Category: ArmPulse

  • Ադրբեջանում պահվող հայ գերիների շրջանում «լուրջ վնասվածքներ ստացած անձանց վերաբերյալ տվյալներ են ստացվել». Սահակյան | Հասարակություն

    Ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ կոտրվածքներ ստացած անձանց վերաբերյալ տվյալներ են ստացվել։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը:

    Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ թեև այդ տեղեկություններն ինքնուրույն ստուգելու հնարավորություն չկա, դրանք արժանահավատ են, և չի բացառվում, որ վնասվածքներն առաջացել են բռնության հետևանքով:

    «Ընտանիքները մեզ ևս հայտնում են վատթարացող առողջական վիճակի մասին տվյալներ, առանձին դեպքերում լուրջ ահազանգեր ունենք, և եթե այդ տվյալները ստույգ են, դրանք կարող են նաև կյանքի հետ անհամատեղելի լինել»,- նշել է Սահակյանը։

    Գերիների առողջական վիճակի օր օրի վատթարացման մասին «Ազատությանն» ահազանգում են նաև հարազատները։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրանք հրաժարվում են ներկայանալ, սակայն ահազանգում են, որ տարիներ շարունակ առանց պատշաճ բժշկական օգնության պահվող հայերի առողջական վիճակը ադրբեջանական բանտերում կտրուկ վատթարանում է:

    Աղբյուրը՝ «Ազատություն» ռադիոկայան

  • Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել | Քաղաքականություն

    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ քննչական գործողությունները տևել են ավելի քան 11 ժամ։ Տեղի է ունեցել երկու առերեսում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսացող երկու եղբայրների հետ։ Այս մասին հայտնել է  Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։

    Փաստաբանը տեղեկացրել է նաև, որ հարկերից խուսափելու հոդվածով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային նոր քրեական հետապնդում է հարուցվել։

    Նա պարզաբանել է, որ նոր քրեական հետապնդումը կապված է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի հետ, որի տնօրենի ձերբակալության մասին  ավելի վաղ էր հայտնի դարձել։

  • Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը | Հասարակություն

    Հուլիսի 23-ին Քրեական ոստիկանները Դիլիջան քաղաքի հասցեներից մեկում հայտնաբերել, սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել  Աբովյան քաղաքի բնակիչ 32-ամյա և Երևանի բնակիչ 27-ամյա երկու տղամարդու։ Նույն օրը  հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ, հայտնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից։

    Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպից հետո ՆԳՆ ոստիկանության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել էր դեպքի մասնակից անձանց ինքնությունը: 1 անձ ձերբակալվել և ներկայացվել էր նախաքննական մարմին: 

    Հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է։

  • Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան․ռուսական ԶԼՄ-ներ | Էկոնոմիկա

    Ռուսական ՌԻԱ Նովոստին գրում է, որ, եթե Հայաստանը  կորցնի ռուսական շուկան, կկորցնի պանրի արտահանումից ստացված եկամտի ավելի քան 80 տոկոսը։

    2025 թվականի վերջին համաշխարհային շուկաներ պանրի արտահանումից ստացված Հայաստանի եկամուտը կազմել է 16.4 միլիոն դոլար։ Դրանից 13.5 միլիոն դոլարը ստացվել է Ռուսաստան արտահանումից։ Այսպիսով, ռուսական շուկային բաժին է ընկել հայկական պանրի արտահանումից ստացված եկամուտների 83%-ը,գրում են ռուսական ԶԼՄ-ները։

    Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի ամենամեծ պանրի գնորդն է, այլև միակ երկիրը, որը ամեն ամիս մշտապես ներմուծել է միլիոնավոր դոլարների արժողությամբ հայկական պանիր։ 2025 թվականին հայկական պանրի այլ խոշոր գնորդներ էին Միացյալ Նահանգները (1.8 միլիոն դոլար) և Վրաստանը (670,900 դոլար)։

    Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր, որ ժամանակավորապես կսահմանափակի Հայաստանից Ռուսաստան բոլոր կաթնամթերքի մատակարարումը։

  • Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք | Հայաստան

    Սյունիքի մարզկենտրոն Կապանում պաշտոնապես մեկնարկել է «Անկախ պետությունների համագործակցության երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

    Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նախագահ Արթուր Մարտիրոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը: Միջոցառմանը ներկա են եղել ԱՊՀ անդամ պետությունների, գործընկեր կազմակերպությունների պատվիրակներ, ԱՊՀ երկրների երիտասարդներ, Հայաստանում գործող երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչներ, Կապան քաղաքի հյուրեր:

    «Կապանին ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի պատվավոր կոչումը շնորհելը ոչ միայն քաղաքի ներուժի ճանաչում է, այլև կարևոր վկայություն մեր երկրի, նրա երիտասարդական քաղաքականության և միջազգային համագործակցության խթանմանն ուղղված հանձնառության նկատմամբ տածած վստահության»,- իր խոսքում նշել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով ԱՊՀ գործընկերներին համագործակցության համար։

    Նա հատկանշական է համարել, որ 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունը` մասնավորապես Սյունիքի մարզըհյուրընկալում է ԱՊՀ երկու խոշոր նախաձեռնություն. Կապան քաղաքը կրում է «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք»-ի պատվավոր կոչումը, իսկ Մեղրի քաղաքը հռչակվել է «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»։

    Արթուր Մարտիրոսյանի գնահատմամբ՝ «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» նախաձեռնությունը միջպետական համագործակցության արդյունավետ հարթակ է, որը խթանում է գործընկերությունը, ընդլայնում երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքին, ամրապնդում փոխադարձ վստահությունը։

    «Հայաստանը հետևողականորեն իրականացնում է երիտասարդության պետական քաղաքականություն՝ հիմնված մասնակցության, հավասար հնարավորությունների և մարդկային ներուժի զարգացման սկզբունքների վրա։ Մենք հատուկ կարևորություն ենք տալիս որոշումների կայացման գործընթացում երիտասարդների մասնակցության ընդլայնմանը, երիտասարդական աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության զարգացմանը, կամավորության, միջազգային շարժունակության և ձեռնարկատիրական նախաձեռնությունների խրախուսմանը, ինչպես նաև տեղական համայնքների հզորացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

    ԱՊՀ երկրների 4 երիտասարդներ բացման շրջանակում Կապան քաղաքին են փոխանցել ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը:

    Կապանի մշակույթի տանը տեղի է ունեցել համերգ, ելույթ է ունեցել Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը` կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: Հնչել են Առնո Բաբաջանյանի, Շառլ Ազնավուրի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

    Հիշեցնենք՝ Կապանը 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք է ճանաչվել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2023 թվականի հունիսի 8-ի որոշմամբ:

  • Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ․Նարեկ Կարապետյան | Քաղաքականություն

    Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողի հետ զրույցում  Նարեկ Կարապետյանն ասել է․«Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ»։

    Կարապետյանը հավելել է, որ ներկա պահին ընթանում են քննարկումներ խմբակցության ղեկավարի ու քարտուղարի թեկնածությունների շուրջ։

    Նարեկ Կարապետյանին ուղղված հարցին, թե  հրավիրվե՞լ է Քննչական կոմիտե և հարցաքննվել իր նկատմամբ հարուցված քրեական վարույթների շրջանակում, նա պատասխանել է, որ հրավիրվել է, սակայն հարցաքննության անհրաժեշտություն չի եղել։

    «Հրավիրել են, բայց հարցաքննելու կարիք չկար։ Չեմ խորացել, չեմ էլ կարծում, որ խորանալու կարիք կա։ Գիտեք՝ ինչ նպատակով է դա արվել»,–ասել է նա։

  • Ավտովթար Վայոց ձորի մարզում | Հասարակություն

    Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սարավան բնակավայրի մոտակայքում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են պարեկները։

    Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Սակայն չի բացառվում, որ դեպքի վայր ժամանեն նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննիչները, քանի որ տեղում պարզվել է, որ ավտոմեքենան հաշվառված է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում, վարորդն էլ ծառայում է ՀՀ ՊՆ-ում, ում ինքնությունը պարզվում է։

  • ՊՆ ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայող չի տուժել | Հասարակություն

    Հայաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

    Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

    Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սարավան բնակավայրի մոտակայքում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

     

  • Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ | Հասարակություն

    ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ Բյուրեղավան համայնքում 2026 թվականի հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։

    «Համաճարակաբանական հետազոտության շրջանակում իրականացվել են խմելու ջրի և կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտություններ։

    Այս պահին՝

    • նոր հիվանդության դեպքեր չեն արձանագրվել։
    • հիվանդներից 2-ը շարունակում են ստանալ բուժում հիվանդանոցում, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, իսկ մյուսները ապաքինվել են և դուրս գրվել բուժհաստատությունից։

    Խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում կրկնակի վերցված նմուշներից 2-ում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։ Նշված 2 հասցեների բնակիչները տեղեկացվել են, իսկ Բյուրեղավան խոշորացված համայնքի մյուս բնակիչները կարող են օգտվել ծորակի ջրից:

    Ընդհանուր կոլիֆորմ մանրէները պայմանական ախտածին մանրէներ են և վկայում են խմելու ջրի հնարավոր աղտոտվածության մասին։ Դրանց առկայությունը կարող է նպաստել աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացմանը:

    ՀՎԿԱԿ-ը շարունակում է մշտադիտարկումն ու անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ բնակչության առողջության պահպանման և հնարավոր նոր դեպքերի կանխարգելման նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։