Category: ArmPulse

  • «Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան, Վրաստան, Ղազախստան և այլ երկրներ գումարների փոխանցումը | Տարածաշրջան

    «Զոլոտայա Կորոնա» միջազգային դրամական փոխանցումների ծառայությունը դադարեցրել է Ռուսաստանից դեպի Վրաստան, Հայաստան, Ղազախստան և մի շարք այլ երկրներ գումար փոխանցելը։ Այս մասին տեղեկացնում է Current time-ը։

     Հրատարակությունը ենթադրում է, որ սահմանափակումները կապված են եվրոպական պատժամիջոցների նոր փաթեթի հետ։

    Current Time-ը հաստատում է, որ «Զոլոտայա Կորոնա» հավելվածն այլևս թույլ չի տալիս Ռուսաստանի օգտատերերին դրամական փոխանցումներ կատարել նախկինում հասանելի շատ երկրներ։ Ծառայությունն այժմ փոխանցումներ է առաջարկում միայն չորս ուղղություններով՝ Թուրքիա, Ադրբեջան, Ուզբեկստան և Ղրղզստան։

    Ռուսաստանում շատ ռուսներ և օտարերկրացիներ «Զոլոտայա Կորոնա» ծառայությունն օգտագործում էին որպես,  Վրաստան և ԱՊՀ երկրներ գումար փոխանցելու, թերևս, վերջին օրինական միջոց։

    Հուլիսի 23-ին Եվրամիության խորհուրդն ընդունեց հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Ցանկին ավելացվել է 218 նոր կետ՝ 48 ֆիզիկական և 170 իրավաբանական անձ։ Մասնավորապես, ԵՄ-ն սառեցրեց 94 բանկերի և խոշոր ֆինանսական հաստատությունների ակտիվները, և ընդլայնեց գործարքների արգելքը՝ ներառելով ևս 33 ռուսական վարկային հաստատություններ: Պատժամիջոցները ազդեցին նաև մի քանի երկրների կրիպտոհարթակների վրա:

  • Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է | Հայաստան

    Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ի վճռով բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցապահանջը՝ վճռելով երկու ՍՊ ընկերությունների տնօրեն Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի գումար:

    Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ներկայացրած հայցի հիմքում ընկած է եղել 2026 թվականի մարտի 17-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճիռը, որով Վ.Ա.-ն մեղավոր էր ճանաչվել առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու համար:

    Նախաքննությամբ ու դատաքննությամբ հիմնավորվել է, որ Վ.Ա.-ն, հանդիսանալով երկու ՍՊԸ-ների մասնակից և տնօրեն, նախնական համաձայնության գալով ընկերությունների փաստացի ղեկավարի հետ, կեղծ տվյալներ է ներառել հարկային հաշվարկներում (եկամտային հարկի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և շահութահարկի):

    Արդյունքում պետական բյուջե չի վճարվել 584 միլիոն 864 հազար դրամ եկամտային հարկ, 553 միլիոն 825 հազար դրամ ավելացված արժեքի հարկ և 11 միլիոն 894 հազար դրամ շահութահարկ:

  • Հայաստանում «լքված շենքերի» ճակատագիրն արդեն հնարավոր կլինի հստակեցնել | Հայաստան

    Հայաստանում «լքված շենքերի» ճակատագիրն արդեն հնարավոր կլինի հստակեցնել՝ լուծելով նաև հնարավոր վտանգների կանխման, բնակչության անվտանգության, բնականոն կենսագործունեության և տարածքների արդյունավետ օգտագործման խնդիրները։ Այս մասին հայտնում են ՀՀ Քաղաքաշինության կոմիտեից։

    «ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի N 982-Նոր ոշմամբ  հաստատվել է տեխնիկական վիճակից ելնելով՝ բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը և շինությունները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը, որը մշակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ։ Այն վերաբերում է ինչպես չշահագործվող և անավարտ, այնպես էլ անմխիթար վիճակում գտնվող շենքերին ու շինություններին։

    Շենքը շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու հիմքեր կարող են լինել ֆիզիկական մաշվածության բարձր աստիճանը, արտակարգ իրավիճակի, երկարատև կամ ոչ պատշաճ շահագործման, երկարատև չշահագործման հետևանքով անմխիթար վիճակը, ինչպես նաև եթե շենքի վերականգնման, ուժեղացման կամ վերակառուցման համար անհրաժեշտ միջոցները գերազանցում են հաստատված մեթոդաբանությամբ նախատեսված սահմանաչափը։

    Շենքի կամ շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելու հանգամանքը հաստատվում է լիցենզավորված կազմակերպության տված տեխնիկական վիճակի հետազննման եզրակացությամբ։

    Մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող պետական կամ համայնքային շենքերի դեպքում ոչ պիտանի ճանաչելու որոշումն ընդունում է համապատասխանաբար Պետական գույքի կառավարման կոմիտեն կամ համայնքի ղեկավարը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետը։

    Նշված մակերեսը գերազանցող շենքերի դեպքում որոշումն ընդունում է Կառավարությունը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջարկությամբ։

    Սահմանվել են նաև ներկայացվող փաստաթղթերի կազմը, դրանց ուսումնասիրման ժամկետները և իրավասու մարմինների լիազորությունները։

    Կարգի դրույթները չեն կիրառվում այն շենքերի նկատմամբ, որոնց քանդումը նախատեսված է Կառավարության հավանությանն արժանացած համապատասխան ծրագրով։

  • Ժաննա Անդրեասյանը հետևել է Սիսավանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին | Հայաստան

    ՀՀ Կառավարության «300 դպրոց» ծրագրի շրջանակում Արարատի մարզի Սիսավան գյուղի հին դպրոցի տեղում կառուցվում է նոր, ոչ տիպային միջնակարգ դպրոց, որտեղ սովորելու հնարավորություն կունենա շուրջ 440 աշակերտ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

    ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանի ուղեկցությամբ, աշխատանքային շրջայց է կատարել շինհրապարակ՝ տեղում հետևելու աշխատանքների ընթացքին: Կապալառու ընկերության ներկայացուցիչները վստահեցրել են, որ շինարարության որակն ու ժամկետները պահպանվում են:

    Նորակառույց դպրոցը կապահովվի նոր գույքով, լաբորատոր սարքավորումներով, ուսումնական նյութերով և անհրաժեշտ ենթակառուցվածքներով։

    Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է նաև դասապրոցեսի անխափան կազմակերպմամբ: Դպրոցի տնօրենի փոխանցմամբ՝ այս փուլում դասերն անցկացվել են գյուղապետարանում և հարևան բնակավայրի դպրոցներից մեկում: Դպրոցի շուրջ 380 աշակերտներն սպասում են նոր շենքի շահագործմանը:

    Սիսավանի միջնակարգ դպրոցը կառուցվում է ԿԳՄՍ նախարարության պատվիրակմամբ։

  • ՔՏՀԱՏՄ-ում քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի որակի և տաքսամոտորային փոխադրումների վերահսկողության հարցերը | Հայաստան

    ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում (ՔՏՀԱՏՄ) հուլիսի 24-ին տեղի է ունեցել ընդլայնված կազմով գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը։

    Նիստին մասնակցել են տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանը, Սուրեն Մինասյանը, ինչպես նաև կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։

    Քննարկումների առանցքում են եղել պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով շինարարական աշխատանքների որակի, տեխնիկական հսկողության և ժամկետների պահպանման հարցերը։

    Օրակարգային մյուս առանցքային թեմաները վերաբերել են․

    • Տաքսամոտորային ուղևորափոխադրումների լիցենզավորման գործընթացին և ոլորտի վերահսկողությանը,

