Category: MediaMax.am

  • «Ոսկե ծիրանի» առաջին խոսքը՝ «Արտոյի երկիր»

    «Ոսկե ծիրանը» սկսվում է ոչ միայն ֆիլմով, այլեւ հայտարարությամբ։ Ամեն տարի բացման ֆիլմը հուշում է, թե ինչի մասին է լինելու փառատոնի գլխավոր խոսակցությունը։ Այս տարի այդ դերը բաժին հասավ Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմին՝ պատմության, հիշողության եւ այն վերքերի մասին, որոնք ժամանակը չի դարձնում անցյալ։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այս տարվա խոսակցության բանալին հնչեց մինչեւ ֆիլմի առաջին կադրը։ «Be a Poem» կարգախոսը ներկայացնելիս փառատոնի ղեկավար Կարեն Ավետիսյանը հիշեցրեց Թեոդոր Ադոռնոյի հայտնի հարցադրումը՝ հնարավո՞ր է պոեզիան արհավիրքից հետո. «Մենք էլ մեր արհավիրքից վեց տարի անց փորձեցինք վերաձեւակերպել այն, ինչին հետո ժամանակի ընթացքում եկավ Ադոռնոն․ արվեստը ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ է։ Այն կետում, որտեղ վերջանում է բառը, օգնության է գալիս արվեստը եւ փորձառության է հրավիրում մի բանի, որի մասին բառերն այլեւս ի զորու չեն պատմել»:

    Կարեն Ավետիսյանը Կարեն Ավետիսյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Կարեն Ավետիսյանի խոսքը երկար չմնաց տեսական հարթության վրա։ Փառատոնի առաջին ցուցադրությունը դարձավ դրա անմիջական շարունակությունը։ Ֆիլմը սկսվում է անձնական կորստից։ Ֆրանսիացի Սելինը գալիս է Հայաստան՝ ամուսնու՝ Արտոյի մահից հետո լուծելու իրավական հարցերը։ Սակայն փաստաթղթերի որոնումը աստիճանաբար վերածվում է մեկ այլ ճանապարհորդության․ պարզվում է՝ ամուսինը տարիներ շարունակ լռել էր իր կյանքի ամենակարեւոր էջերի մասին։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Դիտողը վաղ է իմանում, որ Արտոյի ինքնասպանությունը պատահականություն չէր, բայց միայն հետզհետե է հասկանում, թե ինչպիսի հիշողություններ ու չապրած մեղքեր էին կանգնած այդ որոշման հետեւում։ Թամարա Ստեփանյանը բացահայտումները չի կառուցում որպես ինտրիգ: Դրանք ավելի շուտ ցույց են տալիս, թե որքան երկար կարող է պատերազմը շարունակվել մեկ մարդու ներսում՝ նույնիսկ այն ժամանակ, երբ հրադադարն արդեն վաղուց ստորագրված է։

     

    Պատերազմի մասին ֆիլմ է, բայց ոչ այն ձեւով, ինչպես սովոր ենք տեսնել հայկական կինոյում։ Այստեղ գրեթե չկան մարտական գործողություններ, ռազմաճակատ կամ հերոսական ճառեր։ Պատերազմը մշտապես ներկա է, սակայն մնում է կադրից դուրս։ Այն երեւում է մարդկանց լռության, կիսատ նախադասությունների, չապրած կյանքի եւ թաքցրած կենսագրությունների մեջ։ Թամարա Ստեփանյանն ընտրել է մեկ մարդու ճակատագրի միջոցով խոսել ամբողջ հասարակության չմարսված հիշողության մասին։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Արտոն ֆիլմում գրեթե միշտ բացակա է, բայց հենց այդ բացակայությունն է դառնում պատմության գլխավոր ներկայությունը։ Որքան Սելինը փորձում է վերականգնել ամուսնու կենսագրությունը, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ նա հայտնվել է ոչ միայն մեկ մարդու, այլեւ մի ամբողջ երկրի հիշողության լաբիրինթոսում։

     

    Սելինի՝ «Պետք է փրկել մեռյալներին» խոսքը դառնում է ամբողջ ֆիլմի առանցքը։ Նա փորձում է վերադարձնել նրանց պատմությունն ու տեղը հիշողության մեջ։ Այդ ճանապարհն ավարտվում է խորհրդանշական գործողությամբ, որը միաժամանակ հրաժեշտ է, հաշտեցում եւ հիշատակի արարողություն։ 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Արտոյի երկիր»-ը ուշադրությունը տեղափոխում է նրանց վրա, ովքեր պատերազմի ընթացքում կրել են ոչ միայն ֆիզիկական, այլեւ բարոյական պարտություններ, ապրել են ընտրությունների, մեղքի եւ լռության հետ։ Ֆիլմը չի արդարացնում նրանց, բայց նաեւ չի շտապում դատել։ Այն հիշեցնում է, որ պատերազմի ամբողջական պատմությունը հնարավոր չէ հասկանալ, եթե այն պատմվում է միայն հաղթողների կամ զոհերի տեսանկյունից։ Միշտ կան նրանք, ովքեր ողջ են մնացել, բայց երբեք չեն վերադարձել պատերազմից։

     

    Սելինը հանդիսատեսի հայացքն է, նրա հետ մենք քայլում ենք մի տարածքով, որտեղ 1988 թվականի երկրաշարժը, Առաջին արցախյան պատերազմի հիշողությունները եւ ներկան գոյակցում են նույն կադրում։ Ժամանակն գծային է, սակայն անցյալը մշտապես ներխուժում է ներկա։

    Թամարա Ստեփանյանը Թամարա Ստեփանյանը

     

    Ֆիլմը ներկայացնելիս Թամարա Ստեփանյանը այն անվանեց «սիրո նամակ հայրենիքին, կինոյին եւ մեր վերքերին»։ Ձեւակերպումը ճշգրիտ է, քանի որ սա հայրենիքի իդեալականացված պատկեր չէ, այլ փորձ է սիրել մի երկիր իր բոլոր ցավերի, լռությունների, հակասությունների եւ չբուժված վերքերի հետ միասին։

     

    Թամարա Ստեփանյանի ֆիլմը ոչ թե վերադառնում է անցյալին, այլ ճշգրտորեն արձանագրում է ներկան։ Քանի դեռ վերքերը բաց են, կինոն չի կարող լռել։ 

     

    Աստղիկ Հովհաննեսով

    Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

     

     

     

     

  • Գարեգին 2-րդը Իրանի դեսպանատանը հարգանքի տուրք է մատուցել Այաթոլա Խամենեիի հիշատակին

    Երեւան: Մեդիամաքս: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Հայաստանում Իրանի դեսպանատուն եւ հարգանքի տուրք մատուցել Իրանի նահատակ գերագույն առաջնորդ Այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի հիշատակին։

    Հայաստանում Իրանի դեսպանատնից հայտնել են, որ դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ հանդիպման ընթացքում Գարեգին երկրորդն իր ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին: Նա հույս է հայտնել, որ Իրանի ժողովուրդը կկարողանա վերականգնել անվտանգությունը եւ բնականոն կյանքը:

     

     

     

  • Բրյունո Դելբոնելն ու «Ոսկե ծիրան»-ի հյուրերը Դիլիջանում

    Հուլիսյան կեսօրին Դիլիջանում բոլորի հայացքներն ուղղված էին Բրյունո Դելբոնելին, իսկ նրա հայացքը՝ քաղաքին։

     

    «Ամելի»-ի, «Հարրի Փոթեր»-ի, «Ֆաուստ»-ի եւ տասնյակ այլ ֆիլմերի ֆրանսիացի կինոօպերտատորը տեսախցիկը ձեռքից գրեթե չէր իջեցնում։ Մինչ մարդիկ լուսանկարվում էին նրա հետ, Դելբոնելը կանգ էր առնում փողոցի մանրուքների առաջ։ Նույնիսկ այն պահին, երբ ինքն էր բոլորի ուշադրության կենտրոնում, շարունակում էր փնտրել պատմություններ՝ կադրից դուրս։

    Լուսանկարը` «Ֆորմլաբ»

    Հենց այդ տրամադրությամբ էլ սկսվեց «Քաղաքի արվեստի կոդ» ծրագրի շրջանակում կազմակերպված մշակութային շրջայցը։ «Ֆորմլաբ»-ի նախաձեռնությամբ եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համագործակցությամբ Դիլիջան էին ժամանել կինոփառատոնի միջազգային հյուրերը՝ ռեժիսորներ, պրոդյուսերներ, կինոարտադրողներ եւ արվեստագետներ՝ մի քանի ժամով քաղաքը ճանաչելու։

    Լուսանկարը` «Ֆորմլաբ»

    Ճանապարհը սկսվեց Հովհաննես Շարամբեյանի անվան փողոցով, ծանոթացան քաղաքի պատմական թաղամասին, այցելեցին Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, որտեղ ցուցադրությունը ներկայացրեց համադրող Նարեկ Վան Աշուղաթոյանը։

    Լուսանկարը` «Ֆորմլաբ»

    Շրջայցի հաջորդ կանգառը Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահն էր։ Այստեղ հյուրերը դիտեցին Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցադրությունը՝ երկար կանգ առնելով նրա կոլաժների ու ստեղծագործությունների առաջ։ Փարաջանովի աշխարհը, որը վաղուց հատել է Հայաստանի սահմանները, այս անգամ միավորել էր աշխարհի տարբեր կինոդպրոցներից եկած մարդկանց նույն ցուցասրահում։

    Լուսանկարը` «Ֆորմլաբ»

    Դիլիջանում էին նաեւ եվրոպական կինոյի ճանաչված պրոդյուսեր Դոմինիկ Վելինսկին, կինոարտադրող Դանիել Շվարցը, Յասմին Չանը, Ջուստ Բրուրենը, Էմիլ Փարսեղյանը, Ամիր Զարգարան եւ միջազգային կինոաշխարհի այլ ներկայացուցիչներ, որոնք Հայաստան են ժամանել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում։

    Լուսանկարը` «Ֆորմլաբ»

    Օրվա ավարտին հյուրերն ու կազմակերպիչները հավաքվել էին արդեն ոչ թե թանգարանում, այլ նույն սեղանի շուրջ՝ խոսելու ապագա համագործակցությունների, նոր նախագծերի եւ այն մասին, թե ինչպես կարող են մշակույթն ու կինոն շարունակել միավորել տարբեր երկրներ։

     

    Օրվա վերջում հյուրերը Դիլիջանից հեռանում էին տարբեր տպավորություններով, գուցե ամենահետաքրքիրը Բրյունո Դելբոնելի տեսախցիկում մնացած կադրերն էին։ 

     

    «Քաղաքի արվեստի կոդ» նախաձեռնությունը Դիլիջանի մշակութային ինքնությունը բացահայտելու փորձ է։ Այս անգամ քաղաքի պատմությունը դիտեցին ու ֆիքսեցին նաեւ տարբեր երկրներից ժամանած կինոգործիչները՝ յուրաքանչյուրն իր տեսանկյունից։

     

    Աստղիկ Հովհաննեսով

    Լուսանկարները՝ Հայկ Բադալյան, «Ֆորմլաբ»

  • Իսրայելը Ադրբեջանին ստիպում է անհնարին ընտրություն կատարել

    Ներկայացնում ենք The American Conservative կայքում հրապարակված Israel’s Opportunistic Recognition of the Armenian Genocide հոդվածի հայերեն թարգմանությունը։ 

     

    Հոդվածի հեղինակ Էլդար Մամեդովը Գիտության եւ համաշխարհային հարցերով Պագուոշի համաժողովների անդամ է, Քվինսիի Պատասխանատու պետականաշինության ինստիտուտի ոչ ռեզիդենտ գիտաշխատող։

     

    Էլդար Մամեդով

     

    Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու Իսրայելի վերջին որոշմանը պետք է թերահավատորեն վերաբերվել։ Տասնամյակներ տեւած լռությունից հետո Նեթանյահուի կառավարության կողմից Օսմանյան կայսրության վայրագությունները ճանաչելը ոչ այնքան բարոյական պարզության ուշացած դրսեւորում է, որքան պատմական ողբերգությունը զենքի վերածելու հաշվարկված քայլ՝ ուղղված Թուրքիայի մեկուսացմանը։ (Բանաձեւը դեռ պետք է վավերացվի Քնեսեթի կողմից։)

     

    Տասնամյակներ շարունակ Իսրայելի հաջորդական կառավարությունները խուսափում էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Դա դիվանագիտական մանեւրների հարց էր, որոնց հիմքում ընկած էր Իսրայելի «ծայրամասային ռազմավարությունը»՝ պատմական դոկտրին, որի նպատակն էր հավասարակշռել Իսրայելի անմիջական արաբ հարեւանների թշնամանքը չափավոր, ոչ արաբական մուսուլմանական պետությունների հետ մերձեցման միջոցով։

     

    Քեմալական Թուրքիան, Իրանի հետ միասին՝ շահի իշխանության տարիներին, այդ ռազմավարության հենասյուներից էր։ Ահա թե ինչու Իսրայելը հրաժարվում էր զայրացնել Անկարային, որը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը եւ խիստ զգայուն է այլ երկրների կողմից նման քայլերի նկատմամբ։

     

    1979 թվականի իրանական հեղափոխությունը եւ մեկ տասնամյակ անց Խորհրդային Միության փլուզումը վերաձեւավորեցին Իսրայելի ռազմավարական միջավայրը։ Հեղափոխական Իրանը ավելի ու ավելի հաճախ էր ներկայացվում որպես թշնամի, մինչդեռ հյուսիսային սահմանին գտնվող Ադրբեջանը, որն ուներ իր սեփական ուժեղ իռեդենտիստական հակաիրանական օրակարգը եւ կենտրոնացած էր այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» վրա, դարձավ Իսրայելի նոր գործընկերը։ 

     

    Ադրբեջանը նաեւ Թուրքիայի մտերիմ դաշնակիցն է, եւ 1990-ականների սկզբից ի վեր ամերիկացի քաղաքական գործիչները ձգտել են խթանել եռակողմ Անկարա-Երուսաղեմ-Բաքու համագործակցությունը՝ որպես հակակշիռ Մոսկվային եւ Թեհրանին։

     

    Իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները խորացել են տասնամյակների ընթացքում․ Իսրայելը Ադրբեջանին մատակարարել է բարձր տեխնոլոգիական սպառազինություն, որը հնարավորություն տվեց Բաքվին հաղթանակ տանել Հայաստանի նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի համար պատերազմում, իսկ դրա դիմաց ստանալ ադրբեջանական նավթ, որը բավարարում է Իսրայելի պահանջարկի մոտ 40 տոկոսը, ինչպես նաեւ Իրանի սահմանների երկայնքով հետախուզական հենակետ ունենալ: Բաքվի ռազմական հաղթանակի հետեւանքներն ավելի ծանրացան, երբ 2023 թվականին տարածաշրջանից տեղահանվեցին շուրջ 100 հազար բնիկ հայ քրիստոնյաներ: Այդ ժամանակ ակնհայտորեն բացակայում էր Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի նշած «բարոյական պարտականությունը»։ Ըստ իսրայելական «Հաարեց» թերթի՝ այդ իրադարձության մեջ Իսրայելի մասնակցության հետքերը ակնհայտ էին։

    Լուսանկարը` REUTERS

    Միեւնույն ժամանակ, Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան: Քանի որ Թուրքիան հանդես է գալիս որպես Իսրայելի գլխավոր քննադատ եւ մրցակից Մերձավոր Արեւելքում, Իսրայելի առաջնորդները եւ Վաշինգտոնում նրանց ավանդական նեոկոնսերվատիվ դաշնակիցները, օրինակ՝ Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամը (FDD), ագրեսիվորեն առաջ են մղում քարոզարշավ, որի նպատակն է ուռճացնել Թուրքիայի գերիշխանական նկրտումները եւ դրանք ներկայացնել որպես հաջորդ գոյաբանական սպառնալիք՝ շատ իսրայելցիների ընկալմամբ՝ «նոր Իրան»։ Նրանց գործելաոճը հստակ է. ինչպես Իրանը տասնամյակներ շարունակ ներկայացվում էր որպես չարագործ «շիական առանցքի» առաջնորդ, այնպես էլ Թուրքիան այժմ ներկայացվում է որպես «սուննիական առանցքի» առաջնորդ՝ որը նույն ճամբարում է «Համասի», «Մուսուլման եղբայրների», Կատարի եւ Սիրիայի հետջիհադիստական կառավարության հետ։

     

    Այս պատմության այլ տարրերից են մեղադրանքներն այն մասին, որ Անկարան արտահանում է իսլամիզմ, խաթարում է ժողովրդավարությունը, թուլացնում է ՆԱՏՕ-ի դաշինքը եւ ճնշում է փոքրամասնություններին, օրինակ՝ քրդերին։

     

    Հենց այս համատեքստում է պետք դիտարկել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Տարածաշրջանի այն հիմնական երկրների արձագանքները, որոնց վրա այս քայլն անմիջական ազդեցություն ունի, խոսուն են։ Եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից այս քայլի մերժումը սպասելի էր, ապա Հայաստանի արձագանքը զարմանալիորեն զուսպ էր։ Վերջերս վերընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում նախընտրական ծրագրի առանցքում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն էր, ցեղասպանության միջազգային ճանաչումը երկրորդ պլան մղեց։

     

    Ինչպես եւ ակնկալվում էր, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մերժեց այդ քայլը, իսկ երկրի գլխավոր ռաբբին կոչ արեց Քնեսեթին չեղյալ համարել ճանաչումը՝ զգուշացնելով, որ դա կարող է վտանգել Ադրբեջանի հրեաների անվտանգությունը։ Այդպիսով նա ակամայից բացահայտեց, որ Բաքվի՝ հրեական համայնքի նկատմամբ հանդուրժողականությունը ցուցադրելու տասնամյակներ տեւած արշավն իրականում միշտ էլ եղել է Իսրայելի եւ ԱՄՆ-ում գործող իսրայելամետ լոբբիի հետ կապերն ամրապնդելու խորամանկ հնարք։

     

    Ավելի խոսում էին Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիք Զուլֆուգարովի հայտարարությունները, ում տեսակետները հաճախ արտացոլում են Բաքվի իշխանությունների տեսակետները։ Նա, մասնավորապես, ասել է. «Կարծում եմ՝ սա մեզ համար լավ առիթ է հեռավորություն պահպանելու Նեթանյահուի կառավարությունից՝ հաշվի առնելով Իրանի քաղաքական վերնախավի շրջանում աճող համակրանքը Ադրբեջանի նկատմամբ»։

    Լուսանկարը` REUTERS

    Այս վերջին պնդումը կասկածելի է. Թեհրանը կասկածում է, որ Բաքուն աջակցել է Իսրայելի գործողություններին, սակայն նրա ավելի լայն դիտարկումը՝ Նեթանյահուից հեռու մնալու անհրաժեշտության մասին, ուշագրավ է. Իսրայելը բեռ է դառնում Բաքվի համար։ Իրանի դեմ պատերազմ սկսելով, որում չի կարող հաղթել, Իսրայելը ճնշման տակ է դրել Ադրբեջանին, ինչպես երեւաց պատերազմի սկսվելուց կարճ ժամանակ անց Ադրբեջանի վրա Իրանի անօդաչու թռչող սարքերի հարվածներից։ Այժմ, սրելով լարվածությունը Թուրքիայի հետ, Իսրայելը Ադրբեջանին ստիպում է անհնարին ընտրություն կատարել՝ Անկարայի հետ ռազմավարական գործընկերության եւ Երուսաղեմից ռազմական կախվածության միջեւ։

     

    Ինչպես եւ կանխատեսվում էր, Իսրայելի քայլը Թուրքիայի կողմից թշնամաբար ընդունվեց, Ադրբեջանում խորացրեց երկու երկրների հարաբերությունների ապագայի վերաբերյալ կասկածները, իսկ ենթադրյալ շահառուն՝ Հայաստանը, արձագանքեց հաշվարկված անտարբերությամբ։

     

    Իսրայելը չի կարող ապավինել բարոյական արդարացումներին։ Այն չի կարող պնդել, որ «բարոյական պարտականություն» ունի հիշելու զոհված հայերին՝ միաժամանակ զինելով հենց այն պետությունը, որը նոր է ավարտին հասցրել Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումը, մինչդեռ Գազայում սեփական գործողությունների համար ցեղասպանության հիմնավոր մեղադրանքներ է ստանում։

     

    Այս ամենը թողնում է միայն մեկ հիմնավոր բացատրություն. Նեթանյահուի կառավարությունը պատրաստ է արտակարգ միջոցներ ձեռնարկել՝ Թուրքիային դիմադրելու համար։

    Լուսանկարը` REUTERS

    Այստեղ հիմնական հասցեատերը տարածաշրջանը չէ, այլ Վաշինգտոնը։ Այս արշավի վերջնական նպատակը ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ առճակատում հրահրելն է։ Նույն շրջանակները, որոնք տասնամյակներ շարունակ պաշտպանում էին ռեժիմի փոփոխությունը Իրաքում, Լիբիայում, Սիրիայում եւ Իրանում, այժմ իրենց ուշադրությունը տեղափոխում են դեպի Թուրքիա, մինչդեռ Իրանի հարցը շարունակում է չլուծված մնալ։ Նրանք ձգտում են Միացյալ Նահանգներին ներքաշել Մերձավոր Արեւելքում հերթական անվերջ հակամարտության մեջ, այս անգամ ՆԱՏՕ-ի դաշնակցի դեմ, եւ այդ ամենը՝ Իսրայելի ռազմավարական շահերը սպասարկելու համար։ 

     

    Միացյալ Նահանգները պետք է թույլ չտա, որ իրեն ներքաշեն Թուրքիայի հետ առճակատման մեջ։ Քանի որ Իրանի պատերազմի ֆիասկոն դեռեւս ամբողջությամբ հաղթահարված չէ, իսկ Իրաքում, Աֆղանստանում եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրներում ձախողված միջամտությունների հիշողությունները դեռ թարմ են, Վաշինգտոնը պետք է Նեթանյահուի կառավարությանը հստակ հասկացնի, որ Իսրայելն ազատ է վարելու իր արտաքին քաղաքականությունը այնպես, ինչպես ինքն է նպատակահարմար գտնում, սակայն Միացյալ Նահանգները տարածաշրջանում որեւէ նոր ռազմական արկածախնդրության չի մասնակցի։

     

    Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի

     

    Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

     

     

  • Լոս Անջելեսի հայկական խնջույքների սրահներում քեֆերը երբեք չի դադարում

    Ներկայացնում ենք Los Angeles Times թերթի Inside L.A.’s Armenian banquet halls, where the caviar flows and the party never stops հոդվածի հայերեն թարգմանությունը:

