Category: ArmPulse

  • Հանրային քննարկման են ներկայացվել բարձրագույն կրթության լիցենզավորման և հավատարմագրման նոր կարգերը․ ԿԳՄՍՆ | Հայաստան

    Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատությունների (բուհեր) և կրթական ծրագրերի լիցենզավորման, ինչպես նաև ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման նոր կարգերը սահմանող որոշումների նախագծերը։

    Փաստաթղթերը մշակվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով սահմանված համակարգային բարեփոխումներն ապահովելու նպատակով։ Նոր կարգավորումներով հստակ տարանջատվելու և միաժամանակ փոխկապակցվելու են բուհի ինստիտուցիոնալ կարողության և յուրաքանչյուր կրթական ծրագրի ակադեմիական ամբողջականության գնահատումները։

    Լիցենզավորումը դիտարկվում է որպես բուհական գործունեություն սկսելու և շարունակելու իրավական նախապայման։ Նախագծով առաջարկվում է հաստատել երկու փոխկապակցված կարգ՝ բուհերի լիցենզավորման և կրթական ծրագրերի լիցենզավորման։

    • Բուհերի լիցենզավորում․ Գնահատվելու են բուհի առաքելությունը, կառավարումը, ակադեմիական կազմը, ֆինանսական կայունությունը, ինֆրաստրուկտուրաները, ուսանողների աջակցության մեխանիզմները և որակի ներքին ապահովման համակարգը։ Սահմանվում է նաև բոլոր տարիների հաշվարկով առնվազն 4000 ուսանողի կրթություն կազմակերպելու կարողության պահանջ։

    • Կրթական ծրագրերի լիցենզավորում․ Տարածվելու է բակալավրի, մագիստրոսի և դոկտորի որակավորում շնորհող, ինչպես նաև ինտեգրված, համատեղ, օտար լեզվով, հեռավար կամ հիբրիդային ծրագրերի վրա։

    • Անցումային շրջան․ Գործող լիցենզիաների իրավական ուժը կպահպանվի, սակայն գործող բուհերը մինչև 2028 թվականը պետք է դիմեն նոր կարգով լիցենզավորման համար։

    Հավատարմագրումը սահմանվում է որպես պարտադիր և պարբերաբար կրկնվող գործընթաց, որը տարածվում է ՀՀ-ում գործող բոլոր պետական, ոչ պետական, միջպետական, միջազգային բուհերի և օտարերկրյա մասնաճյուղերի վրա։

    • Ժամկետներ․ Ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է 7-ամյա, իսկ ծրագրայինը՝ 5-ամյա ստանդարտ շրջափուլերով (ծրագրայինի համար կգործի նաև 3-ամյա պայմանական հավատարմագրման հնարավորություն)։

    • Միկրո-որակավորումներ․ Նախատեսվում է ակադեմիական կրեդիտ շնորհող միկրո-որակավորումների հավատարմագրում՝ խթանելով ցկյանս կրթությունը։

    • Անցումային դրույթներ․ Գործող կարգավիճակների իրավական շարունակականությունը կապահովվի մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։

    • Հանրային լսումը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 15:00-ին, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22)։

    • Առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2026 թվականի օգոստոսի 5-ը ներառյալ՝ e-draft.am կայքում կամ ուղարկելով info@hesc.am էլեկտրոնային հասցեին։

  • Ղարաբաղում ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր | Տարածաշրջան

    Հուլիսի 23-ին Ջեբրաիլի (Ջրական) շրջանի Հասանլի գյուղի տարածքում ականի պայթյուն է տեղի ունեցել։

    Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ-ի, Գլխավոր դատախազության և Ականազերծման գործակալության (ANAMA) համատեղ հայտարարությունը, 1979 թվականին ծնված, Գումլագ գյուղի բնակիչ Էլշան Շամիլովը չականազերծված տարածքում տրակտորով հողը վարելիս պայթել է ականի վրա և ստացել մարմնական վնասվածքներ։

    Դեպքի առթիվ Ջեբրաիլի շրջանի դատախազությունում իրականացվում է քննություն։

    Պատկան մարմինները հերթական անգամ քաղաքացիներին հորդորել են խստորեն պահպանել անվտանգության կանոնները, չմտնել չականազերծված ու կասկածելի տարածքներ և ձեռք չտալ անհայտ առարկաներին։

  • Եվրահանձնաժողովը Google ընկերությանը պարտավորեցրել է 890 մլն եվրո տուգանք վճարել | Հասարակություն

    Եվրոպական հանձնաժողովը ամերիկյան Google ընկերությանը մեղադրել է Թվային շուկաների մասին օրենքի (DMA) պահանջները չհամապատասխանեցնելու համար և պարտավորեցրել վճարել ընդհանուր առմամբ 890 մլն եվրո տուգանք։

    Տուգանքը ձևավորվել է երկու առանձին խախտումների արդյունքում․ առաջինի համար սահմանվել է 460 մլն, իսկ երկրորդի համար՝ 430 մլն եվրո։

     Google-ը Search որոնողական համակարգում սեփական ծառայություններին (հյուրանոցներ, խանութներ, տրանսպորտ, տեղեկատվական ռեսուրսներ) տրամադրել է ակնհայտ առավելություններ երրորդ կողմի մրցակիցների համեմատությամբ։ Դրանք ցուցադրվել են էջի վերին հատվածներում՝ ավելի տեսանելի տարրերով ու ֆիլտրերով, մինչդեռ համանման այլ ծառայությունները մղվել են երկրորդ պլան։

     Ընկերությունը արգելափակել է հավելվածներ ստեղծողների հնարավորությունը՝ անվճար հիմունքներով օգտատերերին տեղեկացնելու այլընտրանքային ու ավելի էժան առաջարկների մասին, ինչպես նաև ուղղորդելու նրանց դեպի արտաքին կայքեր կամ հավելվածների այլընտրանքային խանութներ։

  • Կառավարությունն ընդունել է ՀԱԵԿ-ի N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի հաշվետվությունը | Հայաստան

    ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ-2) ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը։

    Որոշման համապատասխան նախագիծն ընդգրկված էր գործադիր մարմնի այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։

  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը մանրամասներ է հայտնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթից | Քաղաքականություն

    Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ ձեռք բերված համաձայնությունը՝ ընդգծելով, որ նոր սահմանափակումները շարունակելու են թուլացնել ռուսական ռազմական մեքենայի տնտեսական հիմքերը։

    X-ի իր միկրոբլոգում ֆոն դեր Լայենը հայտնել է, որ նոր փաթեթով արգելված գործարքների ցանկում են ներառվել ևս 32 ռուսական բանկ, կրիպտո ընկերություններ, նավթի առևտրային հարթակներ, ինչպես նաև առաջին անգամ թիրախավորվել են Ռուսաստանի «ստվերային նավատորմին» աջակցող նավերը։ Բացի այդ, մեկ տարով սառեցվել է նավթի գնի սահմանաչափի ճշգրտումը, և քայլեր են ձեռնարկվել ռուս մարտիկների՝ ԵՄ մուտքն արգելելու ուղղությամբ։

    Սա պատերազմի սկզբից ի վեր ցանկի ամենամեծ ընդլայնումն է․ այն ներառում է 250 անհատների և կազմակերպությունների, որոնք աջակցում են պատժամիջոցների շրջանցմանը (այդ թվում՝ կրիպտոարժույթի միջոցով)։ Նախատեսվում են նաև ձկան ներմուծման և պատերազմի մասնակիցների վիզաների սահմանափակումներ։

    Reuters-ի փոխանցմամբ՝ նոր փաթեթում ներառվել է բացառություն, որը 12 ամսով թույլատրում է ռուսական հեղուկ բնական գազի (ՀԲԳ/LNG) մատակարարումը երրորդ երկրներին։ Այս քայլով ԵՄ երկրները «համերաշխություն են ցուցաբերել» Հունաստանին․ հուլիսի կեսերին Աթենքը դեմ էր արտահայտվել արգելքին՝ փորձելով պաշտպանել հույն միլիարդատեր Գեորգիոս Պրոկոպիուին պատկանող Dynagas նավագնացության ընկերության շահերը։

    Dynagas-ը 2025 թվականի սկզբից ի վեր 11 նավով իրականացրել է 144 նավարկություն՝ տեղափոխելով ավելի քան 10 միլիոն տոննա ռուսական հեղուկ բնական գազ։

  • Կոբախիձե․ Վրաստանը ցանկանում է է՛լ ավելի խորացնել հարաբերությունները Ադրբեջանի և մյուս հարևանների հետ | Տարածաշրջան

    Վրաստանն առաջնահերթություն է համարում հարաբերությունների ընդլայնումը ինչպես Կենտրոնական Ասիայի երկրների, այնպես էլ իր անմիջական հարևանների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ։

    Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, Սինգապուրում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով՝ Վրաստանն ունի ռազմավարական նշանակություն ունեցող աշխարհագրական դիրք, ինչը լայն հնարավորություններ է բացում տարածաշրջանային համագործակցության համար։

    «Մենք ազատ առևտրի համաձայնագրեր ունենք բազմաթիվ երկրների հետ, ինչը հիանալի հիմք է ստեղծում Վրաստանի հետ տնտեսական կապերի զարգացման մեջ նոր պետությունների ներգրավման համար։ Վրաստանը կարող է բոլոր առումներով կենտրոն դառնալ տարբեր երկրների համար, և մենք պետք է ակտիվորեն աշխատենք այս ռեսուրսն առավելագույնս օգտագործելու ուղղությամբ», — ընդգծել է Կոբախիձեն։

  • ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

    Բուժզննումն ավարտելուց հետո Հանրապետության նախագահը վերադարձել է բնականոն աշխատանքային ռեժիմի։
  • ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ | Քաղաքականություն

    Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների` տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսված ուսումնասիրության շրջանակում, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 13-ին այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց ունեցել ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Գուրգենի Մանուկյանի հետ, հայտնում է Պաշտպանի գրասենյակը։

    «Արձանագրվել են նրա կողմից ներկայացված հանգամանքները, ուսումնասիրվել պահման պայմաններն ու վերաբերելի փաստաթղթերը։ Առանձնազրույցի ընթացքում Արեգնազ Մանուկյանը Պաշտպանի ներկայացուցիչներին, ի թիվս այլնի, հայտնել է, որ իր նկատմամբ դատարանի կողմից կիրառված հաղորդակցության սահմանափակման հետևանքով չի կարողանում հաղորդակցվել դստեր հետ։

    «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով ամրագրված՝ դատական վարույթին միջամտելու արգելքով պայմանավորված՝ Պաշտպանը չի քննարկում կոնկրետ քրեական վարույթով դատական ակտերի վերաբերյալ անհատական բողոքները։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ կալանքը և դրա հետ փոխկապված իրավունքների սահմանափակումները ենթադրում են անձի իրավունքներին առավել խիստ միջամտություն, Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար բարձրաձայնում է դրանց առնչվող հարցերը։ Նկատի ունենալով այն, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված սահմանափակումը տարածվել է նաև վերջինիս անչափահաս դստեր վրա, իսկ դա ենթադրում է նաև երեխայի լավագույն շահի հաշվառում և անհրաժեշտ զգայունության պահպանում` այլ հարցերի թվում` Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված` դստեր հետ հաղորդակցության սահմանափակումները վերանայելու հնարավորությունը քննարկելու հարցը Մարդու իրավունքների պաշտպանը հասցեավորել է անձի կողմից խնդիրը բարձրաձայնելուց անմիջապես հետո։ Հաշվի առնելով դեպքի զգայունությունը՝ Պաշտպանի հաստատությունը հաղորդակցություն է վարում նաև գործընկեր կազմակերպությունների հետ՝ նշված գործընթացում երեխայի լավագույն շահն ապահովելու, ինչպես նաև երեխայի կարիքներին համարժեք աջակցության ապահովման հնարավորությունը քննարկելու ուղղությամբ։ Նշված տեղեկատվությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման: Հրապարակման ենթակա այլ տեղեկությունների առկայության դեպքում ՄԻՊ հաստատությունը հանդես կգա լրացուցիչ»,-ասված է հաղորդագրության մեջ: 

  • Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին | Քաղաքականություն

    ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում ասված է.

    «Մեծարգո պարոն վարչապետ,

    Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով։

    Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը նոր որակ է հաղորդել մեր երկկողմ հարաբերություններին՝ ստեղծելով քաղաքական ամուր հիմք փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցության հետագա ընդլայնման համար։ Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման տարիներին ևս համատեղ ջանքերով կարձանագրենք նոր ձեռքբերումներ՝ ի շահ մեր ժողովուրդների։

    Բարձր եմ գնահատում Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը:

    Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունում, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

  • Չնայած առկա վառելիքի ճգնաժամին՝ Պուտինը Ռուսաստանի տնտեսության վիճակը կայուն է գնահատել | Քաղաքականություն

    Ռուսաստանի տնտեսության և դրա հիմնական ոլորտների վիճակը կայուն է՝ չնայած էներգետիկ ոլորտը անկայունացնելու փորձերին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ Վառելիքի շուկայում առկա դժվարությունները ժամանակավոր են, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական հարցերով խորհրդակցության ժամանակ։

    «Մեր հանդիպման սկզբում ես կնշեմ, որ ներքին տնտեսության, դրա հիմնական ոլորտների վիճակը կայուն է, նույնիսկ վառելիքի և էներգետիկայի ոլորտը և որոշ այլ ոլորտներ անկայունացնելու արտաքին փորձերին», – ասել է նախագահը։

    «Միևնույն ժամանակ, ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ վառելիքի շուկայում մեր ունեցած դժվարությունները, անշուշտ, ժամանակավոր են և չեն ազդի ընդհանուր տնտեսական դինամիկայի վրա», – ընդգծել է Պուտինը։

    Նա հայտնել է, որ, ըստ Տնտեսական զարգացման նախարարության, «Ռուսաստանի ՀՆԱ-ն մայիսին աճել է չափավոր տեմպերով, բայց այն աճել է՝ 0.3% դրական գոտում, և ընդհանուր առմամբ այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում աճը կազմել է 0.2%։

    «Այստեղ հիմնական գործոններից մեկը, իհարկե, ներքին պահանջարկն է՝ պետության, բիզնեսի և անհատների կողմից», – ասել է նախագահը։