Category: MediaMax.am

  • Ստեղծվել է «Սկզբունք» ընդդիմադիր նախաձեռնությունը

    Ընդդիմադիր մի քանի շարժում միավորվել է՝ հայտարարելով «Սկզբունք» նախաձեռնության ստեղծման մասին:  

     

    «Այս նախաձեռնության ստեղծումը պայմանավորված է մեր երկրի առջեւ ծառացած խորը քաղաքական, իրավական եւ բարոյական ճգնաժամով», – լրագրողների հետ հանդիպմանն ասել է նախաձեռնության համահիմնադիր, «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշես Իկոնոմովը: 

    Արտաշես Իկոնոմովը եւ Նինա Կարապետյանցը Արտաշես Իկոնոմովը եւ Նինա Կարապետյանցը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող գործընթացները հանգեցրել են նրան, որ պետական իշխանությունը դարձել է ամենահակահայկականը, ամենաանարդարն ու ամենաանպատասխանատուն: 

     

    Այսօր Հայաստանում ձեւավորվել է իրավիճակ, երբ իշխանությունը ոչ միայն չի արտահայտում ժողովրդի մեծամասնության կամքը, այլեւ ակտիվ ոչնչացնում է ընդդիմությանը սպառնալիքներով, բանտարկություններով եւ ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու հակասահմանադրական վարքով», – ասել է Իկոնոմովը: 

     

    Նա նշել է, որ հենց այս պամաններում մի խումբ քաղաքացիներն, ինչպես նաեւ «Առաջ», «Զարկերակ» եւ «Նժար» քաղաքական միավորների առաջնորդները միավորվել են՝ հիմելով «Սկզբունք»-ը.

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Շարժման նպատակն է խաղաղ, արժանապատվության հեղափոխության միջոցով իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին, որը վարում է ապօրինի, հակասահմանադրական եւ հակահայկական գործունեություն: Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր ուժերին, առանձին հայրենասեր քաղաքացիներին՝ այդ թվում Սփյուռքից, միավորվել եւ դառնալ մեկ բռունցք, որը կկանգնեցնի այս ավերիչ ընթացքը»: 

     

    Նախաձեռնության նպատակն է Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո 360 օրով ձեւավորել ժամանակավոր, անցումային կառավարություն: 

    Ստեփան Ասրյանը Ստեփան Ասրյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Մենք համնախմբվում ենք «Սկզբունք» շարժման շուրջ, որպեսզի վերջ դնենք այն համակարգին, որն անկախ Հայաստանի գոյության 35 տարվա ընթացքում այս կամ այն չափով վերարտադրում էր ավտորիտարիզմը, կոռուպցիան, անպատասխանատվությունն ու Սահմանադրության ոտնահարումը: Մեր նպատակը ոչ թե մեկ անձի փոխարինումն է մյուսով, այլ պետության կառավարման համակարգի փոփոխությունը», – ասել է նախաձեռնության համահիմնադիր, «Զարկերակ» նախաձեռնության անդամ Ստեփան Ասրյանը: 

    Նինա Կարապետյանցը Նինա Կարապետյանցը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Իրավապաշտպան, «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցն էլ ընդգծել է՝ անկախացումից հետո Հայաստանի Հանրապետությունն ունեցել է չորս իշխանություն, որոնցից ոչ մեկը չի կարողացել կառուցել մեր նախնիների երազած պետությունը:

     

    «Չնայած բոլոր սխալներին՝ առաջարկում ենք դուրս գալ հասարակության բեւեռացված մթնոլորտից եւ ձգտել համերաշխության: Միայն այս պայմաններում է հնրավոր կերտել կայացած պետականություն: Առաջին երեք նախագահին առաջարկում ենք անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով: Կոչ ենք անում բոլորին թողնել անցյալի եւ ներկայի վեճերը, միավորել ուժերն ու սկսել դե ֆակտո պետության կառուցումը», – ասել է Նինա Կարապետյանցը: 

    Լեւոն Չուկակլյանը Լեւոն Չուկակլյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Նախաձեռնության համահիմնադիր, «Առաջ» շարժման համակարգող խորհրդի անդամ Լեւոն Չուկակլյանը ընդգծել է՝ երբ իշխանությունը շատ է կենտրոնանում մեկ անձի ձեռքում, պետականությանը սպառնացող վտանգներ են ի հայտ գալիս: 

     

    «Ունենք համակարգային փոփոխությունների հստակ առաջարկներ: Ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումն առաջին քայլն է, երկրորդը՝ հետագայում նման տիպի իշխանության առաջացման թույլ չտալը», – ասել է Լեւոն Չուկակլյանը: 

  • Ֆրանսիացի քաղաքական գործիչները պահանջել են ազատ արձակել հայ գերիներին

    Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի տարբեր քաղաքական ուժերի 25 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նիցցայի, Լիոնի, Մարսելի, Ալֆորվիլի, Իսի լե Մուլինոյի եւ մի շարք այլ քաղաքների քաղաքապետեր և այլ պաշտոնյաներ կոչ են արել Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայ գերիներին։

    Ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականում հրապարակված համատեղ հայտարարության մեջ նրանք նշել են, որ բազմաթիվ հայեր են ձերբակալվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանման ընթացքում, իսկ նրանցից 20-ը Ադրբեջանում դատապարտվել են խիստ պատիժների, այդ թվում՝ ցմահ ազատազրկման։

     

    Քաղաքական գործիչները միացել են Եվրոպական խորհրդարանի, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, ինչպես նաև Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի՝ գերիներին ազատ արձակելու պահանջներին։

     

    «Իրական խաղաղություն չի կարող լինել առանց արդարության, ազատության և արժանապատվության», – ընդգծել են հայտարարության հեղինակները։

     

    Գերիների խնդիրը սեպտեմբերի սկզբին կրկին հայտնվել էր Փարիզի ուշադրության կենտրոնում։ Քաղաքապետարանի հարակից տարածքում կազմակերպվել էր Ադրբեջանում պահվող 19 հայ գերիների դիմանկարների ցուցահանդես։ Սակայն ցուցահանդեսի բացմանը Փարիզի քաղաքապետարանի նախատեսված մասնակցությունը վերջին պահին չեղարկվել էր՝ Ադրբեջանի կողմից գործադրված ճնշումների ֆոնին։

     

    Հայ գերիների հարցով քայլեր են իրականացվում նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում։ Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանում գերի պահվող Լյուդվիգ Մկրտչյանին ազատ արձակելու խնդրանքով՝ նրա առողջական խնդիրները հաշվի առնելով։

     

    Էլլադա Ղուկասյան-Բարսեղյան

    (Ֆրանսիայում Մեդիամաքսի սեփական թղթակից)

     

     

     

  • Գարեգին Բ-ն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի խորհրդականին

    Սրբազան արարողությունից հետո նրան ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

    Մայր Աթոռի հաղորդագրության մեջ ասված է.

    «Նորին Սրբությունը ողջունեց հյուրի այցը Հայաստան եւ համայն հայության հոգեւոր կենտրոն՝ այն նկատելով պատեհ առիթ՝ ի մոտո ճանաչելու քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկիրը, հայ ժողովրդին ու նրա հոգեւոր-մշակութային հարուստ ժառանգությունը։ Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց նաեւ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԱՄՆ հայ հոգեւոր առաջնորդների հանդիպման կազմակերպման գործում տիկին Ուայթ-Քեյնի ներդրած ջանքերի առնչությամբ։

    Լուսանկարը` Մայր Աթոռ

    Զրուցակիցներն ընդգծեցին կրոնի եւ հոգեւոր արժեքների դերը ժողովուրդների ապահով, բարօր ու առաջընթաց կյանքի կերտման գործում։ Շեշտվեց, որ առ Աստված հավատքը պետք է դրսեւորվի սիրով, արդարությամբ եւ մերձավորի հանդեպ հոգածությամբ՝ ամրապնդելով համամարդկային համերաշխությունն ու խաղաղ համակեցությունը։ Այս առնչությամբ կարեւորվեց հոգեւոր առաջնորդների համատեղ ջանքերը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության հաստատման եւ ժողովուրդների լուսավոր գալիքի։

    Փոլա Ուայթ-Քեյնը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար եւ կիսվեց Սուրբ Պատարագից ստացած իր տպավորություններով` ընդգծելով սրբազան արարողության ընթացքում ապրած խոր ակնածանքն ու հոգեւոր խաղաղությունը։ Հյուրը երախտագիտությամբ անդրադարձավ նաեւ Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությանը, որպես հայ ժողովրդի հավատքի կենդանի վկայություն»։

  • Մայր Աթոռում բացվել է թանգարանային արժեքների վերականգնման արհեստանոցը

    Երեւան: Մեդիամաքս: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվել է թանգարանային արժեքների վերականգնման եւ կոնսերվացման արհեստանոցը։

    «Ալեք եւ Մարի Մանուկյան» գանձատան հարկաբաժնում Ամենայն Հայոց Հայրապետի նախաձեռնությամբ հիմնված արհեստանոցը համալրվել է անհրաժեշտ սարքավորումներով Ճապոնիայի կառավարության մշակութային դրամաշնորհային ծրագրի շրջանակում, Հայաստանում Ճապոնիայի դեսպանության եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ։

     

    Արհեստանոցի գործունեությունը հնարավորություն կտա ընդլայնել Մայր Աթոռի թանգարանային հավաքածուների ցուցադրությունը՝ պահոցներում գտնվող հոգեւոր եւ մշակութային արժեքները պատշաճ կերպով ներկայացնելով հանրությանը։

     

    Բացման արարողությանը ներկա էին Հայաստանում Ճապոնիայի փոխդեսպան Անազավա Յոկոն, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ եւ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը, հայաստանյանյան թանգարանների ներկայացուցիչներ, վերականգնման մասնագետներ։

  • Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով ժամանել է Իրան

    Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով ժամանել է Իրան։

    Այսօր նա հանդիպումներ կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի եւ իրանցի ղեկավար բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնում են ԱԳՄԱ նախարարությունից:

     

    Այցի օրակարգում են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային թեմաները:

  • «Սպասում եմ՝ մի քիչ էլ մեծանա, որ պատմեմ, թե ինչպիսին էր Անդրեյը»

    2020 թվականի պատերազմը վավերագրած Դավիթ Ղահրամանյանի լուսանկարներից շատերը դարձել են խորհրդանիշներ՝ հույսի, պայքարի, ցավի: Դրանք լայն տարածում են ստացել ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: 

     

    «Երկու ռուս լրագրողի հետ էի։ Քարին Տակում էինք, պատահական հանդիպեցինք Անդրեյին։ Ինքն ՈՒԱԶ-ի ղեկին էր, ես էլ կողքն էի նստել, մի քանի բան հարցրեցի, խոսեցինք։ 

    Անդրեյ Մելքումյանը Անդրեյ Մելքումյանը

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

    Շատ ուշադիր էր, իսկական հրամանատարի պես բոլորին աչքի տակ էր պահում։ Շատ քիչ սնունդ ունեին, բայց մեզ կանչեց, ստիպեց, որ իրենց հետ նստենք հաց ուտելու։

     

    Ընդամենը մի քանի լուսանկար հասցրեցի անել՝ հաջորդ օրը բաժանվեցինք։ 

     

    Հետո զանգեցի մի քանի անգամ՝ անհասանելի էր։ Անհանգստացա, բայց հույս ունեի, որ հեռախոսը լիցքավորում չունի։ Մի քանի օրից իմացա, որ Անդրեյը զոհվել է», – պատմում է Դավիթ Ղահրամանյանը: 

    Անդրեյ Մելքումյանը Անդրեյ Մելքումյանը

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

    Փոքրիկ Անդրեյը խաղում է հյուրասենյակում: 

     

    «Հիմա սկսել է շատ հարցեր տալ՝ որտե՞ղ է հայրը, ինչու մյուս երեխաների նման չի կարող տեսնել կամ գրկել նրան։ Մեր ընտանեկան լուսանկարներն է նայում ու հարցնում, թե ինչու հոր հետ նկարներ չունի», – ասում է Արմինեն՝ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի հատուկ նշանակության վաշտի 2-րդ խմբի 1-ին ջոկի հրամանատար, ավագ սերժանտ, հետախույզ Անդրեյ Մելքումյանի կինը։ 

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

    Արմինեն ու Անդրեյը մանկության ընկերներ էին։ Դպրոցական էին, երբ Անդրեյը խոստովանել էր, որ զգացմունքներ ունի իր նկատմամբ. 

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

    «Ընկերություն անելու ընթացքում բացահայտեցի, թե որքան հոգատար ու ընտանիքի մարդ է Անդրեյը։ Համալսարանն ավարտելուց հետո ամուսնացանք: Երկու տարի անց՝ 2017-ին, ծնվեց մեր առաջնեկը՝ Գաբրիելան։ Ապրում էինք Շուշիում, վայելում էինք մեր ընտանիքը», – հիշում է Արմինեն։ 

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

    44-օրյա պատերազմի սկիզբը Արմինեն լավ է հիշում։ Երկար դադարներով է պատմում. 

     

    «Առավոտյան 7-ից նկուղում էինք, աղջիկս նախորդ գիշերվանից ջերմում էր։ Շուրջբոլորը խուճապ էր, չէի կարողանում կապվել Անդրեյի հետ։ Նա հետախույզ էր, Հայկազով էր տեղափոխվել ու պատերազմը սկսվելուց օրեր առաջ արդեն դիրքերում էր։ 

     

    Սկզբից էլ քիչ էր զանգում։ Ես սովոր էի։ Երբ խոսում էինք, հարցնում էր երեխայի մասին, պնդում էր, որ Երեւան գնանք։ Չէր պատմում, թե վիճակն ինչպես է այնտեղ»։ 

     

    Արմինեն աղջկա հետ Երեւանի հիվանդանոցներից մեկում էր, երբ իմացավ, որ երկրորդ զավակին է սպասում։ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին է լուրը Անդրեյին հայտնել. 

    Անդրեյ Մելքումյանը Անդրեյ Մելքումյանը

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

    «Հիշում եմ իր լռությունը։ Մենք չէինք պլանավորում երեխա ունենալ, անակնկալ էր։ Ասում էր՝ ինչո՞ւ հենց հիմա, երբ ձեր կողքին չեմ ու պատերազմ է։ Հետո էլ հանգստացնում էր, որ ամեն բան շուտով ավարտվելու է։ Ասում էր, որ տղա ենք ունենալու, անունն էլ Անդրեյ են դնելու»։ 

     

    Արմինեն ամուսնու հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 4-ին. 

     

    «Մինչեւ նոյեմբերի 7-ը վատ բան չեմ զգացել: Բայց 7-ի առավոտյան արթնացա ու զգում է, որ ինչ-որ բան է պատահել։ Երեկոյան հարազատներս ասացին, որ Անդրեյը զոհվել է, հետո ոչինչ չեմ հիշում»։ 

     

    Անդրեյի հիշատակի անկյունում մի քանի լուսանկար կա ու մի քանի իր, որ հասցրել են բերել իրենց հետ։ Հիշատակի անկյան կողքին փոքրիկ Անդրեյի մկրտության լուսանկարներն են, որոնք Դավիթ Ղահրամանյանն է արել:

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

    «Երբ ծանոթացա Արմինեի հետ եւ իմացա, որ զավակ է սպասում, որոշեցի լուսանկարել այդ երեխայի բոլոր կարեւոր իրադարձությունները», – ասում է Դավիթ Ղահրամանյանը: 

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

    Անդրեյի մարմինը ճանաչել է հայրը՝ նոյեմբերի 14-ին։ Նոյեմբերի 18-ին Անդրեյին հուղարկավորել են Եռաբլուրում: 

     

    «Երբ պետք է առաջին անգամ Եռաբլուր գնայինք, աղջիկս ասաց, որ գիտի, թե սա ինչ տեղ է ու խնդրեց տանել հայրիկի գերեզմանի մոտ։ Տղաս դեռ չի հասկանում», – ասում է Արմինեն:

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

    Պատերազմից հետո Արմինեն վերադարձել է Արցախ, բնակվել է Ստեփանակերտում։ 

     

    Հղիության վերջին ամիսներին է իմացել, որ տղա է ունենալու. 

     

    «Վերջին անգամ, երբ գնացի հետազոտության, բժիշկն ասաց, որ առողջ տղա է ծնվելու, չէի հավատում։ Հենց իր սենյակում էլ սկսեցի լաց լինել։ Որոշեցի տղայիս հոր անունով կոչել։ Անդրեյին էլ իր հոր անունով են կոչել: Առաջին պատերազմի ժամանակ կարծել են, թե զոհվել է հայրը, բայց վերադարձել է գերությունից»։ 

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

    Ընտանիքը Արցախից Հայաստան է եկել 2023 թվականի օգոստոսի 24-ին: 

     

    «Վերջին պատերազմից հետո, երբ պետք է տնից բացակայեինք, ինձ հետ միշտ մի քանի լուսանկար ու փաստաթղթեր էի վերցնում։ Ինչ-որ բան էի զգում։ Վերջին անգամ Երեւան եկանք աղջկաս առողջական խնդիրների պատճառով ու էլ չկարողացանք վերադառնալ։ 

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

    Տղաս հիմա շատ է հորը նմանվել։ Սպասում եմ՝ մի քիչ էլ մեծանա, որ պատմեմ, թե ինչպիսին էր Անդրեյը»։ 

     

    Շուշան Փափազյան

     

    Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

     

     

  • «Ակտուալ ռեստարտ». դիմել հանրությանը եւ աջակցություն ակնկալել

    «Ակտուալ արվեստ» մշակութային ՀԿ-ն սկսել է «Ակտուալ ռեստարտ» նախագիծը՝ հրատարակչական գործունեության շարունակականությունն ապահովելու, նոր եւ արդեն հրատարակված, բայց սպառված գրքերը ընթերցողին կրկին հասանելի դարձնելու նպատակով։ 

     

    Նախագծի իրականացման համար դրամահավաք է մեկնարկել «ռեԱրմենիա» հարթակում։

     

    Զրուցել ենք «Ակտուալ արվեստի» հիմնադիր Մկրտիչ Մաթեւոսյանի եւ թարգմանիչ Սամվել Թավադյանի հետ։

     

    Հրատարակել այն, ինչ պակասում է

     

    Մկրտիչ Մաթեւոսյան. Վերջին շրջանում «Ակտուալը արվեստն» ամեն տարի 20 անուն գիրք է հրատարակել, ինչը, լավ իմաստով, աննորմալ ցուցանիշ է։ Բայց մեր ծրագրերն ու ցանկություններն այս հնարավորություններից շատ ավելի մեծ են։ Կան բազմաթիվ գրքեր, որոնք չենք կարողանում հրատարակել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։ Այդ պատճառով էլ նախաձեռնեցինք «Ակտուալ ռեստարտը»՝ որոշակի ֆինանսական ռեսուրս ապահովելու եւ ավելի արդյունավետ աշխատելու համար։

    Մկրտիչ Մաթեւոսյանը Մկրտիչ Մաթեւոսյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Ակտուալ ռեստարտի» շրջանակում նախատեսում ենք հրատարակել նոր գրքեր եւ վերահրատարակել այն գործերը, որոնք այսօր էլ արդիական են եւ շարունակում են հետաքրքրել ժամանակակից ընթերցողին։ Այդ ցանկում կան նաեւ հեղինակներ, որոնք Հայաստանում դեռեւս լայնորեն ճանաչված չեն, բայց մեզ համար կարեւոր են։

    Մկրտիչ Մաթեւոսյանը Մկրտիչ Մաթեւոսյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Ակտուալ արվեստը» դասական իմաստով հրատարակչություն չէ, ինչը միաժամանակ ե՛ւ լավ է, ե՛ւ վատ։ Մեր հիմնական նպատակը գիրք վաճառելը չէ։ Չեմ ուզում վերամբարձ բառեր օգտագործել, բայց մեր գործունեության մեջ իսկապես ինչ-որ առաքելություն կա։ Եթե մենք այս հեղինակների գրքերը չթարգմանենք եւ չհրատարակենք, շատ դեպքերում դա պարզապես ոչ ոք չի անի։

    Մկրտիչ Մաթեւոսյանը եւ Սամվել Թավադյանը Մկրտիչ Մաթեւոսյանը եւ Սամվել Թավադյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Մեր ընկերները երբեմն կատակում են՝ ասելով, թե կարծես փնտրում եք այն գրքերը, որոնք չեն վաճառվելու, ու հենց դրանք եք հրատարակում։ Իրականում, իհարկե, այդպես չէ։ 

     

    Ինչպես են ընտրվել գրքերը

     

    Սամվել Թավադյան. Այս նախաձեռնության հիմքում նաեւ նախորդ հաջողված փորձն է։ Մինչեւ «Ակտուալ ռեստարտը» ռեԱրմենիա հարթակի միջոցով իրականացրել էինք «Բորխեսն ակտուալ է» նախագիծը, որը հաջողությամբ ավարտվեց։ Այդ փորձից հետո որոշեցինք, որ այս անգամ եւս կարող ենք դիմել հանրությանը եւ ակնկալել նրա աջակցությունը։

    «Ակտուալ ռեստարտի» համար ընտրել ենք հիմնականում 20-րդ դարի ֆրանսիացի հեղինակների։ Դրանց թվում են արդեն հրատարակված, բայց սպառված գրքեր, որոնք ցանկանում ենք վերահրատարակել, ինչպես նաեւ այն գործերը, որոնք թարգմանվել են, սակայն մինչ այժմ չեն հրատարակվել։ 

    Սամվել Թավադյանը Սամվել Թավադյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Դրանցից է Ժան-Լուի Ֆուրնիեի «Ո՞ւր ենք գնում, հայրիկ» ինքնակենսագրական վեպը։ Այն հոր հուզիչ ու անկեղծ խոստովանությունն է՝ ուղղված իր երկու հաշմանդամ որդիներին: Գիրքը պատմում է ցավի, հայրական մեղքի զգացման ու անսահման սիրո մասին։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Ակտուալը» սկզբունքային մոտեցում ունեցող հրատարակչություն է։ Եթե ուսումնասիրեք մեր հրատարակած գրքերը, կտեսնեք, որ այսպես կոչված մոտիվացնող գրքեր եւ բեսթելերներ չենք հրատարակում։ 

     

    Յուրաքանչյուր գրքի համար փորձում ենք առանձին ֆինանսավորում գտնել, սակայն մեր հիմնական աջակիցը հենց թիմն է։ Թիմի անդամներից ոչ ոք շահույթ չի ստանում. ինչ գումար էլ ստացվում է գրքերի վաճառքից, այն ուղղվում է հաջորդ նախագծերի իրականացմանը։

     

    Գրքերի մի մասն էլ երկլեզու է, այսինքն՝ բացի գեղարվեստական արժեքից, ունի նաեւ կրթական նշանակություն։ Օրինակ՝ Ռիլկեի գիրքը հայերեն-գերմաներեն է, իսկ ֆրանսիական շարքում Բեքեթի գիրքը՝ հայերեն-ֆրանսերեն։ 

    Մկրտիչ Մաթեւոսյանը եւ Սամվել Թավադյանը Մկրտիչ Մաթեւոսյանը եւ Սամվել Թավադյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Զուգահեռ տեքստը օգտակար է նաեւ ապագա թարգմանիչների համար, քանի որ հնարավորություն է տալիս համեմատել բնագիրն ու հայերեն թարգմանությունը։

     

    «Ակտուալ արվեստը», ամսագիրը եւ աշխատանքը

     

    Մկրտիչ Մաթեւոսյան. Հիմա, երբ հետադարձ հայացքով եմ նայում, մտածում եմ՝ ինչպե՞ս ստացվեց, որ արդեն 350 գիրք ենք հրատարակել։ 1995 թվականին, երբ սկսեցինք, մշակութային դաշտը բավական մասնատված էր։ Լավ մարդիկ շատ կային, բայց ընդհանուր մշակութային միջավայր ու հարթակ չկար։

     

    «Ակտուալ արվեստ» ամսագրի գաղափարը հենց այդտեղից ծնվեց, թեեւ իրականացվեց տարիներ անց միայն։ Մտածում էինք՝ պետք է լինի մշակութային, գեղարվեստական եւ գրական ամսագիր, որը կօգնի ընդհանուր միջավայր ստեղծել, հնարավորություն կտա երիտասարդներին դրսեւորվել, իսկ մարդկանց՝ շփվել ու մտքեր փոխանակել։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Ամսագրի դեպքում ինձ համար ամենակարեւոր բաներից մեկը շարունակականությունն է։ Տարիների ընթացքում այն ընդմիջումներով ենք հրատարակել, բայց կարողացել ենք պահպանել։ Հայաստանում շատ քիչ են այն օրինակները, երբ մշակութային նախաձեռնությունը երկար տարիներ շարունակվում է՝ առանց իր հիմնական ուղղությունից շեղվելու։

     

    Ճիշտ է, ամսագիրը մեծ տարածում չունի, որովհետեւ ընթերցողների շրջանակը բավական նեղ է, բայց մի անգամ մի երիտասարդ ասաց՝ «Ես մեծացել եմ ձեր ամսագիրը կարդալով»։ Այնքան հուզիչ էր, որ մտածեցի՝ եթե անգամ մեկ մարդու համար այն նշանակություն ունի, ուրեմն արժե շարունակել։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Գիտեմ նաեւ, որ մեր ամսագրի նյութերն օգտագործում են դասերի ժամանակ։ Ամսագիրը ակադեմիական չէ, այն բավական ազատ ձեւաչափ ունի։

     

    Ամսագիրը գլխավոր խմբագիր չունի։ Կատակով ասում ենք՝ «բոլորս գլխավոր խմբագիր ենք»։ Որոշումները կայացնում ենք միասին, եւ յուրաքանչյուրն ունի վետոյի իրավունք։ Եթե խմբի անդամներից մեկը դեմ է, որ որեւէ նյութ հրապարակվի կամ որեւէ թեմայի անդրադառնանք, պարզապես չենք անում դա։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Մեր հիմնական եւ մարգինալ էջերի համադրությունը ամսագրի առանձնահատկություններից մեկն է։ Ընթերցողը կարող է հանդիպել հակասական կամ իրարից տարբեր տեսակետների։ Մենք չենք ուզում ասել, որ մեր տեսակետը վերջնական ճշմարտությունն է։ Կարող են լինել տարբեր ճշմարտություններ, եւ ընթերցողն ինքն է ընտրում։

    Մկրտիչ Մաթեւոսյանը եւ Սամվել Թավադյանը Մկրտիչ Մաթեւոսյանը եւ Սամվել Թավադյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Ի վերջո, այստեղ հավաքվում են մարդիկ, որոնք իսկապես հետաքրքրված են այս աշխատանքով եւ ուզում են, որ այն շարունակվի։

     

    Սամվել Թավադյան. Մի խոսքով՝ այստեղ ռոմանտիկ մարդիկ են հավաքված (ծիծաղում է-հեղ.)։

     

    Արփի Ջիլավյան

     

    Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

     

     

     

  • Ինչպես ծնվեց «Բաղրամյանով վերեւ–ներքեւ» գիրքը

    2026թ. սեպտեմբերի սկզբին լույս տեսավ Բաղրամյանով վերեւ-ներքեւ (գիրք–խճանկար Երեւանի, կյանքի ու ժամանակի մասին) գիրքս, որը, թվում էր, երբեք ավարտին չեմ հասցնի:

    Ամեն ինչ սկսվեց նրանից, որ տարիներ առաջ որոշեցի սյունակ գրել Բաղրամյան պողոտայի մասին, որտեղ ապրում եմ ամբողջ կյանքս: Ավելի ճիշտ՝ ոչ թե բուն պողոտայի, այլ այն շենքերի եւ վայրերի մասին, որոնց հետ կապված տարբեր հիշողություններ ունեմ: Դրանք, սակայն, թեեւ սկսվում են Բաղրամյանից, հաճախ դուրս են գալիս Երեւանի եւ Հայաստանի սահմաններից: 

    Երբ «հերոսների» ցանկն էի  կազմում, հասկացա, որ մի սյունակում հնարավոր չէ «նրանց» տեղավորել. պետք է շարք դառնա: Այդպես էլ տուժելու էր շարադրանքի ամբողջականությունը: Ի վերջո, ինքս ինձ ասացի՝ սա գիրք է լինելու, անունն էլ՝ «Բաղրամյանով վերեւ–ներքեւ»։


    Գծանկարի հեղինակ՝ Արարատ Մինասյան

    Երբ կազմում էի այս գրքի գլուխների նախնական ցանկը եւ գրեցի «Ակադեմիա», թվում էր՝ շենքի հետ կապված առանձնապես հուշեր եւ զուգորդումներ չունեմ։ Իսկ հետո հասկացա, որ եթե 1994 թվականիի նոյեմբերին այս շենք չգայի, հետագա լրագրողական կարիերաս եւ կյանքս լրիվ այլ ընթացք կունենային։ Թերեւս հենց Ակադեմիան է ամենակարեւոր կետն ինձ համար Բաղրամյան փողոցում՝ չհաշված «Կլորի հայաթը», որտեղ ծնվել եւ մեծացել եմ: 

    2021 թվականի մայիսին որոշել էի գիրքը սկսել գրել հունիսին ու այդ ամռանն էլ ավարտել: Երեւանը ամառային քաղաք է, ու կարծում էի, որ ամառային քաղաքի մասին պետք է ամռանը գրել։ Բայց հիմա ամառները, ցավոք, արագ են անցնում, աննկատ, ոչ մեր մանկության ամառների պես, որ ասես մի ողջ կյանք ձգվեին։ 

    Գիրքը սկսելու հաջորդ փորձը 2021 թվականի սեպտեմբերի կեսերին  էր: Բաղրամյան պողոտայի գետնին հայտնվում էին կաղինները, որոնցով սիրում եմ առավոտյան քայլելիս «ֆուտբոլ խաղալ»։ Ժամանակը գնում էր, կաղինները խրթխրթում էին ոտքերիս տակ, սակայն գիրքը համառորեն ընդդիմանում էր: 

    Ինչեւէ, ամեն բան ունի իր ժամանակը. Այս տարվա ապրիլի 24-ից մայիսի 9-ը ընկած ժամանակահատվածում ի վերջո  ծնվեց «Բաղրամյանով վերեւ–ներքեւ»–ը: Յուրաքանչյուր մայիսին վաղ առավոտյան Բաղրամյանով «իջնելիս», խխունջներ եմ տեսնում. գուցե այս անգամ նրանք օգնեցին գործն ավարտին հասցնել:


    Գծանկարի հեղինակ՝ Արարատ Մինասյան

    Մի անգամ իմ ընկեր Արամ Մեհրաբյանին բողոքում էի, որ գրքերը շատ ավելի դանդաղ են գրվում, քան ցանկանում եմ: «Ժամանակը, երբ գիրքը «եփվում» է գլխում, եւս ստեղծագործական ընթացք է՝ անտեսանելի արտաքին աշխարհի ու երբեմն նաեւ հեղինակի համար», – ասաց Արամը: 

    Գրքում կհանդիպեք ոչ միայն ձեզ հայտնի տեղանքների եւ  շենքերի, այլեւ մարդկանց, որոնցից շատերին գուցե անձնապես գիտեք, շատերին ծանոթ եք հեռուստաէկրաններից, ոմանք էլ ձեզ հետ առաջին անգամ կխոսեն իմ հիշողությունների միջով։ 

    «Բաղրամյանով վերեւ-ներքեւ» գիրքը կարելի է ձեռք բերել «Բուկինիստ», «Զանգակ», «Էպիգրաֆ» ցանցերի գրախանութներում եւ Գրողների միության հարեւանությամբ (Բաղրամյան 3) գործող գրքերի կրպակում, ինչպես նաեւ առցանց՝ այս հղումով. https://premium.mediamax.am/am/books/baghramyan 

    Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

  • Ամրացնել առողջապահության ողնաշարը. Ընտանեկան բժշկության նոր մշակույթը «Ուիգմոր»-ում

    Հայաստանում առողջության պահպանման առաջնային օղակը, ցավոք, դեռեւս շարունակում է անվստահելի լինել շատերի համար: Հատկապես քաղաքային միջավայրում, որտեղ հիվանդանոցները եւ նեղ մասնագիտական ծառայությունները հասանելի են՝ մեծահասակները որեւէ գանգատի դեպքում հաճախ նախընտրում են շրջանցել այն՝ միանգամից դիմելով հիվանդանոցներում աշխատող նեղ մասնագետների: Մինչդեռ խնդիրների մեծ մասը կարող էր լուծվել առաջնային օղակում՝ընտանեկան բժշկի կողմից։ Արդյունավետ աշխատող ընտանեկան բժիշկը  կարող է  վաղ շրջանում ախտորոշել խնդիրը, կարիքի դեպքում՝ ներգրավել նեղ մասնագետներին, ապահովել բուժման շարունակականությունը։ 

     

    Առողջության  պահպանման առաջնային օղակի նպատակը ոչ միայն հիվանդությունների բուժումն է, այլեւ շատ խնդիրների դեպքում՝ դրանց  կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը։ Այս տրամաբանությամբ են աշխատում «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ները՝ փորձելով ուժեղացնել առաջնային օղակի դերը, վերադարձնել բուժառուների վստահությունն ու Հայաստանում ձեւավորել ընտանեկան բժշկության նոր մշակույթ։

     

    Մեդիամաքսի հետ զրույցում ընտանեկան բժիշկ, «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Էրեբունի մասնաճյուղի ղեկավար Սոնա Տերմենջյանը եւ «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի կրթական եւ սոցիալական ծրագրերի ղեկավար Կարինե Աբելյանը պատմել են այս բարդ, բայց կարեւոր ճանապարհի մասին: 

     

    «Առաջնային օղակն առողջապահական համակարգի հիմքն է»

     

    Կարինե Աբելյան, «Ուիգմոր գրուփ»-ի կրթական եւ սոցիալական ծրագրերի ղեկավար

     

    Ցանկացած երկրի առողջապահական համակարգ «եռահարկ» է՝ կազմված առողջության առաջնային պահպանման, երկրորդային եւ երրորդային օղակներից։ Եթե համակարգը կայացած է, բնակչության առողջական խնդիրների մոտ 90 տոկոսը լուծվում է հենց առաջնային օղակում։ Եթե առաջնային օղակի մասնագետները պատրաստված են, կան անհրաժեշտ լաբորատոր եւ գործիքային հետազոտությունները, իսկ պետությունը կանխարգելիչ եւ բուժական միջամտությունների համար բավարար ֆինանսավորում է տրամադրում, ապա այս օղակը  կարող է բավարարել բնակչության առողջապահական կարիքների մեծ մասը: 

    Կարինե Աբելյանը Կարինե Աբելյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Երկրորդ օղակը հիվանդանոցայինն է, որտեղ աշխատում են նեղ մասնագետները, իսկ երրորդ օղակ հասնում են միայն շատ բարդ, առանձնահատուկ մասնագիտական բուժում պահանջող դեպքերը: 

     

    Եթե եռահարկ այս «բուրգը» ճիշտ է կառուցված, առաջնային օղակը դառնում է շատ ամուր հիմք ողջ առողջապահական համակարգի համար: Այն իրավիճակում, երբ առաջնային օղակը պատրաստ չէ վերցնել աշխատանքի իր չափաբաժինը, հիվանդանոցային օղակը ստիպված իր վրա է վերցնում ծանրաբեռնվածության մեծ մասը․ մարդը ցանկացած խնդրով միանգամից դիմում է հիվանդանոց՝ նեղ մասնագետին։

     

    Երբ բուժառուն առաջնային օղակը շրջանցելով նեղ մասնագետին է դիմում՝ շատ դեպքերում չի ապահովվում նրա բուժման շարունակականությունն ու հետեւողականությունը։ Հիվանդանոցի բժիշկը պարտավորվածություն չունի հետեւելու ամբուլատոր դիմած բուժառուի հետագա վիճակին, եթե վերջինս նորից ինքնուրույն չորոշի այցելել նույն բժշկին։ Բուժառուն էլ հարցին տալիս է իրավիճակային լուծում՝ «կա գանգատ, գնում եմ մասնագետի մոտ, նա ինձ բուժում է նշանակում, վերջ»: 

     

    Յուրաքանչյուր բուժառու պետք է առաջնային օղակում իր հիմնական բժիշկն ունենա՝ մասնագետ, որը տեղյակ է նրա բոլոր առողջական խնդիրներից, համակարգում է նեղ մասնագիտական խորհրդատվություններն ու իրականացված հետազոտությունները եւ բուժառուի հետ միասին պլանավորում է հաջորդ քայլերը։ Ընտանեկան բժշկությունը հենց սրա մասին է․ մարդն ունի բժիշկ, որը կատարում է կանխարգելիչ աշխատանք, տրամադրում է խորհրդատվություն, կարիքի դեպքում ներգրավում նեղ մասնագետի, համադրում բուժառուի տարբեր խնդիրները եւ նրա առողջական խնդիրներին առավել համապարփակ մոտեցում է ցուցաբերում։ 

     

    «Առաջնային օղակի  ուժեղացումը ծախսարդյունավետ է»

     

    Կարինե Աբելյան 

     

    Առաջնային օղակի անարդյունավետ աշխատանքն առողջապահական ռիսկերից բացի նաեւ ֆինանսական խնդիրներ է առաջացնում: Հիվանդանոցային օղակի ծանրաբեռնվածությունը լուրջ ծախս է պետության կամ հենց բուժառուի համար՝ կախված նրանից, թե ով է վճարում։ 

    Կարինե Աբելյանը եւ Սոնա Տերմենջյանը Կարինե Աբելյանը եւ Սոնա Տերմենջյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Մյուս կողմից, կանխարգելիչ բժշկության զարգացումը տնտեսական լուրջ առավելություններ ունի։ Շատ ավելի արդյունավետ է վաղ հայտնաբերել զարկերակային գերճնշումը եւ, տարիներ շարունակ գրագետ վարելով, կանխել դրա հնարավոր բարդությունները, քան աշխատել զարկերակային գերճնշման բարդությունների բուժման ուղղությամբ՝ սրտի բարդագույն վիրահատություններ կատարել կամ ուղեղի կաթվածը բուժել։

     

    Գաղտնիք չէ, որ այսօր բուժառուների շրջանում կա որոշակի անվստահություն առաջնային օղակի հանդեպ եւ այդ վստահությունը շահելու համար հսկայական ջանքեր են պահանջվելու։ Վստահելի, արդյունավետ գործող, որակյալ ծառայություններ մատուցող  առաջնային օղակի կառույցներ ունենալու նպատակով ստեղծվեցին «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոնները»: 

    «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի մասնաճյուղերը «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի մասնաճյուղերը

    Լուսանկարը` «Ուիգմոր»

    Շարունակաբար բարելավելով ծառայությունները՝ մեր նպատակն է ստեղծել այնպիսի բուժհաստատություններ, որոնք կնպաստեն կանխարգելիչ բժշկության մշակույթի տարածմանը, կիրականացնեն որակյալ եւ ապացուցահեն բժշկություն ու կօգնեն վերարժեվորել առաջնային օղակի դերը։ 

     

    «Ընտանեկան բժիշկն աշխատում է տարիքային բոլոր խմբերի հետ՝  նորածնից մինչեւ տարեց»

     

    Սոնա Տերմենջյան, ընտանեկան բժիշկ, «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Էրեբունի մասնաճյուղի ղեկավար

     

    Ընտանեկան բժիշկն ամբուլատոր օղակի այն մասնագետն է, որը բժշկական ծառայություններ է մատուցում ընտանիքի բոլոր անդամներին՝ անկախ տարիքից եւ սեռից։ Ընտանեկան բժշկի գործառույթներն ու աշխատանքի ծավալը բավականին լայն են։ Ինչպես նշեց գործընկերս, այս մասնագետը տեղյակ է ընտանիքի բոլոր անդամների առողջության պատմությանը, ժառանգականությանը։ Գիտի՝ ինչ խնդիրներ կարող են առաջանալ եւ առավել ուշադրություն է դարձնում այդ ուղղություններին: 

    Սոնա Տերմենջյանը Սոնա Տերմենջյանը

     

    Կարեւոր է նաեւ, որ ընտանեկան բժիշկը ծանոթ է ընտանիքում եղած մթնոլորտին, մշակույթին, սովորություններին։ Եթե խոսքն, օրինակ, վնասակար սովորությունների մասին է, գիտի՝ ինչ ռիսկեր կան եւ ինչ կարելի է սպասել։ Այս մասնագետը կարող է նաեւ զրույցների միջոցով ազդել մթնոլորտի, սովորությունների առողջացման վրա՝ խորհուրդ տալով զերծ մնալ վնասակար սովորություններից եւ վարել առողջ ապրելակերպ։ Սա հոգեբանական կարեւոր կետ է, քանի որ ընտանիքի ներքին մթնոլորտն ուղիղ կապ ունի առողջության հետ։

     

    Ստացվում է՝ ընտանեկան բժիշկն աշխատում է տարիքային բոլոր խմբերի հետ՝  նորածնից մինչեւ տարեցներ, զբաղվում է բոլոր հիվանդություններով, որոնք դեռեւս ոչ բարդ փուլում են եւ, ինչն ամենակարեւորն է, փորձում է կանխարգելել դրանց առաջացումը: Կանխարգելումը ներառում է ինչպես անհրաժեշտ սքրինինգների եւ պատվաստումների իրականացումը, այնպես էլ՝ կրթական եւ լուսավորչական աշխատանքը: 

     

    «Համակարգը չի նպաստել առաջնային օղակի բժիշկի կարողությունների զարգացմանը»

     

    Կարինե Աբելյան

     

    Տարիներ շարունակ պոլիկլինիկաների թերապեւտներն ու ընտանեկան բժիշկները հաճախ ընկալվել են որպես նեղ մասնագետների այցերի կամ լրացուցիչ հետազոտությունների նպատակով բուժառուներին ուղղորդող մասնագետներ։ Կա գլխացավի խնդիր, ուղղորդում էին նյարդաբանի մոտ, զարկերակային բարձր ճնշում՝ սրտաբանի եւ այդպես շարունակ: 

     

    Համակարգը չի խրախուսել առաջնային օղակի բժշկին աշխատել իր վրա, վերապատրաստումներ անցնել եւ նույն գլխացավի կամ զարկերակային ճնշման խնդիրն ինքնուրույն վարել եւ միայն անհրաժեշտության դեպքում ուղղորդել նեղ մասնագիտական խորհրդատվության։ Արդյունքում, մասնագետը, որն ունի շատ լուրջ գործառույթներ, սահմանափակել է իր իսկ հնարավորությունները, քանի որ նրանից այս հարցերի լուծումը չի ակնկալվել։ 

    «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն», Նոր Նորք մասնաճյուղ «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն», Նոր Նորք մասնաճյուղ

    Լուսանկարը` «Ուիգմոր»

    Իհարկե, այլ գործոններ եւս կան։ Օրինակ, երբեմն պարզագույն հետազոտությունների հնարավորությունը եղել են միայն հիվանդանոցներում եւ կարիքի դեպքում առաջնային օղակի բժիշկը բուժառուին հիվանդանոց է ուղեգրել։ 

     

    Անշուշտ, չեն եղել առաջնային օղակի բժշկի համար ֆինանսական խրախուսման մեխանիզմներ, որ նրան կմոտիվացնեին կանխարգելիչ հետազոտություններ իրականացնել կամ վարել առավել հաճախ հանդիպող քրոնիկ խնդիրները՝ զարկերակային  գերճնշումը, երկրորդ տիպի շաքարային դիաբետը։

     

    Արդյունքում ստացել ենք փակ շղթա, որը կոտրելու, հաղթահարելու ուղղությամբ էլ հիմա աշխատում ենք:   

     

    Ձեւավորել թիմ, որի կենտրոնում բուժառուն է

     

    Սոնա Տերմենջյան 

     

    «Փակ շղթան» հաղթահարելու համար «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն-ներում» առաջին հերթին աշխատում ենք կրթական բաղադրիչի, նոր հմտությունների ձեռքբերման ուղղությամբ։ Բուժանձնակազմի համար մշտապես իրականացնում ենք դասընթացներ՝ լավագույն մասնագետների ներգրավմամբ: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Արդեն մի քանի տարի համագործակցում ենք Կանադայի, իսկ առաջիկայում նաեւ Շվեդիայի ընտանեկան բժիշկների հետ, որոնք կիսվում են իրենց փորձով: Երկրների ընտրությունը պատահական չէ, քանի որ այնտեղ ընտանեկան բժշկությունն առավելագույնս կայացած է: 

     

    Բացի այդ, իհարկե, պետք է ձեւավորել հստակ գործող համակարգ: Մեր կենտրոններում քիչ-քիչ շարժվելու ենք այն տրամաբանությամբ, ըստ որի՝ ամբուլատոր օղակը համալրված կլինի միայն ընտանեկան բժիշկներով, իսկ նեղ մասնագետները կգործեն հիվանդանոցներում։ Մինչ այդ, ինչպես նշեցի, պետք է ունենանք բազմակողմանի գիտելիքով զինված ընտանեկան բժիշկներ: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Ընդ որում, չափազանց կարեւոր է նաեւ բժիշկ-բուժառու փոխհարաբերությունների մշակույթի փոփոխությունը՝ վարվելակերպը, հոգատարությունը: Բժիշկները պետք է աշխատեն որպես միմյանց հետ գործակցող թիմ, որի կենտրոնում բուժառուն է: Շատ կարեւոր է, որ սովորենք իրարից՝ ընտանեկան բժիշկները նեղ մասնագետներից եւ հակառակը։

     

    Կարինե Աբելյան

     

    Բժիշկ-բուժքույր գործառույթների բաշխումը եւս շտկման կարիք ունի։  Օրինակ, բուժքույրերը կարող են իրականացնել բուժառուների կրթումը, եւ բժիշկները ավելի շատ ժամանակ կունենան խնդրի ախտորոշման եւ բուժման վրա կենտրոնանալու համար։ Մյուս կողմից, բուժքույրերն իրենց մասնագիտական հմտությունները զարգացնելու հնարավորություն կստանան: 

    «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն», Էրեբունի մասնաճյուղ «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն», Էրեբունի մասնաճյուղ

    Լուսանկարը` «Ուիգմոր»

    Բուժքույրերի ներգրավվածությունն ավելացնելու նպատակով «Ուիգմոր ընտանիքի  առողջության կենտրոն»-ներում մշտապես աշխատում ենք նրանց կարողությունների հզորացման ուղղությամբ: 

     

    Այսօր մեր բուժքույրերը խորհրդատվություն են տրամադրում տարիքային կանխարգելիչ հետազոտությունների վերաբերյալ եւ իրենք են իրականացնում այդ հետազոտությունների մի մասը՝ անթրոպոմետրիկ չափումներ են կատարում եւ գնահատում արդյունքները, զարկերակային ճնշման սքրինինգ են իրականացնում եւ գերճնշման հայտնաբերման դեպքում՝ տեղեկացնում բժշկին, որն  էլ արդեն համապատասխան խորհրդատվություն է տրամադրում։   

     

    «Պարբերաբար կանխարգելիչ ստուգումների դեպքում, գանգատին կարող է «հերթ չհասնել»»

     

    Սոնա Տերմենջյան 

     

    Ցավոք, կանխարգելիչ մոտեցումը Հայաստանում դեռեւս ձեւավորման փուլում է եւ մարդիկ շարունակում են ամբուլատոր բուժհաստատություն գալ միայն հստակ գանգատի առկայության դեպքում: Իհարկե, այս տարվանից գործող համընդհանուր բժշկական ապահովագրությունը դրական է ազդել իրավիճակի վրա, եւ կանխարգելիչ նպատակով հետազոտվող մարդկանց հոսքը միանշանակ ավելացել է: 

    «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն», Կենտրոն մասնաճյուղ «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն», Կենտրոն մասնաճյուղ

    Լուսանկարը` «Ուիգմոր»

    Այնուամենայնիվ, կան նաեւ տեղեկատվական բացեր: Մարդկանց շարունակում է թվալ, որ բոլոր կանխարգելիչ ստուգումները, առավել եւս՝ պատվաստումները, միայն երեխաների համար են: Իրականում դրանք առկա են ամեն տարիքում եւ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար։ 

     

    Չափազանց կարեւոր է ոչ միայն իրականացնել այդ սքրինինգները, այլեւ՝ դրանց մասին տեղեկացնել հանրությանը, բարձրացնել իրազեկվածությունը, մարդուն «բերել» բուժհաստատություն։ Պետք է բուժառուի մոտ ձեւավորել վստահություն, որ առողջական խնդիրների կանխարգելումը միակ ճիշտ մոտեցումն է: Այդ դեպքում առողջական գանգատին, գուցե, նույնիսկ «հերթ չհասնի»: 

    Կարինե Աբելյանը եւ Սոնա Տերմենջյանը Կարինե Աբելյանը եւ Սոնա Տերմենջյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Համընդհանուր ապահովագրության շրջանակում առկա սքրինինգային փաթեթից բացի, «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ներում առաջարկում ենք նաեւ մեր կողմից մշակված սքրինինգային ծրագրերը։ Այսինքն բուժառուները կարող են լիովին անվճար կատարել մի շարք հետազոտություններ՝ այդպիսով կանխարգելելով հիվանդության առաջացումը կամ առնվազն՝ դրա հայտնաբերումը բարդացած փուլում: 

     

    Կանխարգելիչ միջոցառումների թե՛ պետության, թե՛ մեր կողմից մշակված փաթեթները բավականին ընդգրկուն են՝ ներառելով ամենապարզ գործառույթներից մինչեւ տարբեր հետազոտություններ։ Դրանք հասանելի են «Ուիգմոր» պոլիկլինիկաներում կցագրված բոլոր բուժառուներին՝ անկախ համընդհանուր առողջության ապահովագրության համակարգում նրանց ընդգրկված լինելու կարգավիճակից։ 18 տարեկանից սկսած մեր կենտրոններում տրամադրում ենք խորհրդատվություն առողջ ապրելակերպի վերաբերյալ, չափում զարկերակային ճնշումը, որոշում քաշը, հասակը եւ այլն։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Աշխատում ենք նաեւ ուռուցքային հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ: Կանանց դեպքում իրականացվում է մամոգրաֆիկ հետազոտություն, որը հասանելի է 40 տարեկանից բարձր բուժառուներին: Արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման նպատակով 30-60 տարեկան կանանց համար իրականացնում ենք պապիլոմավիրուսի թեստավորում (HPV): 50-70 տարեկանից սկսած՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ հաստ աղու քաղցկեղի կանխարգելման եւ վաղ հայտնաբերման նպատակով կատարում ենք կղանքի իմունոքիմիական հետազոտություն։ Տղամարդկանց դեպքում շեշտադրում ենք նաեւ որովայնային աորտայի անեւրիզմայի հայտնաբերման հետազոտությունը՝ Ուիգմորում կցագրված բոլոր 65-75 տարեկան արական սեռի բուժառուներին։

     

    Կրկին որպես հավելյալ սքրինինգ իրականացնում ենք նաեւ հետազոտություններ թոքերի քաղցկեղի վաղ հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով։ Այս հետազոտության թիրախային խմբերը 15 եւ ավելի տարի ծխողներն են, ընտանիքում թոքերի քաղցկեղ ունեցողները, քիմիական արտադրական նյութերի հետ աշխատողները, թոքերի քրոնիկ հիվանդություն ունեցողները․ նրանց պարտադիր հրավիրում ենք տարին մեկ անգամ կատարելու ցածր ինտենսիվությամբ թոքերի համակարգչային շերտագրում: 

    «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն», Էրեբունի մասնաճյուղ «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն», Էրեբունի մասնաճյուղ

    Լուսանկարը` «Ուիգմոր»

    Ինչ վերաբերում է պատվաստումներին, այստեղ եւս կան հստակ ցուցումներ։ Օրինակ՝ 26 տարեկանից սկսած՝ 10 տարին մեկ պարբերականությամբ, կատարվում է դիֆթերիայի եւ փայտացման դեմ պատվաստումը: Կարեւոր է նաեւ գրիպի դեմ սեզոնային պատվաստումը, քանի որ հանրության մեջ շատ թեթեւ ընկալվող այս հիվանդությունն իրականում բավականին լուրջ վիրուս է: Կատարում ենք նաեւ պապիլոմավիրուսի դեմ պատվաստում, որը բացի ազգային օրացույցով 13 տարեկան աղջիկների համար նախատեսված խմբից, պետությունն առաջարկում է 15-45 տարեկան կանանց եւ տղամարդկանց: Կանանց դեպքում դրա նպատակը արգանդի պարանոցի քաղցկեղի եւ մի քանի այլ քաղցկեղների կանխարգելումն է։

     

    «Ընտանեկան բժշկության կայացումը բարդ, բայց շնորհակալ գործ է, քանի որ արդյունքն առողջ հասարակությունն է»

     

    Կարինե Աբելյան 

     

    Միանշանակ է, որ առողջության առաջնային պահպանման օղակը ողջ առողջապահական համակարգի ողնաշարն է։ 

    «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի մասնաճյուղերը «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի մասնաճյուղերը

    Լուսանկարը` «Ուիգմոր»

    Այս օղակի կայացումը չափազանց կարեւոր է թե՛ յուրաքանչյուր մարդու առողջության պահպանման, թե՛ մեր բնակչության կյանքի միջին տեւողությունը երկարացնելու, թե՛ կյանքի  որակը բարելավելու եւ թե՛ պետության ռեսուրսների արդյունավետ ծախսման տեսանկյունից։

     

    Շեշտը կանխարգելիչ բժշկության վրա դնելով՝  կկարողանանք կանխել սրտանոթային հիվանդություններից եւ որոշ քաղցկեղներից առաջացած վաղաժամ մահերը։ 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Առողջ ապրելակերպի ապացուցահեն մոտեցումների քարոզչությունը կարող է փոխել մեր հանրության վերաբերմունքն իր առողջության հանդեպ, երբ ծխելը, ավելորդ քաշ ունենալը, նստակյաց ապրելակերպն այլեւս տրենդային չեն համարվի։ 

     

    Հաջողության կարող ենք հասնել միայն այն ժամանակ, երբ բոլորս՝ բուժաշխատողները, լրատվամիջոցները, կրթական համակարգը մեկտեղենք մեր ջանքերը։ Այսօր ստեղծվել են բարենպաստ պայմաններ իրավիճակը փոխելու համար։ Սա բարդ, բայց նաեւ շատ շնորհակալ գործ է, որն ի վերջո տալու է իր արդյունքն առավել առողջ հասարակության տեսքով: 

     

    Յանա Շախրամանյան

     

    Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 

     

     

  • Փրկությունը, «Արլեկինը», պայքարը

    Ներկայացնում ենք 2026 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների լուսանկարների ընտրանին։
    Խարկովում բնակիչն իր շան հետ դուրս է գալիս ռուսական ավիահարվածից վնասված բնակելի շենքից։
    «Հեզբոլլահը» սգո արարողություն է կազմակերպել Բեյրութի հարավային արվարձաններում իր առաջնորդ Հասան Նասրալլահի սպանության երկրորդ տարելիցի օրը։
    Նիգերիացի պարող Բենջամին Դենիելը (Բեն Դենսեր) ելույթ է ունենում Լագոսի Ազատության այգում անցկացվող 168-ժամյա պարային մարաթոնի յոթերորդ օրը։
    NASA-ի տիեզերագնաց Լյուկ Դելանին հրաժեշտ է տալիս հարազատներին՝ Կանավերալ հրվանդանի մեկնարկային հարթակ մեկնելուց առաջ։
    Ալեքսանդր Զվերեւը China Open մրցաշարում։
    Չորացած Կորոնիա լիճը Հունաստանում։
    Գազայում հողին են հանձնել պաղեստինցիներին, որոնց մասունքները հանվել են 2023 թվականի հոկտեմբերին իսրայելական հարվածից ավերված բնակելի շենքի փլատակների տակից։
    Երեխան Երկրորդ ճապոնա-չինական պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված Շանհայի հուշահամալիրի մոտ։
    Էստոնացի լարախաղաց Յաան Ռոոզեն քայլում է 120 մետր բարձրության վրա Սեուլի կենտրոնում։
    Պոլ Սեզանի «Արլեկին» կտավը Sotheby’s-ի Լոնդոնի աճուրդի նախօրեին։