Category: ArmPulse

  • ՌԴ ԱԳՆ. ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական ոլորտում չի համագործակցում | Քաղաքականություն

     

    Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմական ոլորտում չի փոխգործակցում Հայաստանի հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ ՍՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

     

    «Այս պահին ՀԱՊԿ գծով Հայաստանի հետ համագործակցություն ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում չի իրականացվում»,— ընդգծել է ռուս դիվանագետը։

     

    Հիշեցնենք, որ ավելի վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ շատ գոհ կլինի, եթե Հայաստանին հեռացնեն ՀԱՊԿ-ից։ Նա նաև նշել էր, որ Երևանը մոտ ապագայում Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցելու հայտ ներկայացնելու որոշում կկայացնի։

     

    2025 թվականին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել էր «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, որով պաշտոնապես հռչակվել էր երկրի պրոեվրոպական արտաքին քաղաքական կուրսը: Իսկ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը 2025 թվականի հոկտեմբերին հայտարարել էր, որ Երևանը կարող է միությանը միանալու հայտ ներկայացնել 2026 թվականին։

  • Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն | Սպորտ

    Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում, հայտնում է ֆեդերացիան։

     

    Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող մինչև 15 տարեկանների մրցաշարում Հայաստանի հավաքականի 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցումներով գլխավերևում պահել է 112, 119 և 122 կգ։ Այս վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր։ Հրում վարժությունում Ավետիսյանը գլխավերևում պահել է 140 և 146 կգ։ Այս ձևում ևս նա ոսկե մեդալակիր է։

     

    Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։

  • ՀՀ Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները | Հայաստան

    ՀՀ Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները․

     Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության ամրապնդում և հետագա ինստիտուցիոնալացում, Հայաստանի շուրջ անվտանգային բարենպաստ միջավայրի պահպանում և հետագա զարգացում՝ տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման և/կամ զարգացման, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գործող գործընկերությունների խորացման ճանապարհով։

     Հայաստանի Հանրապետության ապաշրջափակում՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և TRIPP նախագծի հիման վրա։

     Ժողովրդավարական, հակակոռուպցիոն, տնտեսական և հանրային կառավարման բարեփոխումների խորացում, որը կչափվի միջազգային ամենահեղինակավոր վարկանիշային ցուցակներում Հայաստանի Հանրապետության առաջընթացով։

     Ամբողջ բնակչության ներառում առողջության ապահովագրության համակարգում։

     ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացում։

     Տարեկան միջինում 6% տնտեսական աճ։

     125,000 նոր աշխատատեղերի ստեղծում (2018 թվականից ստեղծվել է ավելի քան 300,000 աշխատատեղ)։

     Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ծավալի առնվազն 3-անգամյա ավելացում։

     Հայաստանյան ծագման ապրանքների արտահանման ծավալի առնվազն կրկնապատկում։
    Արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների 50% աճ՝ ընթացիկ գներով 2025 թվականի 3,3 տրիլիոն դրամից հասցնելով մինչև 5 տրիլիոն դրամի։
    Գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի առնվազն 50% ավելացում, հացահատիկի արտադրության կրկնապատկում։
    10 ջրամբարի կառուցման մեկնարկ՝ 2033 թվականին ավարտելու նպատակադրմամբ։
    350 կմ ջրանցքների և խողովակաշարերի կառուցում և վերակառուցում։
    Ոռոգման ապահովում 10,000 հա նոր հողերի համար։
    24-ժամյա ջրամատակարարում՝ առնվազն Երևանում, Գյումրիում և Վանաձորում։
    Նոր 300 դպրոցի, 30 քոլեջի, 100 արտադպրոցական հաստատության, 100 մանկապարտեզի և 100 համակցված խաղահրապարակի, ներառյալ համայնքային լողավազանների, կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում և ամբողջական գույքով հագեցում ու գործարկում։
    2,500 կմ ավտոճանապարհի և 40 կամրջի կառուցում և/կամ նորոգում։
    Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի, ինչպես նաև 3,600 ուսանողի համար նախատեսված կացարանների կառուցում։
    Առաջատար դասի արհեստական բանականության հաշվարկային առնվազն 100,000 GPU-ի համարժեքի, կամ 1 միլիոն բնակչի հաշվով առնվազն 35,000 GPU-ի համարժեքի ձևավորում, այդ հզորությունների առնվազն 10%-ի համարժեք հաշվարկային ռեսուրսի հասանելիության ապահովում ՀՀ գիտահետազոտական, կրթական, ստարտափային, արդյունաբերական և հանրային հատվածների համար։
    Հայաստանի տիեզերական կարողությունների զարգացում՝ երկրի դիտարկման առնվազն 2 և հեռահաղորդակցման 1 արբանյակի ձեռքբերման և շահագործման, ազգային վերգետնյա ենթակառուցվածքի զարգացման, արբանյակների կառավարման և տվյալների մշակման ազգային կարողությունների ձևավորման, ինչպես նաև պետական, գիտական և մասնավոր հատվածների համար արբանյակային տվյալների և կապի ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։
    1,000 մեգավատ ֆոտովոլտային և 800 մեգավատ կուտակիչ էլեկտրակայանների գործարկում։
    Աղքատության կրճատում 5 տոկոսային կետով։
    Պետական և համայնքային հիմնական ծառայությունների թվայնացում։

    Ապօրինի, այդ թվում՝ կոռուպցիոն եղանակով ստացված ակտիվների վերադարձի գործընթացի շարունակականություն, որը ներառելու է ապօրինի սեփականաշնորհված և վարձակալության վերցրած անտառների, լողափերի, զբոսայգիների ու պուրակների, ինչպես նաև կրթական հաստատությունների և այլ հանրային տարածքների վերադարձ համայնքներին ու պետությանը, վերականգնված միջոցների միասնական հաշվեհամարի շարունակական համալրում, ապօրինի ծագում ունեցող անշարժ ու շարժական գույքի վերադարձ հանրությանը՝ շուրջ 2 միլիարդ դոլարին համարժեք ծավալով։

  • Երևանի կենտրոնում կառուցվող շենքերից մեկում աշխատակիցը վայր է ընկել 7-րդ հարկից ու մահացել | Հասարակություն

    Այսօր՝ օգոստոսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում կառուցվող բազմաբնակարանային էլիտար շենքում, հաղորդում է Գագիկ Շամշյանը։

    Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հին Երևանցի 3/2 հասցեում կառուցվող էլիտար շենքում դի կա։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

    Մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Միխայիլ Առաքելովն է, ով աշխատում է «Էլեկտրոլիֆտ» ընկերությունում և նշված շենքում աշխատանքներ կատարելիս 7-րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի համար նախատեսված հորանում։ 

  • ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայություն | Հայաստան

    Հայաստանում օտարերկրացիներին 2026 թվականի առաջին կիսամյակում տրամադրվել է ընդհանուր առմամբ 10 հազար 561 կացության կարգավիճակ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 6 հազար 656-ի համեմատ (ընդհանուր ցուցանիշն աճել է 59%-ով)։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ ներկայացնելով կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների վիճակագրությունը՝ 2026 թվականի առաջին կիսամյակում։

    «8181 անձ ստացել է ժամանակավոր կացության կարգավիճակ, որոնց թվում գերակշռել են Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի քաղաքացիները։ Նրանցից 6 հազար 85-ը ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել աշխատանքի հիմքով։ Աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումների թվով առաջատար են եղել Վիետնամի, Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիները»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

    Նշվում է, որ 2 հազար 85 անձ ստացել է մշտական կացության կարգավիճակ․ առաջատար են եղել Ռուսաստանի քաղաքացիները՝ 1233 անձ, որոնց հաջորդում են Վրաստանի և Իրանի քաղաքացիները։ 

    295 անձ ստացել է հատուկ կացության կարգավիճակ։ Այս խմբում առավել մեծ թիվ են կազմել Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի քաղաքացիները։ 

    «Ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թվում զգալի է Ռուսաստանի քաղաքացիների մասնաբաժինը, հատկապես՝ մշտական կացության կարգավիճակ ստացածների շրջանում։ 2026 թվականի առաջին կիսամյակում կացության կարգավիճակների տրամադրման ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 59%-ով։ Աճի զգալի մասը պայմանավորված է աշխատանքի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակների թվի ավելացմամբ»,-հայտնել է ծառայությունը։ 

  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր | Տարածաշրջան

    Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության (GITA) տեխնոլոգիական պարկ, որտեղ հանդիպել է գործակալության ղեկավար Ավթանդիլ Կասրաձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

    Դեսպանին ներկայացվել են գործակալության գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նորարարական նախաձեռնությունները։

    Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի համապատասխան կառույցների միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման, մասնագիտական փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։ Ա. Սմբատյանը տեղեկացրել է նոյեմբերի 20-22-ը Երևանում կայանալիք «ԴիջիԹեք 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսի մասին և GITA-ի ներկայացուցիչներին հրավիրել մասնակցելու միջոցառմանը։   pinterest sharing button

  • Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները | Քաղաքականություն

    Ազգային ժողովում օգոստոսի 24-ին մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի՝ 2026 թվականի աշխատանքները:

    «Արդեն երրորդ տարին է, ինչ ՀՀ Ազգային ժողովը ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի հետ համատեղ իրականացնում է «Երիտասարդական խորհրդարան» նախագիծը: Ձեր ակտիվ մասնակցությունը փաստում է, որ այն հաջողված է ու պահանջված»,- ողջունելով մասնակիցներին՝ նշել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանը:

    Նա շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործընկերներին՝ ընդգծելով, որ ԱԺ աշխատակազմի հետ արդյունավետ ու շարունակական համագործակցությունը կարևոր արդյունքներ է արձանագրել՝ նպաստելով երիտասարդների քաղաքացիական կրթությանը, ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը և հանրային կյանքում նրանց ակտիվ ներգրավվածությանը։ Դավիթ Համբարյանը հորդորել է երիտասարդներին յուրաքանչյուր հանդիպումից և քննարկումից փորձել վերցնել առավելագույնը՝ մաղթելով հետաքրքիր, բովանդակալից և արդյունավետ աշխատանքային օրեր։

    Երիտասարդական խորհրդարանի անդամներին ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ողջույնի խոսքն ու ջերմ շնորհավորանքներն է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի օգնական Էլինա Իշխանյանը՝ նկատելով, որ երիտասարդ լինելը բազում դռներ է բացում իրենց առջև։ «Երիտասարդ լինելը նոր գաղափարներ հռչակելու մեծ հնարավորություն է։ Այս առումով մեզ համար ոգեշնչող օրինակ է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով ընտրվելուց հետո դարձավ աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահը»,- նշել է Էլինա Իշխանյանը։

    ՄԱԶԾ խորհրդարանական աջակցության ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը, ընդգծելով իրականացվող ծրագրերի կարևորությունը, ներկայացրել է վերջին մի քանի տարիների աշխատանքները, ԵԽ օրակարգը։ Նա երիտասարդներին հորդորել է լիարժեք իրացնել Ազգային ժողովում իրենց ձայնը լսելի դարձնելու բացառիկ հնարավորությունը։

    ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը, հաջողություններ մաղթելով Երիտասարդական խորհրդարանի անդամներին, նշել է, որ այս հարթակում Ազգային ժողովի աշխատակազմի փորձագետները, ԱԺ քարտուղարության աշխատակիցները, միջազգային գործընկերների աջակցությամբ կներկայացնեն օրենսդիրի գործունեությունը, օրենսդրական մեխանիզմներն ու գործիքակազմը։

    2026 թվականի Երիտասարդական խորհրդարանն ունի 44 անդամ։ Ձևավորվել է 3 մշտական հանձնաժողով Առողջապահության հարցերի, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի։ Երիտասարդներն ընդգրկվել են հանձնաժողովների աշխատանքներում ինքնաառաջադրմամբ՝ ըստ իրենց նախասիրությունների։ Ընտրվել են մշտական հանձնաժողովների նախագահներ և տեղակալներ։ 

    Երիտասարդական խորհրդարանի անդամներն աշխատանքի շրջանակում ծանոթացել են խորհրդարանի գործունեությանը, Ազգային ժողովի մարմինների և մշտական հանձնաժողովների գործառույթներին ու ընթացակարգերին, դիտել 2025 թվականի Երիտասարդական խորհրդարանի գործունեության վերաբերյալ տեսահոլովակը։ 

    ՄԱԶԾ «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի, Նորվեգիայի և Կանադայի կառավարությունների, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից:

  • Սուրեն Պապիկյանը խոսել է վերջին շրջանում բանակում արձանագրվող մահվան դեպքերի մասին | Հասարակություն

    Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոսել է վերջին շրջանում բանակում արձանագրվող մահվան դեպքերին։  Պատասխանելով հնչող այն հարցին, թե որն է պատճառը, որ վերջին շրջանում բանակում հաճախակի են դարձել սպանության և ինքնասպանության հետևանքով գրանցվող մահերը, Սուրեն Պապիկյանն ասել է, որ ինտենսիվության հետ կապված չի կարող գնահատական տալ, սակայն այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանում։

    Պապիկյանն ասել է, որ Հայաստանի բանակի ողջ պատմության ընթացքում ինքնասպանության, սպանության, ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքեր եղել են մշտապես, դրանք բարձրացել են, իջել են։ Օրինակ, 2025 թվականին մեր աշխատանքի արդյունքում այդ թիվը հասել է մինիմալի՝ 2-ի։

    «Ըստ վիճակագրության՝  վերջին տասնամյակի ընթացքում այս թվերը և՛ մեծացել են, և՛ պակասել են։ Սրանք ունեն տարբեր պատճառներ, իհարկե, դեպքերի մի մասը ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով են, մի մասը քրեական ենթամշակույթի հետևանք են, ոչ միայն այսօր, այլ նաև երեկ։ Սա մարտահրավեր է, որ միայն իմը չէ։ Անկախ նրանից՝ պաշտպանության նասխարարը կլինեմ ես, թե այլ մարդ, սրան պետք է համակարգային մոտեցում։ Ես չպետք է խորշեմ լսել, որ դուք ներկայացնում եք ինչ-որ խնդիր, այդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ»,-ասել է նախարարը։  

     

  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի

    Մինչև դահլիճը լքելը ընդդիմադիր պատգամավորները հարվածում էին սեղաններին՝ արտահայտելով իրենց դժգոհությունը։
  • Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Մեդվեդև | Քաղաքականություն

    Երևանը երբեք չի դառնա Եվրոպական միության անդամ, փոխարենը երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության, այդ թվում՝ Մոսկվայի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

    «Ակնհայտ է, որ Հայաստանը երբեք չի մտնի ծանր քրոնիկ հիվանդություններով տառապող Եվրամիություն, բայց երկար ժամանակով կփչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱԱՄ մյուս երկրների հետ։ Սա է այս փոքրիկ երկրի ներկայիս կառավարչի շիզոիդ հավակնությունների գինը, թաթախված է ազգային շահերի դավաճանության, Սորոսի կարողության և Հայ Առաքելական եկեղեցու սատանայական հալածանքների մեջ»,-նշել է Մեդվեդևը։