     

    Անի Դուզդաբանյան

     

    Շաբաթ օրվա ժամը 18:00 է, եւ շքեղ մեքենաների շարասյունը՝ չորս ոստիկանական մոտոցիկլետների ուղեկցությամբ, կանգնում է Միշն Հիլզի «Landmark» սրահի առջեւ: Սա պաշտոնական դիվանագիտական պատվիրակություն չէ, այլ հայկական հարսանիք, որը ժամանում է խնջույքին Բըրբենքի Սուրբ Լեւոն տաճարում տեղի ունեցած արարողությունից հետո: Նորապսակները՝ Նելլի Նազարյանը եւ Սահակ Տեր-Սահակյանը, դանդաղ դուրս են գալիս սպիտակ «ռոլս-ռոյս»-ից եւ կարմիր գորգով մտնում դահլիճ՝ ջութակի կենդանի կատարման ուղեկցությամբ:

    Լուսանկարը` Armen Keleshian/Los Angeles Times

    Ներսում սեղաններին հազարավոր մոմեր են, բարձր ծաղկամաններում՝ սպիտակ վարդերի ծով, որը ձգվում է դեպի 7.5 մետրանոց առաստաղը՝ զարդարված մարգարիտներով եւ վիստերիայով: Չի քյուֆթայով (հում միս՝ խառնված բուլղուրի, անուշաբույր խոտաբույսերի եւ համեմունքների հետ) ափսեների կողքին այնքան խավիար կա, որ 450 հյուրերից ամեն մեկին գոլֆի գնդակի մեծության չափաբաժին կհասնի: Հետեւում երկու խոհարարներ պատրաստում են 70 սմ երկարությամբ խորոված. խոզի, տավարի, հավի եւ գառան մսով հարյուրավոր շամփուրները պարբերաբար հայտնվում են մանղալի ծխի միջից։

     

    – Ես միշտ մեծ հարսանիք եմ ցանկացել, – ասում է Նազարյանը: – Որպես հայ՝ կարեւոր է պահպանել ավանդույթները: Մենք ուզում էինք նաեւ մի քանի նոր բան անել, որպեսզի բոլոր սերունդների հյուրերը կարողանան վայելել։

     

    Այսպիսի խնջույքները Լոս Անջելեսի հայ-ամերիկյան մշակույթի մասն են, եւ նրանց հիմքը հայկական խնջույքների սրահն է, որը կառուցվել է համայնքի համար, որը գնահատում է մեծ տոնակատարությունները. հարյուրավոր հյուրեր, շքեղ ձեւավորում, հսկա պարահրապարակներ, հայտնի երգիչներ եւ դիջեյներ, անվերջ հոսող գինի եւ ուտելիքով լի սեղաններ։

    Լուսանկարը` Armen Keleshian/Los Angeles Times

    Վերջին 40 տարիների ընթացքում խնջույքների սրահները զարգացել են՝ արտացոլելով Լոս Անջելեսի բազմամշակութային բնույթը (տասնհինգամյակի տոնակատարություններ, բար միցվաներ, ոչ ալկոհոլային «սուրճի ռեյվեր») եւ ընդլայնել են հյուրընկալության, խոհարարական գաղափարների եւ հավաքույթների կոլեկտիվ պատկերացումը։

     

    – Խնջույքի սրահներում ամենակարեւոր փոփոխությունը ամենահեշտն է պատկերացնել, – ասում է Վրեժ Սարգսյանը՝ «Anoush Catering» եւ «L.A. Banquets» ընկերությունների գլխավոր գործադիր տնօրենը: – Դուք կարող եք տեսնել այն սեղանին: 

     

    Սնունդը գնալով ավելի ու ավելի առատ ու բազմազան է դառնում, որոշ նոր ավանդույթներ փոխարինել են հներին: Հարսանեկան տոներին սուշիի նավակները եւ ծովախեցգետնի սեւիչեով գդալները փոխարինում են թաբուլեն: Կեսգիշերին ավանդական պոմիդորով ձվածեղի փոխարեն օղին չարաշահած եւ սթափվել ցանկացող հյուրերի համար խնջույքի սրահի առջեւ շարվում են պիցցա, բուրգերներ եւ պաղպաղակ մատուցող բեռնատարները:

    Լուսանկարը` Armen Keleshian/Los Angeles Times

    Առաջին հայկական խնջույքի սրահները բացվել են Հոլիվուդում 1980-ականների վերջին եւ հետագայում տարածվել են Գլենդելում, Բըրբանքում, Հյուսիսային Հոլիվուդում, Փասադենայում եւ Լոս Անջելեսի այլ շրջաններում:

     

    Հիմնված համայնքի եւ տոկունության սկզբունքների վրա՝ Լոս Անջելեսի առաջին խնջույքի սրահները տեղեկատվական կենտրոններ դարձան ներգաղթյալների համար, որոնք հաղթահարում էին իրենց նոր տան մարտահրավերները: Խնջույքի սրահները այն վայրերն էին, որտեղ կարելի էր թողնել ծանրոցը, որպեսզի այն հետո հասնի օդանավակայան, որտեղ նորեկ հայերը կարող էին իմանալ կառավարական օգնության հնարավորությունների մասին: Թեեւ այս սրահների մեծ մասը առանձին բիզնեսներ են, մի քանիսը կապված են եկեղեցիների հետ, օրինակ՝ Սուրբ Գրիգոր Հայ կաթոլիկ եկեղեցուն կից «Ռեյմոնդ եւ Անի Քույումջյան սրահ»-ը կամ Սուրբ Լեւոն եկեղեցուն կից «Քալայջյան» խնջույքների սրահը եւ մշակութային կենտրոնը։

     

    Խնջույքների սրահները հաճախ ներգաղթյալներին ապահովում էին իրենց առաջին աշխատանքով։ Ոմանք իրենց հայրենի երկրներում գիտության եւ կրթության բնագավառներում աստիճաններ ունեին եւ զգայուն էին նոր իրականության նկատմամբ։ Սարգսյանը, որի ընտանիքը հիմնադրել է Լոս Անջելեսի առաջին խնջույքի սրահներից մեկը, հիշում է, որ իր հայրը ընկեր եւ խորհրդատու էր ուժեղ մշակութային ցնցում ապրած բազում ներգաղթյալների համար։ 

     

    – Ամեն ինչ նորից սկսելը շատ դժվար էր մարդկանց համար, եւ հայրս շատերին ուղղորդում էր, – պատմում է Սարգսյանը, – օգնում էր հիմնել բիզնեսներ, ընտանիք ստեղծել կամ կապ հաստատել ընտանիքների հետ, շարունակել կրթությունը եւ օգտվել բազմաթիվ ռեսուրսներից։ 

    Լուսանկարը` Armen Keleshian/Los Angeles Times

    Սարգսյանն ղեկավարում է «Anoush»-ը, որը սկզբում հայտնի էր որպես «Anoush Banquet Hall»։ Հիմնադրված իր հոր՝ Սեպուհ Սարգսյանի կողմից 1986 թվականին՝ այն նախկինում գտնվում էր Հոլիվուդի Սանսեթ եւ Հարվարդ փողոցների անկյունում։ Սկզբում Սեպուհը, նրա կինն ու երեք որդիները ներգրավված էին բիզնեսի բոլոր ոլորտներում՝ կահույքի տեղափոխումից մինչեւ աման լվանալն ու միջոցառումներին վերջին հիթերը նվագելը՝ որպես դիջեյներ։

     

    Հաջորդ երեք տասնամյակներին «Anoush»-ն ընդլայնեց իր գործունեությունը՝ բացելով խնջույքի սրահներ եւ սննդի մատակարարման բիզնես եւս յոթ վայրերում՝ Գլենդելում, Հյուսիսային Հոլիվուդում եւ Միշն Հիլզում։ Այժմ «Anoush Catering & L.A. Banquets»-ը ունի երկու սրահ՝ «Gleonaks Anoush» եւ «Landmark»։

    Լուսանկարը` Armen Keleshian/Los Angeles Times

    Ուտելիքը միշտ էլ եղել է հայկական տոնակատարությունների կենտրոնում. որպես հայրենիքից հեռու գոյատեւող փոքրամասնություն՝ այն վշտի պահերին հոգատարություն ցուցաբերելու ձեւ է, կիսվելու եւ խնջույքի բարձրագույն դրսեւորում։

     

    Առատ ուտելիքով, ուրախ բաժակաճառերով համեմված եւ խնջույքի հանդեպ անկեղծ սիրով լի սեղանները սիրեցին նաեւ ոչ հայ հաճախորդները։ Ձգողականությունը ոչ միայն ուտեստների բազմազանությունն է, այլեւ յուրահատուկ մթնոլորտը. հյուրերը ամբողջ գիշեր պարում են կենդանի կատարումների ներքո՝ երբեմն ընդմիջում անելով թարմ մատուցված խորովածի համար, երեխաները քնում են աթոռների վրա՝ անտարբեր երաժշտության եւ միասին երգելու նկատմամբ, տատիկներն ու տարեց հորեղբայրները սեւ սուրճի բաժակների շուրջ քննարկում են իրենց ընտանիքներում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։

    Լուսանկարը` Armen Keleshian/Los Angeles Times

    Գլենդելի «Vertigo Event Venue»-ում 250 հյուրերով հարսանիքի դեպքում խոհանոցի առնվազն չորս անդամ աշխատում է 70-80 ժամ՝ միջոցառումը նախապատրաստելու եւ իրականացնելու համար։

     

    Սնունդը սովորաբար մատուցվում է ընտանեկան ոճով՝ մինչեւ 20 սառը եւ տաք նախուտեստներ՝ սոուսներ, աղցաններ, շերտավոր խմորից բորեքներ, պանիրներ եւ ապխտած մսեր։ Դրանց հաջորդում են երկու-երեք հիմնական ուտեստները, ինչպիսիք են խորոված ձուկը կարտոֆիլով, հավը փլավով եւ, իհարկե, ավանդական խորովածը։ 1970-ականների վերջին Հայաստանի հայտնի ռեստորանների խոհարարները մեկնեցին միջազգային խոհարարական ցուցահանդեսների Ֆրանսիայում, Հունաստանում եւ որոշ արաբական երկրներում եւ սովորեցին նորարարական մեթոդներ։ Մինչ այդ նրանց ճաշացանկերն արդեն հարստացել էին համերով ու համեմունքներով, որոնք շատերը բերել էին Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից եւ ԱՄՆ-ից՝ 1940-ականներին խորհրդային կազմակերպված հայրենադարձության ժամանակ։ 

     

    – Այսպես ստեղծվեց մի հոգեհարազատ ճաշացանկ, որը բաղկացած էր այս սիրելի ուտեստներից, որոնք մենք բոլորս պատրաստում էինք, – ասում է «Vertigo»-ի համասեփականատեր Մայքլ Քեշիշյանը: – Եվ երբ եկանք Միացյալ Նահանգներ, այն մեզ հետ տարանք: Այս ուտեստների հունական, ռուսական, հայկական, կիսալիբանանյան խառնուրդները հայտնվեցին մեր սեղանին, այդ թվում՝ հունական պանիրները, ձիթապտուղները, ռուսական սմբուկի եւ բազուկի աղցանները եւ մի քանի պարսկական ուտեստներ: Մենք պատրաստեցինք մեր 20 սիրելի նախուտեստներից լավագույնները եւ պահպանեցինք մեր խորովածը: Սա դարձավ հայկական ճաշկերույթ:

     

    Հայ բնակչության աճող պահանջարկը սննդի եւ դիզայնի ժամանակակից միտումների նկատմամբ, ինչպես նաեւ Լոս Անջելեսի այլ համայնքների հետաքրքրությունը, հնարավորություն բացեց ոչ ավանդական գաղափարների համար, օրինակ՝ կոկտեյլ ընդունելությունները, մտերմիկ երեկույթներ, տոնակատարություններ այգում՝ տարբեր տեսակի կենդանի զվարճանքներով, նորաձեւության ցուցադրություններ, համերգներ ու սեմինարներ:

     

    – Տարիներն ապացուցեցին, որ այս հայեցակարգն արդյունավետ է մեր համայնքի համար, – ասում է Սարգսյանը: – Այս միջոցառումները միավորում են բոլորին: Մենք դա շատ լավ ենք կազմակերպում եւ նաեւ միտում ենք ստեղծում մյուս համայնքների համար:

     

    Այս ամենի հիմքի վրա Քեշիշյանը 2014 թվականին չորս այլ ներդրողների հետ միասին գործարկեց «Vertigo»-ն։ 

    Լուսանկարը` Armen Keleshian/Los Angeles Times

    Թեեւ խնջույքների սրահների խոհարարները ընտանեկան ոճի հիմնական ճաշացանկին ավելացրել են մի քանի նոր ուտեստներ, օրինակ՝ չինական հավի աղցան կամ սնկով քիշ, նրանք հավատարիմ են մնացել խորոված մսի, հավի քյաբաբի, գազարի եւ օլիվյե աղցանների, բրնձով փլավի կամ բուլղուրի ավանդական համադրությանը:

     

    – Ես համարում էի, որ ճաշացանկը անցյալ դարաշրջանից է, եւ դրանից պետք է ազատվել: Վերցրեցի բոլոր դասական ուտեստները, գրեթե բոլոր գոյություն ունեցող խնջույքների սրահների ամբողջ ճաշացանկը եւ ստեղծեցի իմ տարբերակը՝ հայկական խնջույքների սրահների ֆյուժն ճաշացանկ, – ասում է Քեշիշյանը:

     

    «Vertigo»-ի խոհանոցում հայտնի բազուկով աղցանը (մայոնեզ, ընկույզ, նուռ եւ սխտոր) դարձավ խորանարդիկներով կտրտած խորոված բազուկի աղցան. այծի պանիր ու ելակ, զարդարված անանուխով ու խտացված բալզամիկ սոուսով, թուզ եւ շաքարապատ ընկույզ՝ խնկունիով ու դարչինով: 

    Լուսանկարը` Armen Keleshian/Los Angeles Times

    Երբ Ռոբերտ Շահնազարյանը, նրա կինը՝ Մեգին, եւ աներորդին՝ Սարգիս Խաչիկյանը, 2010 թվականին Փասադենայի կենսուրախ Paseo առեւտրի կենտրոնում հիմնադրեցին «Noor Events»-ը, նրանք ուտեստների մեջ ներառեցին նաեւ ֆյուժն ուտեստներ, ինչպիսիք են բաո բուլկիները եւ չար սիուն (չինական խորոված խոզի միս)՝ տեղի ասիական բնակչությանը բավարարելու համար: Շահնազարյանը ավելացրեց նաեւ հոր սիրելի պարսկական ուտեստներից մի քանիսը, այդ թվում՝ ղորմե սաբզին եւ խորեշ ղեյմեհը: 

     

    Շահնազարյանը աշխատել է Sony Music-ում որպես պրոդյուսեր՝ Թեյլոր Սվիֆթի, Քելլի Քլարքսոնի, Ջոն Լեջենդի եւ այլոց հետ: Երբ ինքն եւ Մեգին ամուսնացան 30 տարի առաջ, չկարողացան գտնել մի տեղ, որը կբավարարեր իրենց բոլոր սպասելիքները, եւ ի վերջո իրենց հարսանիքը տոնեցին Մալիբուի մի ռանչոյում: Ամեն ինչ՝ սկսած կահույքից, շարժական խոհանոցից, ավտոկայանատեղիի սպասարկումից եւ սննդից, դրսից էր բերվել: «Noor Events»-ը դարձավ Ռոբերտի գործադիր բիզնես պլանը Փեփերդայն համալսարանում, որտեղ նա աշխատում էր MBA աստիճանի վրա:

     

    – Որոշեցինք ստեղծել այս վայրը՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ բացակայում էր այլուր, – ասում է Շահնազարյանը: – Խնջույքի սրահները հիանալի են, երբ նրանք ծանոթ են մեր մշակույթին եւ ուտելիքին։ 

     

    Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

     

    Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

  • 7 հազար էջ դեպի ապագա. ԳԱԹ-ում կփորձեն վերարտադրել Կոմիտասի միտքը

    Գրականության եւ արվեստի թանգարանի (ԳԱԹ) ֆոնդում պահվող Կոմիտասի ձեռագրերը սովորական փաստաթղթեր չեն։ Դրանք թղթի վրա մնացած երաժշտություն են, մտքեր, նամակներ, կիսատ նշումներ, երբեմն՝ միայն մի քանի տող։ 

     

    Թանգարանի աշխատակիցները նման նյութերի հետ աշխատում են առանձնահատուկ զգուշությամբ։ Յուրաքանչյուր բացված թղթապանակ ու շրջված էջ հիշեցնում են, որ մշակութային ժառանգությունը միայն պահպանելու, այլեւ չվնասելու պատասխանատվություն է։ Այդտեղ էլ սկսվում է ժամանակակից թանգարանների գլխավոր հակասություններից մեկը. ինչպես ապահովել արխիվների հասանելիությունը՝ առանց վտանգելու դրանց ֆիզիկական գոյությունը։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այս հարցին պատասխան գտնելու հերթական փորձն է Գրականության եւ արվեստի թանգարանի նոր նախաձեռնությունը՝ Կոմիտասի արխիվի լայնածավալ թվայնացումը։ 

     

    Յոթ հազար միավորից բաղկացած աշխարհ

     

    Կոմիտասի ամբողջական արխիվը շուրջ մեկ դար է պահպանվում ԳԱԹ-ում։ Այն Հայաստան է հասել 1930-ականներին՝ Արշակ Չոպանյանի եւ Կոմիտասի մտերիմ բարեկամների ջանքերով։ Այդ ժամանակ հավաքված եւ փրկված նյութերն այսօր շուրջ 7000 միավոր են՝ ձեռագրեր, նամակներ, երաժշտական գրառումներ, հոդվածներ, անձնական փաստաթղթեր եւ բազմաթիվ այլ վկայություններ։

     

    Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանի խոսքով՝ Կոմիտասի արխիվը բացառիկ է ոչ միայն ծավալով, այլեւ ամբողջականությամբ։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Այստեղ պահպանվում է այն ամենն, ինչ դուրս է եկել Կոմիտասի մտքից ու ձեռքից։ Կոմիտասը միայն կոմպոզիտոր չէր։ Նա ազգագրագետ էր, երաժշտագետ, հետազոտող, մտածող, որի գործունեությունը ձեւավորել է հայկական երաժշտագիտության հիմքերը։ Նրա արխիվը պատմում է ոչ միայն մեկ մարդու, այլեւ մի ամբողջ մշակույթի ինքնաճանաչման մասին», – ասում է Սյուզաննա Խոջամիրյանը։

     

    Յուրաքանչյուր բացված էջի գինը

     

    Կոմիտասի արխիվի թվայնացումը թանգարանում չեն դիտարկում որպես պարզապես տեխնիկական արդիականացում։ 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Գրականության եւ արվեստի թանգարանում պահվում են միլիոնավոր արխիվային փաստաթղթեր։ Տարեկան հազարավոր հետազոտողներ աշխատում են մեր ֆոնդերում, օգտվում նյութերից գիտական հոդվածների, գրքերի, ակադեմիական հետազոտությունների համար։ Այդ պայմաններում ֆոնդերի թվայնացումը մեզ համար արդեն առաջնահերթ խնդիր էր դարձել», – ասում է Սյուզաննա Խոջամիրյանը։

     

    Թվում է՝ հետազոտողին թվային պատճեն տրամադրելը պետք է լուծեր պահպանության խնդիրը։ Սակայն թանգարանում նկատել են, որ վտանգը միայն բնօրինակի հետ աշխատելը չէ։

     

    «Երբ հետազոտողն աշխատում է բնագրի հետ, փաստաթուղթը դուրս է բերվում ֆոնդից, ֆիզիկաքիմիական քայքայման վտանգ է առաջանում։ Բայց սքանավորումն էլ լիովին անվտանգ չէ։ Սքանավորման սարքերը բավական ուժեղ լուսային հոսք ունեն, որն ազդում է թանաքի վրա։ Այսօր գուցե դա տեսանելի չէ, բայց հինգ կամ տասը տարի հետո կարող են կոռոզիոն գործընթացներ սկսվել», – պատմում է թանգարանի տնօրենը։

     

    Նոր սարքավորումների ձեռքբերումը այս խնդրի լուծման փորձն է։ Դրանք նախատեսված են բացառապես արխիվային նյութերի համար եւ հնարավորություն են տալիս թվայնացնել նույնիսկ ամենափխրուն փաստաթղթերը՝ առանց դրանց ֆիզիկական վիճակի վրա ազդելու։

     

    Հնարավո՞ր է վերարտադրել Կոմիտասի մտածողությունը

     

    Թվայնացման ծրագրի գաղափարը ձեւավորվել է հայազգի բարերար Մարկ Չենյանի հետ համագործակցության արդյունքում։ 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Նա պատրաստակամություն հայտնեց ֆինանսավորել արխիվի թվայնացման գործընթացը եւ թանգարանին նվիրաբերեց նորագույն սարքավորումները։ Բայց իր նպատակը միայն թվային շտեմարան ստեղծելը չէ։ Նրա երազանքն է ստեղծել այնպիսի գործիք, որը կկարողանա աշխատել Կոմիտասի մտավոր ժառանգության հիման վրա», – ասում է Սյուզաննա Խոջամիրյանը։

     

    Գաղափարը բավական անսովոր է. համակարգը պետք է աշխատի Կոմիտասի թողած նյութերի հիման վրա՝ նրա ձեռագրերով, նամակներով, հոդվածներով, երաժշտական եւ փիլիսոփայական մտքերով։ Այսինքն՝ ոչ թե համացանցից հավաքված տեղեկատվության, այլ մեկ մարդու ամբողջական ժառանգության վրա հիմնված մոդելով։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Մենք չենք ցանկանում, որ համակարգը պարզապես վերարտադրի ուրիշների մեկնաբանությունները Կոմիտասի մասին։ Գաղափարն այն է, որ կարողանանք վերարտադրել Կոմիտասի մտածողությունը», – ասում է Սյուզաննա Խոջամիրյանը։

     

    Նպատակը միաժամանակ գրավիչ եւ վիճելի է թվում։ Հնարավո՞ր է արդյոք Կոմիտասի հազարավոր էջերից ստեղծել այնպիսի համակարգ, որի հետ զրուցելիս մարդը կստանա ոչ թե ընդհանուր տեղեկություններ, այլ պատասխաններ, որոնք բխում են հենց Կոմիտասի աշխարհայացքից։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այս հարցերն այսօր պատասխան չունեն։ Ծրագրի հեղինակներն էլ ընդունում են, որ խոսքը երկարատեւ եւ բարդ աշխատանքի մասին է։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Հնարավոր է, մի քանի տարի անց հետազոտողը կարողանա ոչ միայն բացել Կոմիտասի ձեռագրի թվային պատճենը, այլեւ հարց ուղղել համակարգին, որը ձեւավորվել է այդ ձեռագրերի հիման վրա։

     

    Նախագիծը փորձ է պահպանելու այն, ինչ ժամանակը մշտապես փորձում է խլել։ Փորձ է ապահովելու, որ հարյուր տարի առաջ գրված նամակը շարունակի խոսել նաեւ հարյուր տարի հետո։

     

    Արխիվի հասցեն

     

    Կոմիտասի արխիվի թվայնացման մասին խոսակցությանը զուգահեռ շրջանառվում է մեկ այլ հարց՝ ինչո՞ւ է Կոմիտասի արխիվը պահվում ԳԱԹ-ում, այլ ոչ թե Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Սյուզաննա Խոջամիրյանը հիշեցնում է.

