Սուրճ պատրաստել, գիտական հոդվածը շարունակել, թե բազմոցին նստել՝ մտածում է Բերնդհարդ Շլինկի «Ուշացած կյանք» վեպի գլխավոր հերոսը։ Վաստակավոր իրավաբան ու դասախոս Մարտինը անբուժելի հիվանդություն ունի։ «Եվ մարդ պետք է, համենայն դեպս, այնպես ապրի, ասես ոչինչ իրենից երկար չի ապրի»,- մտորում է նա։
«Ուշացած կյանքը» հայ ընթերցողին է ներկայացնում «Վերնատուն» հրատարակչությունը։ Մեդիամաքսը զրուցել է գրքի թարգմանիչ Գայանե Գինոյանի հետ։
– «Ուշացած կյանքը» Բերնդհարդ Շլինկի ուշ շրջանի գործերից է, գուցե դրանո՞վ է պայմանավորված կյանքի ու մահվան սահմանագծի մասին այս պատմությունը։
– Սա հեղինակի վերջին գործն է։ Նա առավել հայտնի է իր «Ընթերցողը» վեպով, որտեղ Հոլոքոստի թեմային է անդրադառնում։ Երբ հարցազրույցներից մեկի ժամանակ նրան հարցնում են՝ հնարավո՞ր է, որ գրել է իր մասին (քանի որ ինքն էլ է մեծ տարիքում ամուսնացել), հեղինակը պատասխանում է, որ վեպն ինքնակենսագրական ոչ մի տարր չունի։
«Ուշացած կյանքը» այն մասին է, թե ինչը կարող է մարդու համար կարեւոր լինել կյանքի վերջում։ Նա մեծ տարիքում է ամուսնացել, ունի երիտասարդ կին ու վեցամյա որդի եւ մտածում է, թե ինչ կարող է թողնել երեխային իրենից հետո։ Որպեսզի լրացնի բացը՝ որդուն ուղղված երկար նամակ է գրում կյանքի, արդարության, Աստծո եւ այլ կարեւոր հարցերի մասին։ Այստեղից էլ՝ «Ուշացած կյանք»։
– Նա հանգիստ է տանում կնոջ սիրավեպը, որովհետեւ մահանո՞ւմ էր։
– Մարտինը գիտակցում է, որ կինը երիտասարդ է։ Իրադարձություններն այնպես են դասավորվում, որ Ուլլան սիրավեպ է սկսում հենց այն ժամանակ, երբ արդեն գիտեր ամուսնու մոտալուտ մահվան մասին։
Եվ Մարտինը մտածում է, որ կինն իրենից հետո մենակ չի մնա, երեխան էլ մենակ չի մնա։ Ավելին՝ նա փորձում է ինչ-որ ձեւով կազմակերպել նրանց կյանքը քանի դեռ ողջ էր։
– Աշխատանք այգում, բնապարարտանյութի պատրաստում, սեռային դերերի հավասարություն․ այս թեմաները կարծես պատահական չեն ընտրված։
– Շլինկը, լինելով իրավագիտության պրոֆեսոր եւ սահմանադրական դատարանի նախկին դատավոր, իր գրքերում միշտ ներառում է ժամանակակից հասարակական-սոցիալական խնդիրներ։ Իսկ բնության հետ ներդաշնակ լինելը օգնում է գրքի հերոսին անցնել կյանքի վերջին փուլ։
«Դու հարցնում ես՝ ինչ է մահը, ինչու են մահանում։ Դու վեց տարեկան ես։ Տասնվեց տարեկանում, երբ կարդաս այս նամակը, իհարկե կիմանաս, որ ամեն ինչ, որ ապրում է, սպառում է իրեն, իր էներգիան։ Մեքենաներն էլ, որ չեն շնչում, մաշվում են, ու մի օր դադարում են գործելուց։ Եվ եթե մարդիկ չմեռնեին, ինչպե՞ս երկիրը տեղավորեր բոլոր ծնվողներին»։
– «Մահն ավելի վատ էր, քան մնացած ամեն ինչ, որովհետեւ բացի մահից՝ մնացած ամեն ինչը կարող էր վերապրել, միայն մահը չէր կարող»։ Այս միտքը հիշեցնում է Մարկեսին, ով ասում էր, թե չի վախենում մահից, բայց ցավում է, որ իր կյանքի այդ կարեւոր իրադարձության մասին չի կարողանալու գրել։
– Սա, այսպես ասած, համամարդկային դիլեմա է․ կյանքի հետո այլեւս կյանք չկա, ու մարդ հնարավորություն չունի դրանից հետո ինչ-որ բանով զբաղվելու, կիսատ գործերը շարունակելու։ 19-րդ դարում գերմանական գրականության մեջ առանցքային էր մահվան ու դրա հանդեպ ունեցած վախի թեման։ 20-րդ դարի երկրորդ կեսից, երբ բժշկության զարգացումը որոշակիորեն «հետաձգեց» մահը, գերիշխող դարձավ հիվանդության հանդեպ վախի թեման։ Այս վեպում կա ե՛ւ հիվանդության, ե՛ւ մահվան թեման, բայց սա փորձ է երկուսին էլ խաղաղ դիմակայելու ու կյանքից հաշտ հեռանալու։
– Ի՞նչ կասեք Շլինկի լեզվական առանձնահատկությունների եւ գրքի հայերեն թարգմանության մասին։
– Շատ գեղեցիկ լեզու ունի։ Երբ նրան հարցնում են, թե ինչպես է հասել գերմաներենի նման կատարելությանը, ասում է՝ ես սովորել եմ Գոթֆրիդ Քելլերից։ Շվեյցարական գրականությունը մեծ հետք է թողել նրա ստեղծագործական կյանքում, ինչը պայմանավորված է նաեւ մոր ծագմամբ, որը շվեյցարուհի էր։ Շլինկը գրում է բացառիկ մաքուր լեզվով. նա հասել է կյանքի ու ճշմարտության այնպիսի հասունության, որն իրեն թույլ է տալիս պարզ բառերով արծարծել մեծ թեմաներ։ Այդ պատճառով էլ թարգմանելիս անհնար է նույնիսկ մի փոքրիկ դետալ բաց թողնել. եթե որեւէ բան բաց թողնես․ միտքը կիսատ ու անհասկանալի կդառնա։
– Գրաքննադատների կողմից ի՞նչ կարծիքներ են եղել, ինչպե՞ս է ընկալվել գիրքը։
– Միայն լավ արձագանքներ կան․ կարեւոր, տպավորիչ ու հուզիչ գիրք է կյանքի անցողիկության, կյանքում ձեռք բերած փորձի, ապրելու և կյանքին գեղեցիկ հրաժեշտ տալու մասին։
***
«Սիրում եմ, երբ ընթերցողն անընդհատ վերադառնում է շապիկի պատկերին»
Նկարիչ Լիլիթ Ալթունյանը Մեդիամաքսին պատմել է շապիկի ստեղծման ու ձեւավորման ընթացքի մասին։
– Ստեղծագործությունը կարդալիս տպավորիչ դրվագներն ինքնըստինքյան գալիս են աչքիս առաջ, եւ ես դրանք հավաքում եմ մտքումս: Երբ գրական գործն ամբողջանում է, վերանայում եմ այդ պատկերները ու ծնվում է ամենախոսուն տարբերակը:
– Առաջին հայացքից երեք ծաղիկները խորհրդանշում են ընտանիքի երեք անդամներին, որոնցից մեկը հեռանում է… Թե՞ ծաղիկների թերթիկները կյանքի օրերն են։
– Այո՛, ճիշտ եք նկատել: Երեք ծաղիկները ընտանիքի երեք անդամներն են: Նրանք, սակայն, փորձում են հաշտվել մահաբեր հիվանդության աննկատ մոտեցման հետ, որը պատկերված է ծաղիկների թոշնած ստվերներով (դրանք առաջին հայացքից աչքի չեն ընկնում):
Մյուս կողմից էլ՝ պատուհանից ներս թափանցող առավոտյան լույսը, ծաղիկների վրա ընկնելով, ավելի վառ գույն է հաղորդում դրանց՝ հիշեցնելով, թե որքան քաղցր է կյանքը: Լույսի ու ստվերի խաղը պատկերել եմ հիմնականում դեղինի եւ կապույտի երանգներով: Սառը եւ տաք գույների համադրությունը նորից ընդգծում է այդ հակասությունը՝ ընթերցողի ենթագիտակցությանը փոխանցելով գրքի հիմնական տրամադրությունը:
– Ի՞նչ հետք է թողնում շապիկի ձեւավորումն ընթերցողի վրա: Չէ՞ որ շատ դեպքերում մենք գիրքը հիշում ենք ոչ միայն բովանդակությամբ, այլ գույնով ու շապիկի տեսքով։
– Ինձ համար կարեւոր է ոչ միայն շապիկին պատկերվածը, այլեւ այն, թե որքան գրագետ է դա արված: Սիրում եմ, երբ ընթերցողն անընդհատ վերադառնում է շապիկի պատկերին եւ դրանում թաքնված ասելիքը նորովի է բացահայտում՝ թեկուզ գիրքն ընթերցելուց հետո:
Շապիկի պատկերը պիտի ենթագիտակցական մակարդակով խոսի ստեղծագործության թեմայի, տրամադրության ու ոճի մասին:
– Ի՞նչ տվեց գիրքը Ձեզ, եւ ո՞ր կերպարն էր ավելի հոգեհարազատ։
– Վեպը շատ եմ հավանել: Շլինկի հերոսի հետ հետաքրքիր ներքին կապ զգացի. ինքս էլ այդ օրերին առողջական խնդիրներ ունեի եւ շատ լավ էի հասկանում կյանքի ու մահվան պայքարի մեջ գտնվող մարդուն:
Արմինե Սարգսյան
Leave a Reply