Category: ArmPulse

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական | Հայաստան

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։

    Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

    Տաթևիկ Մարտիրոսյանը 2025-2026 թթ. «Ֆուլբրայթ» օտարերկրյա ուսանողների ծրագրի կրթաթոշակառու է եղել Փենսիլվանիայի պետական համալսարանի (Pennsylvania State University) Դիքինսոնի իրավունքի դպրոցում (Penn State Dickinson Law), որտեղ ստացել է իրավագիտության մագիստրոսի (LL.M.) աստիճան՝ տեխնոլոգիական իրավունք մասնագիտացմամբ։ Ուսումնառության հիմնական ուղղություններն են եղել արհեստական բանականությունը, մտավոր սեփականությունը, կիբեռանվտանգությունը, բլոկչեյնը, խելացի պայմանագրերը, նորարարական տեխնոլոգիաները և թվային կարգավորումը։  2026 թ. հունիս-օգոստոս ամիսներին «Muskie Professional Development and Training» ծրագրի շրջանակում մասնագիտական պրակտիկա է անցել ԱՄՆ Կոնգրեսի իրավաբանական գրադարանում՝ իրականացնելով օտարերկրյա և միջազգային իրավունքի համեմատական հետազոտություններ։

    Այսպիսով, վարչապետ Փաշինյանը շարունակում է պաշտոնների նշանակել արտերկրի առաջատար բուհեր ավարտած պրոֆեսիոնալների, որոնք նրա կոչով դիմել են ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում։ 

     

  • Ներքին Հանդում մարդիկ խաղադաշտ են ուզել, սա այն է, որ ասում ենք խաղաղություն է հաստատված. Նիկոլ Փաշինյան | Քաղաքականություն

    Կառավարության նիստի ժամանակ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

    «Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի խաղահրապարակի կառուցման աշխատանքների մեջ ենք, շատ խորհրդանշական է, որ մենք արդեն Ներքին Հանդում խաղահրապարակ կառուցելուն ենք հասել, ուզում եմ հիշեցնել, որ նախորդ շրջանում Ներքին Հանդում տանիքները նորոգեցինք, խմելու ջրի հետ կապված մի նախագիծ ենք արել:

    Դա նշանակում է երեխաներ են ապրում նաև Ներքին Հանդում, խաղահրապարակ կառուցեք, այսինքն որ ասում ենք խաղաղություն կա թե ոչ, սրա մասին ենք ասում, դա նշանակում է, որ ծնողները պատրաստ են իրենց երեխաներին թույլ տալ, որ գնան այդ խաղահրապարակում խաղան, մտավախություն չունեն»։

  • Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ․Փաշինյան | Քաղաքականություն

    «Քաղաքական խնդիրը հետևյալն է՝Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ։ Սա է քաղաքական խնդիրը։ 

    Ինչո՞ւ, որովհետև իրենք պետք է ապրեն թոշակով և իրենց օրինական եկամուտներով, իսկ ինչ ապօրինի ձեռք են բերել, հատիկ առ հատիկ, լումա առ լումա, սենթ առ սենթ, քյաբաբ առ քյաբաբ պետք է վերադարձվի ՀՀ-ին ու ժողովրդին։ Ուրիշ տարբերակ չկա։ ԵթԵ սա տեղի չունենա նշանակում է պետք է տեղի ունենա նոր հեղափոխություն»։

     Փաշինյանն ասել է, որ  ինքը  դրել է այդ քաղաքական խնդիրը ։

    «Այս խնդիրը ժողովուրդն է դրել կառավարության , դատա-իրավական համակարգի առաջ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։։

  • Կառավարությունը գումար է հատկացրել  Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի տարբեր հատվածներում անհրաժեշտ պայմանագրային և ֆինանսական պարտականությունների իրականացման համար | Հայաստան

    ՀՀ կառավարության օգոստոսի 27-ի հերթական նիստում որոշում է կայացվել Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի տարբեր հատվածներում անհրաժեշտ պայմանագրային և ֆինանսական պարտականությունների իրականացման համար։

    Նախագծով առաջարկվում է իրականացնել 1 միլիարդ 174 միլիոն դրամի ներքին վերաբաշխում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի տարբեր հատվածներում անհրաժեշտ պայմանագրային և ֆինանսավորման պարտականությունների իրականացման համար։

    Վարչապետ Փաշինյանն էլ տեղեկացրել է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի մի մասը, որը վերաբերում է Աշտարակ-Գյումրի հատվածին, հանձնված է շահագործման և հիմա այս որոշմամբ իրականացնելու են իրականցված շինարարության վճարները։

    Վարչապետն ասել է, որ ուրախ է արձանագրել այն փաստը, որ շատ լավ տեմպերով ընթանում է Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը։ Նաև հավելել է, որ ընդհանուր տարածաշրջանային և միջազգային զարգացումների տրամաբանությամբ շատ պատեհ է և շատ տեղին է այս նախագծերի իրականացումը

     

     

  • 2026 թվականի նոյեմբերի 7-ից կվերսկսվեն Սոֆիա–Երևան–Սոֆիա ուղիղ չվերթները | Հասարակություն

    Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանությունը հայտնում է, որ 2026 թվականի նոյեմբերի 7-ից կվերսկսվեն Սոֆիա–Երևան–Սոֆիա ուղիղ չվերթները։

    Դեսպանատնից հայտնել են, որ չվերթի գործարկումը դեսպան Նիկոլա Նիկոլովի ջանքերի և «GullivAir» ավիաընկերությունը ներկայացնող կապիտան Յանկո Իվանովի բացառիկ աջակցության արդյունքն է։

    «Սույն չվերթն անմիջական շփումների նոր հնարավորություններ է ստեղծում Բուլղարիայի և Հայաստանի քաղաքացիների միջև, ինչպես նաև բիզնեսի, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ նախաձեռնությունների ու ծրագրերի ոլորտներում՝ երկկողմ համագործակցության զարգացման համար»,- նշվել է հաղորդագրության մեջ։

    Դեսպան Նիկոլովն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել բուլղարական կառույցներին՝ Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների աշխուժացման հարցում ցուցաբերած ըմբռնման և աջակցության համար։

    «Սոֆիա–Երևան–Սոֆիա ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը կարևոր քայլ է երկու ժողովուրդների միջև շփումների խորացման ուղղությամբ և նոր հնարավորություններ է բացում երկկողմ երկխոսության զարգացման ու ամրապնդման համար»,- նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։ 

     

  • Զարեհ Սինանյանը վերանշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում

    Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2.1-ին մասով և 9-րդ հոդվածի 25-րդ մասով
  • Գարեգին Երկրորդը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու | Հասարակություն

    Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը նշանակվել է 2026 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։ Այն տեղի կունենա դատարանի Վաղարշապատի նստավայրում, դատավոր Ս.Ռուշանյանի նախագահությամբ:

     Փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները (արքեպիսկոպոսները) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն այս դատական նիստին չեն ներկայանալու: Նիստին մասնակցելու են պաշտպանները:

    «Հիշեցնում եմ, որ ըստ մեղադրանքի Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, և հենց այդ կարգալուծումն է մեղադրանքի կողմից որակվել որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում։

    Հետևաբար դատարանի առջև դրված առաջին և հիմնական իրավական հարցը պետք է լինի հետևյալը. կարո՞ղ է արդյոք եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը՝ որպես ինքնուրույն հոգևոր-կանոնական ակտ ինքնին ճանաչվել քրեորեն պատժելի «խոչընդոտում»։

    Հայաստանի Սահմանադրությունը և օրենքները պետության համար սահմանում են ոչ միայն ընդհանուր չեզոքության պահանջ, այլև ուղղակի պարտականություն՝ չմտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կառավարման ու կանոնական կյանքի ոլորտ։

    Եպիսկոպոսի ձեռնադրությունը, նրա հոգևոր կարգավիճակի պահպանումը, կարգապահական պատասխանատվությունը և կարգալուծումը հենց այդ ներքին կյանքի առանցքային տարրերն են։

    Պետությունը չի ձեռնադրում եպիսկոպոս։

    Պետությունը չի շնորհում եպիսկոպոսական աստիճան։

    Պետությունը չի որոշում հոգևորականի վարքագծի՝ Եկեղեցու կանոններին համապատասխանությունը։

    Հետևաբար պետությունը չի կարող նաև որոշել, որ կոնկրետ անձը, անկախ Եկեղեցու բարձրագույն կանոնական իշխանության որոշումից, պետք է շարունակի համարվել եպիսկոպոս, թե՝ ոչ։

    Երբ պետությունը կարգալույծ հռչակելու տնօրինությունն ինքնին կապում է աշխարհիկ դատական ակտի խոչընդոտման հետ, ապա պետությունն իրեն է վերապահում հոգևոր կարգավիճակի վերջնական որոշման իրավասությունը։ Այսինքն, միջամտում և քննարկման առարկա է դարձնում հոգևոր տնօրինության բովանդակությունը: Դա արգելված միջամտության ուղղակի օրինակ է։ Սույն գործով միջամտության աստիճանը առավել բարձր է, քանի որ կիրառվում է քրեական պատասխանատվության սպառնալիք»,- գրել է փաստաբանը:

  • Անհրաժեշտություն չկա նախապես դատողություններ անել ՀԱՊԿ-ից Երևանի դուրս գալու հարցի շուրջ․ՀԱՊԿ գլխավոր քարտուղար | Քաղաքականություն

    Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, անդրադառնալով կազմակերպությունից Հայաստանին հեռացնելու հարցին, կոչ է արել չշտապել այդ մասին դատողություններ անելու հարցում։ Այս մասին գրում է ռուսական ՏԱՍՍ-ը։

    «Անհրաժեշտություն չկա նախապես դատողություններ անել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Երևանի դուրս գալու հարցի շուրջ, քանի որ կա երկրի ղեկավարության կարծիքը, և կա նաև հայ ժողովրդի կարծիքը»,-ասել է։

    Պատասխանելով այն հարցին, թե ինչ որոշում կարելի է ակնկալել Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերյան նիստից՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ, գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպությունից «բացառելու կամ չբացառելու» որոշումները կայացնում են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները։

    «Մենք՝ որպես քարտուղարություն, չենք կարող որոշումներ կայացնել մեկ կամ մյուս կողմի համար, ուստի ամեն ինչ դեռ առջևում է։ Արդյո՞ք այս հարցը լրջորեն կքննարկվի այս նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի հաջորդ նիստում, նույնպես հարց է. դա պետությունների ղեկավարների որոշելիքն է։ Եկեք չշտապենք իրադարձությունների հարցում։ Մենք լսել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Ես միշտ ասել եմ, որ կա կարծիք ոչ միայն երկրի ղեկավարության, այլև հայ ժողովրդի կողմից տարբեր հարցերի վերաբերյալ։ Հետևաբար, մենք չենք կանխորոշի իրադարձությունները», – ասել է Թաալաթբեկ Մասադիկովը։

    Ռուսական լրատվամիջոցը հիշեցնում է նաև, որ ավելի վաղ Փաշինյանը խորհրդարանական ամբիոնից հայտարարել էր, որ աջակցում է հանրապետության հեռացմանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից և ուրախ կլինի, եթե դա տեղի ունենա։ Նրա խոսքով՝ սա կազատի Երևանին կազմակերպությունից դուրս գալու կամ չդուրս գալու դիլեմայից։

    2024 թվականի սեպտեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ պնդելով, որ կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար։ 2024 թվականի հոկտեմբերին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում կայացած միջազգային անվտանգության ֆորումում հայտարարեց, որ Երևանը գնահատում է ՀԱՊԿ-ից դուրս գալու իր որոշման հետ կապված բոլոր ռիսկերը։ Այդ տարվա դեկտեմբերին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև հարաբերությունները անցել են անդարձելիության կետը։

    Հունիսի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ՀԱՊԿ անդամ պետությունները համաձայնել են քննարկել կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածը Հայաստանի նկատմամբ կիրառելու հարցը՝ հանրապետության կողմից երկու տարի իր անդամավճարները չվճարելու պատճառով։ Օգոստոսի 11-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանին ՀԱՊԿ-ում քվեարկության իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում։

     

  • Բաքվի սլավոնական համալսարանում նախատեսվում է ներդնել հայոց լեզվի ուսուցում | Հասարակություն

    Բաքվի սլավոնական համալսարանում (ԲՍՀ) նախատեսվում է սկսել հայոց լեզվի դասավանդում։ Համապատասխան որոշումն ընդունվել է բուհի գիտական խորհրդի կողմից, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով համալսարանի մամուլի քարտուղար Սաբինա Հուսեյնզադեին, գրում է ArmeniaToday-ը:

    Բուհի ներկայացուցչի փոխանցմամբ՝ հայոց լեզվի ուսումնասիրությունը նախատեսված է առաջիկա տարիներին, սակայն դասընթացների մեկնարկի հստակ ժամկետներ առայժմ չեն նշվում։ Ավելի վերաբերյալ համալսարանի ռեկտոր Անար Նագիևը հայտնել էր, որ ուսուցումը մտադիր են սկսել 2026-2027 ուսումնական տարվանից։

     

    2025 թվականի նոյեմբերին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ Հայաստանի երեք դպրոցներում դասավանդվում է ադրբեջաներեն։

     

    Նախարարի խոսքով՝ դա իրականացվում է 2021 թվականին հաստատված տարածաշրջանային լեզուների ուսուցման խրախուսման ծրագրի շրջանակում, որին այն ժամանակ միացել էր շուրջ 30 դպրոց։

  • Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանության նախարարության զորամաս | Հայաստան

    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 26-ին աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։

    Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպում է ունեցել զորամասի հրամանատարական կազմի հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։

    Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների ծառայության և սոցիալ-կենցաղային պայմաններին, այդ թվում՝ բուժծառայության կազմակերպմանը, սննդի ապահովմանը, կարգապահությանն ու բարոյահոգեբանական վիճակին առնչվող հարցերին։ Պաշտպանը կարևորել է ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ զորամասում տարվող աշխատանքները։

    Այցի շրջանակում Անահիտ Մանասյանն առանձնազրույց է ունեցել նաև զինծառայողների հետ։ Առանձին հարցեր քննարկվել են զորամասի հոգեբանի հետ։

    Պաշտպանն առանձնահատուկ կարևորել է զինծառայողների կյանքի իրավունքի երաշխավորման, մահվան, ինքնասպանությունների և ինքնավնասումների, վատ վերաբերմունքի, ինչպես նաև ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելման ուղղությամբ համալիր և շարունակական աշխատանքի իրականացումը։

    Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ վերջին շրջանում արձանագրված դեպքերը և Զինված ուժերում իրավունքների երաշխավորման համատեքստում առկա խնդիրները վկայում են, որ, չնայած տարիների ընթացքում իրականացված աշխատանքներին, ոլորտում դեռևս առկա են հրատապ և համակարգային լուծումներ պահանջող մի շարք խնդիրներ։

    Պաշտպանը նշել է, որ բռնի մահվան դեպքերի, ինքնասպանությունների, ինքնավնասումների և վատ վերաբերմունքի կանխարգելման հետ կապված հարցերը համակարգային բարեփոխումների կարիք ունեն, իսկ Զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների բացառումն օրակարգային անհրաժեշտություն է։

    Միաժամանակ, Պաշտպանն առանձնահատուկ կարևորել է զինվորական կարգապահության ամրապնդման, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի պահպանման և բարելավման, խնդիրների վաղ վերհանման և դրանց պատշաճ արձագանքման արդյունավետ մեխանիզմների ապահովման անհրաժեշտությունը։

    Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունն իր գործունեության առաջնահերթ ուղղություններից է։

    Պաշտպանը կարևորել է նաև Պաշտպանության նախարարության հետ շարունակական համագործակցությունը՝ ոլորտային խնդիրների հասցեագրման և դրանց արդյունավետ լուծման տեսանկյունից։