     

    «Կոմիտասի արխիվի առաջին մուտքը Գրականության եւ արվեստի թանգարան եղել է 1933 թվականին։ Արշակ Չոպանյանի եւ Մարգարիտ Բաբայանի ջանքերով այն տեղափոխվել է Հայաստան եւ հանձնվել հենց մեր թանգարանին»։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Նրա խոսքով՝ թանգարանը պարտավոր է հարգել ժառանգությունը հանձնած մարդկանց կամքը։ Բացի այդ, արխիվի տեղափոխումը պարզապես լոգիստիկ խնդիր չէ։ Խոսքը հազարավոր արժեքավոր փաստաթղթերի մասին է, որոնց պահպանությունը պահանջում է հատուկ պահոցներ, վերահսկվող միջավայր եւ մասնագիտական ենթակառուցվածք։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այսօր Գրականության եւ արվեստի թանգարանն ու Կոմիտասի թանգարան-ինստիտուտը համագործակցում են. նյութերը տրամադրվում են ցուցադրությունների եւ հետազոտությունների համար։ 

     

    Աստղիկ Հովհաննեսով

     

    Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

  • Մեկ կաթիլ հայկականություն. Ժուստինայի հետազոտության հետագիծը Պոլսից Պլովդիվ

    Երբ անտարբեր չես մնում տիեզերական նշանների նկատմամբ, հին ծխախոտի տուփն անգամ կարող է դառնալ հետաքրքիր ճամփորդության սկիզբ դեպի դարերի ժառանգություն. հենց այսպիսին էր մարդաբան, Լյուբլանայի համալսարանի դասախոս Ժուստինա Սելվելլիի հետազոտական ու նաև ինքնաճանաչման ուղին: 

     

    Նրա հետազոտական գործունեության մեջ առանձնահատուկ նշանակություն ունի «Լեզվական վերաբերմունքը, հավաքական հիշողությունն ու (տրանս)ազգային ինքնության ձևավորումը Բուլղարիայի հայկական համայնքում» անգլալեզու մենագրությունը, որը ներկայացնում է, թե ինչպես են լեզուն, եկեղեցիները, մշակութային կոթողները, ընտանեկան պատմություններն ու առօրյա կյանքը միահյուսում մեկ միասնական առաքելություն՝ հայրենիքից հեռու սերնդեսերունդ պահպանելու հայկական ինքնությունը:

     

    Մեդիամաքսը զրուցել է Ժուստինա Սելվելլիի հետ Պլովդիվի հայկական համայնքի ուսւոմնասիրության, այն ամփոփող մենագրության, ինչպես նաև նրա սեփական հայկականության բացահայտման ճանապարհի մասին: 

     

    Կոստանդնուպոլսի գենետիկ գաղտնիքը

     

    Մարդաբան, սոցիոլեզվաբան Ժուստինա Սելվելլիի աշխատանքների վրա մեծ ազդեցություն ունեն ինքնության, հիշողության, լեզվի և պատկանելիության հարցերը: Նրա այս հետաքրքրություններն ամենևին էլ պատահական չեն: Փոքր համայնքների, մշակութային խաչմերուկների, համատեղ գոյակցության հարցերը նրան ուղեկցել են մանկուց, սակայն էլ ավելի խոր արմատներ ունեն նրա էպիգենետիկ հիշողությունում: Ժուստինայի համար հետազոտական աշխատանքը ոչ միայն մարդաբանական հարցերի պատասխանների փնտրտուք է, այլև ճանապարհ դեպի իր ներսը՝ բացահայտելու սեփական ժառանգության գաղտնիքները: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Թեև Ժուստինան մեծացել է Իտալիայում, սակայն պարզապես իտալուհի չէ: Նրա մայրական կողմը Մեքսիկայից է, իսկ հայրական կողմի լևանտական արմատները տարբեր մշակութային խաչմերուկների բազմություն են, որոնց հատման կետը եղել է Կոստանդնուպոլիսը: Ժուստինայի նախնիներն իտալական թերակղզուց այդտեղ են գաղթել դեռևս 1850-ականներին, որտեղ ընտանեկան ԴՆԹ-ին միահյուսվել են խորվաթական, հունական, նաև հայկական արմատներ: 

     

    «Ես երբեք չեմ հանդիպել Պոլսում ծնված պապիս, բայց, լսելով ընտանեկան որոշ պատմություններ, պարզեցի, որ նրա մայրը մայրական կողմով հայ էր: Ցավոք, նա պապիկիս լույս աշխարհ բերելուց ընդամենը մի քանի ամիս անց մահացել է թոքախտից՝ 21 տարեկան հասակում: Դա 1917 թվականին էր, ու թեև մանրամասն տեղեկություններ չունենք, բայց կարող ենք ասել, որ նրա մահն ընտանեկան ողբերգություն էր Հայոց ցեղասպանության առավել մեծ՝ ազգային ողբերգության մեջ, որը գուցե ինչ-որ կերպ սերնդեսերունդ փոխանցվել է նաև ինձ։ Իմ շատ հարազատներ, այդ թվում՝ մայրս, ովքեր տեսել էին նախատատիս լուսանկարները, անընդհատ ասում էին, որ ես նման եմ նրան։ Սա յուրատեսակ սկիզբն էր խորհրդավոր թվացող ճամփորդության, որը, միևնույն ժամանակ, ճակատագիր էր ինձ համար՝ ասես ես պետք է բացահայտեի իմ ներսում եղած այդ փոքրիկ արահետը»,- ասում է Ժուստինան:

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Նրա պապիկը Կոստանդնուպոլսից նորից Իտալիա է եկել՝ հաստատվելով Սլովենիայի սահմանին գտնվող իտալական Գորիցիա քաղաքում, որտեղ էլ մի նոր մշակութային խաչմերուկում մեծացել է Ժուստինան: 

     

    Առերեսում հայերեն գրի հետ

     

    Հայկականության հետ առաջին ծանոթությունը Ժուստինայի կյանքում Արամ Խաչատրյանի երաժշտությունն էր, որը նա նվագում էր դաշնամուրի վրա: Լսում էր նաև SOAD, որի երգերից էլ սկսել է ճանաչել Հայոց ցեղասպանության պատմությանը: Լեզվաբանական հետաքրքրությունների բերումով՝ սովորել էր նաև հայոց այբուբենը, սակայն դեպի հայկական համայնք տանող ուղիղ ճանապարհը սկսվել էր մի փոքր ավելի ուշ՝ սրանից 19 տարի առաջ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի ծխախոտի տուփի վրա տպված փոքրատառ հայերեն գրի հետ անսպասելի առերեսումից:

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Մի անգամ հայրիկիս ընկերն իմանալով, որ ես տարբեր լեզուներ եմ ուսումնասիրում, ինձ ցույց տվեց Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի ծխախոտի փաթեթավորման այս թուղթը»,- ասում է Ժուստինան՝ ցույց տալով ստվարաթղթի թուրքերեն տեքստը՝ տառադարձված Օսմանյան կայսրության տիրապետության ներքո ապրող տարբեր ազգերի տառերով, այդ թվում՝ հայատառ:

     

    «Սկզբում չճանաչեցի հայերեն գիրը, քանի որ փոքրատառերով էր գրված: Մտածեցի՝ այս նշանները, այս տառերի ձևն այնքան գեղեցիկ է: Որոշ ժամանակ անց ես և եղբայրս հասկացանք, որ դրանք հայերեն տառեր են, և ես դա ընդունեցի որպես նշան իմ ապագա ակադեմիական ուղու համար: Այդ տպավորության պատճառով, որն անկասկած շատ իռացիոնալ էր, ցանկացա հետևել այդ տառերին ու տեսնել՝ ուր կտանեն ինձ: Այդ ճամփորդության համար երբեք չեմ զղջացել»,-պատմում է Ժուստինան: 

     

    Դեպի Պլովդիվ

     

    Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանում ուսանելիս՝ Ժուստինան մասնագիտացել է նաև հայագիտության ասպարեզում՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պողոս Լևոն Զեքիյանի ղեկավարությամբ: «Էրազմուս» ծրագրով Բուլղարիա մեկնելու և Պլովդիվի համալսարանում ուսանելու հնարավորություն կար, որը Ժուստինան բաց չթողեց, քանի որ դա նաև հիանալի առիթ էր ուսումնասիրելու Պլովդիվի հայկական համայնքը, որը նրա մագիստրոսական թեզի թեման էր:  

    Լուսանկարը` Մեդիամաքս

    2010 թվականին մեկնելով Պլովդիվ՝ Ժուստինան փորձում էր գտնել իր համար մի կարևոր հարցի պատասխան.

     

    «Ես այնքան հմայված էի հայերեն այբուբենով, որ ուզում էի անպայման հասկանալ՝ արդյոք այս յուրահատուկ տառերը նաև խորհրդանշական որևէ արժեք ունեն Պլովդիվի հայ համայնքի համար․ համայնք, որի բնակիչները անքակտելի կապ էին զգում այն հայրենիքի հետ, որը երբեք չէին տեսել»,- ասում է Ժուստինան՝ նշելով, որ դա իր համար զարմանալի բացահայտումներից մեկն էր. ինչպես է հնարավոր այդքան ուժեղ հուզական կապ ունենալ մի ժառանգության ու մի հայրենիքի հետ, որն ասես երևակայական է, որովհետև այն երբեք չեն տեսել. 

