Նախատեսվում է հաջորդ ամսվանից մեկնարկել թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը դեպի ԱՄԷ | Էկոնոմիկա

Written by

in

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 27-ին ընդունել է Watermelon Ecosystem-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Օմար Մոհամմադ Համդան Աբդուլլա Ալշամսիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

 

Օմար Ալշամսին ներկայացրել է ԱՄԷ-ում հիմնադրված Watermelon Ecosystem հարթակի գործունեությունը, որը միավորում է ռեստորաններին, սննդի մատակարարներին, արտադրողներին և ֆերմերներին՝ առաջարկելով թվային գնումների և մատակարարման շղթայի կառավարման լուծումներ։

 

 Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման, հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև հայկական արտադրողների՝ ԱՄԷ-ի և այլ միջազգային շուկաների գնորդների ու դիստրիբյուտորների հետ կապերի հաստատման հնարավորությունները։

 

Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին իրականացված ներդրումներն ու միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրական կարողությունները՝ կարևորելով հատկապես փոքր և միջին արտադրողների համար միջազգային շուկաների հասանելիության ընդլայնումը։

 

 Հանդիպման ավարտին կողմերի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը հնարավորություն կստեղծի Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի երկարաժամկետ և կայուն արտահանման կազմակերպման համար։

 

 Նախատեսվում է արդեն հաջորդ ամսվանից մեկնարկել թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը՝ սկզբնական փուլում շաբաթական մինչև 40 տոննա ծավալով։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts