցենզավորումը դիտարկվում է որպես բուհական գործունեություն սկսելու և շարունակելու իրավական նախապայման։ Նախագծով առաջարկվում է հաստատել երկու փոխկապակցված կարգ՝ բուհերի լիցենզավորման և կրթական ծրագրերի լիցենզավորման։

    • Բուհերի լիցենզավորում․ Գնահատվելու են բուհի առաքելությունը, կառավարումը, ակադեմիական կազմը, ֆինանսական կայունությունը, ինֆրաստրուկտուրաները, ուսանողների աջակցության մեխանիզմները և որակի ներքին ապահովման համակարգը։ Սահմանվում է նաև բոլոր տարիների հաշվարկով առնվազն 4000 ուսանողի կրթություն կազմակերպելու կարողության պահանջ։

    • Կրթական ծրագրերի լիցենզավորում․ Տարածվելու է բակալավրի, մագիստրոսի և դոկտորի որակավորում շնորհող, ինչպես նաև ինտեգրված, համատեղ, օտար լեզվով, հեռավար կամ հիբրիդային ծրագրերի վրա։

    • Անցումային շրջան․ Գործող լիցենզիաների իրավական ուժը կպահպանվի, սակայն գործող բուհերը մինչև 2028 թվականը պետք է դիմեն նոր կարգով լիցենզավորման համար։

    Հավատարմագրումը սահմանվում է որպես պարտադիր և պարբերաբար կրկնվող գործընթաց, որը տարածվում է ՀՀ-ում գործող բոլոր պետական, ոչ պետական, միջպետական, միջազգային բուհերի և օտարերկրյա մասնաճյուղերի վրա։

    • Ժամկետներ․ Ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է 7-ամյա, իսկ ծրագրայինը՝ 5-ամյա ստանդարտ շրջափուլերով (ծրագրայինի համար կգործի նաև 3-ամյա պայմանական հավատարմագրման հնարավորություն)։

    • Միկրո-որակավորումներ․ Նախատեսվում է ակադեմիական կրեդիտ շնորհող միկրո-որակավորումների հավատարմագրում՝ խթանելով ցկյանս կրթությունը։

    • Անցումային դրույթներ․ Գործող կարգավիճակների իրավական շարունակականությունը կապահովվի մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։

    • Հանրային լսումը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 15:00-ին, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22)։

    • Առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2026 թվականի օգոստոսի 5-ը ներառյալ՝ e-draft.am կայքում կամ ուղարկելով info@hesc.am էլեկտրոնային հասցեին։