    • Խոշոր արտադրական ու հասարակական օբյեկտների, ինչպես նաև ավտոգազալիցքավորման և բենզալցակայանների ընթացիկ ստուգումների արդյունքներին։

    Ամփոփելով նիստը՝ Գարեգին Խաչատրյանը կարևորել է վերահսկողության մակարդակի հետևողական բարձրացումը և ստորաբաժանումների ղեկավարներին տվել մի շարք կոնկրետ հանձնարարականներ։

  • Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեություն | Հայաստան

    ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝«ՆՆ հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող հացի արտադրամասում, որ գործում է Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի «88» սուպերմարկետում, իրականացվել է վերահսկողություն, որի ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝

    – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
    – պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
    – առաստաղները կամ տանիքների ներքին մակերևույթներն ու կառուցվածքներն ապահով չեն եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,
    – սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:

    Հացի այդ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և հացի արտադրամասը համապատասխանեցնել սահմանված պահանջներին:

    Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

  • Միլլի Մեջլիսը մերժել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը | Քաղաքականություն

    Միլլի Մեջլիսը բողոք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի կողմից 2026 թվականի հուլիսի 22-ին ընդունված H.R. 9087 օրինագծի կապակցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է տարածել, որում վճռականորեն մերժում է տվյալ փաստաթղթում պարունակվող՝ Ադրբեջանի հասցեին հնչած անհիմն մեղադրանքները։ 

    «Լիովին ակնհայտ է, որ ԱՄՆ Կոնգրեսի հերթական ընտրությունների նախաշեմին առաջ քաշվող նման նախաձեռնությունները կապված չեն Միացյալ Նահանգների ազգային շահերն ապահովելու մտադրության հետ, այլ նպատակ ունեն ստանալու ազդեցիկ լոբբիստական շրջանակների քաղաքական և ֆինանսական աջակցությունը։ Նման գործելաոճը, որը կասկածի տակ է դնում ընդունվող որոշումների օբյեկտիվությունը, պետք է մանրակրկիտ հետաքննվի ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից և ստանա համապատասխան իրավական գնահատական»,–ասվում է հայտարարության մեջ։  

  • Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչում է, Ալինա Չարաևան պարտվել է | Սպորտ

    Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող WTA 250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։

    Քառորդ եզրափակիչում 23-ամյա թենիսիստուհու մրցակիցը Ուկրաինայի ներկայացուցիչ, աշխարհի 45-րդ ռակետ Ալեքսանդրա Օլեյնիկովան էր, ով վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից։

    Կիսաեզրափակիչում Ավանեսյանը nod կմրցի հունգարացի Աննա Բոնդարի (աշխարհի 97-րդ ռակետ) հետ, որը քառորդ եզրափակիչում 6։1, 7։6 հաշվով հաղթել է Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևային։

    Էլինա Ավանեսյանը (WTA դասակարգման աղյուսակում՝ 208-րդ տեղ) պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ տարած 2 հաղթանակներից հետո հիմնական ցանցում պարտության էր մատնել նիդերլանդցի Արանչա Ռուսին և Ղազախստանը ներկայացնող Յուլիա Պուտինցևային։

  • Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ

    Այս մասին տեղեկանում ենք ՏԿԵ նախարարի Ֆեյսբուքի էջից:
  • Հայաստանն ու Իրանը էներգետիկայի ոլորտում համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն | Տարածաշրջան

    Հայաստանը և Իրանը էներգետիկայի ոլորտում կստեղծեն համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ, որը կզբաղվի գազի առևտրի հարցերով։ Այս մասին հայտնում է իրանական Mehr աղբյուրը։

    Որոշման մասին հայտարարվել է Թեհրանում Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպման արդյունքներով։

    Զրուցակիցները քննարկել են էներգետիկ ոլորտում հնարավոր նախագծերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ առևտրի ընդլայնումը, տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանումը, նավթավերամշակման ձեռնարկությունների կառուցումը, ինչպես նաև դեպի Հայաստան նավթամթերքի մատակարարումները: