Category: ArmPulse

  • «Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունները՝ դրանք որակելով «քաղաքական հետապնդում» | Քաղաքականություն

    «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրավապահների իրականացրած գործողությունները։

    Քաղաքական ուժի գնահատմամբ՝ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման նոր դրսևորում է, որը վկայում է իրավական գործընթացների մեջ իշխանությունների ուղղակի միջամտության մասին։

    «Սա առանձին անձի կամ ընտանիքի խնդիր չէ, այլ պետական ինստիտուտների անկախությունը խաթարող գործելաոճ։ Խստորեն դատապարտում ենք գործադիր իշխանության ցանկացած ուղղակի կամ անուղղակի միջամտություն դատական և իրավապահ գործընթացներին»,- նշված է հայտարարության մեջ։

     

    Կուսակցությունից ընդգծել են, որ իրավական պետությունում արդարադատությունը պետք է լինի օրենքի և արդարության անկախ երաշխավորը, այլ ոչ թե իշխանության հրահանգների կատարողը։

  • ՊՆ-ում քննարկել են զորամասերում զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները | Հայաստան

    Օգոստոսի 27-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեսակապային խորհրդակցություն՝ «Զորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը» թեմայով։

    Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զորամասերում զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելման և բացառման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր։

    Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին։

  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին | Քաղաքականություն

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

    • Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Երևանը մեծապես կարևորում է ժողովրդավարական ընդհանուր արժեքների և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների զարգացումն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնումը բոլոր ոլորտներում։

    •  Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Եվրոպական միության հետ երկու երկրների հարաբերությունների սերտացման համատեքստում հնարավոր կլինի բացահայտել համագործակցության նոր ուղղություններ։

    Վարչապետն իր ուղերձում Մայա Սանդուին մաղթել է արգասաբեր գործունեություն, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

  • Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության ծրագրերը | Քաղաքականություն

    ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

    Լիլիթ Մակունցը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գրասենյակի դերը Հայաստանում իրականացվող ծրագրերը Կառավարության առաջնահերթություններին համապատասխանեցնելու և արդյունավետ համակարգելու գործում։

    • Զրուցակիցները քննարկել են համայնքների զարգացմանը, տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ինտեգրմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանն ու ջրային ռեսուրսների կառավարմանն առնչվող ընթացիկ ծրագրերն ու հետագա քայլերը։

    • Կողմերն առանձնահատուկ կարևորել են Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) պատշաճ ու բարձր մակարդակով կազմակերպումը՝ ընդգծելով այդ ուղղությամբ սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը։

  • Երեք նախարարություն կանվանափոխվի. Սրբուհի Գալյան | Հայաստան

    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱԺ-ում հայտարարեց, որ փաթեթով առաջարկվում է անվանափոխել երեք նախարարություն և վերանայել դրանց գործառույթները։

    «Նպատակն է արդիականացնել պետական կառավարման համակարգը՝ այն համապատասխանեցնելով Կառավարության կողմից իրականացվող պետական քաղաքականությանը և Հայաստանի զարգացման առաջնահերթություններին»,-ասաց նա։

    Առաջարկվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն և Արտաքին գործերի նախարարությունը վերանվանել Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։ 

  • Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Մոսկվայում դեսպանատան մոտ տեղի ունեցած սադրանքի վերաբերյալ | Քաղաքականություն

    Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Մոսկվայում հանրապետության դեսպանատան մոտ տեղի ունեցած գործողությունը, որի ընթացքում անհայտ անձինք սադրիչ պատկերներ են ցուցադրել։ Հայտարարությունը հրապարակվել է դիվանագիտական ​​նախարարության կայքում, գրում են ռուսական լրատվամիջոցները։

    «Մենք խստորեն դատապարտում ենք օգոստոսի 27-ին, կեսօրին, Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան հյուրատան առջև անհայտ անձանց կողմից մեր երկրի դեմ սադրիչ պատկերների ցուցադրումը», – ասվում է հայտարարության մեջ։

    Նախարարությունը նաև կոչ է արել Ռուսաստանին իրավական գնահատական ​​տալ գործողությանը։

    Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Մոլդովայի ղեկավար Մայա Սանդուին Անկախության օրվա կապակցությամբ։ Ադրբեջանի ղեկավարը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը հաջողված է անվանել և հույս է հայտնել դրանց հետագա խորացման համար։

  • Կառավարությունը 1.17 մլրդ դրամ կհատկացնի «Հյուսիս-հարավ»-ին և թունելների նախագծմանը | Հայաստան

    ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2026 թվականի պետական բյուջեի վերաբաշխման նախագծին, որով նախատեսվում է 1 միլիարդ 174 միլիոն դրամ հատկացնել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի և ենթակառուցվածքային այլ ծրագրերի ֆինանսավորման համար։

    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի փոխանցմամբ՝ հատկացվող միջոցներն ուղղվելու են մի շարք առանցքային ուղղությունների․

    • Շինարարական աշխատանքների ավարտական 5% վճարումներ, տեխնիկական ծառայությունների դիմաց վճարներ և գերակա շահ ճանաչված հողամասերի սեփականատերերի փոխհատուցումներ։

    • Մ6 միջպետական ճանապարհի վերականգնում, ինչպես նաև Պուշկինի թունելի վերակառուցման և Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծային աշխատանքների վճարումներ։

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Աշտարակ-Գյումրի հատվածն արդեն հանձնված է, և իրականացվում են հետշինարարական վճարումները։ Կառավարության ղեկավարը նաև գոհունակություն է հայտնել Քաջարան-Ագարակ հատվածի և Քաջարանի թունելի շինարարության բարձր տեմպերից՝ դրանց իրականացումը որակելով պատեհ՝ տարածաշրջանային ու միջազգային զարգացումների համատեքստում։

  • Նախատեսվում է հաջորդ ամսվանից մեկնարկել թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը դեպի ԱՄԷ | Էկոնոմիկա

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 27-ին ընդունել է Watermelon Ecosystem-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Օմար Մոհամմադ Համդան Աբդուլլա Ալշամսիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

     

    Օմար Ալշամսին ներկայացրել է ԱՄԷ-ում հիմնադրված Watermelon Ecosystem հարթակի գործունեությունը, որը միավորում է ռեստորաններին, սննդի մատակարարներին, արտադրողներին և ֆերմերներին՝ առաջարկելով թվային գնումների և մատակարարման շղթայի կառավարման լուծումներ։

     

     Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման, հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև հայկական արտադրողների՝ ԱՄԷ-ի և այլ միջազգային շուկաների գնորդների ու դիստրիբյուտորների հետ կապերի հաստատման հնարավորությունները։

     

    Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին իրականացված ներդրումներն ու միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրական կարողությունները՝ կարևորելով հատկապես փոքր և միջին արտադրողների համար միջազգային շուկաների հասանելիության ընդլայնումը։

     

     Հանդիպման ավարտին կողմերի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը հնարավորություն կստեղծի Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի երկարաժամկետ և կայուն արտահանման կազմակերպման համար։

     

     Նախատեսվում է արդեն հաջորդ ամսվանից մեկնարկել թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը՝ սկզբնական փուլում շաբաթական մինչև 40 տոննա ծավալով։

  • Պետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ | Հայաստան

    2025-2026 թվականներին Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցանքի կատարման համար կայացվել է 4 դատավճիռ։

    Այս մասին տեղեկացնում են  ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ, մասնավորապես՝

    1.    2025 թվականի դեկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից կայացված դատավճռով անձը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել է 15 տարի ժամկետով ազատազրկում, ինչպես նաև որպես լրացուցիչ պատիժ՝ զինվորական կոչումից զրկում։

    2.    2026 թվականի մարտի 3-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից կայացված դատավճռով անձը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել է 15 տարի ժամկետով ազատազրկում։

    3.    2026 թվականի մարտի 10-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից կայացված դատավճռով անձը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել է 15 տարի ժամկետով ազատազրկում։

    4.    2026 թվականի հունիսի 26-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից կայացված դատավճռով անձը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել է 16 տարի ժամկետով ազատազրկում, ինչպես նաև գույքի բռնագրավում՝ ավելի քան 20000 ԱՄՆ դոլարի չափով։

    Այսպիսով, նշված ժամանակահատվածում պետական դավաճանության համար մեղավոր ճանաչված 4 անձանց նկատմամբ դատարանների կողմից նշանակվել է 15-16 տարի ժամկետով ազատազրկում, որոնցից մեկ դեպքում կիրառվել է զինվորական կոչումից զրկում, իսկ մեկ դեպքում՝ գույքի բռնագրավում։

     

  • Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում կրակ է բռնկվել | Հասարակություն

    Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ժամը 8:30-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում տուրբոմղիչի անսարքության պատճառով կրակ է բռնկվել, գործել է շարժիչային հակահրդեհային ավտոմատ համակարգը։

     

    Ուղևորները անվտանգ տարհանվել են անվտանգ հեռավորության վրա։ Լրացուցիչ օգտագործվել են ավտոբուսում առկա 2 կրակմարիչները։

     

    Հրդեհը մարվել է վարորդի և պարեկային ծառայողի ուժերով 3-5 րոպեում։

     

    Ապահովության համար դեպքի վայր է մոտեցել 911 ծառայության խումբը: