1990 թվականի օգոստոսի 15-ին Լատվիայում զոհվեց «Կինո» խմբի առաջնորդ Վիկտոր Ցոյը:
Այդ օրը շատ լավ եմ հիշում: Մեր դպրոցում մի աղջիկ կար, «Կինո»-ի մոլի երկրպագու էր: Հաճախ չէինք շփվում, բայց միմյանց հեռախոսահամարներն ունեինք: 1990 թվականի օգոստոսի 15-ի կեսօրին մոտ զանգահարեց եւ ասաց, որ քիչ առաջ ռադիոյով հայտնել են, որ Ցոյը զոհվել է՝ Յուրմալայի մոտ քնելով ավտոյի ղեկին:

«Կինո»-ի բառիս բուն իմաստով երկրպագու չեմ եղել, բայց Ցոյն ու նրա երգերը շատ հստակ դեր են ունեցել իմ կյանքում: Այսօր էլ լսում եմ:
Լատվիայի եւ օգոստոսի հետ կապված մի flashback էլ ունեմ: 1987 թվականի օգոստոսի 16-ին մայրիկի հետ սովորականից ուշ նախաճաշում էինք, երբ եկավ մորաքույրս եւ ասաց, որ Ռիգայում հենց ներկայացման ընթացքում մահացել է դերասան Անդրեյ Միրոնովը: Դրանից 10 օր առաջ էլ կյանքից հեռացել էր «Ադամանդե ձեռք» ֆիլմում Միրոնովի զուգընկեր, փայլուն դերասան Անատոլի Պապանովը:
1990-ականների սկզբներին ռուսական ռոք շատ էինք լսում: Բայց հստակ տարանջատում էինք բրիտանական եւ ամերիկյան ռոքից՝ ռուսականը մի յուրահատուկ ուղղություն էր, որտեղ բառերը երաժշտությունից ավելի լավն էին: Կարծում եմ, ոչ ոք չի վիճարկի, որ «դասական արեւմտյան ռոքի» մոգական ուժի հիմքում հենց երաժշտությունն է: Այլապես ինչպես կարող էին Խորհրդային Միությունում անգլերեն չիմացող միլիոնավոր մարդիկ տարվել այդ երաժշտությամբ:
Մի քանի տարի առաջ լույս էր տեսել Ալեքսանդր Կուշնիրի «Ակվարիում. քաոսի երկրաչափություն» գիրքը։ Forbes Life-ը հրապարակել էր գրքից մի հատված, որը պատմում էր 1980 թվականի գարնանը Թբիլիսիում «Ակվարիումի» համերգի մասին: Պարզվում է, «Ակվարիում»-ը «հայկական հետք» է ունեցել. կասետային մագնիտոֆոնի վրա ձայնագրված խմբի առաջին ալբոմի «հնչյունային ռեժիսորը» հայազգի Մարատն էր:
Մարատը գրքի հեղինակին պատմել էր, որ Երեւան վերադառնալուց հետո ակտիվ նամակագրական կապի մեջ էր Բորիս Գրեբենշչիկովի հետ: «Շաբաթվա ընթացքում, երեւի, երեք նամակ էինք գրում իրար: Եթե Բորյան ինձնից շուտ մահանա, կհրապարակեմ այդ գրագրությունը՝ մի երկու հատոր կլինի», – ասել էր Մարատը, որի ազգանունը, ցավոք, չի նշվում:
2004 թվականի մարտին ռուսաստանյան ՎՏԲ բանկը Միխայիլ Բաղդասարովից գնեց «Հայխնայբանկի» վերահսկիչ փաթեթը եւ պետք է վերաբրենդավորեր այն որպես «ՎՏԲ-Հայաստան»: Նամակ ստացա ռուսաստանյան ամենախոշոր PR-գործակալություններից մեկի աշխատակցուհուց՝ վերաբրենդավորման առիթով իրենց հաճախորդ ՎՏԲ-ն ցանկանում էր Երեւանում Վյաչեսլավ Բուտուսովի (նախկինում՝ «Նաուտիլուս Պոմպիլիուս» խմբի մենակատար) փակ VIP-համերգ կազմակերպել՝ տեղական գործընկեր են փնտրում: Իհարկե, համաձայնեցի: Բոլոր մանրամասները հիմա չեմ հիշում, բայց կազմակերպչական ոդիսականը տեեւց մոտ 2 ամիս: Ի վերջո նյարդերս տեղի տվեցին ու հրաժարվեցի գործընկերոջ կարգավիճակից: Որեւէ հստակություն չկար, բանկի ցանկություններն ամեն օր փոխվում էին, փոխվում էին նաեւ մեր առջեւ դրվող խնդիրները: Իհարկե, եթե 2004-ին ունենայի այն փորձը, որն ունեմ այսօր, նախագիծը համբերատար ավարտին կհասցնեի: Բայց, ինչպես գիտեք, երիտասարդությունն ու փորձը, ցավոք, համադրելի չեն:
Իսկ Բուտուսովի եւ նրա «Յու-Պիտեր» խմբի փակ համերգը Երեւանում 2004-ին կայացավ՝ մեր առաջարկած վայրում՝ Ժուռնալիստների միության դահլիճում, որտեղ այն ժամանակ գործում էր «Ավանգարդ» ակումբը:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է
Leave a Reply