     

    «Պատկանելիության այս ձևն ինձ համար շատ հուզիչ էր»:

     

    Մեկ կաթիլը բավարար է

     

    Հայկական համայնքը Ժուստինային գրկաբաց է ընդունել՝ դարձնելով մեծ ընտանիքի մի մասը: Թեև սկզբում մարդիկ դժվարությամբ էին հասկանում նրա մասնագիտական հետաքրքրությունը համայնքային կյանքի նկատմամբ, բայց երբ լսում էին, որ հայկական մասնիկ կա նրա գեներում, միանգամից ամեն ինչ հասկանալի էր դառնում:  

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Նրանք ինձ ասում էին՝ մեկ կաթիլն էլ բավարար է, որ հայ լինես: Ես պաշտում եմ այդ գաղափարը, որովհետև դա աշխարհի շատ երկրներում առկա՝ զտարյունության հանդեպ մոլուցքի ճիշտ հակառակն է։ Զտարյունության մոլուցքը շատ երկրներում է հանդիպում, մինչդեռ հայկական սփյուռքն այնքան բաց է ընդունելու ինքնության բազմաթիվ շերտեր»,- ասում է նա և հիշում, որ երբեմն զրույցների ընթացքում իր ինքնության բարդ շերտավորումը ակամայից պարզեցվում էր, և Ժուստինան համայնքի անդամների համար դառնում էր պարզապես կիսով հայ: Նա դա ջերմությամբ է հիշում: 

     

    «Պլովդիվի հայկական համայնքում լինելն ինձ համար ճամփորդություն էր ոչ միայն դեպի հայկական սփյուռքի աշխարհ, այլև դեպի ինքնության իմ սեփական ընկալում և հայկականության այս փոքրիկ ժառանգությունը կրելու ուրույն ուղի, որն այնքան արգասաբեր էր իմ կյանքի համար և մինչ օրս ինձ տանում է անսպասելի ուղղություններով»,- ասում է Ժուստինան: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Իսկ հայկական տառերի խորհրդանշական իմաստը համայնքի անդամների կյանքում շատ փնտրելու կարիք չեղավ: Երբ Ժուստինային հայերն իրենց տներ էին հրավիրում, նա միշտ նկատում էր մեսրոպատառ գրով տարբեր կենցաղային իրեր՝ բաժակներ, գորգեր, ափսեներ: Ավելի ուշ նա նմանատիպ մի խորհրդանիշ էլ իր համար գտավ. Ստամբուլ կատարած այցի ժամանակ, որտեղ մեկնել էր հանդիպելու իրենց լևանտական արմատներն ուսումնասիրող եղբորը, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքարանի հարևանությամբ վաճառվող մի կախազարդ տեսավ՝ հայերեն այբուբենի փորագրությամբ: Այս կախազարդը մինչ օրս նրա համար մեծ նշանակություն ունի, որը կրում է նաև որպես տիեզերքից իրեն ուղարկված նվեր: 

     

    Պլովդիվի հայկական համայնքի պատմությունը

     

    Իր մենագրությունում Ժուստինան ներկայացրել է նաև Բուլղարիայում հայկական համայնքի ձևավորման պատմությունը, որը սկսվում է դեռևս 5-րդ դարից:

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Ինչպես մանրամասն ներկայացված է գրքում՝ հայերը վճռորոշ դեր են խաղացել բուլղարացիների ազատագրական պայքարում՝ մասնակցելով Թրակիայի և Մակեդոնիայի շրջանները բյուզանդական տիրապետությունից ազատագրելու և Բուլղարական կայսրությանը միացնելու մարտերին: 12-րդ և 13-րդ դարերում հայկական մեծ գաղութներ կային ոչ միայն Պլովդիվում, Սոֆիայում և Տիռնովոյում, այլև բուլղարա-մակեդոնական տարածքի շատ այլ քաղաքներում։

     

    Բուլղարիայում հայերի բնակեցման հաջորդ խոշոր փուլը եղել է 1453 թվականին Կոստանդնուպոլսի անկումից հետո ընկած ժամանակահատվածը: Ուշ միջնադարի մեծագույն հայ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին իր կյանքի մի մասն անցկացրել է Պլովդիվում:

     

    1870-ականներին հայերն ակտիվորեն մասնակցել են Բուլղարիայի՝ օսմանյան տիրապետությունից ազատագրման պայքարին: 1878 թ. Բեռլինի պայմանագրից հետո ստեղծված անկախ բուլղարական պետության նոր սահմանադրությամբ երկրում ապրող հայերը ստացան մշտական քաղաքացիություն, հավասար իրավունքներ և պարտականություններ:

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Հատկանշական է նաև երկրում հայ տպագրիչների դերը. հրատարակչական գործունեությունը գրեթե ամբողջությամբ հայերի ձեռքում էր, ինչն ամենևին էլ զարմանալի չէ, քանի որ Օսմանյան կայսրությունում հայերն ունեցել են տպագրական գործունեության երկար պատմություն՝ սկսած 16-րդ դարի երկրորդ կեսից:

     

    Ժուստինայի գրքում տեղ է գտնել նաև մի հատկանշական մեջբերում 1890 թվականին «Պլովդիվ» թերթի համարից, որը գրում էր. 

     

    «Թեև տարբեր ժամանակներում բազմաթիվ նվաճողներ զավթել են Հայաստանը և ավերել այն, փորձել են բնաջնջել հայ ազգը, այն ավելի քան 4000 տարի դիմակայել է փորձություններին, հաղթահարել տառապանքն ու հալածանքները, գոյատևում է մինչ օրս, վառ է պահում իր ազգային դիմագիծը և այսօր էլ ցույց է տալիս քաղաքական վերածննդի նշաններ, մինչդեռ շատ հարևան, անհամեմատ ավելի ուժեղ երկրներ անհետացել են երկրագնդի երեսից»:

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Հայերը Բուլղարիայում ապաստան են գտել նաև 1894-1896 թվականների Համիդյան ջարդերի ժամանակ, ինչպես նաև 1914-1923 թվականների Հայոց ցեղասպանության շրջանում: 

     

    Այբուբենը և հայկական դպրոցի առաքելությունը

     

    Չնայած հայոց տառերի հանդեպ հուզական կապվածությանը՝ ի զարմանս Ժուստինայի, համայնքում ոչ բոլորն էին վարժ հայերեն խոսում: Ըստ հետազոտողի՝ խնդիրն այն է, որ թեև հայկական դպրոցը հիանալի աշխատանք է կատարում հայերենի դասավանդման հարցում, կրթությունն այդտեղ 8-ամյա է, իսկ շրջանավարտները հայկական կրթությունը շարունակելու հնարավորություն Պլովդիվում չունեն: 

     

    «Ես երեխաների հետ մասնակցում էի Թութունջյան վարժարանի հայոց լեզվի դասերին և հիացած էի ուսուցչուհու աշխատանքով: Զգում էի, որ նա առաքելության բարձր գիտակցում ուներ՝ փոխանցելու ոչ միայն բուն լեզուն, այլև հայկական արժեքային համակարգն ու պատմությունը: Նա այնքան հպարտ էր հայոց պատմությամբ, և ես տեսնում էի, թե ինչպես էր այդ ոգևորությամբ վարակում երեխաներին. իմ աչքի առաջ երեխաներն ավելի ու ավելի էին կապվում հայկական խորհրդանիշներին»,- հիշում է Ժուստինան: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Թութունջյան վարժարանը հիմնվել է 1834 թվականին: Ժուստինան իր գրքում մի հետաքրքիր փաստ է նշում. Պլովիդվում ապաստանող հայ փախստականներից քչերն էին հայերենին տիրապետում, նրանց հիմնական լեզուն թուրքերենն էր, սակայն գիտեին հայերեն գիրը: Այս հետագծի ուսումնասիրությունը յուրովի է բացահայտում հայոց տառերի հանդեպ հուզական ուժեղ կապի խորհուրդը:

     

    Երբ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայ փախստականները թուրքական ջարդերից ապաստան գտան Պլովդիվում՝ միանալով այնտեղ վաղուց հաստատված հայկական համայնքին, նրանց երեխաները սկսեցին հայկական դպրոց հաճախել, ծնողները ևս ձգում էին զավակների հետ հայերեն սովորել: Շուտով տներում նորից հայերենն էր հնչում, սակայն իրավիճակը փոխվեց 1976 թվականին, երբ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի որոշմամբ փակվեց նաև Թութունջյան վարժարանը: Այն վերաբացվեց 1989-ից հետո՝ շարունակելով հայկականության պահպանության իր առաքելությունը: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Ըստ հետազոտողի՝ այսօր էլ հայոց լեզուն Պլովդիվի հայ համայնքի կյանքում չունի գործնական լայն կիրառություն, սակայն տեղի էլիտան շարունակում է պահպանել դրա խորհրդանշական դերը՝ դնելով լեզուն և այբուբենը արմատների հետ կապի առանցքում:

     

    Գիրք՝ ի երախտագիտություն համայնքին

     

    Հայկական համայնքի հետազոտությունը Ժուստինայի մագիստրոսական թեզի պաշտպանությամբ ոչ թե ավարտվեց, այլ նոր սկիզբ առավ: Տարիների ընթացքում նա պահպանել է համայնքի հետ կապը, հետազոտական նպատակներով եղել է նաև Հայաստանի Հանրապետությունում և հրապարակել մի շարք գիտական հոդվածներ: 

     

    «Հոդվածներիցս մեկը վերաբերում էր Պլովդիվի հայկական դպրոցի տնօրեն Սուրեն Վեցիկյանի Ցեղասպանության մասին հուշագրությանը: Քանի որ Պլովդիվի հայերն ինձ համար նոր հետազոտությունների ու ոգեշնչման աղբյուր էին դառնում, որոշեցի որ ամբողջ հետազոտական նյութը պետք է ամփոփեմ մեկ գրքում՝ դրանով նաև հատնելու իմ երախտագիտությունը համայնքին»,-ասում է Ժուստինան: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Որոշակի հավելյալ աշխատանքից և խմբագրումներից հետո՝ 2024 թվականին հրատարակվել է Պլովդիվի հայկական համայնքի մասին պատմող մենագրությունը՝ «Լեզվական վերաբերմունքը, հավաքական հիշողությունն ու (տրանս)ազգային ինքնության ձևավորումը Բուլղարիայի հայկական համայնքում», որի նախաբանը գրել է պրոֆեսոր Պողոս Լևոն Զեքիյանը: Գիրքը հրատարակվել է «Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ, ինչը հնարավոր է դարձրել գրքի ազատ հասանելիությունն առցանց տարբերակով: 

     

    Այս տարվա մայիսին Ժուստինան գիրքը ներկայացրել է Երևանում՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության և Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան կազմակերպած հանդիպման շրջանակում, որի մոդերատորը Պլովդիվի հայ համայնքի ներկայացուցիչ, բուլղարահայ Նորա Ռադոսլավովան էր: 

     

    Ժուստինա Սելվելլին ներկայումս շարունակում է հետազոտել Եվրոպայի փոքրամասնությունների տարբեր համայնքների պատմությունն ու կենսակերպը: 

     

    «Դժբախտաբար, ներկայումս մենք Եվրոպայում կորցնում ենք մշակութային բազմազանությունը: Կարծում եմ՝ դա պայմանավորված է նրանով, որ մենք այժմ սովորել ենք ազգային պետության գաղափարին՝ մեկ երկիր, մեկ լեզու, մեկ կրոն, մեկ ինքնություն: Սա աղքատացնում է մեզ»,- ասում է հետազոտողը: 

     

    Չնայած այս մտահոգություններին՝ Պլովդիվի հայկական համայնքի ապագայի հարցում Ժուստինան ցանկանում է լավատես մնալ: 

     

    Տեքստը և լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

  • 8 ֆիլմ, որոնք չպետք է բաց թողնել «Ոսկե ծիրան 2026»-ում

    Պատերազմից հետո մնացած լռություն, տուն փնտրող մարդիկ, հայրերի ու որդիների չասված խոսակցություններ․ «Ոսկե ծիրան-2026»-ի ֆիլմերը միավորում է մեկ ընդհանուր թեմա՝ ինչպե՞ս շարունակել ապրել, երբ աշխարհն արդեն փոխվել է։ 

     

    Մեդիամաքսն առանձնացրել է 8 ֆիլմ, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է իր ճանապարհորդությունը՝ դեպի սեփական անցյալը, ցավը կամ դեռ չապրած կյանքը։

     

    1. Հեռավոր կրակ․ Մառլեն Էդոյան

     

    Վրաստանի հարավում՝ Հայաստանի սահմանին մոտ գտնվող Գանձան գյուղում երեք դեռահաս փորձում են պատկերացնել իրենց ապագան։ Անհանգիստ ու հավակնոտ Հենրիխը երազում է մեկնել Թբիլիսի եւ միջազգային հարաբերություններ ուսումնասիրել։ Ընտանեկան պարտավորությունների ծանրությունը կրող Կառլենը արտագնա աշխատանքը տեսնում է որպես սեփական անկախությունը ձեռք բերելու հնարավորություն։ Իսկ ավանդույթներին առավել կապված Հակոբը փորձում է իր տեղը գտնել հայրենի գյուղում՝ միաժամանակ ներքուստ կասկածի տակ դնելով այնտեղ իշխող չգրված կանոններն ու հայրիշխանական սպասումները։

     

    Մառլեն Էդոյանը սահմանը դիտում է ոչ միայն որպես աշխարհագրական գիծ, այլեւ որպես ներքին վիճակ։ Սովետական անցյալի ստվերը, աքսորի հիշողությունն ու հայրիշխանական ավանդույթները դառնում են այն միջավայրը, որտեղ երիտասարդները փորձում են հասկանալ՝ ինչ գնով է հնարավոր հեռանալ եւ արդյոք հնարավոր է երբեւէ ամբողջությամբ հեռանալ։

     

    2. Լուսինն է իմ հայրը․ Գիորգի Օվաշվիլի

     

    Տասներկուամյա Տոման գրեթե չի հիշում հորը։ Երբ երկար տարիների բանտարկությունից հետո Նեմոն վերադառնում է, նրանք միասին ճանապարհ են ընկնում դեպի լեռներ՝ փորձելով մի քանի օրում լրացնել տասը տարվա բացակայությունը։

     

    Սկզբում ֆիլմը հայր ու որդու հարաբերությունների մասին պատմություն է թվում, սակայն աստիճանաբար վերածվում է հասունացման դրամայի։ Լեռները դառնում են փորձություն, որտեղ տղան ստիպված է ոչ միայն փրկել իրեն, այլեւ հրաժեշտ տալ մանկությանը։ Օվաշվիլին պատմում է, թե ինչպես է երբեմն մեծանալը սկսվում հենց կորստից։

     

    3. Լավ տղամարդ չկա․ Շահրբանու Սադաթ

     

    2021 թվականն է։ Քաբուլում Թալիբանի վերադարձին հաշված օրեր են մնացել։ Հեռուստաընկերության միակ կին օպերատորը՝ Նարուն, պայքարում է որդու խնամակալությունը պահպանելու համար եւ վստահ է, որ իր կյանքում այլեւս լավ տղամարդ չի կարող հայտնվել։

     

    Քաղաքի վերջին ազատ օրերի ֆոնին ֆիլմը պատմում է ոչ միայն հնարավոր սիրո, այլեւ ընտրության մասին։ Երբ երկիրը կանգնած է պատմական շրջադարձի առաջ, ամենափոքր անձնական որոշումներն էլ քաղաքական են դառնում։ Շահրբանու Սադաթը մեծ պատմությունը պատմում է մեկ կնոջ հայացքով՝ առանց բարձրաձայն հայտարարությունների։

     

    4. Ապահով ելք․ Մոհամեդ Համմադ

     

    Սամաանը մանկության տարիներին տեսել է, թե ինչպես են ահաբեկիչները սպանում իր հորը։ Տասը տարի անց նա աշխատում է որպես անվտանգության աշխատակից եւ ապրում հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ։ Մի օր ճակատագիրն ստիպում է նրան թաքցնել հենց այն մարդուն, որից ամբողջ կյանքում փախել է։

     

    Ֆիլմը թրիլերի կառուցվածք ունի, բայց իրական լարվածությունը ներսում է։ Վախը, հավատը, վրեժի ցանկությունն ու բարոյական ընտրությունը անընդհատ բախվում են միմյանց՝ ցույց տալով, թե որքան երկար կյանք կարող է ունենալ մեկ մանկության վերքը։

     

    5. Վերապրել Շեքսպիրին․ Իննա Սահակյան, Ռուբեն Ղազարյան

     

    Նորքի ծերանոցում Շեքսպիրի հերոսները դատի են տալիս իրենց հեղինակին, սակայն բեմական այս մտահղացումը շուտով վերածվում է բոլորովին այլ պատմության։ Թատերական փորձերին զուգահեռ բացվում են տարեց բնակիչների անձնական պատմությունները, հիշողություններն ու չապրած կյանքերը՝ ստեղծելով ֆիլմ, որտեղ փաստագրությունն ու թատրոնը անընդհատ հատվում են։ Այստեղ Շեքսպիրը ոչ միայն ներկայացման հերոս է, այլեւ միջոց՝ վերաիմաստավորելու այն, ինչ մնացել է չասված, կորցրած կամ ուշացած։ 

     

    Արդյունքում ֆիլմը վերածվում է կյանքի վերջին մեծ բեմադրության, որտեղ յուրաքանչյուր հերոս խաղում է ոչ թե իրեն բաժին հասած դերը, այլ սեփական ճակատագիրը։

     

    6. Լոնդոն․ Սեբաստիան Բրամեսհուբեր

     

    Բոբին ամեն օր մեքենայով անցնում է Վիեննան եւ Զալցբուրգը կապող մայրուղով՝ ճանապարհածախսը կիսելու համար պատահական ուղեւորներ վերցնելով։ Յուրաքանչյուր ուղեւոր իր հետ բերում է մի փոքրիկ Եվրոպա։ Այդ պատահական զրույցներից Բրամեսհուբերը հավաքում է մայրցամաքի դիմանկարը՝ առանց մեկնաբանելու, պարզապես լսելով մարդկանց։ 

     

    Այն միաժամանակ խաղարկային է եւ վավերագրական՝ ավելի շատ լսելով մարդկանց, քան մեկնաբանելով նրանց։

     

    7. Տրիստան՝ ընդմիշտ․ Թոբիաս Նյոլե

     

    Աշխարհի ամենահեռավոր բնակեցված կղզիներից մեկում ֆրանսիացի բժիշկ Լորանը գտել է այն, ինչ շատերը փնտրում են ամբողջ կյանքում՝ տուն։ Երեսուն տարվա այցելություններից հետո նա որոշում է վերջնականապես տեղափոխվել Տրիստան դա Կունյա եւ դառնալ կղզու բնակիչ։

     

    Ֆիլմը հարցնում է՝ արդյոք տունը ծննդավայրն է, թե այն վայրը, որտեղ քեզ պատրաստ են ընդունել։ Մարդու եւ բնության հարաբերությունների մասին այս պատմությունը նաեւ ընտանիքի եւ պատկանելիության մասին խորհրդածություն է։

     

    8. Արտոյի երկիրը․ Թամարա Ստեփանյան

     

    Սելինը Հայաստան է գալիս ամուսնու՝ Արտոյի մահը գրանցելու համար։ Այստեղ նա հասկանում է, որ այն մարդու մասին, որի հետ ապրել է, գրեթե ոչինչ չի իմացել։ Նրա որոնումները տանում են դեպի 2020 թվականի պատերազմի հաշմանդամներ, 90-ականների վետերաններ եւ պատերազմի հիշողությամբ ապրող մարդիկ։

     

    «Արտոյի երկիրը» հիշողության եւ ինքնության մասին ֆիլմ է։ Սելինի անձնական որոնումը աստիճանաբար վերածվում է մի ամբողջ երկրի հիշողության հետ հանդիպման։ 

     

    + Երեք հատուկ ցուցադրություն, որոնք բաց թողնել չի կարելի

     

    Մրցութային ծրագրից բացի, այս տարվա «Ոսկե ծիրանը» հնարավորություն է տալիս մեծ էկրանին տեսնել նաեւ կինոյի պատմության երեք տարբեր ժամանակաշրջան ներկայացնող ֆիլմեր։

     

    Սատանայական տանգո․ Բելա Տարր

     

    439 րոպե տեւողությամբ «Սատանայական տանգոն» կինոյի պատմության ամենանշանավոր ու համարձակ ստեղծագործություններից է։ Բելա Տարի յոթ ժամանոց գլուխգործոցը հրաժարվում է ավանդական պատմողական ռիթմից՝ հանդիսատեսին հրավիրելով ամբողջությամբ ընկղմվել իր դանդաղ, հիպնոսացնող աշխարհում։

     

    Մեծ պատմություն փոքր քաղաքում․ Գոռ Կիրակոսյան

     

    Քսան տարի անց «Մեծ պատմություն փոքր քաղաքում»-ը վերադառնում է մեծ էկրան՝ ռեստավրացված տարբերակով՝ հիշեցնելով, թե ինչու դարձավ անկախ Հայաստանի ամենասիրված կատակերգություններից մեկը։

     

    Ֆիլմը վաղուց դուրս է եկել պարզապես կատակերգության շրջանակներից՝ վերածվելով 2000-ականների հայկական կինոյի խորհրդանիշներից մեկի։ Այն համարձակորեն շարունակեց խորհրդային կատակերգության ավանդույթները նոր հայկական իրականության մեջ՝ ստեղծելով կերպարներ, հումորային իրավիճակներ ու երկխոսություններ, որոնք մինչ օրս շարունակում են մեջբերվել։ 

     

    Ամելի․ Ժան-Պիեռ Ժյոնե

     

    Քառորդ դար անց էլ «Ամելին» շարունակում է հիշեցնել, որ առօրյայի ամենափոքր մանրուքներում էլ կարող են հրաշքներ թաքնված լինել։ Ժան-Պիեռ Ժյոնեի գունեղ կինոլեզուն, Մոնմարտրի կախարդական մթնոլորտն ու հիշվող կերպարները ֆիլմը վաղուց դարձրել են ժամանակակից կինոյի ամենասիրելի դասականներից մեկը։

     

    Ցուցադրությանը ներկա կլինի ֆիլմի պատկերային աշխարհի հեղինակ, օպերատոր Բրյունո Դելբոնելը, որը հանդիսատեսի հետ կկիսվի «Ամելիի» ստեղծման պատմություններով։

     

    Աստղիկ Հովհաննեսով

  • Հավաքական գիտակցության կապիտուլյացիան կամ բանականությունն ընդդեմ վախի

    Երբ քաղաքագիտությունն ու ռացիոնալ միտքն անզոր են լինում բացատրելու հայաստանյան ընտրական ֆենոմենը, խաղի մեջ են մտնում նեյրոկենսաբանությունն ու հոգեբանությունը։ Քաղաքականությունը, կարելի է ասել, տեղով մեկ հոգեբանություն է, քանի որ քաղաքական որոշումներն ու գաղափարախոսությունները ձևավորվում են մարդկային էմոցիաների, վախերի և մանիպուլյացիաների հիման վրա։ Քաղտեխնոլոգները լավ գիտեն՝ էմոցիան միշտ հաղթում է բանականությանը։ 

    Ցանկացած կայուն ժողովրդավարական համակարգում աղետալի պատերազմում պարտված, ազգային արժեքները ոտնահարող, հակառակորդի բոլոր պահանջներին, մեղմ ասած, ականջալուր լինող իշխանության վերստին ու երիցս ընտրությունն անհնարին կլիներ։ Ինչպե՞ս է լինում, որ մեր դեպքում անհնարը դառնում է հնարավոր։ Այս ֆենոմենը փորձենք հասկանալ ոչ թե պարզ, կենցաղային «տեսությունների», այլ նեյրոկենսաբանության ու հոգեբանության  տեսանկյունից։ 

    Նախընտրական շրջանի դիտարկումներում անընդհատ մի երևույթ էր «աչք ծակում»․ հանրությանը մանիպուլյացնելու դոմինանտ գործոններից էր վախը։ Ընդհանրապես, նախընտրական քարոզարշավների ժամանակ քաղաքական գործիչները մշտապես «խաղում» են անհատի բազային պահանջմունքների լարի վրա, որոնց մեկը հենց անվտանգությունն է։ Այս քարոզարշավի ժամանակ մանիպուլյատիվ այլ մեխանիզմներ, բնականաբար, ևս կիրառվում էին, սակայն գերական հենց վախի «ներարկումն» էր։ 

    Նեյրոկենսաբանության տեսանկյունից նայելիս՝ երբ մարդը գտնվում է մշտական վախի ու սպառնալիքի ներքո, նրա ուղեղում, պատկերավոր ասած, տեղի է ունենում կենաց- մահու պայքար։ Շրջանցելով նեյրոկենսաբանական բարդ տերմինաբանությունը՝ մատչելի լեզվով ասած,  մեր ուղեղի հնագույն շերտերը, որոնք պատասխանատու են ֆիզիկական գոյատևման ու հույզերի համար, ուղղակիորեն արգելափակում են մեր բանականությունը։ Այս անհավասար պայքարում մեր «մտածող ու բանական» ուղեղը բառացիորեն կապիտուլյացիայի է ենթարկվում։ Բանականությունը պարտվում է վախին, քանի որ մեր «կենսաբանական էությունը» նախընտրում է ոչ թե արժանապատիվ ապրելը, այլ պարզապես ողջ մնալը։  Այն ազգերը, որոնք կարճ ժամանակում հոգեբանական ու ֆիզիկական ուժեղ հարվածներ են ստանում, հաճախ հրաժարվում են մեծ նպատակներից՝ հանուն տարրական գոյատևման։ Մեր դեպքում, այդ հարվածները, թերևս, թվարկելու կարիք էլ չկա։ 

    Վախը նաև «լավագույն» էմոցիան է մարդուն ենթարկեցնելու ու ստիպելու անել այն, ինչն անվտանգ պայմաններում երբեք չէր անի։  Այսինքն, ոչ միայն փաստացի վախն է «վախենալու», այլև վախը՝ հենց վախից։ Այս վախի գեներացման արդյունքում ՝ ընտրողը տրամաբանական ընտրության փոխարեն իռացիոնալ ընտրություն է անում։ Վախը դառնում է բացարձակապես անկառավարելի, երբ արտաքին հնարավոր սպառնալիքին միանում է նաև ներքինը։ Այսինքն, երբ թշնամու սպառնալիքներն ավելի մեծ ջանքերով «շրջանառության» մեջ է դնում հայրենի իշխանությունն ու վախեցնում է նույն «լեզվով»։ Ընտրությունը դառնում է ոչ թե գաղափարական, այլ զուտ կենսաբանական։ Մանիպուլյացիոն խայծը կուլ է տրված։ 

    Այս երևույթն ավելի պատկերավոր հասկանալու համար բերենք մի պարզ օրինակ․ առողջ ընտանիքում մեծացող երեխան արտաքին աշխարհի վտանգներից պաշտպանություն է գտնում տանը։ Սակայն, երբ տունը դադարում է անվտանգ լինել, ավելին՝  երբ արտաքին սպառնալիքին միանում է ներքինը, երեխան  զրկվում է դիմադրության ցանկացած հենարանից, ինչն էլ վերջնարդյունքում աղետալի հետևանքներ է ունենում։  Սա այն է, ինչ տեղի է ունենում նաև պետության ներսում՝ հավաքական «երեխաների» դեպքում։ Ավելին, մեր դեպքում պետական քարոզչամեքենան շահարկել է ոչ միայն պատերազմի վախը՝ արտաքին թշնամուց, այլև հրաշալիորեն ձևավորել ու կիրառել է «ներքին թշնամու» կերպարը։  Այս ամենն արվել է ոչ միայն սեփական իշխանությունը պահելու, այլ հետագա ցավալի զիջումների համար։ Զիջումներ, որոնք այլևս ոչ էլ ցավալի են թվալու՝ վախի կառավարման հոգեբանական մեխանիզմների շնորհիվ։ 

    Մշտապես գտնվելով իրական և/կամ վերացական անվտանգային տագնապի մեջ, ի վերջո, հանրության հոգեբանական ռեսուրսները սպառվում են, և նա կորցնում է իր դիմադրողականությունը։ Այս հոգեկան հյուծման արդյունքում առաջանում է «սովորեցված անօգնականության» հոգեբանական սինդրոմը․ մարդը դառնում է բացարձակ հնազանդ՝ համոզված լինելով, որ իր դիմադրությունն այլևս ոչինչ չի փոխելու։ Համակերպված հանրությունը հրաժարվում է սեփական ճակատագրի պատասխանատվությունից, ձեռք է բերում հոգեբանական պաշտպանական վահան, որով արդարացնում ու ներում է ցանկացած կործանարար որոշում՝ այն ընկալելով որպես «փրկության» միակ ճանապարհը․ պատրանքային ճանապարհը։

    Այս հոգեբանական վահանի անխափան աշխատանքն էլ ապահովում է մեկ այլ մեխանիզմ՝ կոգնիտիվ դիսոնանսը։ Մարդու ուղեղը ֆիզիկապես ունակ չէ միաժամանակ ընդունել երկու իրարամերժ իրականություն․ անհնար է պահպանել հոգեկան հավասարակշռությունը՝ մեկտեղելով «ես արժանապատիվ ազգի ներկայացուցիչ եմ» ներքին համոզմունքը, և «այս իշխանությունը հակառակորդի կամակատարն է» իրողությունը։ Հոգեկանն այս ցավալի բախումից «ողջ» դուրս գալու համար դիմում է տարբեր «հնարքների», այդ թվում՝ ռացիոնալիզացիայի։ Արդյունքում՝ «ասպարեզ են դուրս գալիս» կեղծ տրամաբանական, բայց հանգստացնող մտքերը՝ «եթե զիջենք, եթե լռենք, ապա պատերազմ չի լինի»։ Այսպիսի ինքնախաբեությունը դառնում է հրաշալի փրկօղակ՝ արդարացնելու ցանկացած կործանարար քայլ։ 

    Իսկ կործանվելը․․․կործանվելը մեզ համար խորթ չէ․ դարեր շարունակ պետականության բացակայությունը կոլեկտիվ հայի անգիտակցականի մեջ արմատավորել է «տառապյալ, բայց հարատևող» ազգի կերպարը։ Մեզ համար պատմականորեն ավելի «հարմարավետ» է կորցնելն ու ողբալը, քան արժանապատվորեն պայքարելը։ Հանրությունը, կարծես, անգիտակցորեն ձգտում է վերադառնալ իր պատմական «կոմֆորտ» վիճակին։

    Նազիկ Ասատրյանը լրագրող է և հոգեբան:

    Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

  • ՆԱՏՕ-ի առաջնորդներին շփոթեցրել են Էրդողանի նվիրած ատրճանակները

    Ներկայացնում ենք Reuters-ի Turkey’s Erdogan gives NATO leaders revolver conundrum after summit հոդվածի թարգմանությունը։

     

    Բելգիայի վարչապետը զարմացած էր, երբ Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալուց հետո ուղեբեռում հայտնաբերել էր ատրճանակ եւ փամփուշտներ։

     

    ՆԱՏՕ-ի լարված գագաթնաժողովից հետո Անկարայի հանդիպման հյուրընկալողը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, յուրաքանչյուր առաջնորդի հանձնել էր անսովոր նվեր՝ մարտական փամփուշտներով ատրճանակ։

     

    Այսպիսով Էրդողանն ուզում էր ցույց տալ, որ թուրքական ռազմական արդյունաբերությունը դարձել է երկրի արտահանման եւ արտաքին քաղաքականության կարեւոր գործիք։

     

    Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի մամուլի ծառայության հրապարակած լուսանկարներում երեւում է Gumusay ատրճանակը՝ հազվագյուտ մոդել, որը 1990-ականներին թողարկել է թուրքական MKE արտադրողը։

     

    Ատրճանակը տեղադրված էր փայտյա արկղում՝ Թուրքիայի դրոշի եւ ՆԱՏՕ-ի լոգոյի պատկերով։

     

    Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի մամուլի քարտուղարը հայտնել է, որ բոլոր առաջնորդները ստացել են նույն մոդելը՝ փողի վրա փորագրված իրենց անուններով։

     

    Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեվերն իր ատրճանակը հանձնել է Բրյուսելի օդանավակայանի ոստիկանությանը։

     

    Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի օգնականը RMF FM ռադիոկայանին ասել է, որ ատրճանակը պետք է մաքսային ձեւակերպում ստանա Վարշավայի օդանավակայանում եւ այնուհետեւ պահվելու է հարմար վայրում։

     

    «Դրանով ոչ ոք չի պատրաստվում կրակել», – ավելացրել է նա։

     

    Նիդերլանդների եւ Շվեդիայի վարչապետների գրասենյակները հայտնել են, որ ատրճանակները հանձնվել են Անկարայում իրենց դեսպանատներին։

     

    Նիդերլանդների վարչապետի ատրճանակը նախատեսվում է ապաակտիվացնել, իսկ շվեդականը սպասում է ներմուծման փաստաթղթերի ձեւակերպմանը։

     

    Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը ատրճանակի հետ ստացել է 500 փամփուշտ։

    Լուսանկարը` Լիտվայի նախագահի մամուլի ծառայություն/REUTERS

    Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի ատրճանակն արդեն պահվում է կառավարության նստավայրում՝ այլ երկրների առաջնորդներից ստացված նվերների հետ միասին։

     

    Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտադիր է իր ատրճանակը հանձնել ռազմական թանգարանին, իսկ Հունաստանի վարչապետը նախատեսում է իրենը նվիրել Աթենքի ռազմական թանգարանին։

     

    Կանադայի վարչապետ Մարկ Կարնին խոստովանել է, որ ատրճանակը չի տեսել։

     

    «Ուզում եմ հանգստացնել կանադացիներին. զենքն ինձնից հեռու են պահում», – կատակել է նա մամուլի ասուլիսում՝ ավելացնելով, որ ատրճանակն արդեն ապաակտիվացվել է եւ, հնարավոր է, հայտնվի ազգային ռազմական թանգարանում։

     

    Ժամանակակից թուրքական զենքի արդյունաբերությունը հիմնականում մասնագիտացած է կիսաավտոմատ զենքի արտադրության ոլորտում, ուստի Gumusay-ը կարելի է յուրահատուկ կոլեկցիոն նմուշ համարել։

     

    Ժնեւում գործող Small Arms Survey կազմակերպության տվյալներով՝ 2019-2024 թվականներին Թուրքիան եղել է աշխարհում փոքր զինատեսակների երրորդ խոշորագույն արտահանողը՝ շուրջ 3 միլիարդ դոլար ընդհանուր արտահանման ծավալով այդ ժամանակահատվածում՝ զիջելով միայն ԱՄՆ-ին եւ Իտալիային։

     

    Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: