Category: ArmPulse

  • Մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար․Ռուբինյան | Քաղաքականություն

    Մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար, հակառակը, մենք ամեն ինչ արել ենք ու շարունակում ենք անել՝ բարի-դրացիական հարաբերություններ ունենալու համար։  

    Հայ տնտեսվարողների դեմ կիրառվող անարդարացի և անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ոչ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն, ոչ ԵԱՏՄ կանոններին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

  • Ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | Հայաստան

    Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն: Վերջին 3 օրերին Հայաստանը գտնվում էր Իրաքի շրջաններից ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք հատկապես ակտիվ էին Արարատյան դաշտում, նրա նախալեռնային գոտում և Երևանում։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ 

    Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած այդ տաք օդային հոսանքները կնահանջեն, իրենց տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին, որը մեր տարածաշրջանում կմնա մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։

    Այսպիսով, օգոստոսի 27-ի երեկոյան, օգոստոսի 28-31-ին գիշերը և հետկեսօրյա ժամերին շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ և կտեղա կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։

    Օդի ջերմաստիճանը օգոստոսի 27-30-ին, օգոստոսի 26-ի հետ համեմատ ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

  • Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները | Հայաստան

    Կոտայքի մարզի դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 7-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Գագիկ Ծառուկյանին և նրան փոխկապակցված անձանց պատկանող

     մի շարք անշարժ գույքերի վերաբերյալ գործարքներն ու աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

    Առաջին հայցով Դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել «Ֆիրմա Նյու» ՍՊԸին պատկանող՝ Առինջ մոլի հողատարածքի վերաբերյալ 2015 թվականի հոկտեմբերի 4-ի՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում գտնվող և օտարման ոչ ենթակա 3,5 հա մակերեսով հողամասի աճուրդը։ Պահանջվել էր նաև անվավեր ճանաչել Գագիկ Ծառուկյանի և «Ֆիրմա Նյու» ՍՊԸի միջև 2025 թվականի հոկտեմբերի 2- ին կնքված՝ ընկերության կանոնադրական կապիտալում որպես ոչ դրամային ավանդ անշարժ գույք ներդնելու մասին պայմանագիրը։

    Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ:

    Նույն օրը դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը. «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ին արգելվել է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող 3,5 հա հողամասի նկատմամբ կատարել որևէ գործողություն։

    Երկրորդ հայցով Դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել Գագիկ և Ջավահիր Ծառուկյանների՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող առանձնատան հողատարածքի վերաբերյալ 2003 թվականի հունվարի 26-ի՝ 14,176 հա մակերեսով հողամասի աճուրդը, ինչպես նաև Արամիկ Սեդրակյանի, Գայանե Սեդրակյանի և Գագիկ Ծառուկյանի միջև 2003 թվականի փետրվարի 15-ին կնքված՝ 12,566 հա մակերեսով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Արամիկ Սեդրակյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև 2013 թվականի մարտի 14-ին կնքված՝ 1,61 հա մակերեսով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը՝ կիրառելով անվավերության հետևանքներ։

    Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ, այս հայցադիմումը ևս ընդունվել է վարույթ:

    Նույն օրը դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանին և Ջավահիր Ծառուկյանին արգելվել է որևէ գործողություն կատարել վերոնշյալ հասցեներում գտնվող՝ 12,566 հա և 1,61 հա մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ։

  • Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել կայանված «Mercedes»-ում | Հասարակություն

    Այսօր՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի Վահան Տերյան փողոցում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել։
            
          Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Սերգեյ Զաքարյանի, գումարտակի ծառայության տեսուչ Սերգեյ Մուրադյանի, վաշտի հրամանատար Մհեր Մկրտչյանի և դասակի հրամանատարի պարտականությունները կատարող Յուրա Ավդալյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տարիել Ավետիսյանը, Ռաֆիկ Մաթևոսյանը, Մարտուն Բաղդասարյանը և Կարեն Գրիգորյանը։

    Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Պայթյունը տեղի է ունեցել կայանված վիճակում գտնվող 43-ամյա Աննա Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, ով այդ պահին եղել է մեքենայի մոտ կանգնած և շոկային վիճակում օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Պայթյունի հետևանքով վնասվել է նաև կայանված մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենա։Դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Նարեկ Գարեգինյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։

  • Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ․  ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ Մարկուս Լամերտ | Քաղաքականություն

    Ճեպազրույցի ժամանակ   ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ Մարկուս Լամերտը հայտարարել է, որ Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ։ Խոսնակն ասել է, որ Հայաստանը որոշում է կայացրել կատարել առաջին քայլը դեպի ԵՄ՝ իրենց կողմից ընդունելով ԵՄ-ի մասին օրենքը։ Այս հանգամանքը նա կարևոր խորհրդանշական քայլ է համարել։

    Մարկուս Լամերտն ասել է, որ իրենք արդեն աշխատում են Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ, օրինակ՝ կապի, առևտրի և շատ այլ ոլորտներում։

    Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն էլ հավելել է, որ դա Եվրամիության գրավչության հերթական դրսևորումն է:

    «Մենք հետաքրքրությամբ ենք հետևում դրան: Դուք գիտեք, որ նախագահ Ֆոն դեր Լայենը ողջունում և սատարում է Հայաստանի քաղաքացիների եվրաինտեգրման ձգտումները»,- նշել է պաշտոնյան։

  • Մենք չունենք այլ նպատակ կամ խնդիր, բացի խաղաղությունից․ Էրդողան | Տարածաշրջան

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  կառավարության նիստից հետո մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում նշել է.

    «Որպես կառավարություն՝ մենք ջանասիրաբար աշխատում ենք Թուրքիան զարգացման և բարգավաճման ուղու վրա պահելու ուղղությամբ՝ չնայած մեր տարածաշրջանում առկա հակամարտություններին։ Չնայած մեր տարածաշրջանում առկա ճգնաժամերը տնտեսապես ազդում են մեզ վրա, ինչպես որ ազդում են աշխարհի մնացած մասի վրա, մենք հավատարիմ ենք մնում մեր նպատակներին բազմաթիվ ոլորտներում՝ սկսած զբաղվածությունից և արտահանումից մինչև գյուղատնտեսություն և զբոսաշրջություն»։

    Էրդողանն ասել է, որ իր կառավարությունը կշարունակի աշխատել Թուրքիայի շահերը պաշտպանելու համար՝ ազգի կողմից որոշված ​​ուղղությամբ։

    «Այսօր ուզում եմ վերահաստատել այս փաստը. որպես Թուրքիա, մենք չունենք այլ նպատակ կամ խնդիր, բացի խաղաղությունից, արդարությունից, կայունությունից և անդորրից մեր ամբողջ տարածաշրջանում։ Մենք չունենք որևէ թաքնված օրակարգ կամ գաղտնի մտադրություն, ինչպես ոմանք պնդում են։ Մեր նպատակն է, որ մեր շուրջը տիրի խաղաղության մթնոլորտ»,- ասել է Էրդողանը։

  • Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո | Քաղաքականություն

    Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալված 6 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան։

     Ձերբակալվածների թվում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև 1999-2009 թվականներին կառավարական առանձնատների տնտեսության տնօրեն Ա.Ո.-ն և նրա ընտանիքի անդամները։

    Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո։ «Առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով այսօր ձերբակալված 6 անձանց, այդ թվում՝ նախկին նախագահի որդու, ինչպես նաև 1999-2009թթ. ընթացքում կառավարական առանձնատների տնտեսության տնօրեն Ա.Ո.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան, իսկ ձերբակալված նախկին նախագահ Ռ.Ք.-ն դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո»,- ասվում է հաղորդագրությունում։

    Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ են սկսել Քոչարյաններին պատկանող մի քանի տասնյակ տարածքներում: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել էին և տեղափոխվել Հակակոռուպցիոն կոմիտե։

     Այնտեղից Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 3, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու 2 և փողերի լվացման 4 դրվագով։ Նույն վարույթով քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի, այդ թվում՝ Քոչարյանի որդու, պաշտպանության նախկին նախարարի, նախկին վարչապետի և Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ։

  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն և 1 վագոն փայտանյութ | Տարածաշրջան

    Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօր Բիլաջարի կայարանից Բոյուկ-Քեսիկ ուղղությամբ ուղարկվել են 14 երկաթուղային վագոն ցորեն՝ ընդհանուր 976 տոննա քաշով, և մեկ երկաթուղային վագոն՝ 65 տոննա քաշով փայտանյութ։

    Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով առաքվել է ավելի քան 50,000 տոննա հացահատիկ, մոտավորապես 9,000 տոննա պարարտանյութ, 1,414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։

    Միաժամանակ, Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15,000 տոննա դիզելային վառելիք և մոտ 5,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։

  • Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել | Հասարակություն

    Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ Աշտարակ քաղաքի տարբեր վայրերում իրացման նպատակով տեղադրում է թմրամիջոց, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

    Հետագա միջոցառումներն արդյունք տվին օգոստոսի 18-ին։ Ժամը 19․30-ի սահմաններում Նոր Երզնկա տանող ճանապարհին թմրամիջոց տեղադրելու պահին երիտասարդը ձերբակալվեց և իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։ Մեքենան կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում։

    Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալման վայրում կատարված զննությամբ հայտնաբերվեց արդեն տեղադրված 9 փաթեթ՝ մոտ 30 գրամ ընդհանուր քաշով։

    Դատարանի որոշմամբ երիտասարդի վարած մեքենայում կատարված խուզարկությամբ էլ հայտնաբերվեց տարագույն կպչուն ժապավեններով 113 փաթեթ՝ մոտ 200 գրամ ընդհանուր քաշով, նաև՝ մոխրացած հետքերով կաթուցիչ, մեկուկես միլիոն դրամ և ատրճանակ, որն, ըստ երիտասարդի, գազային է։

    Էջմիածինցի 27-ամյա երիտասարդը կալանավորվել է։ Հանգամանքները պարզվում են։

  • «Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից»։ | Քաղաքականություն

    Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել.

    «Տեղեկացնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից։

    Գանգատներով բարձրացվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 18-րդ հոդվածներով, ինչպես նաև Կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման հարցեր։ Դրանք վերաբերում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ապօրինի և քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդմանը, ազատությունից ապօրինի զրկելուն, նրա նկատմամբ ցուցաբերված անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքին, քրեաիրավական սահմանափակումներն իրենց համար նախատեսված իրավաչափ նպատակից շեղված՝ քաղաքական նպատակներով կիրառելուն, ինչպես նաև նույն արարքների կապակցությամբ կրկնակի քրեական հետապնդման արգելքի խախտմանը։

    Ներկայացված փաստերը, ներպետական դատավարությունների նյութերը, քրեական վարույթների ժամանակագրությունը և պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարությունները կազմում են փոխկապակցված ապացույցների ամբողջություն։ Դրանք ցույց են տալիս, որ քրեական արդարադատության համակարգն օգտագործվել է ոչ թե օրինական քրեաիրավական նպատակների, այլ քաղաքական հակառակորդին հետապնդելու, մեկուսացնելու և հանրային ու քաղաքական գործունեությունից հեռացնելու համար։

    Քաղաքական հաշվեհարդարը չի դառնում իրավաչափ միայն այն պատճառով, որ ձևակերպվում է քրեական վարույթի որոշումներով։ Քրեական դատավարության արտաքին ձևականությունները չեն կարող քողարկել հետապնդման իրական նպատակը։

    Երկու գանգատներով էլ ՄԻԵԴ-ից խնդրել ենք դրանց տրամադրել առաջնահերթություն՝ Դատարանի կանոնակարգի 41-րդ կանոնին համապատասխան։ Գանգատները վերաբերում են Կոնվենցիայի հիմնարար իրավունքներին, այդ թվում՝ անձի ազատությանը, ինչպես նաև պետական իշխանության կողմից քրեական հետապնդման մեխանիզմների քաղաքական նպատակով չարաշահմանը։ ՄԻԵԴ-ի ձևավորված մոտեցումը վկայում է, որ նման բնույթի՝ քաղաքական շարժառիթներով ազատությունից զրկման և Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման վերաբերյալ գործերը ստանում են առաջնահերթ ընթացք և սովորաբար կոմունիկացվում են սեղմ ժամկետներում։

    Մենք վստահ ենք, որ գանգատների լիարժեք քննության արդյունքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարձանագրի Գագիկ Ծառուկյանի՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտումները։ Ներկայացված իրավական և փաստական նյութերի համակցությունը, մեր գնահատմամբ, որևէ ողջամիտ տեղ չի թողնում այն պնդման համար, թե տեղի ունեցողը սովորական կամ քաղաքականապես չեզոք քրեական հետապնդում է։

    Այս գործերը վերաբերում են ոչ միայն Գագիկ Ծառուկյանի անհատական իրավունքներին։ Դրանք վերաբերում են Հայաստանում քրեական արդարադատությունը քաղաքական հաշվեհարդարի գործիք դարձնելու անընդունելի գործելակերպին, որի համար պետությունն անխուսափելիորեն կրելու է միջազգային իրավական պատասխանատվություն»։