Երեւան: Մեդիամաքս: Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանն այսօր ասել է, որ աշնանը կմեկնարկի անձը հաստատող նոր կենսաչափական փաստաթղթի տպագրությունն ու տրամադրումը ՀՀ քաղաքացիներին։
«Փաստաթղթերի տրամադրման պայմանները կփոխվեն: Նոր կենսաչափական փաստաթուղթը, որը մրցունակ է աշխարհում իր անվտանգային բաղադրիչներով եւ համապատասխանում է ԵՄ այս պահին գործող ամենաբարձր չափանիշներին, կարժենա 28 650 դրամ, իսկ նույնականացման քարտը՝ 5 950 դրամ։ Անձնագիրը կտրամադրվի 10 տարի ժամկետով, իսկ նույնականացման քարտը՝ 5 տարով»,- ասուլիսի ժամանակ ասել է Նելլի Դավթյանը։
Նա նշել է, որ աշնանը կդադարեցվի հին նմուշի անձնագրերի տպագրությունը։
«Եթե քաղաքացին նոր է ձեռք բերել 10 տարի ժամկետով հին նմուշի անձնագիր, կարող է անմիջապես փոխարինել նորով։ Նույնը վերաբերում է նույնականացման քարտերին։ Եթե քաղաքացին ցանկանում է տասը տարի շարունակել օգտագործել արդեն իսկ ձեռք բերած հին նմուշի անձնագիրը, ապա այդ դեպքում որեւէ խնդիր չի առաջանա։ Փաստաթղթերը կտրամադրվեն դիմելուց 14 աշխատանքային օր անց»,- ասել է պաշտոնյան:
Leave a Reply